ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 362. Փոխկապակցված հարկ վճարողները

1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ երկու և ավելի հարկ վճարողներ համարվում են փոխկապակցված, եթե`

1) հարկ վճարողներից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում.

2) միևնույն հարկ վճարողն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է երկու և ավելի հարկ վճարողների կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ համարվում է, որ հարկ վճարողը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե`

1) հարկ վճարողին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում են մյուս հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.

2) հարկ վճարողը գործնականում վերահսկում է մյուս հարկ վճարողի գործարար որոշումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ հարկ վճարողը գործնականում վերահսկում է մյուս հարկ վճարողի գործարար որոշումները՝ անկախ տվյալ հարկ վճարողի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե հետևյալ պայմաններից որևէ մեկը բավարարվում է.

1) հարկ վճարողը ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում կամ վերահսկում է մյուս հարկ վճարողի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.

2) հարկ վճարողն ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է մյուս հարկ վճարողի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.

3) հարկ վճարողի կողմից մյուս հարկ վճարողին ուղղակի կամ անուղղակի կերպով տրամադրված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հանրագումարը գերազանցում է վերջինիս ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը.

4) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս հարկ վճարողին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների.

5) հարկային տարում հարկ վճարողի ծախսերի 80 տոկոսից ավելին կատարվել է մյուս հարկ վճարողից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.

6) հարկ վճարողները կնքել են Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ.

7) հարկ վճարողները կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով հարկ վճարողը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս հարկ վճարողի (փոխատուի) գույքը, և այդ գույքի արժեքը գերազանցում է փոխառուի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը: Սույն կետը կիրառվում է նաև գույքի վարձակալության և ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերի դեպքում:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված փոխկապակցվածության չափորոշիչներին չբավարարող հարկ վճարողները համարվում են չփոխկապակցված:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.