ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ *

Հոդված 78. Դատական ծանուցումը

(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

1. Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները։

2. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն, կամ

3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։

3. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով։

4. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։

5. Դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը։ Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։

6. Եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

8. Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո՝ դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով։

9. Դատավարության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա դատական ծանուցումը կարող է կատարվել հեռախոսագրի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային հեռահաղորդակցության այլ միջոցներով։

10. Դատարանի կողմից ֆիզիկական անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է համարվում նաև այն դեպքում, երբ ծանուցումը կատարվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

11. Եթե դատավարության մասնակիցը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ազատազրկման վայրում, զորամասում կամ կարգապահական գումարտակում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով։ Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրը ստանալուն պես պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` նրա կողմից ստանալը հավաստող անդորրագիրը վերադարձնելով դատարանին:

(78-րդ հոդվածը լրաց. 20.03.12 ՀՕ-37-Ն, 05.12.13 ՀՕ-116-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-49-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.