ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 346. Չափագրումները

 

1. Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև հարկ վճարողի մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդը, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին) պարզելու նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել չափագրումներ: Չափագրումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝

1) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով հարկման օբյեկտներին, հարկման բազաներին և հարկային պարտավորություններին առնչվող և (կամ) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված հաշվառման բացակայությունը կամ այդ հաշվառմանն առնչվող տեղեկությունների չներկայացումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունների, հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարների, գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների և հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները.

3) հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրության արդյունքները.

4) հարկային մարմնի իրականացրած` հարկ վճարողների հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների վերլուծության արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը չափագրումն իրականացնելուց առաջ ծանուցվել է.

5) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները.

6) օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկություններ:

2. Չափագրումը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև լիազոր համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրություն է, որի նպատակն է պարզել`

1) բացառապես չափագրման անցկացման ժամանակահատվածում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները).

2) հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը:

3. Հարկ վճարողի մոտ տվյալ հարկային տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60 աշխատանքային օրը: Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել տասը անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ՝ 15 անընդմեջ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Չափագրումն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որտեղ չափագրմանը համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի ներգրավված լինելու դեպքում նշվում է նաև համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

5. Չափագրման հանձնարարագրի երկու օրինակները չափագրումը փաստացի սկսելու օրը ծանոթացման է ներկայացվում հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի հարկային մարմնի օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է չափագրում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց: Չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանին կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացմանը հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին ծանոթացնելուց անմիջապես հետո: Հանձնարարագիրն ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու դեպքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կողմից կնքված պատճենը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով:

6. Սկսված չափագրումն ավարտելու անհնարինության դեպքում (գործունեության ժամանակավոր դադարեցման, տեխնիկական պատճառներով առաջացած պարապուրդների ու չափագրման (գույքագրման) անցկացման անհնարինության, գործադուլների, բնակլիմայական անբարենպաստ պայմանների և համանման այլ հանգամանքների հետևանքով) չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն, որը ստորագրում են չափագրում իրականացնող պաշտոնատար անձինք և հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Սույն մասով սահմանված կարգով կազմված արձանագրության հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով չափագրման ընթացքը կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը: Հարկ վճարողի բնականոն գործունեությունը վերսկսվելու մասին հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է հայտնել հարկային մարմնին, որի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով չափագրումը փաստացի սկսվում կամ շարունակվում է: Սույն մասում նշված հիմքերով չափագրման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը չի ներառվում հանձնարարագրով չափագրման իրականացման համար սահմանված ժամանակահատվածի մեջ:

7. Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից սույն հոդվածին համապատասխան իրականացվող չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվություն կիրառելու համար:

8. Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրումների իրականացման նպատակով բնօգտագործման վճարի հաշվարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին են տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Սույն հոդվածով իրականացված չափագրումների արդյունքներով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում է բնօգտագործման վճարի հաշվարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:

9. Չափագրման արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծ, որտեղ չափագրմանը համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի ներգրավված լինելու դեպքում նշվում են նաև համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Արձանագրության նախագիծը պարտավոր են ստորագրել նաև չափագրմանը ներգրավված լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք կամ անկախ փորձագետները (չափագրմանը ներգրավված լինելու դեպքում): Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը (սույն մասով սահմանված պահանջների պահպանմամբ): Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկ վճարողների մոտ չափագրման արդյունքում ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու դեպքում:

10. Ապրանքների մատակարարման և (կամ) պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդ (այսուհետ՝ պակասորդ) հայտնաբերելու նպատակով չափագրումը կատարվում է հետևյալ կարգով.

1) պակասորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

ա. գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրում,

բ. ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշում,

գ. պակասորդի մեծության որոշում, որն իրենից ներկայացնում է ապրանքների փաստաթղթային և փաստացի մնացորդների դրական տարբերությունը: Սույն կետի կիրառության իմաստով՝ պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի` հաշվի առնելով նույն ապրանքի տեսակավորման արդյունքում տարբեր տեսակների ապրանքային պակասորդների և ավելցուկների տարբերությունները.

2) հարկային մարմնի պաշտոնատար անձը չափագրումը փաստացի սկսելու օրը հարկ վճարողից (գործադիր մարմնի ղեկավարից) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձից պահանջում է ապրանքի մատակարարման և պահպանման բոլոր վայրերում չափագրում իրականացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ իրականացնել ապրանքների փաստացի մնացորդների գույքագրումներ՝ կազմելով հարկային մարմնի սահմանած ձևով գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրություններ, որոնցում արձանագրվում են գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդները` ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, նյութական պատասխանատուների` արտացոլված վաճառքի չափման միավորներով.

3) գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են չափագրումը փաստացի սկսելու օրվա դրությամբ` երկու օրինակից, որոնք ստորագրում են հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, նյութական պատասխանատուները և գույքագրմանը մասնակցած՝ չափագրում իրականացնող պաշտոնատար անձինք: Այդ օրվան հաջորդող ժամանակահատվածում՝ մինչև գույքագրման արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումը, ապրանքային մնացորդների փոփոխությունները հաշվառվում են առանձին և չեն մասնակցում ապրանքային մնացորդի պակասորդի հաշվարկմանը.

4) ապրանքների փաստաթղթային մնացորդը որոշվում է քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

ա. սկզբնական մնացորդի որոշում: Սկզբնական մնացորդի որոշման համար հիմք են ընդունվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվառված ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ տվյալները, իսկ դրա բացակայության դեպքում՝ հարկային մարմնի կողմից նախորդ համալիր հարկային ստուգման կամ չափագրման ժամանակ կազմված ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները.

բ. ապրանքների ձեռքբերման կամ արտադրության քանակային մեծությունների որոշում: Հարկ վճարողի ձեռքբերած կամ արտադրած ապրանքների քանակային մեծությունների որոշման համար հիմք են հանդիսանում մատակարարների կամ այլ անձանց դուրս գրած հաշվարկային փաստաթղթերը, հարկ վճարողի դուրս գրած հաշվարկային և վճարային փաստաթղթերը, մաքսային հայտարարագրերը, տարանցման հայտարարագրերը, ներմուծման հարկային հայտարարագրերը, հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնները, միակողմանի գնման ակտերը (անկախ Օրենսգրքին համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթուղթ հանդիսանալու հանգամանքից), երրորդ անձից ստացված տեղեկությունները, հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերը և այլ ներքին հաշվառման տվյալները, ինչպես նաև ձեռք բերած կամ արտադրած, սակայն չփաստաթղթավորված ապրանքների քանակային մեծությունները,

գ. մատակարարված կամ տեղափոխված ապրանքների քանակային մեծությունների որոշում: Հարկ վճարողի մատակարարած կամ տեղափոխած ապրանքների քանակների որոշման նպատակով հիմք են հանդիսանում հարկ վճարողի մատակարարման կամ տեղափոխության ուղեկցող փաստաթղթերը, մաքսային հայտարարագրերը, տարանցման հայտարարագրերը, արտահանման հարկային հայտարարագրերը, հսկիչ դրամարկղային մեքենաներով արձանագրված ֆիսկալային հասույթները (այդ թվում` դրանցում արտացոլված` ապրանքների անվանումներին և ապրանքային դիրքերին համապատասխան քանակային ցուցանիշները),

դ. Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կորուստների չափերի որոշում,

ե. ապրանքների փաստաթղթային մնացորդը որոշվում է սկզբնական մնացորդին գումարելով սկզբնական մնացորդի արձանագրությունը կազմելու օրվանից մինչև սույն մասին համապատասխան գույքագրման փաստացի մնացորդների արձանագրման օրն ապրանքների ձեռքբերման և արտադրության քանակային մեծությունները` հանելով այդ ժամանակաշրջանում մատակարարված (տեղափոխված) ապրանքների քանակային մեծությունները և Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված չափերին համապատասխան որոշվող ու փաստաթղթերով հիմնավորված կորուստների քանակային մեծությունները.

5) սույն մասով սահմանված կարգով որոշված պակասորդի մեծության (քանակային) կազմում ներառված ապրանքի գնի (ներառյալ՝ անուղղակի հարկերը) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում պակասորդը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Օրենսգրքով սահմանված անուղղակի եղանակներով որոշված գինը.

6) սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում: Սույն կարգի կիրառման իմաստով ապրանքների փաստացի մնացորդի ու փաստաթղթային մնացորդի հաշվարկն ու պակասորդի մեծության որոշումն իրականացվում է միայն հարկ վճարողի կողմից ձեռք բերված կամ արտադրված պատրաստի արտադրանքի և ապրանքների մասով.

7) հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ապրանքների փաստաթղթային մնացորդը կարող է որոշվել նաև հիմք ընդունելով հարկ վճարողի տրամադրած հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլում ներառված տեղեկատվությունը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.