ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 365. Գործարքների համադրելիությունը

 

1. Չվերահսկվող գործարքը համադրելի է վերահսկվող գործարքի հետ, եթե`

1) դրանց միջև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համադրելիության գործոնների մասով չկան այնպիսի էական տարբերություններ, որոնք կարող են էապես ազդել տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդով քննության ենթակա ֆինանսական ցուցանիշների վրա, կամ

2) առկա են սույն մասի 1-ին կետով սահմանված տարբերությունները, և չվերահսկվող գործարքի համապատասխան ֆինանսական ցուցանիշը ենթարկվել է ճշգրտման` համադրելիության վրա դրանց ազդեցությունը վերացնելու նպատակով:

2. Երկու կամ ավելի գործարքների համադրելիությունը պարզելու նպատակով հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ գործոններն այնքանով, որքանով դրանք տնտեսական առումով վերաբերում են գործարքների փաստերին ու հանգամանքներին.

1) գործարքի առարկայի բնութագիրը, մասնավորապես`

ա. ապրանքների դեպքում կարող է ներառել ֆիզիկական հատկանիշները, որակը, հուսալիությունը, մատակարարման հասանելիությունը (առկայությունը շուկայում) և ծավալը,

բ. աշխատանքների և ծառայությունների դեպքում կարող է ներառել աշխատանքի և ծառայության բնույթն ու ծավալը, օգտագործված տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները, ոչ նյութական ակտիվների ներգրավումը,

գ. ֆինանսական գործարքների դեպքում կարող է ներառել գործարքի տևողությունը, վարկերի տրամադրման և դադարեցման ամսաթիվը, մայր գումարի չափը, արժույթը, երաշխիքները, վարկառուի վճարունակությունը, տոկոսադրույքը,

դ. ոչ նյութական ակտիվների դեպքում կարող է ներառել գործարքի տեսակը (լիցենզավորում կամ վաճառք), ոչ նյութական ակտիվի տեսակը (արտոնագիր, ապրանքային նշան կամ նոու-հաու), տևողությունը, պաշտպանության աստիճանը, ապագա ակնկալվող օգուտները.

2) գործարքի կողմերի իրականացրած գործառույթները, օգտագործված ակտիվներն ու կրած ռիսկերը, մասնավորապես՝

ա. գործառույթները, մասնավորապես, նախագծում, արտադրություն, տեղակայում, հետազոտություն և զարգացում, սպասարկում, կոմպլեկտավորում, ձեռքբերում, կառավարում, փորձարկում և որակի հսկողություն, իրացում, մարկետինգ, գովազդ, պահեստավորում, մանրածախ և (կամ) մեծածախ վաճառք կամ ներքին օգտագործում, փոխադրում, ֆինանսավորում, կառավարում, երաշխիքային սպասարկում, ապահովագրություն,

բ. ակտիվները, մասնավորապես, օգտագործված արտադրական սարքավորումները, ոչ նյութական ակտիվները, ֆինանսական ակտիվները, ինչպես նաև հաշվի են առնվում օգտագործված ակտիվների տարիքը, շուկայական արժեքը, գտնվելու վայրը,

գ. ռիսկերը, մասնավորապես, արտադրական ռիսկերը, շուկայական ռիսկերը, ռիսկերը՝ կապված ներդրումների կորստի հետ, հետազոտության և զարգացման ոլորտում ներդրման հաջողությանը կամ ձախողմանն առնչվող ռիսկերը, ֆինանսական ռիսկերը՝ կապված տարադրամի փոխարժեքային տատանումների հետ, պաշարների արժեզրկման ռիսկերը, բնապահպանական ռիսկերը, վարկային ռիսկերը.

3) գործարքների պայմանագրային պայմանները, մասնավորապես, գործարքի ծավալները, փոխհատուցման ձևը և ժամկետները, տրամադրված երաշխիքների շրջանակը և պայմանները, համապատասխան լիցենզիաների, պայմանագրերի կամ այլ համաձայնագրերի առկայությունը և տևողությունը.

4) տնտեսական հանգամանքները, որոնց պայմաններում գործարքներն իրականացվել են, մասնավորապես, աշխարհագրական շուկաների նմանությունը, յուրաքանչյուր շուկայի չափը և վերջինիս տնտեսական զարգացման մակարդակը, շուկայի մակարդակը (մանրածախ կամ մեծածախ), գտնվելու վայրով պայմանավորված արտադրության և իրացման ծախսերը, համապատասխան ապրանքների կամ ծառայությունների շուկաներում առկա մրցակցության մակարդակը, արտադրության տվյալ ճյուղի տնտեսական վիճակը, արտադրական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, գնագոյացման գործընթացներին պետական միջամտության մակարդակը, սպառողի անգնողունակությունը, այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել գործարքի պայմանների վրա.

5) գործարքների մասով փոխկապակցված հարկ վճարողների որդեգրած գործարար ռազմավարությունները, մասնավորապես, նոր շուկաներ ներթափանցելուն առնչվող ռազմավարությունները, գործունեության ոլորտների բազմազանեցումը (տարբերակումը), նորարարությունների ներմուծումը, ռիսկերի կանխումը, քաղաքական փոփոխությունները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.