ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 220. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը

(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները։

2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։

3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.

2) վճիռ կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.

3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը)։

4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`

1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.

2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկված լինելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.

3) նշում` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.

4) նշում` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.

5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:

5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`

1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում`

ա. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,

բ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,

գ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,

դ. այն փաստերը, որոնք չեն հաստատվել առաջին ատյանի դատարանի կողմից, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,

ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.

2) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին`

ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,

դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, թե՞ ոչ` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.

3) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.

4) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները.

5) եզրահանգումներ` ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի, անվիճելի փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը.

6) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։

6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.

3) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.

4) եզրահանգում` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.

5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,

6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։

7. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:

(220-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 220.1 Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը

 

1. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները։

2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքներով կայացվող որոշումը պետք է պարունակի`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու դատարանի կազմը.

2) որոշում կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.

3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), բողոքարկվող որոշման հակիրճ բովանդակությունը, վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս.

6) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.

7) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։

3. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է որոշումը կայացրած դատավորը:

(220.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

 

Հոդված 220.2. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերը

 

1. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են`

1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը.

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:

(220.2-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն) 

 

Հոդված 220.3. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը։

2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

(220.3-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

 

Հոդված 220.4. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը

 

1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, որը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.

4) դատական ակտը կայացրել է (են) ոչ այն դատավորը (դատավորները), որը (որոնք) մտնում է (են) գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.

6) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

7) դատական ակտը շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.

8) առկա են սույն օրենսգրքի 103 հոդվածով սահմանված` հայցն առանց քննության թողնելու հիմքերը, կամ

9) առկա են սույն օրենսգրքի 109 հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:

(220.4-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.