ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 438. Երաշխիքը

 

1. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ընդունում է երաշխիքներ, որոնք տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները (այսուհետ՝ երաշխիք տված անձ):

2. Երաշխիք տված անձը երաշխիքով հարկային մարմնի առջև պարտավորվում է կատարել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, եթե վերջինս Օրենսգրքով սահմանված կարգով և երաշխիքով սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձին այդպիսի գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում: Երաշխիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և Օրենսգրքով:

3. Երաշխիքով հարկային պարտավորությունների կատարման ժամկետը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով, որը չի կարող գերազանցել երաշխիք տված անձի լիցենզիայի գործողության ժամկետի ավարտին նախորդող 6-րդ ամսվա 1-ը:

4. Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից:

5. Երաշխիքը հարկային մարմին է ներկայացվում երկու օրինակից, որում պետք է նշվեն՝

1) հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դրա մարման ժամկետը, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.

2) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձից հարկային պարտավորությունների կատարում պահանջելու անվիճելի իրավունքը.

3) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար երաշխիք տված անձի մոտ դրամական միջոցների առկայության փաստը.

4) երաշխիքի գործողության ժամկետը.

5) երաշխիք տված անձի լիցենզիայի համարը և գործողության ժամկետը:

6. Երաշխիքի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

7. Հարկային մարմինը երաշխիքն ընդունելու կամ մերժելու նպատակով այն ուսումնասիրում է ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

8. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝

1) երաշխիքը չի համապատասխանում օրենքով և սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված չափանիշներին.

2) երաշխիքի գործողության ժամկետը պակաս է երաշխիքով սահմանված հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների կատարման ժամկետից.

3) երաշխիքը տված անձի՝ օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու լիցենզիան կասեցված է կամ ուժը կորցրած է ճանաչված.

4) երաշխիք տված անձն ունի չմարված հարկային պարտավորություններ:

9. Երաշխիքի ընդունման կամ մերժման վերաբերյալ հարկային մարմինը համապատասխան գրառում է կատարում տրված երաշխիքի համապատասխան դաշտում և դրա մեկ օրինակը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկում է երաշխիքը տված անձին: Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում հարկային մարմինը նշում է նաև մերժման համար հիմք համարվող պատճառները:

10. Հարկ վճարողի կողմից երաշխիքով սահմանված ժամկետում երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը երաշխիքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, երաշխիք տված անձին ներկայացնում է գրավոր պահանջ՝ երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:

11. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված՝ պարտապան հարկ վճարողի կողմից չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

12. Երաշխիք տված անձի կողմից սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը երաշխիք տված անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.