ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 16-20

Գ Լ ՈՒ Խ  16

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 273.

Սեփականության իրավունքը ճանաչելը

 

Սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

 

Հոդված 274.

Ուրիշի ապօրինի տիրապետումից իր գույքը հետ պահանջելու իրավունքը

 

Սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

 

Հոդված 275.

Բարեխիղճ ձեռք բերողից իր գույքը հետ պահանջելու իրավունքը

 

1. Եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

2. Եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:

3. Դրամական միջոցները, ինչպես նաև ըստ ներկայացնողի արժեթղթերը չեն կարող հետ պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից:

4. Սեփականատերը հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցներն իրավունք ունի հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին իրազեկելու պահից մեկ տարվա ընթացքում:

(275-րդ հոդվածը լրաց. 16.09.09 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 276.

Հաշվարկներ` ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելիս

 

1. Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելիս սեփականատերն իրավունք ունի այն անձից, ով գիտեր կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին (անբարեխիղճ տիրապետող), պահանջել վերադարձնելու կամ հատուցելու նաև այն բոլոր եկամուտները, որոնք այդ անձն ստացել է կամ կարող էր ստանալ գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում, իսկ բարեխիղճ տիրապետողից` վերադարձնելու կամ հատուցելու այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ սկսած այն պահից, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին կամ ծանուցում է ստացել գույքը վերադարձնելու մասին սեփականատիրոջ հայցով:

2. Ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իր հերթին իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել գույքի վրա իրենց կատարած անհրաժեշտ ծախսերը` գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջը հասնելու պահից:

3. Բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի իրեն թողնել իր կատարած բարելավումները, եթե դրանք կարող են առանձնացվել առանց գույքին վնաս պատճառելու: Եթե բարելավումներն առանձնացնելն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջել հատուցելու գույքը բարելավելու համար իր կատարած ծախսերը, սակայն գույքի ավելացված արժեքից ոչ ավելի չափով:

 

Հոդված 277.

Սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից

 

Սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

 

Հոդված 278.

Սեփականատեր չհամարվող տիրապետողի իրավունքների պաշտպանությունը

 

Սույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

 

Գ Լ ՈՒ Խ  17

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵԼԸ

 

Հոդված 279.

Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների դադարման հիմքերը

 

1. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`

1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281).

2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282).

3) սեփականության հասարակության և պետության կարիքների համար օտարվելու (հոդված 218).

4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284).

5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285).

6) կատարվում է բռնագրավում (հոդված 288).

7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ).

8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում:

3. Պետության սեփականությանը պատկանող գույքն օտարվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց` մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով:

4. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը պատկանող գույքի պետականացումը (ազգայնացումը) կատարվում է օրենքի հիման վրա, այդ գույքի արժեքի ու մյուս վնասների հատուցմամբ` սույն օրենսգրքի 286 հոդվածով սահմանված կարգով:

5. Գույքային իրավունքները դադարում են սույն օրենսգրքի 217, 217.7 և 247 հոդվածներով, ինչպես նաև օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

(279-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-70-Ն) 

 

Հոդված 280.

Սեփականության իրավունքից հրաժարվելը

 

1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, իսկ սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` գույքը հետ չպահանջելով: Սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների սեփականատերը հայտնի չլինելու դեպքում դրանք ներմուծելու պահից մեկ տարի լրանալը հիմք է սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար:

2. Սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:

(280-րդ հոդվածը լրաց. 16.09.09 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 281.

Սեփականատիրոջ պարտավորություններով գույքի վրա բռնագանձում տարածելը

 

1. Սեփականատիրոջ պարտավորություններով նրան պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով գույքը կարող է առգրավվել դատարանի վճռի հիման վրա, եթե բռնագանձում տարածելու այլ կարգ նախատեսված չէ պայմանագրով:

2. Գույքի նկատմամբ, որի վրա բռնագանձում է տարածվել, սեփականատիրոջ իրավունքը դադարում է այդ գույքի նկատմամբ այն անձի սեփականության իրավունքի ծագման պահից, ում անցնում է տվյալ գույքը:

 

Հոդված 282.

Անձի սեփականության իրավունքը դադարելն այն գույքի նկատմամբ, որը չի կարող նրան պատկանել

 

1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:

2. Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:

3. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով քաղաքացու կամ իրավաբանական անձի մոտ հայտնվել է այնպիսի գույք, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, և որն ստանալու համար սեփականատիրոջ խնդրանքը մերժվել է, այդ գույքն օտարվում է այն գույքի համար սահմանված կարգով, որը չի կարող պատկանել տվյալ սեփականատիրոջը:

 

Հոդված 283.

Հողամասը վերցնելու կապակցությամբ դրա վրա գտնվող անշարժ գույքն օտարելը

(հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)

 

Հոդված 284.

Անտնտեսվար պահվող մշակութային արժեքները վերցնելը

 

1. Այն դեպքերում, երբ օրենքի համաձայն` առանձնապես արժեքավոր և պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների սեփականատերը դրանք պահում է անտնտեսվար, ինչը սպառնում է դրանց նշանակության կորստին, նման արժեքները դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից` պետության կողմից դրանց գինը հատուցելու միջոցով:

2. Մշակութային արժեքները վերցնելիս սեփականատիրոջը դրանց արժեքը հատուցվում է կողմերի համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանի սահմանած չափով:

 

Հոդված 285.

Ռեկվիզիցիա

 

1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներում գույքը կարող է օրենքով սահմանված պայմաններում ու կարգով, պետական մարմինների որոշմամբ, վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա):

2. Սեփականատերը կարող է դատարանում վիճարկել հարկադրաբար վերցված գույքի հատուցման արժեքի չափը:

3. Անձը, ում գույքը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի պահանջել, որ իրեն վերադարձվի պահպանված գույքը, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիա:

 

Հոդված 286.

Օրենքի ուժով սեփականության իրավունքը դադարելու հետևանքները

 

Հայաստանի Հանրապետության կողմից սեփականության իրավունքը դադարեցնող օրենքն ընդունելու դեպքում դրա հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները, այդ թվում` գույքի արժեքը, հատուցում է պետությունը: Վնասների հատուցման մասին վեճերը լուծում է դատարանը:

 

Հոդված 287.

Գույքի գնահատումը սեփականության իրավունքը դադարելիս

 

Սեփականության իրավունքը դադարելիս գույքը գնահատվում է դրա շուկայական արժեքով:

 

Հոդված 288.

Բռնագրավում

 

Օրենքով նախատեսված դեպքերում գույքը սեփականատիրոջից կարող է անհատույց առգրավվել դատավճռով` որպես հանցագործության համար պատժամիջոց (բռնագրավում):

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ԳՈՐԾԱՐՔՆԵՐ: ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ: ԺԱՄԿԵՏՆԵՐ: ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ։ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

 (վերնագիրը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն) 

Գ Լ ՈՒ Խ  18

ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

§ 1. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 289. Գործարքի հասկացությունը

 

Գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

 

Հոդված 290. Գործարքների տեսակները

 

1. Գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

2. Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

3. Օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:

 

Հոդված 291. Միակողմ գործարքով պարտականությունները

 

Միակողմ գործարքը պարտականություններ է ստեղծում գործարքը կնքած անձի համար: Այն կարող է այլ անձանց համար պարտականություններ ստեղծել միայն օրենքով կամ այդ անձանց հետ համաձայնությամբ նախատեսված դեպքերում:

 

Հոդված 292. Միակողմ գործարքների իրավական կարգավորումը

 

Միակողմ գործարքների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են պարտավորությունների և պայմանագրերի մասին ընդհանուր դրույթները, եթե դրանք չեն հակասում օրենքին, գործարքի միակողմանի բնույթին և էությանը:

 

Հոդված 293. Պայմանով կնքված գործարքներ

 

1. Գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:

2. Գործարքը համարվում է վերացնող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:

3. Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է իրականացված:

4. Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, ում ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է չիրականացված:

 

Հոդված 294. Գործարքների ձևերը

 

1. Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:

2. Գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:

3. Օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն:

 

Հոդված 295. Բանավոր գործարք

 

1. Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր:

2. Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

3. Գրավոր պայմանագրի կատարմանն ուղղված գործարքները կարող են կողմերի համաձայնությամբ կնքվել բանավոր, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:

 

Հոդված 296. Գրավոր գործարք

 

1. Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել սույն օրենսգրքի 450 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով:

2. Օրենքով, այլ իրավական ակտերով և կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի գործարքի ձևը (որոշակի ձևաթղթի վրա կնքելը, կնիքով դրոշմված լինելը և այլն), և կարող են նախատեսվել այդ պահանջները չպահպանելու հետևանքներ: Եթե նման հետևանքներ նախատեսված չեն, ապա կիրառվում են գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները (298 հոդվածի 1-ին կետ):

3. Գործարքներ կնքելիս ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում և կարգով:

4. Եթե քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձը` նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել:

 

Հոդված 297. Հասարակ գրավոր ձևով կնքվող գործարքներ

 

1. Բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`

1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.

2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:

2. Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, սույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր:

 

Հոդված 298. Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները

 

1. Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

2. Օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

3. Արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

 

Հոդված 299. Նոտարի կողմից վավերացված գործարքներ

 

1. Գործարքների նոտարական վավերացումը կատարվում է սույն օրենսգրքի 296 հոդվածի պահանջներին համապատասխանող փաստաթղթի վրա նոտարի կամ նոտարական գործողության կատարման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացնող մակագրությամբ:

2. Գործարքի նոտարական վավերացման կարգը սահմանվում է նոտարիատի մասին օրենքով:

3. Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`

1) սույն օրենսգրքում նշված դեպքերում.

2) կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 204.1, 213, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 678, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա, անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Սույն կետով նախատեսված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

(299-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-248-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-70-Ն) 

 

Հոդված 300. Գործարքի նոտարական ձևը չպահպանելու հետևանքները

 

1. Գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

2. Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

3. Գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:

 

Հոդված 301. Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը

 

1. Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

2. Շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

3. Պետական գրանցման կարգը և գրանցումից հրաժարվելու հիմքերը սահմանվում են օրենքով:

(301-րդ հոդվածը փոփ. 08.04.10 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 302. Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջները չպահպանելու հետևանքները

 

1. Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

2. Եթե գործարքը կնքվել է պատշաճ ձևով, իսկ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Այդ դեպքում գործարքից ծագող իրավունքները գրանցվում են դատարանի վճռի հիման վրա:

3. Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գրանցման ուշացման հետ կապված վնասները:

 

§ 2. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 303. Վիճահարույց և առոչինչ գործարքներ

 

1. Գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

2. Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել սույն օրենսգրքում նշված անձինք:

3. Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

 

Հոդված 304. Ընդհանուր դրույթներ գործարքի անվավերության հետևանքների մասին

 

1. Անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

2. Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

3. Եթե վիճահարույց գործարքի բովանդակությունից բխում է, որ այն կարող է դադարել միայն ապագայում, ապա դատարանը, գործարքը ճանաչելով անվավեր, դադարեցնում է դրա գործողությունն ապագայում:

 

Հոդված 305. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքի անվավերությունը

 

Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

 

Հոդված 306. Կեղծ և շինծու գործարքների անվավերությունը

 

1. Կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

2. Շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

 

Հոդված 307. Անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը

 

1. Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է:

Այդպիսի գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին բնեղենով վերադարձնել ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` դրամով հատուցել դրա արժեքը:

Գործունակ կողմը, բացի դրանից, պարտավոր է մյուս կողմին հատուցել նրա կրած իրական վնասը, եթե գիտեր կամ պետք է իմանար մյուս կողմի անգործունակության մասին:

2. Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու շահերից ելնելով` նրա կնքած գործարքը խնամակալի պահանջով դատարանը կարող է վավեր ճանաչել, եթե այն կնքվել է ի շահ այդ քաղաքացու:

 

Հոդված 308. Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը

 

1. Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու` առանց հոգաբարձուի համաձայնության կնքած` գույքի տնօրինման գործարքը դատարանը կարող է հոգաբարձուի հայցով անվավեր ճանաչել:

Եթե նման գործարքը ճանաչվել է անվավեր, ապա համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները:

2. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում կենցաղային մանր գործարքների վրա, որոնք սահմանափակ գործունակ քաղաքացին կարող է, սույն օրենսգրքի 32 հոդվածին համապատասխան, կնքել ինքնուրույն:

 

Հոդված 309. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքի անվավերությունը

 

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) կնքած գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունների կանոնները:

2. Փոքրահասակի շահերից ելնելով` նրա կնքած գործարքը ծնողների, որդեգրողների կամ խնամակալի պահանջով դատարանով կարող է ճանաչվել վավեր, եթե այն կնքվել է ի շահ փոքրահասակի:

3. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում փոքրահասակների կնքած կենցաղային մանր և այլ գործարքների վրա, որոնք նրանք իրավունք ունեն կնքել ինքնուրույն, սույն օրենսգրքի 29 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 310. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կնքած գործարքի անվավերությունը

 

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից, առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության կնքած գործարքը, այն դեպքերում, երբ նման համաձայնությունը պահանջվում է սույն օրենսգրքի 30 հոդվածի 1-ին կետին համապատասխան, դատարանով կարող է անվավեր ճանաչվել ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի հայցով:

Եթե նման գործարքն անվավեր է ճանաչվել, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները:

2. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենսգրքի 24 հոդվածի կանոններին համապատասխան լրիվ գործունակ դարձած անչափահասների գործարքների վրա:

 

Հոդված 311. Իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակ քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը

 

1. Գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով:

2. Հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:

3. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել սույն հոդվածի հիման վրա, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները:

 

Հոդված 312. Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերությունը

 

1. Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:

Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները:

Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:

2. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:

Բացի դրանից, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, իրավունք ունի մյուս կողմից պահանջել իրեն պատճառված իրական վնասի հատուցում, եթե ապացուցի, որ մոլորությունն առաջացել է մյուս կողմի մեղքով: Եթե դա ապացուցված չէ, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, պարտավոր է մյուս կողմի պահանջով հատուցել նրան պատճառված իրական վնասը, եթե անգամ մոլորությունը ծագել է մոլորված կողմից անկախ հանգամանքներում:

 

Հոդված 313. Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքի անվավերությունը

 

1. Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

2. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերից մեկով, ապա մյուս կողմը տուժողին վերադարձնում է գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը հատուցում է դրամով: Գործարքով մյուս կողմից տուժողի ստացած գույքը, ինչպես նաև մյուս կողմից նրան հասանելիքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գույքը բնեղենով պետությանը հանձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը բռնագանձվում է դրամով: Բացի դրանից, մյուս կողմը տուժողին հատուցում է նրան պատճառած իրական վնասը:

 

Հոդված 314. Իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքի անվավերությունը

 

Իրավաբանական անձի կողմից նրա կանոնադրությամբ որոշակիորեն սահմանափակված գործունեության նպատակներին հակասող կամ համապատասխան գործունեությամբ զբաղվելու թույլտվություն (լիցենզիա) չունեցող իրավաբանական անձի կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ իրավաբանական անձի, նրա հիմնադրի (մասնակցի) կամ իրավաբանական անձի գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար դրա ապօրինության մասին:

 

Հոդված 315. Գործարք կնքելու լիազորությունը սահմանափակելու հետևանքները

 

Եթե անձի` գործարք կնքելու լիազորությունները սահմանափակված են պայմանագրով կամ իրավաբանական անձի մարմնի լիազորությունները` նրա կանոնադրությամբ, համեմատած այն լիազորությունների հետ, որոնք սահմանված են լիազորագրում, օրենքում կամ ակնհայտ են այն իրադրությունից, որում կնքվել է գործարքը, և դա կնքելիս նման անձը կամ մարմինը դուրս է եկել այդ սահմանափակումների շրջանակներից, դատարանը կարող է գործարքն անվավեր ճանաչել այն անձի հայցով, ի շահ որի սահմանված են սահմանափակումները, միայն այն դեպքերում, երբ կապացուցվի, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակումների մասին:

 

Հոդված 316. Գործարքի մասի անվավերության հետևանքները

 

Գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:

 

Հոդված 317. Անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետները

 

1. Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

2. Վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  19

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 318. Ներկայացուցչություն

 

1. Մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:

Լիազորությունը կարող է ակնհայտորեն բխել նաև այն իրավիճակից, որում գործում է ներկայացուցիչը (մանրածախ առևտրում` վաճառողը, գանձապահը և այլն):

2. Ներկայացուցիչներ չեն այն անձինք, ովքեր թեև գործում են ի շահ ուրիշի, սակայն իրենց անունից (առևտրային միջնորդները, սնանկության ժամանակ` մրցութային կառավարիչները, ժառանգության ժամանակ` կտակակատարները և այլն), ինչպես նաև ապագայում հնարավոր գործարքների վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորությամբ օժտված անձինք:

3. Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ: Նա չի կարող գործարք կնքել նաև մեկ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առևտրային ներկայացուցչության դեպքի:

4. Չի թույլատրվում ներկայացուցչի միջոցով կնքել այնպիսի գործարք, որն իր բնույթով կարող է կնքվել միայն անձամբ, ինչպես նաև` օրենքում նշված այլ գործարքներ:

 

Հոդված 319. Լիազորություն չունեցող անձի կողմից գործարք կնքելը

 

1. Այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:

2. Հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը տվյալ գործարքով նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում և դադարեցնում այն կնքելու պահից:

 

Հոդված 320. Առևտրային ներկայացուցչություն

 

1. Առևտրային ներկայացուցիչ է համարվում ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ձեռնարկատերերի անունից պայմանագրեր կնքելիս նրանց մշտապես և ինքնուրույն ներկայացնող անձը:

2. Գործարքի տարբեր կողմերի միաժամանակյա առևտրային ներկայացուցչություն թույլատրվում է այդ կողմերի համաձայնությամբ և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Առևտրային ներկայացուցիչն իրավունք ունի պայմանագրի կողմերից հավասար չափերով պահանջել վճարելու պայմանավորված վարձատրությունը և հատուցելու հանձնարարության կատարման ընթացքում իր արած ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

3. Առևտրային ներկայացուցչությունն իրականացվում է գրավոր կնքված և ներկայացուցչի լիազորությունների մասին ցուցում պարունակող պայմանագրի, իսկ նման ցուցումների բացակայության դեպքում` լիազորագրի հիման վրա:

Առևտրային ներկայացուցիչը պարտավոր է առևտրային գործարքների մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները գաղտնի պահել նաև իրեն տրված հանձնարարությունը կատարելուց հետո:

4. Ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում առևտրային ներկայացուցչության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 321. Լիազորագիր

 

1. Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:

2. Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են`

1) հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից.

2) զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն վայրերում, որտեղ չկան նոտարական գրասենյակներ ու նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, ինչպես նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` վավերացված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների կամ հաստատությունների հրամանատարի (պետի) կողմից.

3) ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված ազատազրկման համապատասխան հաստատության պետի կողմից.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող չափահաս գործունակ քաղաքացիների լիազորագրերը` վավերացված նման հաստատության տնօրինության կամ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) կողմից:

4. Աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, հեղինակների ու գյուտարարների վարձատրություն, կենսաթոշակներ, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ, այդ թվում` դրամական և ծանրոցային, ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր ստացողն աշխատում կամ սովորում է, նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատության տնօրինությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:

5. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:

6. Հեռագրով, ինչպես նաև կապի այլ միջոցներով ուղարկված լիազորագիրը, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխատակիցը, հաստատվում է կապի մարմնի կողմից:

Երրորդ անձինք իրավունք ունեն իսկական համարել իրենց նկատմամբ գործողություններ կատարելու համար տրված լիազորագիրը, որը լիազորողը լիազորվածին ուղարկել է առանց կապի պաշտոնական մարմինների` ֆաքսիմիլ կամ այլ կապի միջոցով:

(321-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-121-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-49-Ն)

 

Հոդված 322. Լիազորագրի ժամկետը

 

1. Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

2. Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը պահպանում է ուժը, մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:

 

Հոդված 323. Վերալիազորում

 

1. Լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է: Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:

2. Լիազորություններն այլ անձի փոխանցողը պետք է այդ մասին տեղեկացնի լիազորողին և նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդի այն անձի վերաբերյալ, ում փոխանցված են լիազորությունները: Այս պարտականությունը չկատարած լիազորություն փոխանցողը պատասխանատվություն է կրում այն անձի գործողությունների համար, ում նա փոխանցել է լիազորությունը` որպես իր սեփական գործողությունների:

3. Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ սույն օրենսգրքի 321 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

4. Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է:

 

Հոդված 324. Լիազորագրի դադարելը

 

1. Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`

1) լիազորագրի ժամկետը լրացել է.

2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.

3) լիազորագրողը վերացրել է այն.

4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.

5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.

6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.

7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.

8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:

2. Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

3. Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով։

(324-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-181-Ն)

 

Հոդված 325. Լիազորագիրը դադարելու հետևանքները

 

1. Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: Նման պարտականություն դրվում է նաև լիազորագիր տված անձի իրավահաջորդների վրա, եթե լիազորագիրը դադարում է սույն օրենսգրքի 324 հոդվածի 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերում նախատեսված հիմքերով:

2. Լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:

3. Լիազորագիրը դադարելուց հետո լիազորված անձը կամ նրա իրավահաջորդները պարտավոր են անհապաղ վերադարձնել այն:

4. Լիազորագիրը դադարելու պահից ուժը կորցնում է նաև վերալիազորավորումը:

 

Գ Լ ՈՒ Խ  20

ԺԱՄԿԵՏՆԵՐ

 

Հոդված 326. Ժամկետ որոշելը

 

1. Օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

2. Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:

 

Հոդված 327. Ժամանակահատվածով որոշվող ժամկետի սկիզբը

 

Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

 

Հոդված 328. Ժամանակահատվածով որոշվող ժամկետի ավարտը

 

1. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

2. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

3. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

4. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և համարվում է հավասար տասնհինգ օրվա:

5. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

 

Հոդված 329. Ժամկետի ավարտվելը ոչ աշխատանքային օրը

 

Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

Հոդված 330. Ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու կարգը

 

1. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

2. Կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված:

 

Գ Լ ՈՒ Խ  20.1

(գլուխը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն) 

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

 Հոդված 330.1. Ծանուցումները

 

1. Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում կողմերը կարող են պայմանագրով սահմանել օրենքով կամ պայմանագրով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին միմյանց ծանուցման կարգ, որի պահպանումը պարտադիր է կողմերի, իսկ օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում՝ նաև այլոց համար:

2. Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում իրավաբանական անձինք և արժեթղթեր թողարկողները կարող են համապատասխանաբար կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսել ծանուցման պարտադիր կարգ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված ծանուցման կարգը պարտադիր է իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների ու կառավարման մարմինների անդամների համար, իսկ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված ծանուցման կարգը` արժեթղթերի սեփականատերերի համար:

3. Պայմանագրով, կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:

4. Օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:

5. Իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում ծանուցման միջոցով իրավունքի իրացումը համարվում է պատշաճ, եթե ծանուցումն ուղարկվել է կամ օրենքով նախատեսված կարգով գրանցվել է գրանցում իրականացնող մարմնում։

6. Ծանուցողը ծանուցվողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են իր կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով կատարվելու մասին: Ծանուցվողը ծանուցողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են ծանուցողի կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով չկատարվելու մասին:

7. Դատարանը, արբիտրաժային տրիբունալը, ֆինանսական համակարգի հաշտարարը, ինչպես նաև պետական մարմինները կարող են կողմի պահանջով կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կիրառել կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված ծանուցման կարգը, եթե կողմերը պայմանագրով ուղղակիորեն նախատեսել են նման հնարավորություն: Այս դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով:

8. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել ծանուցման օրինակելի կարգ ու պայմաններ:

(գլուխը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն) 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.