ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 431. Գույքի արգելանքի կիրառման ընթացակարգը

 

1. Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հրապարակում է հանձնարարագիր՝ երկու օրինակից: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելանքն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անունը, ազգանունը, կազմակերպության դեպքում՝ լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, չկատարված հարկային պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի մեկ օրինակը ներկայացվում է հարկ վճարողին:

2. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքը կիրառվում է հետևյալ հերթականությամբ.

1) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներ.

2) դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցներ.

3) արգելանքի ենթակա այլ գույք:

3. Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա արգելանքը կիրառվում է միայն նախորդ հերթի գույքի վրա արգելանքը կիրառելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի վրա արգելանք կիրառելու՝ հաջորդ հերթի գույքի վրա արգելանք կարող է կիրառվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար: Ընդ որում՝

1) յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա արգելանքը կիրառվում է միայն այն չափով, որը ապահովված չէ նախորդ հերթի գույքի վրա արգելանք դնելուց հետո.

2) այն դեպքում, երբ հաջորդ հերթի գույքի վրա դրված արգելանքն ամբողջությամբ ապահովում է հարկային պարտավորությունը, հարկային մարմինը պետք է ընդունի որոշում՝ նախորդ հերթի գույքն արգելանքից հանելու մասին։

4. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում կամ դրամարկղում առկա դրամական միջոցների արգելանք իրականացնելու դեպքում նաև արգելանքի ենթակա գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը՝ այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

5. Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը հարկային մարմնի սահմանած ձևով կազմում է համապատասխան արձանագրություն:

6. Գույքի վրա արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և հարկային պարտավորության չափը: Որպես գույքի արժեք՝ ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:

7. Հարկ վճարողը զգուշացվում է արգելանքի տակ դրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

8. Արգելանք դնելու մասին որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Արգելանք դնելու մասին որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև այլ անձանց կամ կազմակերպություններին:

9. Գույքի արգելանք իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելանքի իրականացմանը: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

10. Գույքի արգելանքը կարող է իրականացվել ժամը 8.00-ից մինչև 18.00-ն:

11. Սույն հոդվածով սահմանված գույքի արգելանքի դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի դիմումի համաձայն, փոխարինելու հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև 9 ամիս ժամկետով: Ընդ որում, եթե գույքի արգելանքի ընթացքում հարկ վճարողը դիմում է հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ արգելանքի կիրառումն ակնհայտորեն վտանգում է իր գործունեությունը, ապա հարկային մարմնի ղեկավարը հրապարակում է հանձնարարագիր՝ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ, որի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Հանձնարարագիրը հրապարակվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:

12. Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնող պաշտոնատար անձի՝ իր իրավասությունների սահմաններում գործողությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում արգելանք դնող պաշտոնատար անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով արձանագրում է խոչընդոտման փաստը, խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում է գույքի նկատմամբ արգելանք դնելու գործողությունները:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.