ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 339. Հարկային ստուգման հանձնարարագիրը

 

1. Հարկային ստուգումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի տված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են՝

1) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

2) հարկ վճարողի (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն (ՀՎՀՀ-ները), գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն, հաշվառման վայրը.

3) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված դեպքերում ստուգմանը մասնակցող այլ անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը.

4) ստուգման տեսակը և իրավական հիմքերը.

5) ստուգման հարցերը.

6) ստուգվող ժամանակաշրջանը՝ ըստ ստուգման տեսակների ու հարցերի.

7) ստուգման ժամկետը.

8) տեղեկություններ հարկ վճարողի իրավունքների ու պարտականությունների մասին.

9) ստուգման անցկացման մասին ծանուցված լինելու և ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը:

2. Թեմատիկ հարկային ստուգումների իրականացման համար հարկային մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային տեսչության պետին: Սույն մասում նշված՝ հանձնարարագրի տրման լիազորության փոխանցման վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի հրամանը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Համալիր հարկային ստուգումների հանձնարարագիրը կազմվում է երկու օրինակից և ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ (որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը) ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ծանոթացման: Ընդ որում`

1) առձեռն ներկայացվելու դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի երկու օրինակների վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին, որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց: Հանձնարարագիրն ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է կատարում հանձնարարագրի օրինակների վրա.

2) եթե հարկ վճարողը հարկային մարմնի սահմանած կարգով նախապես դիմել է հարկային մարմնին՝ առաջարկելով ստուգումների և ուսումնասիրությունների հանձնարարագրերը, ակտերն ու արձանագրություններն իրեն ներկայացնել էլեկտրոնային եղանակով, ապա հանձնարարագիրը ծանոթացման կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով ուղարկված հանձնարարագրով հարկ վճարողն ստուգման անցկացման մասին ծանուցված է համարվում հանձնարարագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման օրը: Եթե էլեկտրոնային եղանակով հանձնարարագիրն ուղարկելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողն էլեկտրոնային եղանակով չի հավաստում ստուգման անցկացման մասին ծանուցված լինելը, հանձնարարագիրը ծանոթացման է ներկայացվում սույն մասի 1-ին կամ 3-րդ կետով սահմանված կարգով.

3) սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կարգով հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու անհնարինության (այդ թվում` հանձնարարագիրն ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու) դեպքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ, հարկ վճարողի վերաբերյալ հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հասցեով: Հարկային մարմնին նամականու առաքման վերաբերյալ փոստի տված փաստաթուղթը կցվում է հանձնարարագրին և պահվում է հարկային մարմնում: Փոստային կապի միջոցով հանձնարարագրի կնքված պատճենը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը հանձնարարագրի կնքված պատճենն ուղարկում է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հաշվառման հասցեով: Փոստի միջոցով ուղարկված հանձնարարագրով հարկ վճարողը ստուգման անցկացման մասին ծանուցված է համարվում հանձնարարագրի կնքված պատճենը ստանալու օրը:

4. Թեմատիկ ստուգումների հանձնարարագիրը կազմվում է երկու օրինակից և ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթացման հետևյալ կարգով.

1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագրի երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչև ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների դեպքում ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ գրառումը հանձնարարագրում կատարում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք.

2) Օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների ճշտության, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության, ինչպես նաև աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումների դեպքում հանձնարարագրի երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում անմիջապես ստուգումը սկսելիս.

3) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի երկու օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է թեմատիկ հարկային ստուգման անցկացման մասին, որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց.

4) հանձնարարագիրն ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին, ինչպես նաև հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրվա մասին համապատասխան գրառում է կատարվում հանձնարարագրի օրինակների վրա, և երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով: Փոստի միջոցով ուղարկված հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ուղարկվում նաև Օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող ակտի նախագծի հետ:

5. Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը կամ ստուգման հանձնարարագիրը չստորագրելը կամ հանձնարարագիրն ստանալուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում թեմատիկ հարկային ստուգումներ չանցկացնելու համար:

6. Հանձնարարագրում չնշված անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ստուգումն իրականացնող անձանց կազմի փոփոխությունները և լրացումները կատարվում են հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով: Փոփոխման կամ լրացման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ներկայացնելով հրամանի պատճենը մինչև ստուգումն իրականացնող անձանց ստուգմանը մասնակցելը, բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների, երբ գործում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգումների համար սահմանված առանձնահատկությունները:

7. Եթե ստուգման անցկացման մասին հարկ վճարողի ծանուցված համարվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում սույն հոդվածին համապատասխան տրված ստուգման հանձնարարագրի հիման վրա ստուգում չի սկսվում, ապա այդ ժամկետին հաջորդող օրն այդ հանձնարարագիրը համարվում է անվավեր:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.