ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 340. Հարկային ստուգումների հարցերը և ստուգվող ժամանակաշրջանները

 

1. Համալիր հարկային ստուգման հարցերը ներառում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ճշտության ստուգման հարցերը:

2. Համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանը ներառում է`

1) հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հարկային հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն նախատեսող բոլոր հարցերի գծով՝ ստուգման հանձնարարագրի տրման օրվա դրությամբ հարկային հաշվարկների ներկայացման ժամկետները լրացած և համալիր հարկային ստուգմամբ չստուգված բոլոր հաշվետու ժամանակաշրջանները.

2) հարկային հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն չնախատեսող կամ մինչև հաշվետու ժամանակաշրջանն սկսելը հարկային հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն նախատեսող հարցերի գծով՝ հարկային ստուգմամբ չստուգված բոլոր ժամանակաշրջանները մինչև ստուգման ավարտը:

3. Սույն բաժնի կիրառության իմաստով`

1) համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում տվյալ հարցով ստուգված ժամանակաշրջանի ավարտի օրվան հաջորդող օրը.

2) եթե համալիր հարկային ստուգմամբ չստուգված ժամանակաշրջանում հարկ վճարողի մոտ իրականացվել են թեմատիկ հարկային ստուգումներ, ապա թեմատիկ հարկային ստուգմամբ ստուգված հարցով ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում տվյալ հարցով ստուգված ժամանակաշրջանի ավարտի օրվան հաջորդող օրը.

3) եթե հարկ վճարողի մոտ համալիր հարկային ստուգում չի անցկացվել, ապա ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում կազմակերպության պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրը.

4) հարկային մարմնին լիազորություններ վերապահող օրենսդրության նոր պահանջներ ուժի մեջ մտնելու դեպքում ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում համապատասխան իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրը.

5) համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանի ավարտ է համարվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հարցերով ստուգվող վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հարցերով` ստուգման ավարտի օրը:

4. Վերստուգման դեպքում համալիր հարկային ստուգման հարցերը ներառում են նախկինում համալիր հարկային ստուգմամբ (ստուգումներով) ստուգված ժամանակաշրջանների հարցերը:

5. Թեմատիկ հարկային ստուգման հարցերը ներառում են Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ըստ թեմատիկ ստուգումների տեսակների` հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջներին դրանց կատարման համապատասխանության հարցերը: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում նույն հարցով նախորդ համալիր հարկային կամ թեմատիկ հարկային ստուգմամբ ստուգված ժամանակաշրջանին հաջորդող օրը: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի ավարտ է համարվում ստուգման ավարտի օրը:

6. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և (կամ) անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա կամ հարկ վճարողի առաջարկությամբ ստուգման հարցերը կարող են փոփոխվել կամ լրացվել նոր հարցերով կամ ստուգվող ժամանակաշրջանները կարող են լրացվել նոր ստուգվող ժամանակաշրջաններով՝ հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ներկայացնելով հրամանի պատճենը: Համալիր հարկային ստուգման դեպքում նոր լրացված հարցի կամ ստուգվող ժամանակաշրջանի ստուգման սկիզբ է համարվում հրամանի պատճենը հանձնելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը, իսկ թեմատիկ հարկային ստուգումների դեպքում՝ հրամանի պատճենը հանձնելու օրը, բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգումների համար սահմանված առանձնահատկությունները:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.