ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 132. Վճռի բովանդակությունը

 

1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։

2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունը, ազգանունը, հայրանունը` անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում (անվանումը), հայցի առարկան։ Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում՝ նաև որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները։

Վերը նշված տեղեկությունները վճռի ներածական մասում նշվում են նաև երրորդ անձանց վերաբերյալ, եթե այդպիսիք դատարանը ստացել է գործի քննության ընթացքում։

3. Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի`

1) նշում այն մասին, թե երբ է հայցը ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, երբ է այն ընդունվել վարույթ.

2) նշում` հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության մասին՝ փոփոխության դեպքում նշելով փոփոխության ամսաթիվը և էությունը.

3) նշում` հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց, հակընդդեմ հայցի պատասխան ներկայացնելու մասին.

4) նշում` գործին երրորդ անձանց ներգրավելու մասին.

5) նշում` առանձին ակտի ձևով ընդունված որոշումների մասին.

6) նշում` վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկված լինելու մասին։ Տվյալ դեպքում շարադրվում է նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.

7) նշում` գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների դատական նիստին ներկայանալու կամ չներկայանալու մասին.

8) հայցադիմումի հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի հիմքում դրված փաստերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորը, յուրաքանչյուր պահանջի իրավական հիմքերն ու հիմնավորումները` վկայակոչելով օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը.

9) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության փաստական հիմքը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է պատասխանողը, առարկության իրավական հիմքը` շարադրելով պատասխանողի փաստարկները պահանջի իրավական հիմնավորման վերաբերյալ և վկայակոչելով օրենքի և այլ իրավական ակտերի նորմերը.

10) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի 8-րդ կետով սահմանված կարգով.

11) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ կետին համապատասխան.

12) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան։

4. Վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝

1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.

4) ապացուցման ենթակա փաստերը`

ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,

բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,

գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` սույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.

5) եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝

ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,

բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման.

6) եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.

7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։

5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

2) սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում նշում` հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարի մասին.

3) գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նշում` գործարքի անվավերության հետևանքների մասին.

4) եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.

5) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.

6) կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.

7) վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը.

8) դատարանի՝ հաշտարարություն նշանակելու, հաշտարարություն իրականացնելու ժամկետի մասին նշում:

6. Առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը:

(132-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-216, 18.02.04 ՀՕ-39-Ն, 16.12.05 ՀՕ-16-Ն, փոփ. 30.09.13 ՀՕ-101-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-49-Ն, փոփ., լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)


 

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.