ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 410. Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելը

 

 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով՝

1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից.

2) սույն մասի 1-ին կետում նշված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

ա. խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից,

բ. խախտման երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝

1) գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար օրենքով սահմանված ժամկետներում.

2) խախտումը երկրորդ, երրորդ և ավելի անգամ կատարելու փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվող վարչական ակտն ընդունելու օրը, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտման՝ համապատասխանաբար երկրորդ, երրորդ և ավելի անգամներ կրկնվելը:

3. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Օրենսգրքով սահմանված կարգով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում կիրառվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն մասով սահմանված երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝

1) գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտումը փաստացի կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պահին.

2) խախտման կատարման երկրորդ փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմվող վարչական ակտն ընդունելու օրը, սույն մասով սահմանված խախտման կրկնվելը:

5. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող և հարկային արտոնություններից օգտվող հարկ վճարողի կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցները: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված խախտման հայտնաբերման դեպքում համապատասխան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել հարկերից ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:

6. Սույն հոդվածով սահմանված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասին որոշման շրջանակներում իրականացված միևնույն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում արձանագրված բոլոր խախտումները դիտվում և քննարկվում են նույն վարչական վարույթի շրջանակներում` որպես խախտման փաստ արձանագրելու մեկ դեպք:

7. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի կամ նրա պաշտոնատար անձի պահանջով ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

8. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը:

9. Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում սույն հոդվածով սահմանված տուգանքը ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Այդ դեպքում տուգանքը կիրառվում է ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ չտրամադրած` ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ:

10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների, արտոնագրային հարկ վճարողների վրա՝ գործունեության այդ մասով:

11. Սույն հոդվածի դրույթները ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ կիրառելի են միայն ձեռնարկատիրական գործունեության մասով:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.