ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 384. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող անձանց գործունեության կասեցումը, կասեցման մասին որոշումների ընդունումը և կասեցման ավարտը

 

1. Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը սույն մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում կասեցվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Գործունեության կասեցման համար հիմք են համարվում՝

1) կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում՝ հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը կրկնելը: Սույն կետում նշված գործունեության իրականացման վայրում գործունեությունը կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի ապահովումը.

2) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնների խախտման համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը կրկնելը:

2. Կասեցման ենթակա չէ`

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործունեությունը.

2) նոտարական և (կամ) փաստաբանական գործունեությունը:

3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցման մասին որոշումն ընդունում է հարկային մարմնի ղեկավարը՝ կասեցման հիմք հանդիսացող խախտումն արձանագրելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Գործունեության կասեցման մասին որոշման մեջ նշվում են`

1) գործունեությունը կասեցվող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը.

2) կասեցման ենթակա գործունեության վայրի հասցեն.

3) կասեցման ենթակա գործունեությունը.

4) կասեցման հիմքը և կասեցման ժամկետը:

5. Գործունեության կասեցման մասին հարկային մարմնի ղեկավարի որոշումը տրվում է գործունեությունը կասեցվող կազմակերպության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Գործունեությունը կասեցվող կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումի ներկայացման դեպքում մինչև գործունեության կասեցումը կասեցման ենթակա գործունեության վայրի տարածքում գտնվող շուտ փչացող ապրանքները հեռացնելու կամ դրանց պահպանման և ապահովության մասին հոգալու համար հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ տրվում է մինչև երեք աշխատանքային օր ժամանակ: Սույն մասում նշված դեպքում կասեցման ժամկետի սկիզբ է համարվում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ տրված ժամկետը լրանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

7. Գործունեության կասեցումն իրականացվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից կասեցման ենթակա գործունեության վայրի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ դրոշմավորման այլ միջոցի կիրառմամբ, որոնք պետք է բացառեն կասեցման ենթակա գործունեության վայրի տարածք մուտք գործելը կամ մուտք գործելու փորձ կատարելը՝ առանց կիրառված միջոցները վնասելու: Սույն մասում նշված միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն հարկային մարմնի կողմից կամ հարկային մարմնի գրավոր թույլտվությամբ:

8. Գործունեության կասեցման մասին հարկային մարմնի որոշման քաղվածքը հարկային մարմինը փակցնում է կասեցման ենթակա գործունեության վայրի մուտքի մոտ՝ հաճախորդների և գնորդների համար տեսանելի մասում, իսկ արտարժույթի և արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեության կասեցման դեպքում` հարկային մարմնի որոշման ընդունման պահից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հարկային մարմինը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

9. Գործունեության կասեցման ընթացքում արգելվում է կասեցման ենթակա գործունեության վայրում իրականացնել գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ կասեցման հիմքերը վերացնելուն ուղղված գործառույթների կամ գործողությունների: Գործունեության կասեցման ընթացքում սույն մասում նշված գործունեությունը, գործառույթները կամ գործողությունները կատարվում են հարկային մարմնի գրավոր թույլտվությամբ:

10. Գործունեության կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեության կասեցման մասին որոշմամբ նախատեսված օրը: Եթե գործունեության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև կասեցման համար խախտման հիմքի վերացումը, ապա կասեցման ավարտի ժամկետ է համարվում գործունեությունը կասեցված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից խախտման հիմքերը վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերը) հարկային մարմին մուտքագրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, եթե այդ ընթացքում հարկային մարմինն ավելի կարճ ժամկետ չի սահմանում: Գործունեության կասեցման ավարտի մասին որոշումն ընդունում է հարկային մարմնի ղեկավարը:

11. Սույն հոդվածով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքի վճարմամբ:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.