ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 40. Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը

 

1. Հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը:

2. Գույքը վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) տրամադրելու (եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին) կամ գույքը օգտագործման տրամադրելու ծառայությունների մատուցման պահ է համարվում համապատասխան հարկատեսակի համար յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված է, որ ծառայության մատուցումն ավարտվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, ապա ծառայության մատուցման պահ է համարվում ծառայության մատուցման վերջին օրը:

3. Բաժանորդագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների (մասնավորապես, համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրերում նախատեսված են ծառայությունների մատուցման այլ ժամկետներ (փուլեր), ապա այդ ծառայությունների մատուցման պահ է համարվում այդ ժամկետների (փուլերի) վերջին օրը:

4. Եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.

1) այն պահը, երբ՝

ա. աշխատանք կատարողը աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է աշխատանքն ընդունողին,

բ. ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի),

գ. ծառայություն մատուցողը ոչ նյութական ակտիվի կամ ֆինանսական ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է ծառայություն ստացողին.

2) աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունը ստացողը հաստատում է աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի մասով աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն մատուցողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը:

5. Եթե սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահը հնարավոր չէ որոշել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, ապա այդ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում՝

1) այն պահը, երբ աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրին համապատասխան, իրավունք է ձեռք բերել, չվերադարձնելով նախկինում ստացված` աշխատանքի չկատարված մասին և (կամ) ծառայության չմատուցված մասին համապատասխանող գումարը (բացառությամբ օրենքով նախավճար համարվող գումարի), դադարեցնել աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը.

2) այն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, որում ակնհայտ է դարձել, որ աշխատանք ընդունողը և (կամ) ծառայություն ստացողը առնվազն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում արդեն իսկ ընդունել է այդ աշխատանքը և (կամ) ստացել է այդ ծառայությունը, իսկ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրով նախատեսված դեպքում` տվյալ փուլով նախատեսված աշխատանքը և (կամ) ծառայությունը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.