ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 432. Գույքն արգելանքից հանելը

 

1. Սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքի դրված գույքն արգելանքից հանվում է՝

1) եթե հարկ վճարողի վերաբերյալ ընդունված անհատական իրավական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով հարկային մարմինը համապատասխան պահանջ չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն կամ դատարան.

2) եթե հարկ վճարողի հարկային պարտավորությունը դադարել է կամ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորության գումարը գանձվել է.

3) եթե հարկային մարմնի ղեկավարը հրապարակել է հանձնարարագիր՝ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ.

4) եթե արգելանքով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին անհատական իրավական ակտը դատական կամ արտադատական կարգով ճանաչվել է անվավեր:

2. Հարկային պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը գանձապետական համապատասխան հաշիվ մուտքագրվելուց հետո կամ հարկային մարմնի ղեկավարի կողմից հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիրը հրապարակվելուց հետո հարկային մարմնի՝ արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է անհապաղ կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և կազմակերպություններին՝ արգելանքը հանելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելանքի դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սույն մասով սահմանած ժամկետում չներկայացվելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ Օրենսգրքով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձումը հավաստող փաստաթուղթը կամ հարկային մարմնի ղեկավարի կողմից հրապարակված՝ հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիրը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը հանելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը հանվում է:

3. Հարկային մարմինն արգելանքը հանելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է գանձապետական համապատասխան հաշիվ.

2) ըստ հարկային մարմնի տվյալների, Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվել է հարկային պարտավորության գումարի մարում.

3) հարկային մարմնի ղեկավարը հրապարակել է հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիր:

4. Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ հանել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ հարկային մարմնի ղեկավարի հրապարակած՝ հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիրը:

5. Գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել հարկ վճարողից հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ անհատական իրավական ակտը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ անհատական իրավական ակտն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման արտադատական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

6. Արգելանքի տակ դրված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.