ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 341. Հարկային ստուգումների ժամկետները

 

1. Հարկ վճարողի մոտ յուրաքանչյուր հարկային ստուգման ժամկետը ստուգման հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր: Ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, ինչի մասին հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը) համապատասխան գրառում է կատարում ստուգման հանձնարարագրի՝ հարկային մարմնի օրինակի վրա: Թեմատիկ հարկային ստուգումների անցկացման ժամանակ (այդ թվում` հանձնարարագրին ծանոթանալուց և ստանալուց հրաժարվելու դեպքում) ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրը, բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգումների համար սահմանված առանձնահատկությունները:

2. Հարկային ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասը անընդմեջ աշխատանքային օրով, իսկ համալիր հարկային ստուգումների դեպքում՝ ստուգվող ժամանակաշրջանի որևէ հարկային տարվա արդյունքով երեք միլիարդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած հարկ վճարողի մոտ՝ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օրով: Ստուգման ժամկետի երկարաձգման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ներկայացնելով հրամանի պատճենը՝ ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի կամ հրամանով ստուգման երկարաձգված ժամկետի ավարտի օրը ներառյալ, բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգումների համար սահմանված առանձնահատկությունները:

3. Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կարող է կասեցվել մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետներից բացառություն են կազմում՝

1) օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանը ստանալու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով.

2) քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալը, բայց ոչ ուշ, քան հարցման պատասխանն ստանալու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ.

3) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև դրանք վերադարձնելը, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերադարձնելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ:

5. Ստուգման (բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների) ընթացքի կասեցման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը մինչև հրամանում նշված կասեցման օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի կամ ստուգման երկարաձգված ժամկետի ավարտին նախորդող աշխատանքային օրը ներառյալ: Ստուգման ընթացքի կասեցման ժամկետի երկարաձգման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը ոչ ուշ, քան ստուգման կասեցման վերջին աշխատանքային օրը ներառյալ: Կասեցված ստուգումը վերսկսելու մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը ոչ ուշ, քան ստուգման վերսկսմանը նախորդող աշխատանքային օրը ներառյալ: Ստուգման ընթացքը կասեցնող հրամանում պարտադիր նշվում են ստուգման ընթացքի կասեցման` սույն հոդվածով սահմանված համապատասխան հիմքերը:

6. Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը (որը չի ներառում ստուգման ընթացքի կասեցման ժամանակահատվածը) չի կարող գերազանցել 25 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ համալիր հարկային ստուգումների դեպքում՝ ստուգվող ժամանակաշրջանի որևէ հարկային տարվա արդյունքով երեք միլիարդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած հարկ վճարողների մոտ` 90 անընդմեջ աշխատանքային օրը:

7. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու հրամանը տալիս է հանձնարարագիր տվող պաշտոնատար անձը, որն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Սույն մասում նշված՝ հրամաններն ստանալուց հրաժարվելու դեպքերում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում համապատասխան հրամանի պատճենի վրա, որը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով, և համարվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնված առաջին անգամ փոստով ուղարկելու օրը:

8. Ստուգման ընթացքի կասեցման համար սույն հոդվածով սահմանված վերջնաժամկետները լրանալու օրվան հաջորդող օրվանից ստուգումը համարվում է վերսկսված:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.