ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 355. Փորձաքննության ուղարկելը

 

1. Հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության համար անհրաժեշտ բնագավառների հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակվում է փորձաքննություն:

2. Փորձաքննության արդյունքում փորձագետը տալիս է եզրակացություն: Փորձագետի առջև դրված հարցերը և նրա եզրակացությունը չեն կարող դուրս գալ փորձագետի հատուկ իմացությունների շրջանակներից:

3. Փորձագետն իրավունք ունի ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, միջնորդություններ ներկայացնելու լրացուցիչ նյութերի տրամադրման համար: Փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց, եթե նրան տրամադրված նյութերը բավարար չեն, կամ նա չի տիրապետում փորձաքննությունն իրականացնելու համար բավարար գիտելիքների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փորձաքննության նշանակման մասին տեղեկացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (այդ թվում` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքների մասին), որի վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն:

5. Փորձաքննության նշանակման և իրականացման դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի՝

1) ներկա լինելու փորձաքննությանը և փորձագետին տալու բացատրություններ.

2) լրացուցիչ հարցեր ներկայացնելու` դրանց գծով փորձագետի եզրակացությունը ստանալու համար.

3) փորձագետին բացարկ հայտարարելու և դիմելու իր նշած անձանց փորձագետ նշանակելու համար.

4) ծանոթանալու փորձագետի եզրակացությանը:

6. Փորձագետը եզրակացությունը ներկայացնում է իր անունից՝ գրավոր: Փորձագետի եզրակացությունում շարադրվում են նրա կողմից կատարված հետազոտությունները, դրանց արդյունքում կատարված եզրակացությունները և առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Եթե փորձագետը փորձաքննության ժամանակ հայտնաբերում է գործին վերաբերող պարագաներ, որոնց վերաբերյալ նրան հարցեր առաջադրված չեն եղել, ապա նա իրավունք ունի դրանց վերաբերյալ եզրակացությունները ևս ներառելու իր եզրակացության մեջ:

7. Փորձագետի եզրակացությունը կամ նրա կողմից եզրակացություն տալու անհնարինության մասին տեղեկանքը ներկայացվում է հարկային հսկողություն իրականացնող անձին, որն իրավունք ունի տալու իր բացատրությունները և առարկությունները, ինչպես նաև փորձագետի համար առաջադրելու նոր հարցադրումներ և դիմելու լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար:

8. Լրացուցիչ փորձաքննությունը նշանակվում է եզրակացության ոչ բավարար հստակ լինելու կամ ամբողջական չլինելու դեպքում և այն վերապահվում է նույն կամ այլ փորձագետի:

9. Կրկնակի փորձաքննություն նշանակվում է փորձագետի եզրակացության անհիմն լինելու կամ եզրակացության ճիշտ լինելու կասկածների առկայության դեպքում և այն հանձնարարվում է այլ փորձագետի:

10. Սույն հոդվածին համապատասխան փորձաքննության նշանակման, անցկացման և փորձագետի վարձատրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.