ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 437. Գրավի պայմանագրի կնքումը

 

1. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր:

2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման, գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման, գրավի պայմանագրի դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և Օրենսգրքով:

3. Գրավի պայմանագիր կնքելու դեպքում հարկային պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով: Որպես գրավատու կարող է հանդես գալ ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը: Որպես գրավատու երրորդ անձի հանդես գալու դեպքում գրավի պայմանագրին կցվում է նաև պարտապան հարկ վճարողի գրավոր համաձայնությունը՝ գրավի պայմանագրին կից կազմված հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի համաձայն, հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ:

4. Հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի այդ պարտավորությունները մարելու՝ ի հաշիվ գրավադրված գույքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կիրառվել գրավի իրավունքը: Հարկային մարմնի և գրավատուի միջև կնքվող գրավի պայմանագրով գրավի առարկա չի կարող հանդիսանալ այլ գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող գույքը:

6. Եթե գրավի առարկա հանդիսացող գույքը, առանց հարկային պարտավորությունների կատարման, որևէ կերպ իրացվի կամ հանձնվի երրորդ անձի տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը, ապա գրավի իրավունքը շարունակում է տարածվել գրավադրված գույքի նկատմամբ:

7. Գրավադրված գույքի նկատմամբ ցանկացած գործարքի իրականացումը, անկախ դրա իրականացման նպատակներից, կարող է իրականացվել միայն հարկային մարմնի համաձայնությամբ:

8. Գույքի գրավադրման դեպքում գրավի առարկան կարող է մնալ գրավատուի մոտ կամ գրավատուի միջոցների հաշվին փոխանցվել հարկային մարմնին, որը պարտավոր է ապահովել գրավադրված գույքի պահպանությունը:

9. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքը գերազանցում է հարկային պարտավորության ապահովման անհրաժեշտ չափն ավելի քան 20 տոկոսով:

10. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելու մասին գրավի առարկայի սեփականատիրոջ առաջարկն ուսումնասիրում է առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Հարկային մարմինը մերժում է գույքի գրավի պայմանագրի կնքումը, եթե՝

1) ներկայացված գույքի գրավի պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Օրենսգրքով սահմանված չափանիշներին.

2) գրավի առարկայի շուկայական արժեքը ցածր է վճարման ենթակա հարկային պարտավորության գումարի 120 տոկոսից.

3) գրավի պայմանագրի ժամկետը կամ գրավի առարկայի պիտանիության ժամկետը կարճ է գրավի պայմանագրի ժամանակացույցով սահմանված՝ հարկային պարտավորության կատարման վերջնաժամկետից.

4) հարկային մարմինը տեղեկություններ ունի հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողի կամ գրավատուի ստանձնած պարտավորությունների կատարումից դիտավորությամբ խուսափելու փորձերի վերաբերյալ:

12. Հարկային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելը մերժելու դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքերը:

13. Գույքի գրավով ապահովված հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում վճարման ենթակա գումարները պետական գանձապետական հաշվին են փոխանցվում օրենքով սահմանված կարգով գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից:

14. Գույքի գրավի պայմանագրի կնքման և գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու հետ կապված ծախսերը կրում է հարկ վճարողը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.