ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 407. Ապօրինի գործունեությամբ զբաղվելը

 

1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն է համարվում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (բացառությամբ օրենքով արգելված գործունեության) իրականացումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտման կրկնակի և հետագա (անկախ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակից) փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:

3. Եթե իրականացվող ապօրինի գործունեությունը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է լիցենզավորման կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է ծանուցման, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներից բացի, խախտումներ կատարած անձանցից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում: Եթե իրականացվում են մեկից ավելի լիցենզավորման կամ ծանուցման ենթակա ապօրինի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում կամ ծանուցման մեջ նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերին համապատասխան գումարի չափով:

4. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն են:

6. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն իրականացնողի ձեռնարկատիրական եկամտի որոշման անհնարինության դեպքում ձեռնարկատիրական եկամուտը որոշում են հարկային մարմինները` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը:

7. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

1) անձնական գույքի (ներառյալ՝ անշարժ գույքի) և իրերի օտարումը, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի.

2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը.

3) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության շրջանակներում վարձու աշխատող չհանդիսացող ընտանիքի անդամի գործունեությունը.

4) սեփական կարիքների բավարարման համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ ինքնավար էներգաարտադրողների արտադրած էլեկտրական էներգիայի հանձնումն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին, այդ թվում՝ դրա դիմաց ստացվող հատուցումները, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը.

5) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալի համար աշխատանքների կատարումը և (կամ) հարկային գործակալին ծառայությունների մատուցումը:

8. Սույն հոդվածը չի կիրառվում`

1) սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով.

2) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն օրենքով սահմանված կարգով կարող է իրականացվել առանց պետական հաշվառման` գործունեության այդ մասով.

3) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի նկատմամբ՝ այդ մշտական հաստատությանը վերագրվող գործունեության մասով:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.