ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 65. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները

 

1. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:

2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.

1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում.

3) սույն մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով սահմանված գործարքների հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, բեռնաթափման, ուղեկցման և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.

4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը.

5) ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ վերամշակման նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքից ստացված ապրանքի արտահանման դեպքում հումքի վերամշակման աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.

6) ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով նորոգման (վերանորոգման) նպատակով «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ նորոգման (վերանորոգման) նպատակով ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված գույքի արտահանման դեպքում այդ գույքի նորոգման (վերանորոգման) համար օգտագործված պահեստամասերի, դետալների, հանգույցների, այլ լրակազմող տարրերի մատակարարումը՝ նորոգողի (վերանորոգողի) կողմից.

7) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծման մաքսային մարմնից մինչև Հայաստանի Հանրապետությունից արտահանման մաքսային մարմին տեղափոխելու հետ ուղղակիորեն կապված աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.

8) միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի՝

ա. լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարումը.

բ. սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, փոխադրման ընթացքում ուղևորներին ծառայությունների մատուցումը.

9) այն միջնորդական ծառայությունների մատուցումը, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն մասի 8-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.

10) անմաքս առևտրի խանութից ապրանքների մանրածախ վաճառքը միջազգային երթուղիներով մեկնող կամ ժամանող ուղևորներին, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից այդ ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին.

11) այն աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը.

12) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություններ) ապրանքների մատակարարումը, նրանց համար աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը:

Սույն կետով սահմանված գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափը կիրառվում է միայն այն պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ, որոնց օրենսդրությամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառություն է սահմանված տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության համար, կամ եթե նման կարգ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Սույն կետի կիրառությունն ապահովելու նպատակով, սույն կետով սահմանված դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում է հարկային մարմնին: Սույն պարբերությամբ նշված ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմինը տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

Սույն կետով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի՝

ա. կիրառությունը հիմնավորվում է ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ԱԱՀ վճարողի կողմից Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան հաշիվ վավերագրերի դուրսգրմամբ,

բ. կիրառությունը և դիվանագիտական ներկայացուցչություններին իրենց կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գներում ներառված ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե սույն կետում նշված գործարքների մասով հաշիվ վավերագրերի դուրս գրման փոխարեն դուրս են գրվել հարկային հաշիվներ կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ.

13) Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված Էլեկտրակապի օպերատորի կամ փոստային կապի օպերատորի կողմից օտարերկրյա համապատասխան օպերատորներին այն ծառայությունների մատուցումը, որոնց մասով, համապատասխանաբար` Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) կանոնադրությանը կամ Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը համապատասխան, կատարվում է միջազգային փոխկապակցման ծառայությունների շրջանակներում միմյանց մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարների փոխադարձ հաշվարկ:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.