ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 377. Համապատասխանության ճշգրտումները

 

1. Համապատասխանության ճշգրտումները կատարվում են, երբ`

1) վերահսկվող գործարքի պայմանների ճշգրտումը, որի կողմերից մեկը հանդիսանում է ռեզիդենտ հարկ վճարող, կատարվել է կամ առաջարկվում է մեկ այլ երկրի հարկային մարմնի կողմից.

2) ճշգրտումը հանգեցնում է այնպիսի եկամտի հարկման մեկ այլ երկրում, որի համար ռեզիդենտ հարկ վճարողը արդեն իսկ հարկ է վճարել Հայաստանի Հանրապետությունում.

3) ճշգրտումը կատարող կամ առաջարկող երկրի հետ Հայաստանի Հանրապետությունն ունի կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագիր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային մարմինը ռեզիդենտ հարկ վճարողի դիմումի հիման վրա վերլուծում է տվյալ ճշգրտման համապատասխանությունը Օրենսգրքի 364-րդ հոդվածով սահմանված պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին` անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով մյուս երկրի հարկային մարմնի հետ: Եթե մյուս երկրի կատարած կամ առաջարկած ճշգրտումը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա հարկային մարմինը ճշգրտման է ենթարկում ռեզիդենտ հարկ վճարողի համապատասխան հարկման բազան` կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

3. Հարկ վճարողը համապատասխանության ճշգրտում կատարելու վերաբերյալ դիմումը ներկայացնում է կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի` փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործը լուծելու համար դիմումը ներկայացնելու սահմանված ժամկետում:

4. Հարկ վճարողը համապատասխանության ճշգրտում կատարելու վերաբերյալ դիմումն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով ներկայացնում է հարկային մարմին` դիմումում ներառելով հետևյալ տեղեկատվությունը.

1) փոխկապակցված հարկ վճարողների անվանումները, գրանցման հասցեները, իսկ առկայության դեպքում` նաև ապրանքանշանները.

2) ճշգրտված վերահսկվող գործարքների իրականացման տարին (տարիները).

3) պահանջվող համապատասխան ճշգրտման գումարը` դրամով և կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող պետության հարկային մարմնի կատարած ճշգրտման գումարը` այդ պետությունում կիրառված արժույթով.

4) ապացույց փոխկապակցված կողմի՝ այլ երկրում ռեզիդենտ լինելու վերաբերյալ.

5) ապացույց կրկնակի հարկումը բացառելու մասին վավերացված միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող մյուս պետության հարկային մարմնի կատարած ճշգրտման մասին և ճշգրտման հիմքերի մանրամասները.

6) ձեռնարկված ցանկացած վարչական բողոք կամ դատական վարույթ, եթե այդպիսիք կան կամ դեռևս առկա են.

7) տեղեկատվություն համադրելիության վերլուծության և տրանսֆերային գնագոյացման կիրառված մեթոդների վերաբերյալ.

8) ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է էական լինել հարկային մարմինների կողմից պարզված ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն ճշգրտման համապատասխանությունը վերլուծելու համար:

5. Հարկային մարմինը համապատասխանության ճշգրտում կատարելու վերաբերյալ դիմումը վերլուծելու նպատակով հարկ վճարողից կարող է պահանջել վերահսկվող գործարքներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն՝ ի լրումն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվության:

6. Հարկային մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներկայացված դիմումն ստանալու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, տվյալ հարկ վճարողին տեղեկացնում է կայացված որոշման մասին: Եթե հարկային մարմինը մասնակիորեն կամ ամբողջովին մերժում է տվյալ հարկ վճարողի` համապատասխան ճշգրտում կատարելու մասին դիմումը, ապա տվյալ հարկ վճարողին տրամադրվող որոշման ծանուցման մեջ գրավոր նշվում են մերժման պատճառները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.