ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 380. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները

 

1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտային միջոցով վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենա կարող է կիրառվել Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:

3. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.

1) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) վիճակախաղի տոմսերի վաճառք.

3) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառք.

4) առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք.

5) տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի վաճառք.

6) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) ապահովված լինելու դեպքում` մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում.

7) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում.

8) օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում և (կամ) կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում.

9) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների)՝ անվանական արժեքով իրացում.

10) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում.

11) հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.