ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 57. Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող ապրանքների (բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների և արտարժույթի) մատակարարումը կամ տեղափոխությունը պարտադիր կարգով իրականացվում է ուղեկցող փաստաթղթերով:

2. Հարկ վճարողի կողմից տեղափոխվող ապրանքն ուղեկցվում է ապրանքի տեղափոխությունը հավաստող՝ սահմանված կարգով դուրս գրված բեռնագրով, Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ ճշգրտող հարկային հաշվով կամ ճշգրտող հաշիվ վավերագրով, ձեռք բերող հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով ձեռք բերված ապրանքների տեղափոխության դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված և տեղափոխվող ապրանքի տեղափոխությունը՝

ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում՝ ապրանքի ներմուծման մաքսային հայտարարագրով.

բ. ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ տարանցման հայտարարագրով, իսկ օդային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ օդային ուղու հաշվարկային փաստաթղթով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանք են համարվում`

1) այն ապրանքները կամ դրանց մի մասը (ուղեկցող փաստաթղթերի համեմատությամբ քանակական ավելցուկը), որոնք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են առանց Օրենսգրքով սահմանված համապատասխան ուղեկցող փաստաթղթի.

2) այն ապրանքները, որոնք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են Օրենսգրքի պահանջները չբավարարող՝ առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթով.

3) փաստացի մատակարարվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխվող) այն ապրանքները, որոնք ուղեկցվում են ապրանքների տեղափոխության համար սահմանված ուղեկցող փաստաթղթով:

4. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները կամ դրանց մի մասը (ուղեկցող փաստաթղթերի համեմատությամբ քանակական ավելցուկը) համարվում են առանց ուղեկցող փաստաթղթի նաև այն դեպքում, երբ դրանք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են արդեն իսկ մատակարարված կամ տեղափոխված ապրանքների համար սահմանված կարգով դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով:

5. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի համար Օրենսգրքի պահանջները համարվում են չբավարարված, եթե այդ հաշվարկային փաստաթղթերում բացակայում են հետևյալ վավերապայմանները.

1) ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը.

2) ուղեկցող փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման կամ տեղափոխության ամսաթիվը.

4) ապրանքներ մատակարարող կամ տեղափոխող (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) հարկ վճարողի՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով պահանջվող տվյալները.

5) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից մատակարարվում կամ տեղափոխվում է ապրանքը.

6) մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.

7) գործարքի առարկա հանդիսացող՝ մատակարարվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում՝ տեղափոխվող) ապրանքների անվանացանկն ու քանակը, ապրանքների ընդհանուր արժեքը՝ հանրագումարով.

8) տեղափոխվող ապրանքների անվանացանկն ու քանակը.

9) մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով՝

1) չհասցեավորված (բնակավայրերից դուրս աշխարհագրական օբյեկտ հանդիսացող) առաքման վայրերի կամ նշանակման վայրերի դեպքում որպես նշանակման վայրի հասցե նշվում է այն վարչատարածքային միավորի անվանումը, որի տարածքում գտնվում են նշված վայրը և տվյալ վայրի ընդունված անվանումը, իսկ անվանման բացակայության դեպքում՝ այն վավերապայմանները, որոնք առավել բնութագրիչ են տվյալ վայրին.

2) ուղեկցող հաշվարկային փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն, ըստ էության, հիմնավորում են սույն հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարված լինելը:

7. Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը: Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա՝ անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից:

 

Մ Ա Ս  2

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.