ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 59. Ավելացված արժեքի հարկ վճարողները

 

1. Եթե սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ վճարողներ են համարվում սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.

2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառված) կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված ֆիզիկական անձը՝ համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը համապատասխանաբար պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու և հարկային մարմնի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն.

3) հարկային տարվա ընթացքում որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվա դրությամբ, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող կամ Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված ժամկետում հարկային մարմին չի ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Սույն կետով սահմանված դեպքերում որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևով՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ սույն բաժնում՝ հայտարարություն)` նշելով որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը.

4) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող մինչև հայտարարությունում նշված օրը, ապա շրջանառության հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 5-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում).

5) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահից հարկ վճարողը Օրենսգրքի 13-րդ բաժնի համաձայն, տվյալ հարկային տարում դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը (այսուհետ նաև՝ ԱԱՀ-ի շեմ) գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը:

2. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունները և բացառապես գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը.

2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 58.35 միլիոն դրամը: Ընդ որում, հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցելու հիմքով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցող մասով: Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ սույն մասում նշված հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով ԱԱՀ-ի շեմը գերազանցելու օրը.

3) հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Եթե սույն մասում նշված հարկ վճարողի՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամը գերազանցում է մինչև հայտարարությունում նշված օրը, ապա սույն մասում նշված հարկ վճարողը ԱԱՀ վճարող է համարվում սույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով (հայտարարությունը հաշվի չի առնվում):

Եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ միաժամանակ իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա ԱԱՀ վճարող է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներով:

3. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված կազմակերպությունները ԱԱՀ վճարողներ են համարվում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը:

4. Օրենսգրքի 14-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարողներ հաշվառվում են՝

1) կազմակերպությունները (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների), անհատ ձեռնարկատերերը և նոտարները.

2) կամավորության սկզբունքով հայտարարություն ներկայացնելու դեպքում՝

ա. Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական կառավարչական հիմնարկների,

բ. Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների,

գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

5. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնելու դեպքում, ինչպես նաև Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները:

6. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ եթե մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ, ապա պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.