ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 344. Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները

 

1. Կամերալ (ներքին) ուսումնասիրության նպատակն է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով պարզել՝

1) հարկերի հաշվարկման ճշտությունը.

2) միևնույն հարկային հաշվարկում առկա համադրելի ցուցանիշների և տվյալների համապատասխանությունը.

3) նույն հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ տարբեր հարկային հաշվարկների համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը.

4) հարկային հաշվարկներով և հարկային մարմին ներկայացված տեղեկությունների համեմատությամբ համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը.

5) հարկ վճարողի կողմից հարկման համակարգերի (այդ թվում՝ հատուկ) ընտրության համապատասխանությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին.

6) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումները:

2. Կամերալ (ներքին) ուսումնասիրություններն անցկացվում են բացառապես հարկային մարմնում՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Կամերալ (ներքին) ուսումնասիրություններն անցկացվում են առանց հարկ վճարողին և հարկ վճարողների այցելության ու լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

3. Կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում անճշտություններ, անհամապատասխանություններ և (կամ) խախտումներ հայտնաբերելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի, կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում են՝

1) արձանագրության համարը, կազմելու ամիսը, ամսաթիվը, տարին.

2) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն.

4) հարկերը և համապատասխան հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որի (որոնց) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է անճշտություն, անհամապատասխանություն և (կամ) խախտում.

5) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումները (կամ հնարավոր խախտումները), դրանց նկարագիրը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) ստորագրած արձանագրությունը՝ դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին և համարվում է հանձնված նույն կետերով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:

5. Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված արձանագրության ստացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝

1) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ համաձայնելու դեպքում սահմանված կարգով ներկայացնում է ճշտված հարկային հաշվարկներ.

2) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ չհամաձայնելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները, որոնք հարկային մարմինն օգտագործում է հարկային հսկողության ընթացքում:

6. Կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքում շրջանառության հարկ վճարողի կողմից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ստացվող եկամուտների գծով հաշվարկված շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի, ինչպես նաև շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով ավելի նվազեցումներ կատարելու հետևանքով շրջանառության հարկի` Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալը հայտնաբերվելու դեպքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծ, որը չի ներառում նույն մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-13-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը: Ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) ստորագրած արձանագրության նախագիծը Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին և համարվում է հանձնված նույն կետերով ստուգման ակտի նախագծի համար սահմանված համապատասխան ժամկետներում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծն ստանալու օրվան հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կարող է ներկայացնել առարկություններ արձանագրության նախագծի վերաբերյալ: Առարկությունները ներկայացվում են գրավոր՝ հանձնելով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց առձեռն կամ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում` էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով: Մինչև սույն մասում նշված ժամկետին հաջորդող երրորդ աշխատանքային օրը ներառյալ նախագծի վերաբերյալ առարկություններ (այդ թվում` փոստային կապի միջոցով) չստանալու դեպքում այդ օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու կամ փոստի միջոցով ուղարկված արձանագրության նախագիծը երկրորդ անգամ հարկային մարմին վերադարձվելու դեպքերում ստացվելու կամ տեղեկացվելու կամ վերադարձվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով արձանագրություն, որը չի ներառում նույն մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը: Ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) ստորագրած ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին և համարվում է հանձնված ու ուժի մեջ մտած նույն կետերով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.