ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 55. Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը

 

1. Հաշվարկային փաստաթուղթը սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող՝ հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է՝

1) ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը: Սույն կետի կիրառության իմաստով՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ անկախ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման հանգամանքից.

2) ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը.

3) ապրանքի մատակարարումը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին.

4) ապրանքի տեղափոխությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների և գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվում են հետևյալ հաշվարկային փաստաթղթերը.

1) հարկային հաշիվ.

2) ճշգրտող հարկային հաշիվ.

3) հաշիվ վավերագիր.

4) ճշգրտող հաշիվ վավերագիր.

5) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն.

6) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ.

7) ապրանքի տեղափոխության բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր):

3. Սույն հոդվածի 2-րդ մասի՝

1) 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը կիրառվում են ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև հարկի գումարի պակասեցումները փաստաթղթավորելու համար.

2) 5-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է միայն ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաև ձեռք բերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար.

3) 6-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է հարկի գումարը հետ ստանալու իրավունքի ձեռքբերումը փաստաթղթավորելու համար.

4) 7-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար:

4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը.

4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.

5) ակցիզային հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).

6) բնապահպանական հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (միայն Օրենսգրքի 8-րդ բաժնով սահմանված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների և արտադրող-իրացնողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում).

7) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը.

8) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինն ու ընդհանուր արժեքը.

9) ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը.

10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը:

5. Հաշիվ վավերագրում կամ ճշգրտող հաշիվ վավերագրում պարտադիր ներառվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով սահմանված տվյալների:

6. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Բեռնագրում պարտադիր ներառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ, 7-րդ և 9-րդ կետերով սահմանված տվյալների փոխարեն ներառվում են համապատասխանաբար՝

1) ապրանքի տեղափոխության ամսաթիվը.

2) տեղափոխվող ապրանքի անվանացանկն ու քանակը.

3) ապրանք տեղափոխող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը:

8. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթերում, բացի սույն հոդվածի 4-7-րդ մասերում նշված տվյալներից, այդ հաշվարկային փաստաթղթերը դուրս գրող և (կամ) ստացող հարկ վճարողների հայեցողությամբ կարող են ներառվել նաև այլ տվյալներ:

9. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ մշտական հաստատության կողմից դուրս գրվող հարկային հաշվում, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշվում, որպես ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող հարկ վճարողի հաշվառման համար և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար նշվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ մշտական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը:

10. Եթե ապրանքը ձեռք է բերվում, աշխատանքը ընդունվում է, և (կամ) ծառայությունը ստացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից, ապա այդ գործարքների մասով դուրս գրվող՝ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված հաշվարկային փաստաթղթերում սույն հոդվածի 4-7-րդ մասերում նշված որոշ տվյալների բացակայության դեպքում հաշվարկային փաստաթղթերը համարվում են սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, եթե՝

1) առկա է գործարքն իրականացնող կողմերի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագիր, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները և հաշվարկային փաստաթղթում հղում է կատարված այդ պայմանագրին, կամ

2) գործարքն իրականացվում է գործարքն իրականացնող կողմի տված գրավոր լիազորագրի հիման վրա, որտեղ նշված են հաշվարկային փաստաթղթում բացակայող բոլոր տվյալները:

11. Էլեկտրոնային առևտրի շրջանակներում կատարվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքները կարող են փաստաթղթավորվել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող փաստաթղթերով կամ այդ կազմակերպությունների կողմից կիրառվող վճարային գործիքների (սարքավորումների) կողմից տպագրվող փաստաթղթերով:

12. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չսահմանված գործարքների ու գործառնությունների (այդ թվում՝ աշխատողներին աշխատավարձ հաշվարկելու, պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ Օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելու), ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.