ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ*

Հոդված 94. Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը

 

1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի կորստի դեպքում այդ հումքին վերաբերող ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները, Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն՝ կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ակցիզային հարկի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել հաշվարկված ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ակցիզային հարկի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումարի պակասեցում:

2. Եթե ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրով նախկինում ներկայացված՝ ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում և ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարների տարբերությունը նվազեցվում է ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրի գրանցման կամ հարկային մարմին ներկայացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարներից:

3. Եթե ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող հետբացթողումային ստուգման արդյունքում ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարների նվազած մասը նվազեցվում է հետբացթողումային ստուգման ակտի կազմման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարներից:

4. Հաշվանցված (պակասեցված) ակցիզային հարկի գումարների մասով սույն հոդվածով սահմանված դեպքերում և կարգով վերաձևակերպումներ (նվազեցումներ) չկատարելը Օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով համարվում է հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ:

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.