ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 64. Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

 

1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:

2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

1) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.

2) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքների կատարումը.

4) հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարումը: Սույն կետով սահմանված արտոնության կիրառության շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ճանաչած, երաշխավորած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին մասնակցության իրավունքի տրամադրումը.

6) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումը, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը.

8) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների օտարումը.

9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը.

10) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը.

11) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, մասնավորապես հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բժշկական խորհրդատվության, բուժական, վերականգնողական, բժշկական փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցումը.

12) դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

13) պետության կամ համայնքի կողմից կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը.

14) բռնագրավման կամ նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը պետությանը: Սույն կետը չի տարածվում բռնագանձման ձևով պետությանը ապրանքի մատակարարման գործարքների վրա, որոնց դեպքում ապրանքի մատակարարման գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման Օրենսգրքով սահմանված կարգով.

15) հողամասից կամովին հրաժարվելու դեպքում սեփականության իրավունքով պատկանող հողամասի օտարումը համայնքին կամ պետությանը.

16) հողամասի կամ այլ անշարժ գույքի փոխանակությունը, եթե այդ գործարքի կողմ են հանդիսանում պետությունը և (կամ) համայնքը.

17) սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

18) պետական կառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի վճարում.

19) կոնցեսիոների (օպերատորի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի՝ կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) օտարումը, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով,

բ. կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում.

20) ԱՏԳԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը.

21) անմիջական արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ ԱՏԳԱԱ 570110, 570210 ծածկագրերին դասվող ձեռագործ գորգերի օտարումը.

22) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի օտարումը.

23) ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը.

24) թերթերի և ամսագրերի օտարումը.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը.

26) թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳԱԱ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող՝ ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.

27) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը.

28) տարա արտադրող չհանդիսացող և տարա ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից տարայի օտարումը.

29) խաղատների գործունեության կազմակերպումը.

30) շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպումը.

31) ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում ապրանքը մատակարարողի կողմից տվյալ ապրանքի հետ կապված սպասարկման ծառայությունների անհատույց մատուցումը, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց լրակազմող տարրերի փոխարինման նպատակով ապրանքի անհատույց մատակարարումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների արժեքում: Սույն կետը կարող է կիրառվել այն դեպքում, երբ կնքված պայմանագրի պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածով սահմանված` հրապարակային պայմանագրերին ներկայացվող պահանջներին: Այն դեպքերում, երբ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով նախատեսվում է այլ ապրանքների մատակարարում և (կամ) ծառայությունների մատուցում, ապա հրապարակային պայմանագրով մատակարարվող ապրանքի արժեքում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների արժեքը ներառելու փաստը պետք է հիմնավորվի հաշվապահական հաշվառման մեջ կիրառվող սկզբնական հաշվառման փաստաթղթերով և ԱԱՀ վճարողի կողմից հաստատված փաստաթղթերով (հրաման, հաստատված ինքնարժեքի հաշվարկ և այլն).

32) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմասի կամ փայի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը.

33) օրենքով սահմանված կարգով իրականացվող՝ կազմակերպության վերակազմակերպման շրջանակներում ապրանքի մատակարարումը և (կամ) ծառայության մատուցումը.

34) սեփականաշնորհման կամ ապապետականացման գործարքների շրջանակներում ապրանքի մատակարարումը.

35) Հայաստանի Հանրապետության տարածք մշակութային արժեքների ներմուծումը.

36) Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) արտահանված ապրանքների մատակարարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգերով արտահանված ապրանքի մատակարարումը.

37) օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ).

38) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵՏՄ անդամ չհամարվող պետություն արտահանված կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված սև և գունավոր մետաղների ջարդոնի մատակարարումը.

39) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրենց անձնական գույքի օտարման գործարքները.

40) անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանող՝ ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը.

41) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման իրերի ներմուծումը.

42) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծումը.

43) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծումը.

44) ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների, ներառյալ՝ դրանց հետ կապված՝ ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը.

45) կենսաթոշակային ապահովման ծառայությունների, ներառյալ՝ դրանց հետ կապված՝ միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը.

46) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիվների օտարումն արժեթղթավորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիվների օտարումն արժեթղթավորման հիմնադրամին, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նախաձեռնողի կողմից արժեթղթավորման հիմնադրամից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ ակտիվների փոխանակումը, ինչպես նաև ակտիվների օտարումը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված արժեթղթավորման ֆոնդին, արժեթղթավորման ֆոնդին ակտիվն օտարած անձի կողմից արժեթղթավորման ֆոնդից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման ֆոնդի հետ ակտիվների փոխանակումը.

47) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև սույն կետով սահմանված դեպքերում՝ այլ անձանց կողմից հետևյալ ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը.

ա. ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունման, բանկային և այլ հաշիվների բացման, վարման ու սպասարկման ծառայությունների, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը,

բ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից վարկերի կամ փոխառությունների տրամադրման, այդ թվում` պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման ու ֆակտորինգային այլ ծառայությունների մատուցումը,

գ. երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրման, ակրեդիտիվների բացման ծառայությունների մատուցումը,

դ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արժեթղթերի օտարումը, արժեթղթերի ի պահ ընդունման և հաշվառման ծառայությունների մատուցումը,

ե. մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը,

զ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը Օրենսգրքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման,

է. կանխիկի տրամադրման ծառայությունների մատուցումը,

ը. ներդրումային ֆոնդի կառավարման, ներառյալ` իր կողմից կառավարվող (այդ թվում` պատվիրակման արդյունքում) ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) ծառայությունների մատուցումը,

թ. ներդրումային ֆոնդի պահառության ծառայության մատուցումը,

ժ. արժեթղթերի հավատարմագրային կառավարման ծառայության մատուցումը,

ժա. բանկային ոսկու օտարումը, բանկային ոսկով արտահայտված հաշիվների բացման ու վարման, դրանցով այլ գործառնությունների կատարման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների օտարումը,

ժբ. օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի օտարումը: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ գրավի առարկան մինչև բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,

ժգ. գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունների մատուցումը,

ժդ. լիզինգային պայմանագրի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) օտարումը, որոնց ներմուծման ժամանակ ԱԱՀ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվարկվել և չի վճարվել,

ժե. բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայության մատուցումը, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով սահմանված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպման և տրամադրման, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստման, ֆաքսիմիլային ծառայությունների մատուցումը:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.