ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 343. Հարկային ուսումնասիրությունները

 

1. Հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, սույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետևյալ եղանակներով.

1) կամերալ (ներքին)` հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով բացառապես հարկային մարմնում սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրություն.

2) արտագնա՝ հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով սույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն:

3. Հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրությունների տեսակներն են.

1) հսկիչ գնումը.

2) չափագրումը.

3) հանդիպակաց ուսումնասիրությունը.

4) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը.

5) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացած եկամուտներից վճարված հարկի գումարի վերադարձի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու նպատակով իրականացվող ուսումնասիրությունը:

4. Արտագնա հարկային ուսումնասիրություններ անցկացնելիս ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողին գրավոր ներկայացնում են ուսումնասիրության շրջանակներին առնչվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, որից դուրս փաստաթղթեր ու տեղեկություններ ուսումնասիրության ընթացքում հարկ վճարողից չեն կարող պահանջվել:

5. Հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները հարկ վճարողի կողմից ընդունվելու և ճշտված հարկային հաշվարկներ ներկայացվելու դեպքում.

2) կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում շրջանառության հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ստացվող եկամուտների գծով հաշվարկված շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի, ինչպես նաև շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով ավելի նվազեցումներ կատարելու հետևանքով Օրենսգրքի 403-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.

3) հսկիչ գնման արդյունքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի` Օրենսգրքի 414-րդ հոդվածով սահմանված խախտումներ կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների` Օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.

4) հսկիչ գնման արդյունքում ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների` Օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում.

5) չափագրման արդյունքում ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու դեպքում.

6) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում:

6. Արտագնա հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի տված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են`

1) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

2) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը.

3) ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) ուսումնասիրության տեսակը, նպատակը և իրավական հիմքերը.

5) ուսումնասիրվող ժամանակաշրջանը.

6) ուսումնասիրության անցկացման ժամկետը.

7) ուսումնասիրության իրականացման վայրը (վայրերը), ուսումնասիրության տեսակից կախված` ըստ անհրաժեշտության.

8) տեղեկություններ հարկ վճարողի իրավունքների ու պարտականությունների մասին.

9) ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված լինելու օրվա և փաստացի սկսելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը:

7. Հարկային մարմնի ղեկավարի հրամանով արտագնա հարկային ուսումնասիրության հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային տեսչության պետին: Սույն մասում նշված՝ հանձնարարագրի տրման լիազորության փոխանցման վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի հրամանը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

8. Արտագնա հարկային ուսումնասիրության հանձնարարագրում չնշված անձինք չեն կարող մասնակցել ուսումնասիրությանը: Ուսումնասիրություն իրականացնող անձանց կազմի փոփոխությունները և լրացումները կատարվում են հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով: Փոփոխման կամ լրացման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ներկայացնելով հրամանի պատճենը մինչև ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձանց ուսումնասիրությանը մասնակցելը, բացառությամբ հսկիչ գնումների, երբ գործում են Օրենսգրքի 345-րդ հոդվածի 5-րդ մասով այդ ուսումնասիրությունների համար սահմանված առանձնահատկությունները:

9. Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը կամ հանձնարարագիրը չստորագրելը կամ հանձնարարագիր ստանալուց հրաժարվելը հիմք չի հանդիսանում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ուսումնասիրություններ չանցկացնելու համար:

10. Արտագնա հարկային ուսումնասիրությունն ավարտվելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրության արդյունքների ամփոփման հիման վրա, ըստ ուսումնասիրության տեսակի ու նպատակների, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում, ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծ, որը ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը համարվում է հանձնված Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի նախագծի համար սահմանված համապատասխան ժամկետներում: Արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքներով խախտումներ հայտնաբերված չլինելու, ինչպես նաև հանդիպակաց հարկային ուսումնասիրությունների դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն (առանց նախագիծ կազմելու), որը ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված և ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:

11. Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը ստանալու օրվան հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ արձանագրության նախագծի վերաբերյալ կամ գրավոր տեղեկացնել (այդ թվում` գրառում կատարելով արձանագրության նախագծի վրա) առարկությունների բացակայության մասին: Առարկությունները ներկայացվում են գրավոր՝ հանձնելով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց առձեռն կամ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում` էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով: Մինչև սույն մասում նշված ժամկետին հաջորդող երրորդ աշխատանքային օրը ներառյալ արձանագրության նախագծի վերաբերյալ առարկություններ (այդ թվում` փոստային կապի միջոցով) չստանալու դեպքում` այդ օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու կամ փոստի միջոցով ուղարկված արձանագրության նախագիծը երկրորդ անգամ հարկային մարմին վերադարձվելու դեպքերում` ստացվելու կամ տեղեկացվելու կամ վերադարձվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված և ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:

12. Սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով արձանագրությունը (նախագիծը) հարկ վճարողին ներկայացնելու համար սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել` հաշվի առնելով Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետները:

13. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ կետերով սահմանված դեպքերում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություններով առաջադրվում են հարկային պարտավորություններ, և կիրառվում է Օրենսգրքով ու օրենքներով սահմանված պատասխանատվություն: Սույն մասով սահմանված դեպքերում հայտնաբերված խախտումների մասով հարկային պարտավորություններ արձանագրությունում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե արձանագրության նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել:

14. Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ՝ ըստ ուսումնասիրությունների տեսակների, հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրությունում (նախագծում) նշվում են.

1) արձանագրության համարը, կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) ուսումնասիրության հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.

3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը.

4) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) ուսումնասիրության տեսակը.

6) ուսումնասիրվող ժամանակաշրջանը.

7) ուսումնասիրության անցկացման փաստացի ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).

8) ուսումնասիրության իրականացման վայրը (վայրերը), ուսումնասիրության տեսակից կախված` ըստ անհրաժեշտության.

9) ուսումնասիրության արդյունքները.

10) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների մասով՝

ա. խախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ինչպես նաև այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել (նկարագրական մաս),

բ. պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը (պատճառաբանական մաս),

գ. պատասխանատվության կիրառման շարադրանքը, հարկային պարտավորությունների ճշգրտումը, վճարման առաջադրվող հարկային պարտավորությունների հաշվարկը (եզրափակիչ մաս).

11) ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում այդ մասին համապատասխան գրառում կատարելու դաշտերը.

12) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

13) նախագծում` առարկություններ չունենալու մասին գրառում կատարելու համապատասխան դաշտերը.

14) արձանագրությունում` դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այն բողոքարկվել՝ ներառյալ դատարանը.

15) արձանագրությունում՝ նախագծի վերաբերյալ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են արձանագրությանը) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները:

15. Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագծի` հարկ վճարողին տրվող օրինակին կցվում են խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի պատճենները, որոնք պիտանի և անհրաժեշտ են ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

16. Սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված փաստաթղթերը համարվում են ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության անբաժանելի մաս:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.