ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 393.

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը

 

1. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են Օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն՝ դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողներին:

2. Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող և Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողներն ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակներն ստանում են հարկային մարմնից, իսկ Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) հարկ վճարողները` մաքսային մարմնից:

3. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված ակցիզային դրոշմանիշերն ստացվում են մինչև այդ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, իսկ Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները` մինչև այդ ապրանքների օտարումը:

4. Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված հայտի և հաշվետվության ձևերը և լրացման կարգերը սահմանում է հարկային մարմինը:

5. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հայտը մերժվում է, եթե`

1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված հաշվետվությունը չի ներկայացվել.

2) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետից ուշացնելու, հարկային կամ մաքսային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի համար Օրենսգրքով սահմանված տուգանքը չի վճարվել.

3) դեռևս առկա են նախկինում ստացված` ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքի՝ հինգ միլիոն հատը և (կամ) ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքախմբի՝ 300 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր:

6. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

7. Դրոշմավորման պարտավորություն կրող՝

1) հարկ վճարողները (բացառությամբ Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների) մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում.

2) Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն շրջանառության հարկ վճարող համարվող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:

8. Սույն հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով`

1) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ստացման հայտի ներկայացումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ստացման հայտում նշված ապրանքների օտարում.

2) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցվում են դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):

9. Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի, իսկ մաքսատները` յուրաքանչյուր ներմուծողի (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) համար վարում են ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ տեսակների: Քարտում նշվում են տրամադրված, հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.