ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 204. Դատարանի վճռի վերանայումը

 

1. Դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է սույն օրենսգրքի 19 գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով:

2. Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին և կարգին:

3. Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

 

Գ Լ ՈՒ Խ  361

 

  ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 2041. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը

 

1. Որոշակի դրամական պահանջներով թույլատրելի է վճարման կարգադրություն արձակել գործերի վարույթ (ստորև՝ կարգադրության վարույթ)՝ սույն գլխի դրույթներին համապատասխան: Սույն գլխում պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:

2. Կարգադրության վարույթ թույլատրելի չէ, երբ`

1) դրամական պահանջը կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ.

2) ներկայացված պահանջի հիմքում ընկած է վարկային պայմանագիրը, և նախատեսված տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին եղել է ավելի, քան օրենքով սահմանված տոկոսադրույքը:

(2041 -ին հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 2042. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը

 

1. Դատարան ներկայացվող դիմումը պետք է ուղղակիորեն պարունակի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին և ներառի հետևյալ տվյալները.

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

2) կողմերի անունները (անվանումները), հասցեները (գտնվելու վայրը).

3) հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքը և չափը` առանձին-առանձին.

4) պահանջը հաստատող ապացույցները.

5) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.

6) դիմում ներկայացնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի ստորագրությունը:

Եթե դիմումը ստորագրված է դիմողի օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, ապա դիմումին կցվում են նաև վերջիններիս ներկայացուցչությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

2. Եթե պարտավորությունն ապահովված է գրավով, և դիմումատուն ցանկանում է հանդես գալ որպես գրավով ապահովված պարտատեր, ապա դիմումին պետք է կցվի նաև գրավի պայմանագիրը:

3. Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:

(2042 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 2043. Ընդդատությունը

 

Վճարման կարգադրություն արձակելու գործն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի ընդհանուր իրավասության դատարանին:

(2043 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 2044. Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժումը 

 

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը մերժվում է այն մասով, որով՝

1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 2041-2043-րդ հոդվածների դրույթներին.

2) պահանջը առերևույթ հիմնավորված չէ, կամ

3) պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են:

2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ և այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար: Մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:

3. Մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձևով ներկայացնի իր պահանջի մերժված մասը:

(2044 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 2045. Դիմումի քննության ժամկետները

 

Դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ձեռնարկել հետևյալ գործողություններից մեկը.

1) արձակել վճարման կարգադրություն.

2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.

3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը՝ մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

(2045 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 2046. Վճարման կարգադրությունը

 

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն:

2. Վճարման կարգադրությունը պարունակում է`

1) նշում առ այն, որ դատարանը ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.

2) կարգադրություն՝ երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը՝

— կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,

— դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ), ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված:

Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու նաև պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը.

3) նշում առ այն, որ առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը.

4) նշում առ այն, որ սահմանված ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

3. Վճարման կարգադրությանը կցվում են դիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակները:

4. Վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ):

(2046 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 2047 .


Անցումը հայցային վարույթի

Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով:

(2047 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 2048 .


Վճարման կարգադրության ուժի մեջ մտնելը

 

Այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումը (տեղեկացումը) ստանալու օրվանից հետո` երեք շաբաթվա ընթացքում, դատարանն առարկություն չի ստանում կամ ստանում է առարկություն, որը պատասխանողն ուղարկել է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման: Դատարանը դիմողի պահանջով բռնագանձման մասին դիմողի դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ: Եթե դիմումին կցված է եղել գրավի պայմանագիրը, ապա կատարողական թերթում նշում է կատարվում, որ բռնագանձումը կարող է տարածվել նաև գրավի առարկայի վրա:

(2048 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Ե Ր Ր Ո Ր Դ1   Բ Ա Ժ Ի Ն 

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ 
(բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Ե Ր Ր Ո Ր Դ2   Բ Ա Ժ Ի Ն

 

ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
(բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Ե Ր Ր Ո Ր Դ3  Բ Ա Ժ Ի Ն

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
(բաժինը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 204.30.

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

(204.30-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 204.31. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել են միջազգային պայմանագրի պահանջներին (ժամկետներին) համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք:

(204.31-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 204.32. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

 

Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ

4) վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

(204.32-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 204.33. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

 

Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

3) Արդարադատության խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով:

(204.33-րդ  հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-269-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-88-Ն)

 

Հոդված 204.34. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

2. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն օրենսգրքի 204.33 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

4. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

(204.34-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Հոդված 204.35. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

(հոդվածն ուժը կորցրել է 08.02.11 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 204.36. Բողոքի բովանդակությունը

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`

1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հասցեագրվում է.

2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

4) բողոքով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր երևան եկած կամ նոր հանգամանքի.

5) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

(204.36-րդ  հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, փոփ., լրաց. 08.02.11 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 204.37. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը

(վերնագիրը խմբ. 08.02.11 ՀՕ-47-Ն)

 

1. Դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, բողոքը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:

2. Դատարանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պատշաճ ձևով ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը և վայրը:

3. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:

4. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.36-րդ հոդվածով նախատեսված պահանջները.

2) բողոքում նշված դատական ակտի վերանայումը ընդդատյա չէ այն դատարանին, որին հասցեագրվել է բողոքը.

3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.

4) մինչև դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.

5) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած` նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել:

(204.37-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, խմբ. 08.02.11 ՀՕ-47-Ն)

 

Հոդված 204.38. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները

 

1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

(204.38-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-269-Ն)

(բաժինը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)

 

Չ Ո Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ի Ն

ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.