ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 408. Լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը

 

1. Համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտման կրկնակի և հետագա փաստը համալիր հարկային ստուգմամբ և (կամ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվելու դեպքում կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը համարվում է կրկնակի` անկախ լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա՝ իրականացվող գործունեության տեսակից:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված խախտումներ հայտնաբերվելու դեպքերում խախտումներ կատարած կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում: Եթե իրականացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա մեկից ավելի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում կամ ծանուցման մեջ նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան գումարի չափով: Սույն մասով սահմանված վնասի հատուցումը չի գանձվում սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ լիցենզիայի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվել է օրենքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

5. Սույն հոդվածի 1-ի և 2-րդ մասերով սահմանված տուգանքները չեն կիրառվում այն դեպքերում, երբ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է առանց լիցենզավորող մարմնի որոշման՝ անկախ օրենքի ուժով կասեցված լինելու հանգամանքից:

6. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն գործունեության տեսակների ծանուցում ներկայացրած կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից, որոնց նույն օրենքով արգելվում է հարկային տարվա որևէ ամսվա արդյունքներով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հանրագումարի տասը տոկոսից ավելին հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլելը, հարկային տարվա որևէ ամսվա արդյունքներով այդ սահմանաչափը գերազանցելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված չափերին համապատասխան տուգանքները: Սույն մասի կիրառության իմաստով՝

1) իրացման շրջանառության սահմանաչափը վերաբերում է գործունեության բոլոր տեսակների մասով հարկ վճարողի՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառությանը՝ անկախ գործունեության՝ ծանուցման ենթակա լինելու հանգամանքից և իրականացվող գործունեության տեսակներից.

2) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքները հաշվարկվում են կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցումներով ներկայացրած` միայն սույն մասով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերի համապատասխան բազմապատիկ մեծությունների հանրագումարի չափով:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.