ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 336. Համալիր հարկային ստուգումների պլանավորումը

 

1. Հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են:

2. Համալիր հարկային ստուգումները պլանավորելու նպատակով`

1) հարկային մարմինը մշակում է հարկ վճարողների և նրանց գործունեության ռիսկայնության աստիճանը բնորոշող չափանիշները: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է հարկային մարմինը.

2) հարկային մարմինը հարկ վճարողների գործունեությունից, գործողություններից կամ անգործությունից և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների ու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող ռիսկերի բնորոշման հիման վրա, ըստ ռիսկայնության աստիճանի, գնահատում ու դասակարգում է հարկ վճարողին (վճարողներին): Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` հարկ վճարողները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում.

ա. բարձր ռիսկայնության (ընդգրկվում են հարկ վճարողների մինչև 20 տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման): Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ հարկ վճարողը Օրենսգրքի 65-րդ գլխով սահմանված կարգով հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ժամանակահատվածում ներառված չէ բարձր ռիսկայնության խմբում,

բ. միջին ռիսկայնության,

գ. ցածր ռիսկայնության.

3) հարկային մարմինը վարում է հարկ վճարողների և նրանց ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ տեղեկատվական համակարգ:

3. Հաշվի առնելով հարկ վճարողների ռիսկայնությունը՝ կազմվում է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը, որը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) ստուգման ենթակա հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն.

2) հարկ վճարողի մոտ անցկացված վերջին համալիր հարկային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը.

3) հարկ վճարողի ռիսկայնությունը.

4) համալիր հարկային ստուգում անցկացնելու ժամանակահատվածը:

4. Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով հետևյալ պարտադիր պահանջները.

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները պետք է կազմեն ծրագրով ստուգման ենթակա հարկ վճարողների առնվազն 70 տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները պետք է կազմեն ծրագրով ստուգման ենթակա հարկ վճարողների առավելագույնը հինգ տոկոսը:

5. Հարկային մարմնի ղեկավարը համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ` ծրագրի հաստատման հարկային տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

6. Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում կարող են Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ կատարվել փոփոխություններ, որոնք հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

7. Համալիր հարկային ստուգումների ծրագիրը և ծրագրի փոփոխություններն ուժի մեջ են մտնում հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց մեկ ամիս հետո:

8. Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս հարկային մարմինն ապահովում է ծրագրի հաստատմանը կամ փոփոխությունների կատարմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց տեղադրումը հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ստուգման ենթակա հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն.

2) հարկ վճարողի մոտ անցկացված վերջին համալիր հարկային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.