ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 451.

Օրենսգրքի 6-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

 

1. 2017 թվականի ընթացքում շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկվում և կատարվում են մինչև 2017 թվականի համապատասխան եռամսյակների վերջին ամսվա 15-ը ներառյալ: Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած եռամսյակների ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազան հաշվարկվում է՝ հիմք ընդունելով այդ եռամսյակների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաները (ամսական ԱԱՀ վճարող համարվողների դեպքում՝ այդ եռամսյակներում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի ամսական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների հանրագումարը):

2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով շահութահարկի կանխավճարներն առաջին անգամ հաշվարկում և վճարում են 2018 թվականի համար: Մինչև 2017 թվականի շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև 2017 թվականի համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են 2017 թվականի վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով, բացառությամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: 2017 թվականի շահութահարկի գումարը հաշվարկելուց (շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև շահութահարկի հաշվարկի ներկայացումը՝ 2018 թվականի ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափերով:

3. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով շահութահարկի կանխավճարներն առաջին անգամ հաշվարկում և վճարում են 2018 թվականի առաջին եռամսյակի համար՝ նախորդ հարկային տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի փոխարեն հիմք ընդունելով 2017 թվականի հարկային տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Մինչև 2017 թվականի եկամտային հարկի գումարի հաշվարկումը (մինչև 2017 թվականի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են 2017 թվականի եկամտային հարկի վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով, բացառությամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: 2017 թվականի եկամտային հարկի գումարը հաշվարկելուց (տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը՝ 2018 թվականի ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափերով:

4. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների՝

1) 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները Օրենսգրքի ընդունումից հետո համարվում են համապատասխան հիմնական միջոցների սկզբնական արժեքներ.

2) 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածները Օրենսգրքի ընդունումից հետո համարվում են համապատասխան հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ:

5. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների՝

1) սկզբնական արժեքների և համապատասխան հիմնական միջոցների մասով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների տարբերությունները համարվում են համապատասխան հիմնական միջոցների սկզբնական արժեքներ.

2) Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական միջոցների համապատասխան խմբերի ամորտիզացիոն ժամկետների և համապատասխան հիմնական միջոցների մասով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների փաստացի կատարման ժամկետների տարբերությունները համարվում են համապատասխան հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ:

6. 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

7. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` վճարված և փաստացի շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի փաստացի շահութահարկի գումարներից՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը գործող օրենքով սահմանված կարգով:

 


Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.