ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 44. Հարկային պարտավորության ծագումը

 

1. Հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

2. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգումների և Օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ կետերով սահմանված ուսումնասիրությունների արդյունքում Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ Օրենսգրքի՝ անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով՝ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության կամ ի հայտ եկած այլ հանգամանքների հետևանքով անհնարին է դառնում ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման իրականացումը: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը սույն մասով սահմանված հիմքերով կասեցվում է այդ հիմքերի (կամ դրանցից որևէ մեկի) առկայությունը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով սահմանված՝ կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:

5. Հարկ վճարողի կողմից ներկայացվող հարկային հաշվարկով հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի:

6. Եթե հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում առկա անճշտություններ, որոնք Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշտել ճշտված հարկային հաշվարկների ներկայացման միջոցով կամ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման: Եթե սույն մասով սահմանված՝ հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում առաջանում է հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացած հարկային պարտավորությունը, ապա հարկ վճարողն ազատվում է հարկման օբյեկտը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից: Սույն մասի կիրառության իմաստով՝ հարկային պարտավորությունների ճշտում չի կատարվում՝

1) եթե լրացել են հարկային պարտավորությունների առաջադրման՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները.

2) եթե լրացել են հարկային պարտավորությունների փոփոխության՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետները, և եթե հարկային պարտավորության ճշտումը հանգեցնում է հարկային պարտավորության նվազեցման կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացման.

3) հարկ վճարողի մոտ իրականացվող ստուգումների կամ ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև դրանց կասեցման ժամանակահատվածում:

7. Օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

8. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ հարկ վճարողը դրան ծանոթանալու և համապատասխան բացատրություններ տալու հնարավորություն չի ունեցել, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացված` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.