ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 345. Հսկիչ գնումները

 

1. Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, ինչպես նաև արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ):

2. Հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝

1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկման օբյեկտներին, հարկման բազաներին և հարկային պարտավորություններին առնչվող և (կամ) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված հաշվառման բացակայությունը կամ այդ հաշվառմանն առնչվող տեղեկությունների չներկայացումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունների, հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարների, գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների և հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները.

3) հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրության արդյունքները.

4) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունները.

5) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները.

6) օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկություններ:

3. Հսկիչ գնումներն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: Եթե հսկիչ գնումն իրականացվում է այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ), ապա հսկիչ գնման հանձնարարագրում պարտադիր նշվում են այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը): Նույն հանձնարարագրով հսկիչ գնման (գնումների) անցկացման համար ժամկետը չի կարող գերազանցել տասը անընդմեջ աշխատանքային օրը:

4. Հսկիչ գնման համար տրված հանձնարարագրի շրջանակներում և հանձնարարագրում նշված՝ հսկիչ գնումների իրականացման ժամկետներում կարող են կատարվել մեկից ավելի հսկիչ գնումներ:

5. Հսկիչ գնման հանձնարարագիրը հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթացման է ներկայացվում հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու պահին, իսկ խախտումներ չհայտնաբերելու դեպքում՝ հսկիչ գնումից (գնումներից) հետո, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը: Հսկիչ գնումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ գրառումը հանձնարարագրում կատարվում է հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից: Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու դեպքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով:

6. Հսկիչ գնման (գնումների) արդյունքում սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգերի ու կանոնների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարագրի ներկայացման օրը երկու օրինակից կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, որտեղ նշվում են՝

1) արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը.

2) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.

3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն.

4) հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը և ազգանունը.

5) հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում` այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը).

6) խախտումն արձանագրող հսկիչ գնման իրականացման փաստացի ժամկետը (պահը).

7) հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը.

8) հսկիչ գնման արդյունքները (այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգերի ու կանոնների պահանջների խախտումները).

9) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

10) առարկությունների վերաբերյալ գրառում կատարելու համապատասխան դաշտերը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ խախտումների վերաբերյալ արձանագրության երկու օրինակներն արձանագրությունը կազմելու օրը ներկայացվում են հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Արձանագրությունը ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը (անձինք) և հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը (աշխատողները): Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության հարկային մարմնի օրինակի վրա կատարում է գրառում այն ստանալու մասին և հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում: Խախտումների վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է կատարում արձանագրության օրինակների վրա, և հարկային մարմնի կնքած արձանագրության պատճենը հարկ վճարողին է ուղարկվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագծի հետ:

8. Հսկիչ գնման արդյունքում սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգերի ու կանոնների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծ, որում նշվում են նաև տեղեկություններ հսկիչ գնման հանձնարարագրի շրջանակներում կատարված նախորդ բոլոր գնումների վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագծին կցվում է նաև խախտումների վերաբերյալ արձանագրության պատճենը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում (նախագծում) Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված` հայտնաբերված խախտումների մասով պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման դրույթները ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում:

9. Հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում նշվում են նաև տեղեկություններ հսկիչ գնման հանձնարարագրի շրջանակներում կատարված բոլոր գնումների վերաբերյալ: Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությանը կցվում է նաև ապրանքների հետ ընդունման ակտի պատճենը:

10. Հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սույն հոդվածի 13-րդ մասում նշված ժամկետները, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ:

11. Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողն ընդունում է ապրանքները, վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու (այդ թվում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրելու) հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից և`

1) եթե հսկիչ գնման ժամանակ տրամադրվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն, ապա ապրանքի վերադարձը կատարվում է կտրոնի հետ միասին, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը և հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ապրանքի վերադարձը.

2) եթե հսկիչ գնման ժամանակ սահմանված կարգով դուրս է գրվել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնից տարբերվող այլ հաշվարկային փաստաթուղթ, ապա ապրանքի վերադարձը կատարվում է հաշվարկային փաստաթղթի հիման վրա, ընդունվում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձվում է ստացված գումարը, ապրանքի հետ ընդունման ակտում նշվում է հաշվարկային փաստաթղթի սերիան, համարը և վերադարձման ենթակա գումարը, և հարկ վճարողը սահմանված կարգով չեղարկում է հաշվարկային փաստաթուղթը.

3) եթե վերադարձվում է վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է վերադարձված ապրանքներին համարժեք գումարի վերադարձ, հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով սահմանված կարգով ձևակերպվում է ամբողջ ապրանքի վերադարձ կամ հարկ վճարողը սահմանված կարգով դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ, իսկ հետ ընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարված վճարման (չվերադարձված ապրանքների մասով) հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով տպվում և տրամադրվում է նոր կտրոն:

12. Վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը և (հարկ) վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Ապրանքների հետ ընդունման ակտի վերաբերյալ առարկությունները ներկայացվում են գրավոր, իսկ ակտի օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձը (անձինք) այդ մասին համապատասխան նշում է կատարում ակտում:

13. Հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում.

1) դեղերի, անասնաբուժական դեղամիջոցների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան` հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լցակերերի, բույսերի և բուսական արտադրանքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին.

2) սույն մասի 1-ին կետում չնշված՝ պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև հսկիչ գնման հանձնարարագրում նշված` հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից.

3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների, ինչպես նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված ապրանքների վերադարձը կատարվում է մինչև հսկիչ գնման հանձնարարագրում նշված` հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի ավարտը:

14. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

15. Սույն հոդվածով սահմանված՝ հսկիչ գնումների իրականացման կարգն ու պայմանները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.