ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 342. Հարկային ստուգման արդյունքների ամփոփումը

 

1. Հարկային ստուգումն ավարտվելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտի նախագիծ, որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է ստուգման ակտ (առանց ակտի նախագիծ կազմելու), որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

2. Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը ակտի նախագիծն ստանալու օրվան հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ ակտի նախագծի վերաբերյալ կամ գրավոր տեղեկացնել (այդ թվում` գրառում կատարելով ակտի նախագծի վրա) առարկությունների բացակայության մասին: Առարկությունները ներկայացվում են գրավոր՝ հանձնելով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց առձեռն կամ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում` էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով: Մինչև սույն մասում նշված ժամկետին հաջորդող երրորդ աշխատանքային օրը ներառյալ ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ (այդ թվում` փոստային կապի միջոցով) չստանալու դեպքում` այդ օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու կամ փոստի միջոցով ուղարկված ակտի նախագիծը երկրորդ անգամ հարկային մարմին վերադարձվելու դեպքերում` ստացվելու կամ տեղեկացվելու կամ վերադարձվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտ, որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Եթե հարկ վճարողը նաև պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:

3. Ակտը (նախագիծը) հարկ վճարողին ներկայացնելու համար սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել` հաշվի առնելով սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետները:

4. Ստուգման արդյունքում կազմված ակտում (նախագծում) նշվում են՝

1) ակտի համարը, կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) ստուգման հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.

3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) հարկ վճարողի (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն (ՀՎՀՀ-ները), գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն, հաշվառման վայրը.

5) ստուգման փաստացի ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).

6) ստուգմամբ ընդգրկված հարցերը, դրանց մասով ստուգվող ժամանակաշրջանները (սկիզբը և ավարտը).

7) ստուգմամբ ընդգրկված և խախտում հայտնաբերված յուրաքանչյուր հարցի մասով՝

ա. խախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ինչպես նաև այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել (նկարագրական մաս),

բ. պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը (պատճառաբանական մաս),

գ. պատասխանատվության կիրառման շարադրանքը, հարկային պարտավորությունների ճշգրտումը, վճարման առաջադրվող հարկային պարտավորությունների հաշվարկը, Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկն ու վերահաշվարկը (եզրափակիչ մաս).

8) ստուգման հարցով խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում այդ մասին համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

9) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

10) նախագծում` առարկություններ չունենալու մասին գրառում կատարելու համապատասխան դաշտերը.

11) ստուգման ակտում՝ դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այն բողոքարկվել, ներառյալ՝ դատարանը.

12) ստուգման ակտում՝ նախագծի վերաբերյալ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են ակտին) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները:

5. Ստուգման ակտի նախագծի՝ հարկ վճարողի օրինակին կցվում են՝

1) փորձագիտական եզրակացության՝ հարկային մարմնի կնքած պատճենը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում.

2) ուսումնասիրությունների և վերլուծությունների վերաբերյալ տեղեկանքի՝ հարկային մարմնի կնքած պատճենը, եթե հարկային պարտավորություններն առաջադրվում են անուղղակի եղանակներով հարկ վճարողի հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման (վերագնահատման) հիման վրա.

3) խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի պատճենները, որոնք պիտանի և անհրաժեշտ են ստուգմամբ հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը համարվում են ստուգման ակտի անբաժանելի մաս:

7. Հարկային ստուգմամբ հայտնաբերված խախտումների մասով հարկային պարտավորություններ ակտում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել: Վերստուգումների դեպքում կազմվող ստուգման ակտում (նախագծում) նախկին ստուգման ընթացքում ըստ ստուգման հարցերի արձանագրված խախտումների կամ հարկային պարտավորությունների փոփոխության բացակայության դեպքում դրանք շարադրվում են նույնությամբ, իսկ փոփոխությունների դեպքում ստուգման հարցերով հայտնաբերված խախտումները շարադրվում են նոր խմբագրությամբ` հաշվի առնելով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման վաղեմության ժամկետները: Վերստուգվող ժամանակաշրջաններում վերստուգմամբ հայտնաբերված նոր խախտումների մասով հարկային պարտավորություններ ակտում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե վերստուգման ակտի նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել:

8. Հարկային ստուգումների դեպքում`

1) ստուգման ակտը (նախագիծը) առձեռն ներկայացվելու դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել ակտի (նախագծի) երկու օրինակների վրա, հաստատելով, որ ստացել է ակտը (նախագիծը), որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց: Առձեռն հանձնման դեպքում ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված ակտը (նախագիծը) ստանալու օրը, ինչի մասին հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը գրառում է կատարում ակտի (նախագծի) վրա: Առձեռն հանձնման դեպքում ակտն ուժի մեջ է մտնում հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից այն ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ակտը (նախագիծը) ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում ակտի (նախագծի) օրինակների վրա.

2) Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հարկ վճարողին էլեկտրոնային եղանակով ուղարկված ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման օրը: Էլեկտրոնային եղանակով ակտը (նախագիծը) ուղարկելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի կողմից ակտը (նախագիծը) ստանալու մասին էլեկտրոնային եղանակով չհավաստվելու դեպքում ակտը (նախագիծը) հարկ վճարողին է ներկայացվում սույն մասի 1-ին կամ 3-րդ կետով սահմանված կարգով: Հարկ վճարողը կարող է սույն հոդվածով սահմանված ժամկետներում ակտի նախագծի վերաբերյալ իր առարկությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Ակտի նախագծի վերաբերյալ առարկությունները հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում դրանց էլեկտրոնային եղանակով ստացման օրը: Էլեկտրոնային եղանակով ուղարկված ակտն ուժի մեջ է մտնում այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստմանը հաջորդող օրվանից.

3) սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ներկայացնելու անհնարինության (այդ թվում` հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից այն ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու կամ նրանց բացակայելու) դեպքում ակտը (նախագիծը) հարկ վճարողին է ուղարկվում փոստային կապի միջոցով` հանձնման մասին ծանուցմամբ: Հարկային մարմինն ակտը (նախագիծը) ուղարկում է հարկ վճարողի վերաբերյալ հարկային մարմնում առկա տեղեկություններով ժամանակագրական կարգով վերջին հասցեով: Հարկային մարմնին նամականու առաքման վերաբերյալ փոստի տված փաստաթուղթը կցվում է ակտի (նախագծի)` հարկային մարմնի օրինակին և պահվում է հարկային մարմնում: Փոստային կապի միջոցով ակտը (նախագիծը) հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինն ակտի՝ հարկային մարմնի կնքած պատճենը (նախագիծը) ուղարկում է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հաշվառման հասցեով: Փոստի միջոցով ուղարկված ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստանալու օրը: Փոստի միջոցով ուղարկված ակտն ուժի մեջ է մտնում այն հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստանալու օրվան հաջորդող օրվանից: Սույն մասով սահմանված կարգով փոստի միջոցով ուղարկված ակտը (նախագիծը) հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից չստանալու դեպքում փոստի կողմից ակտը (նախագիծը) երկրորդ անգամ հարկային մարմին վերադարձվելու օրը համարվում է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից ակտը (նախագիծը) ստանալու օր:

 

Գ Լ ՈՒ Խ  69

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.