ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 53. Հարկային հաշվարկի ներկայացումը

 

1. Հարկ վճարողը (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը, հավատարմագրային կառավարիչը, համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, կոմիսիոները, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալը, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) հարկային հաշվարկները հարկային մարմին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները համարվում են չներկայացված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Հարկային հաշվարկը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը, եթե՝

1) կազմակերպությունը լուծարվում է (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանվում է).

2) անհատ ձեռնարկատերը պետական հաշվառումից հանվում է.

3) նոտարը պաշտոնից ազատվում է:

4. Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը:

5. Հարկային հաշվարկները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝

1) այն հարկային հաշվարկների, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Սույն կետում նշված հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, երբ հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով:

6. Եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկային հաշվարկն ուշ ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկային հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով:

7. Հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվող՝ հարկային հաշվարկի ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցագրում նշված օրը, իսկ հարկային հաշվարկը թղթային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում հարկային հաշվարկը փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը:

8. Եթե հարկ վճարողը (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալը, հավատարմագրային կառավարիչը, համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, կոմիսիոները, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալը, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝

1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների.

2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող` որևէ հարկատեսակի կամ վճարի համար Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողը հարկային մարմին հարկային հաշվարկներ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հարկային հաշվարկների:

Սույն մասի կիրառության իմաստով՝

1) որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրվանից, իսկ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու դեպքում հարկ վճարողի գործունեությունը համարվում է վերսկսված հարկ վճարողի՝ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը վերսկսելու օրվանից.

2) գործունեության դադարեցման ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից գործունեությունը վերսկսելու և այդ մասին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկային հաշվարկները ներկայացվում են Օրենսգրքով սահմանված կարգով:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի կիրառության իմաստով՝ գործունեության վերսկսում չի համարվում՝

1) հարկ վճարողի կողմից իր աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի հաշվարկումը (այդ թվում՝ աշխատողի՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար), որի դեպքում հարկ վճարողը, որպես հարկային գործակալ, հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ.

2) վարչական ծախսերի կատարումը, այդ թվում՝ վարձակալական վճարների կամ տոկոսների վճարումը կամ բաժանորդագրային հիմունքներով ստացվող ծառայությունների (մասնավորապես, հանրային ծառայությունների կամ կոմունալ ծառայությունների կամ համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) համար վճարումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված ծախսերի հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.

3) ավանդադրված կամ հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների նկատմամբ տոկոսների հաշվեգրումից եկամուտների ստացումը, որի դեպքում հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն կետում նշված եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները.

4) Օրենսգրքի 254-րդ հոդվածով սահմանված՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության կամ Օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի ներկայացումը.

5) հարկերի, վճարների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարների վճարումը.

6) գործընկեր հարկ վճարողներին վճարումների կատարումը և (կամ) նրանցից վճարումների ընդունումը, գործընկեր հարկ վճարողների կողմից սույն մասի 2-րդ կետով սահմանված ծախսերի գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի վավերացումը (հաստատումը).

7) մինչև գործունեության դադարեցումն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկների կամ ճշտված հարկային հաշվարկների ներկայացումը.

8) հարկ վճարողի մոտ աուդիտի (այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի) անցկացումը:

10. Հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, եթե հարկային հաշվարկը վերաբերում է՝

1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ստուգվել է հարկային մարմնի (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում՝ այդ մարմնի) կողմից.

2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է.

3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի:

11. Ավելացված արժեքի հարկի մասով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում՝ տվյալ հաշվարկը ԱԱՀ-ի մասով հաշվի չի առնվում), եթե հարկային հաշվարկը վերաբերում է՝

1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից.

2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ուսումնասիրությունը՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ուսումնասիրության ընթացքը կասեցված է:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.