ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 56. Հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը

 

1. Կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր:

2. Մանրածախ առևտրի, բնակչության համար աշխատանքների կատարման և (կամ) բնակչությանը ծառայությունների մատուցման գործարքների մասով Օրենսգրքի 74-րդ գլխով սահմանված կարգով հսկիչ դրամարկղային մեքենա շահագործող ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կարող է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր դուրս չգրել, եթե ապրանքի գնորդը, աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունն ստացողը չի պահանջում դուրս գրել հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր:

3. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝

1) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, երբ հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերի, իսկ բեռնագիրը դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը:

5. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության շրջանակներում՝

1) իրականացված գործարքների մասով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում համատեղ գործունեության հաշվետու մասնակցի կողմից կամ ստացվում են համատեղ գործունեության հաշվետու մասնակցի անունով.

2) համատեղ գործունեության մասնակիցների կողմից համատեղ գործունեության մեջ կատարված ներդրումներին վերաբերող՝ ակտիվների և ծառայությունների ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի մեկ օրինակը՝ համապատասխան ակտիվների քանակներն ու ծառայությունների ծավալներն արտացոլող հանձնման-ընդունման ակտերի մեկ օրինակի հետ միասին, փոխանցվում է համատեղ գործունեության հաշվետու մասնակցին: Սույն կետում նշված փաստաթղթերի մեկական օրինակները դրանք փոխանցող մասնակիցները պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել նաև իրենց մոտ:

6. Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող՝ հանձնակատար կամ գործակալ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխանաբար հանձնարարողի կամ պրինցիպալի անունից կարող են դուրս գրել հարկային հաշիվներ, ճշգրտող հարկային հաշիվներ, ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներ (բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը կամ գործակալը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, չի համարվում ԱԱՀ վճարող), ինչպես նաև հաշիվ վավերագրեր կամ ճշգրտող հաշիվ վավերագրեր, եթե հանձնակատարին կամ գործակալին տրվել է այդպիսի հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու լիազորագիր: Սույն մասով սահմանված դեպքերում հանձնակատարի կամ գործակալի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, բացի նրանց տվյալներից, լրացվում է նաև հանձնարարողին կամ պրինցիպալին վերաբերող՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը:

7. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը կամ մշտական հաստատությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում նաև՝ ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ մշտական հաստատության կողմից:

8. Գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված`

1) հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների) կարող են դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ այդ հաշվարկային փաստաթղթում նշված ապրանքները պետք է մատակարարվեն հաշվարկային փաստաթղթում նշված՝ ապրանքների մատակարարման օրը.

2) հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել հաշվարկային ժամանակահատվածի համար ծառայությունների մատուցումն ավարտելուց հետո.

3) սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի դուրսգրումը սույն հոդվածով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի, աշխատանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հաշվարկային կամ վճարային փաստաթուղթը փաստացի ստանալու օրը:

9. Սույն հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը, Օրենսգրքի կիրառության իմաստով, հավասարեցվում են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերին:

10. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթը ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում.

1) հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել, և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.

2) հարկային հաշիվը դուրս է գրվել Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ.

3) Օրենսգրքի 345-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

Չեղարկված հաշվարկային փաստաթուղթը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում:

11. Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը ենթակա է անվավեր ճանաչման:

12. Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.