ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 39. Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը

 

1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝

1) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կամ կառուցվող կամ կառուցվելիք անշարժ գույքի հետ։ Սույն կետում նշված աշխատանքներին և (կամ) ծառայություններին մասնավորապես վերաբերում են՝

ա. շինարարության նախապատրաստման և իրականացման (ներառյալ՝ հետախուզման, նախագծման, դիզայներական, մոնտաժային, հեղինակային և տեխնիկական վերահսկողության) աշխատանքները և ծառայությունները,

բ. անշարժ գույքի նորոգման, վերականգնման և կանաչապատման աշխատանքները և ծառայությունները,

գ. անշարժ գույքի առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների կողմից կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (ներառյալ՝ անշարժ գույքի գնահատման ծառայությունները),

դ. անշարժ գույքը վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունները.

2) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և (կամ) հաշվառված շարժական գույքի (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի) հետ, բացառությամբ տրանսպորտային միջոցը վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով.

3) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները փաստացի մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում՝ այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).

ա. արտոնագրերի, լիցենզիաների, ծանուցումների, թույլտվությունների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքներ և համանման այլ ծառայություններ,

բ. էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազաների (հաշվիչ տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի) ծրագրերի մշակման աշխատանքներ, ծառայություններ, դրանց հարմարեցման ու ձևափոխման ծառայություններ,

գ. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,

դ. անձնակազմի (աշխատակիցների) աշխատանքի տրամադրման ծառայություններ այն դեպքում, երբ անձնակազմն աշխատում է այդ ծառայությունները ստացողի գործունեության վայրում,

ե. շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների) վարձակալության (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ օգտագործման տրամադրելու ծառայություններ,

զ. պատվիրատուի համար սույն կետով սահմանված աշխատանքները կատարող և (կամ) ծառայությունները մատուցող կազմակերպություն և (կամ) ֆիզիկական անձ ներգրավելու գործակալական ծառայություններ.

5) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից մատուցվում են բեռների և (կամ) ուղևորների փոխադրման այնպիսի տրանսպորտային ծառայություններ, որոնք սկսվում և ավարտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

6) աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող կազմակերպության կամ մշտական հաստատության գտնվելու վայրը կամ աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող ֆիզիկական անձի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե այլ բան սահմանված չէ սույն մասի 1-4-րդ կետերով։

2. Եթե աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

3. Եթե կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից կատարվում են մի քանի տեսակի աշխատանքներ և (կամ) մատուցվում են մի քանի տեսակի ծառայություններ, և մի տեսակի աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը մյուս տեսակի աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նկատմամբ կրում է օժանդակ բնույթ, ապա օժանդակ աշխատանքների կատարման կամ օժանդակ ծառայությունների մատուցման վայր է ճանաչվում հիմնական աշխատանքների կատարման կամ հիմնական ծառայությունների մատուցման վայրը։

4. Օրենսգրքի կիրառության իմաստով՝

1) աշխատանքների կամ ծառայությունների բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,

2) աշխատանքը կամ ծառայությունը համարվում է Օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար՝ տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.