ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 416.

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը

 

1. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`

1) 300 հազար դրամի չափով, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի.

2) մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

2. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`

1) 600 հազար դրամի չափով, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով գործունեության այդ մասով հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի ապահովումը.

2) երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով գործունեության այդ մասով հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի ապահովումը:

3. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է`

1) 150 հազար դրամի չափով, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի.

2) 600 հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

4. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է՝

1) տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար դրամից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով.

2) Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով:

5. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է՝

1) տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 600 հազար դրամից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի, և կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով.

2) Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 2 միլիոն դրամից, և նրա գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով:

6. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից, դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության հայտնաբերման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում: Սույն մասով սահմանված՝ նախազգուշացման կիրառության համար հիմք հանդիսացող խախտման դեպքը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ խախտման դեպքերի հաշվարկին չի մասնակցում:

7. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են Օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կամ 5-րդ կետի համաձայն, արտոնագրային հարկով հարկման օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ և ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված՝ գործունեության նույն տեսակին:

8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ՝ հարկ վճարողի գրավոր դիմումը ներկայացնելու և սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքը վճարելու դեպքում: Տուգանքը վճարվում է կասեցումը չկիրառելու յուրաքանչյուր օրվա համար` գործունեության իրականացման տվյալ վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից: Տուգանքի գումարի հաշվառման օր է համարվում դիմումը ներկայացնելու ամսաթվի հաջորդ օրը: Մինչև գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար: Կասեցման ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև կասեցման ավարտը յուրաքանչյուր օրվա համար: Գործունեության կասեցման ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում կասեցումը դադարեցվում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից: Մինչև գործունեության կասեցումը կամ կասեցման ընթացքում ճշտված դիմում չի ներկայացվում, իսկ ներկայացվելու դեպքում` հարկային մարմնի կողմից չի ընդունվում: Սույն մասով սահմանված դիմումի ձևը սահմանում է հարկային մարմինը:

9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում տուգանքի մեծությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում նախորդ եռամսյակի ընթացքում գործունեության իրականացման այն վայրերում (առևտրի օբյեկտներում կամ ծառայության մատուցման վայրերում) տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառությունը, որոնց մասով արձանագրվել են խախտումներ:

10. Սույն հոդվածով սահմանված՝ գործունեության կասեցումն իրականացվում է Օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.