ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 350. Հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկությունները

 

1. Հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հետևյալ տեղեկությունները.

1) հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաև այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող՝ բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմին են ներկայացվում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին համապատասխան.

2) հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկները և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխան հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունների տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկ վճարողները պարտավոր են ներկայացնել հարկային մարմին.

4) երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունները: Երրորդ անձ է համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որը սույն կետով այլ բան սահմանված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Երրորդ անձի կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են`

ա. օրենքով սահմանված կարգով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) վերաբերյալ,

բ. բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված անձնագրերի և նույնականացման քարտերի վերաբերյալ,

գ. օրենքով սահմանված կարգով գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տվող կամ ծանուցումներ հաշվառող լիազորված մարմնի կողմից ներկայացվող տեղեկությունները` տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների ու հաշվառված ծանուցումների վերաբերյալ,

դ. ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից հարկ վճարողների մոտ իրականացված այն ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք առնչվում են հարկ վճարողի ֆինանսական կամ տնտեսական գործունեությանը,

ե. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը` հաճախորդի բացած բանկային հաշիվների վերաբերյալ: Տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով,

զ. գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին,

է. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով նոտարի կողմից ներկայացվող տեղեկությունները,

ը. կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների և բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով և բովանդակությամբ: Արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով,

թ. մաքսային մարմնի տրամադրած տեղեկությունները Հայաստանի Հանրապետություն կատարված ներմուծումների, այդ թվում՝ վճարված մաքսային վճարների մասին,

5) ԵՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների կողմից ԵՏՄ օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները.

6) սույն մասի 4-րդ կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող տեղեկությունները, որոնք հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող է ստանալ նաև այդ մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազաներից.

7) քրեական վարույթ իրականացնող մարմինների տրամադրած՝ հարկման համար հիմք հանդիսացող տվյալները.

8) հարկ վճարողների մոտ հաշվառված ապրանքային մնացորդների վերաբերյալ տվյալները.

9) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից վարվող համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի տվյալները.

10) կամավորության սկզբունքով հարկային մարմնին տրամադրվող տեղեկությունները, որոնք կարող են օգտագործվել բացառապես անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ.

11) հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները.

12) օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկություններ:

2. Հարկային մարմինն ստացված տեղեկության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող է գրավոր հարցում կատարել տեղեկություն ներկայացնողին: Երրորդ անձի կողմից պարտադիր ներկայացվող տեղեկությունների և հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ներկայացման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հարկ վճարողների ինքնաշխատ տեղեկատվական բազայից հարկային մարմինը սույն հոդվածով սահմանված տեղեկությունները կարող է ստանալ այդ հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

4. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով: Բանկային, առևտրային և հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  71

 

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.