ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 21-25

Գ Լ ՈՒ Խ  21

ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 331. Հայցային վաղեմություն հասկացությունը

 

Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

 

Հոդված 332. Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետ

 

Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

 

Հոդված 333. Հայցային վաղեմության հատուկ ժամկետներ

 

1. Պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

11. Եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, և խախտումը կապված է սույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս։

2. Սույն օրենսգրքի 331, 334-343 հոդվածների կանոնները տարածվում են նաև հայցային վաղեմության հատուկ ժամկետների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

(333-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-123-Ն)

 

Հոդված 334. Հայցային վաղեմության ժամկետներ փոփոխելու վերաբերյալ համաձայնության անվավերությունը

 

1. Հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

2. Հայցային վաղեմության ժամկետները կասեցնելու ու ընդհատելու հիմքերը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

 

Հոդված 335. Հայցային վաղեմությունը կիրառելը

 

1. Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

2. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

 

Հոդված 336. Հայցային վաղեմության ժամկետը լրացուցիչ պահանջների նկատմամբ

 

Հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով (գրավ, տուժանք, պահում, երաշխավորություն, նախավճար) հայցային վաղեմության ժամկետը:

 

Հոդված 337. Հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը

 

1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

2. Այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

3. Այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

4. Հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է հիմնական պարտավորությունը կատարելու պահից:

 

Հոդված 338. Հայցային վաղեմության ժամկետը պարտավորության մեջ անձանց փոփոխվելու դեպքում

 

Պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:

 

Հոդված 339. Հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը

 

1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե`

1) հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).

2) հայցվորը կամ պատասխանողը գտնվում է ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում.

3) օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվել է պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում).

4) անգործունակ անձն օրինական ներկայացուցիչ չունի.

5) կասեցվել է համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի գործողությունը.

6) ներկայացվել է վճարման կարգադրությունը` այն դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը.

7) սկսվել է հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթաց՝ այն սկսելու պահից մինչև հաշտարարության ավարտը:

2. Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հայցերով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է նաև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին համապատասխան մարմնին քաղաքացու դիմելու կապակցությամբ` մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելը կամ դրա նշանակումը մերժելը:

3. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ սույն հոդվածում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:

4. Վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը: Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից մինչև վաղեմության ժամկետը:

(339-րդ հոդվածը խմբ. 06.11.01 ՀՕ-260, լրաց. 07.07.05 ՀՕ-155-Ն, 07.05.15 ՀՕ-46-Ն)

 

Հոդված 340. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատվելը

 

1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

2. Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

 

Հոդված 341. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց քննության թողնելու դեպքում

 

1. Եթե դատարանն առանց քննության է թողել հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:

2. Եթե դատարանն առանց քննության է թողել քրեական գործով ներկայացված հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով հայցը թողնվել է առանց քննության: Ժամանակը, որի ընթացքում վաղեմությունը կասեցվել էր, չի հաշվվում հայցային վաղեմության ժամկետի մեջ: Ընդ որում, եթե ժամկետի մնացած մասը վեց ամսից պակաս է, այն երկարաձգվում է մինչև վեց ամիս:

 

Հոդված 342. Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը

 

Բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:

 

Հոդված 343. Պարտականության կատարումը հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո

 

Պարտապանը կամ այլ պարտավոր անձը, ով պարտականությունը կատարել է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, իրավունք չունի կատարածը հետ պահանջել, թեկուզև կատարելու պահին նա չի իմացել վաղեմության ժամկետը լրանալու մասին:

 

Հոդված 344. Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում

 

Հայցային վաղեմությունը չի տարածվում`

1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.

3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.

4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).

5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.

6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  22

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԸ

 

Հոդված 345. Պարտավորության հասկացությունը և ծագման հիմքերը

 

1. Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

2. Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

 

Հոդված 346. Պարտավորության կողմերը

 

1. Պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:

Պարտապանի կողմում պարտավորությանը մասնակցող անձանցից մեկի նկատմամբ պարտատիրոջ պահանջների անվավերությունը, ինչպես նաև այդ անձի նկատմամբ պահանջի հայցային վաղեմության ժամկետի ավարտվելն ինքնին չեն շոշափում մնացած անձանց ուղղված նրա պահանջները:

2. Եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:

3. Պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:

Օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում պարտավորությունը կարող է կողմերից մեկի կամ երկուսի նկատմամբ իրավունքներ ստեղծել երրորդ անձանց համար:

 

Գ Լ ՈՒ Խ  23

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

Հոդված 347. Ընդհանուր դրույթներ

 

Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

 

Հոդված 348. Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը

 

1. Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:

 

Հոդված 349. Պարտավորության մաս առ մաս կատարումը չընդունելու պարտատիրոջ իրավունքը

 

Պարտատերն իրավունք ունի չընդունել պարտավորության մաս առ մաս կատարումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, պարտավորության պայմաններով և չի բխում գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

 

Հոդված 350. Պարտավորությունը պատշաճ անձի նկատմամբ կատարելը

 

Պարտապանը պարտավորությունը կատարելիս իրավունք ունի ապացույցներ պահանջել այն մասին, որ կատարումն ընդունում է հենց պարտատերը կամ դրա համար նրա լիազորած անձը և կրում է նման պահանջ չներկայացնելու հետևանքների ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ ու չի բխում գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

 

Հոդված 351. Պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելը

 

1. Պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը:

2. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հետևանքով այդ գույքի նկատմամբ իր վարձակալության կամ այլ իրավունքի կորստի վտանգի ենթարկված երրորդ անձը պարտապանի համաձայնությամբ կարող է իր հաշվին բավարարել պարտատիրոջ պահանջը, և սույն օրենսգրքի 397-405 հոդվածներին համապատասխան, ձեռք բերել պարտատիրոջ իրավունքներ:

 

Հոդված 352. Պարտավորության կատարման ժամկետը

 

1. Եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

 

Հոդված 353. Պարտավորությունը վաղաժամկետ կատարելը

 

1. Պարտապանն իրավունք ունի պարտավորությունը կատարել ժամկետից շուտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ չի բխում պարտավորության էությունից:

2. Պարտավորությունների վաղաժամկետ կատարումը` կապված դրանց կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ պարտավորությունը ժամկետից շուտ կատարելու հնարավորությունը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

 

Հոդված 354. Պարտավորության կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը

 

Օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կարող է նախատեսվել պարտապանի պարտականությունը` պարտատիրոջը կամ նրա նշած անձին տեղեկացնել պարտավորության կատարման ընթացքի մասին:

 

Հոդված 355. Պարտավորություն կատարելու վայրը

 

1. Պարտավորությունը պետք է կատարվի այն վայրում, որը որոշված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

2. Եթե պարտավորության կատարման վայրը որոշված չէ, այն պետք է կատարվի`

1) հողամաս, շենք, շինություն կամ այլ անշարժ գույք հանձնելու պարտավորությամբ` գույքի գտնվելու վայրում.

2) ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ, որը նախատեսում է դրա փոխադրումը` գույքը պարտատիրոջը հասցնելու համար առաջին փոխադրողին հանձնելու վայրում.

3) ձեռնարկատիրոջ` ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ` գույք պատրաստելու կամ պահպանելու վայրում, եթե այդ վայրը պարտավորության ծագման պահին հայտնի է եղել պարտատիրոջը.

4) դրամական պարտավորությամբ` պարտավորության ծագման պահին պարտատիրոջ բնակության վայրում, իսկ եթե պարտատերն իրավաբանական անձ է, ապա` պարտավորության ծագման պահին նրա գտնվելու վայրում: Եթե պարտատերը պարտավորության կատարման պահին փոխել է բնակության կամ գտնվելու վայրը և այդ մասին տեղեկացրել է պարտապանին` պարտատիրոջ բնակության կամ գտնվելու նոր վայրում` կատարման տեղի փոփոխման հետ կապված ծախսերը դնելով պարտատիրոջ վրա.

5) այլ պարտավորությունների համար` պարտապանի բնակության վայրում, իսկ եթե պարտապանն իրավաբանական անձ է, ապա նրա գտնվելու վայրում:

 

Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը

 

1. Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով (հոդված 142):

2. (կետն ուժը կորցրել է 20.03.06 ՀՕ-41-Ն)

3. Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղթերի օգտագործում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(356-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-229-Ն, փոփ. 20.03.06 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 357. Քաղաքացու ապրուստի համար վճարվող գումարի ավելացումը

 

Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և այլ դեպքերում դրամական պարտավորությամբ քաղաքացուն անմիջականորեն որպես ապրուստի միջոց վճարվող գումարն ավելանում է աշխատավարձի նվազագույն չափի ավելացմանը համամասնորեն:

 

Հոդված 358. Դրամական պարտավորությամբ պահանջները մարելու հերթականությունը

 

Դրամական պարտավորությունը լրիվ կատարելու համար վճարված գումարի անբավարարության դեպքում, եթե այլ համաձայնություն չի կայացվել, առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված` պարտատիրոջ ծախսերը, այնուհետև` տոկոսները, ներառյալ՝ սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ մնացած մասով` պարտքի հիմնական գումարը:

(358-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-521-Ն)

 

Հոդված 359. Այլընտրանքային պարտավորություն կատարելը

 

Պարտատիրոջն այս կամ այն գույքը հանձնելու կամ մի քանի գործողություններից որևէ մեկը կատարելու պարտականություն ունեցող պարտապանը դրանցից ցանկացածի ընտրության իրավունք ունի, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ պարտավորության պայմաններից:

 

Հոդված 360. Պարտավորություն կատարելը մի քանի պարտատերերի կամ մի քանի պարտապանների մասնակցությամբ

 

Այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան, պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել կատարելու պարտավորությունը, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է այն կատարել մյուսների հետ հավասար բաժնով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ պարտավորության պայմաններից:

 

Հոդված 361. Համապարտ պարտականություններ և համիրավ պահանջներ

 

1. Համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

2. Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությամբ մի քանի պարտապանների պարտականությունները համապարտ են, իսկ պարտատերերի պահանջները` համիրավ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով:

 

Հոդված 362. Պարտատիրոջ իրավունքները համապարտ պարտականության դեպքում

 

1. Պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

2. Համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից:

3. Համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

 

Հոդված 363. Պարտատիրոջ պահանջների դեմ առարկությունները համապարտ պարտականության դեպքում

 

Համապարտ պարտականության դեպքում պարտապանն իրավունք չունի պարտատիրոջ պահանջների դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են մյուս պարտապանների և պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտապանը չի մասնակցում:

 

Հոդված 364. Համապարտ պարտականությունը պարտապաններից մեկի կողմից կատարելը

 

1. Պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:

2. Եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա`

1) համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մնացած պարտապանների նկատմամբ ունի հավասար բաժիններով հետադարձ պահանջի իրավունք` հանելով իր բաժինը.

2) համապարտ պարտականությունը կատարած պարտապանին համապարտ պարտապաններից մեկի չվճարածը հավասար բաժիններով ընկնում է չվճարած պարտապանի և մնացած պարտապանների վրա:

3. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են պարտապաններից մեկի հակընդդեմ պահանջի հաշվանցմամբ համապարտ պարտավորությունը դադարելիս:

 

Հոդված 365. Համիրավ պահանջներ

 

1. Պահանջների համիրավության դեպքում համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնել պարտապանին:

Մինչև համիրավ պարտատերերից մեկի պահանջ ներկայացնելը, պարտապանն իրավունք ունի իր հայեցողությամբ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարել պարտավորությունը:

2. Պարտապանն իրավունք չունի համիրավ պարտատերերից մեկի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են պարտապանի և այլ համիրավ պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտատերը չի մասնակցում:

3. Համիրավ պարտատերերից մեկի հանդեպ պարտավորությունը լրիվ կատարելը պարտապանին ազատում է մյուս պարտատերերի հանդեպ պարտավորությունը կատարելուց:

4. Պարտապանից կատարում ստացած համիրավ պարտատերը պարտավոր է մյուս պարտատերերին հավասար բաժիններով հատուցել նրանց հասանելիքը, եթե այլ բան չի բխում նրանց հարաբերություններից:

 

Հոդված 366. Պարտավորությունը կատարելը` պարտքը դեպոզիտ մուծելով

 

1. Պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ`

1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից.

2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի.

3) ակնհայտորեն պարզ չէ, թե ով է պարտավորությամբ պարտատերը` ներառյալ պարտատիրոջ և այլ անձանց միջև այդ առթիվ վեճի առկայության դեպքում.

4) պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց:

2. Դրամական գումար կամ արժեթղթեր նոտարի կամ դատարանի դեպոզիտ մուծելը պարտավորության կատարում է:

3. Նոտարը կամ դատարանը պարտատիրոջը տեղեկացնում է իր դեպոզիտ մուծված դրամի կամ արժեթղթերի մասին:

 

Հոդված 367. Պարտավորությունների հանդիպական կատարումը

 

1. Հանդիպական է ճանաչվում կողմերից մեկի պարտավորության կատարումը, որը պայմանագրին համապատասխան, պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

2. Այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, պարտավոր կողմի` պայմանագրով պայմանավորված պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու մասին ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության դեպքում, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:

3. Եթե պայմանագրով պայմանավորված պարտավորությունը կատարվել է ոչ լրիվ ծավալով, այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց` մյուս կողմի պարտավորության չկատարված մասին համապատասխան չափով:

4. Եթե հանդիպական պարտավորությունը կատարվել է, չնայած, որ մյուս կողմը չի կատարել պայմանագրով պայմանավորված իր պարտավորությունը, ապա վերջինս պարտավոր է կատարել այն:

5. Սույն հոդվածի 2-4-րդ կետերով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  24

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 368. Պարտավորությունների կատարման ապահովման եղանակները

 

1. Պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

2. Պարտավորության կատարման ապահովման մասին համաձայնության անվավերությունը չի հանգեցնում այդ պարտավորության (հիմնական պարտավորության) անվավերության:

3. Հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

 

§ 2. ՏՈՒԺԱՆՔ

 

Հոդված 369. Տուժանքի հասկացությունը

 

1. Տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:

2. Տուժանքով ապահովվում է միայն իրական պահանջը:

3. Պարտատերն իրավունք չունի պահանջել վճարելու տուժանք, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

 

Հոդված 370. Տուժանքի մասին համաձայնության ձևը

 

Տուժանքի մասին համաձայնությունը պետք է կնքվի գրավոր` անկախ հիմնական պարտավորության ձևից:

Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է տուժանքի մասին համաձայնության անվավերության:

 

Հոդված 371. Օրինական տուժանք

 

1. Պարտատերն իրավունք ունի պահանջել վճարելու օրենքով սահմանված տուժանքը (օրինական տուժանքը), անկախ այն բանից, կողմերի համաձայնությամբ նախատեսվա՞ծ է այն վճարելու պարտականություն, թե՞ ոչ:

2. Օրինական տուժանքի չափը կարող է մեծացվել կողմերի համաձայնությամբ, եթե դա արգելված չէ օրենքով:

 

Հոդված 372. Տուժանքը պակասեցնելը

 

Եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:

 

§ 3. ՊԱՀՈՒՄ

 

Հոդված 373. Պահման հիմքերը

 

1. Պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ` մինչև համապատասխան պարտավորության կատարումը:

2. Գույքի պահումով կարող են ապահովվել նաև գույքի համար վճարելու կամ դրա վրա կատարված ծախսերը և այլ վնասները հատուցելու հետ չկապված պահանջները, որոնք ծագել են որպես ձեռնարկատեր հանդես եկող կողմերի պարտավորությունից:

3. Պարտատերը կարող է իր մոտ գտնվող գույքը պահել, չնայած այն բանին, որ այդ գույքը պարտատիրոջ տիրապետմանն անցնելուց հետո դրա նկատմամբ իրավունքներ է ձեռք բերել երրորդ անձը:

4. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 374. Պահվող գույքի հաշվին պահանջները բավարարելը

 

Գույքը պահող պարտատիրոջ պահանջները բավարարվում են դրա արժեքից գրավով ապահովված պահանջները բավարարելու համար նախատեսված ծավալով և կարգով:

 

§ 4. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 375. Երաշխավորության պայմանագիր

 

1. Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

2. Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտավորության ապահովման համար:

 

Հոդված 376. Երաշխավորության պայմանագրի ձևը

 

Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը:

 

Հոդված 377. Երաշխավորի պատասխանատվությունը

 

1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

2. Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

3. Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

 

Հոդված 378. Երաշխավորի ծառայությունների վարձատրությունը

 

Երաշխավորը պարտապանին մատուցած ծառայությունների համար ունի վարձատրության իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 379. Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը

 

1. Երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից: Երաշխավորը չի կորցնում առարկելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել է իր պարտքը:

2. Երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, պարտապանին մասնակից դարձնել գործին:

3. Եթե երաշխավորը չի կատարել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պարտականությունները, պարտապանն իրավունք ունի երաշխավորի հետադարձ պահանջի դեմ ներկայացնել այնպիսի առարկություններ, որոնք նա ուներ պարտատիրոջ դեմ:

 

Հոդված 380. Պարտավորությունը կատարած երաշխավորի իրավունքները

 

1. Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:

2. Պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:

3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ երաշխավորի ու պարտապանի միջև կնքված պայմանագրով և չի բխում նրանց հարաբերություններից:

 

Հոդված 381. Պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու մասին երաշխավորին տեղեկացնելը

 

Երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը կատարած պարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել երաշխավորին: Հակառակ դեպքում, իր հերթին պարտավորությունը կատարած երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջից բռնագանձել անհիմն ստացածը կամ հետադարձ պահանջ ներկայացնել պարտապանին:

 

Հոդված 382. Երաշխավորությունը դադարելը

 

Երաշխավորությունը դադարում է`

1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.

2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.

3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.

4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:

 

§ 5. ԵՐԱՇԽԻՔ

 

Հոդված 383. Երաշխիքի հասկացությունը

 

Երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

 

Հոդված 384. Պրինցիպալի պարտավորության կատարումը երաշխիքով ապահովելը

 

1. Երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը:

2. Երաշխիք տալու համար պրինցիպալը երաշխիք տված անձին վճարում է պայմանավորված վարձատրությունը:

 

Հոդված 385. Երաշխիքի անկախ լինելը հիմնական պարտավորությունից

 

Բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի` երաշխիքով նախատեսված պարտավորությունն ինքնուրույն է և անկախ է հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է, եթե նույնիսկ երաշխիքում վկայակոչվում է այդ պարտավորությունը:

 

Հոդված 386. Երաշխիքի անհետկանչելիությունը

 

Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:

 

Հոդված 387. Երաշխիքով իրավունքների անփոխանցելիությունը

 

Երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին երաշխիքով պատկանող պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:

 

Հոդված 388. Երաշխիքն ուժի մեջ մտնելը

 

Երաշխիքն ուժի մեջ է մտնում այն տալու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:

 

Հոդված 389. Երաշխիքով պահանջ ներկայացնելը

 

1. Երաշխիքով դրամական գումար վճարելու մասին բենեֆիցիարի պահանջը պետք է երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով երաշխիքում նշված փաստաթղթերը: Բենեֆիցիարը պահանջի կամ դրա հավելվածի մեջ պետք է նշի, թե որն է պրինցիպալի կողմից հիմնական պարտավորության խախտումը, որի ապահովման համար տրված է երաշխիքը:

2. Բենեֆիցիարի պահանջը երաշխիք տված անձին պետք է ներկայացվի մինչև երաշխիքով սահմանված ժամկետի ավարտը, որով այն տրվել է:

 

Հոդված 390. Երաշխիք տված անձի պարտականությունները բենեֆիցիարի պահանջը քննարկելիս

 

1. Բենեֆիցիարի պահանջն ստանալուց հետո երաշխիք տված անձն այդ մասին անհապաղ պետք է տեղեկացնի պրինցիպալին և վերջինիս հանձնի պահանջի պատճենը` դրան վերաբերող բոլոր փաստաթղթերով:

2. Երաշխիք տված անձը, բենեֆիցիարի պահանջը` դրան կից փաստաթղթերով, պետք է քննարկի երաշխիքում նշված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, և բարեխիղճ հոգատարություն ցուցաբերի պարզելու համար այդ պահանջի ու դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը երաշխիքի պայմաններին:

 

Հոդված 391. Երաշխիք տված անձի հրաժարվելը բենեֆիցիարի պահանջը բավարարելուց

 

1. Երաշխիք տված անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե այդ պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին կամ երաշխիք տված անձին ներկայացվել են երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո:

Երաշխիք տված անձը պարտավոր է բենեֆիցիարին անհապաղ տեղեկացնել նրա պահանջը մերժելու մասին:

2. Եթե մինչև բենեֆիցիարի պահանջը բավարարելը երաշխիք տված անձին հայտնի է դարձել, որ երաշխիքով ապահովված հիմնական պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով արդեն կատարվել է, դադարել է այլ հիմքերով կամ անվավեր է, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի բենեֆիցիարին և պրինցիպալին:

Նման հաղորդումից հետո բենեֆիցիարից ստացած կրկնակի պահանջը բավարարվում է երաշխիք տված անձի կողմից:

 

Հոդված 392. Երաշխիք տված անձի պարտավորության սահմանները

 

1. Բենեֆիցիարի առջև երաշխիքով նախատեսված երաշխիք տված անձի պարտավորությունը սահմանափակվում է այն գումարով, որով տրված է երաշխիքը:

2. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար երաշխիք տված անձի պատասխանատվությունը բենեֆիցիարի առջև չի սահմանափակվում այն գումարով, որով տրված է երաշխիքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:

 

Հոդված 393. Երաշխիքը դադարելը

 

1. Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է`

1) բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը.

2) երաշխիքով որոշված ժամկետի ավարտով.

3) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով.

4) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով:

Սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով երաշխիք տված անձի պարտավորության դադարելը կախված չէ երաշխիքը նրան վերադարձնելուց:

2. Եթե երաշխիք տված անձին հայտնի է դարձել երաշխիքը դադարելու մասին, ապա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի պրինցիպալին:

 

Հոդված 394. Երաշխիք տված անձի հետադարձ պահանջները պրինցիպալին

 

1. Երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:

2. Երաշխիք տված անձն իրավունք չունի պրինցիպալից պահանջել հատուցելու երաշխիքի պայմաններին չհամապատասխանող կամ բենեֆիցիարի առաջ երաշխիք տված անձի պարտավորության խախտմամբ բենեֆիցիարին վճարված գումարները, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:

 

§ 6. ՆԱԽԱՎՃԱՐ

 

Հոդված 395. Նախավճարի հասկացությունը: Նախավճարի մասին համաձայնության ձևը

 

1. Նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում:

2. Նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:

3. Եթե կասկած կա պայմանագրով հասանելիքի հաշվին կողմի վճարած գումարի նախավճար լինելու հարցում` ներառյալ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կանոնը չպահպանելու դեպքում, այդ գումարը համարվում է կանխավճար (ավանս), եթե այլ բան ապացուցված չէ:

 

Հոդված 396. Նախավճարով ապահովված պարտավորությունը դադարելու և այն չկատարելու հետևանքները

 

1. Մինչև պարտավորության կատարումն սկսելը, կողմերի համաձայնությամբ կամ կատարման անհնարինության հետևանքով (հոդված 432) պարտավորությունը դադարելու դեպքում նախավճարը պետք է վերադարձվի:

2. Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին: Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:

Պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու կողմը պարտավոր է նաև մյուս կողմին հատուցել վնասները` նախավճարի գումարի հաշվանցմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  25

ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՎԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

§ 1. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ԱՆՑՆԵԼԸ

 

Հոդված 397. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերը և կարգը

 

1. Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:

Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին կանոնները չեն կիրառվում հետադարձ պահանջների նկատմամբ:

2. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

3. Եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին, ապա նոր պարտատերը կրում է իր համար դրանից բխող անբարենպաստ հետևանքների ռիսկը: Այդ դեպքում պարտավորության կատարումն սկզբնական պարտատիրոջը համարվում է կատարված պատշաճ պարտատիրոջը:

(397-րդ հոդվածը խմբ. 08.03.00 ՀՕ-38)

 

Հոդված 398. Իրավունքներ, որոնք չեն կարող անցնել այլ անձանց

 

Պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների` ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների, անցնելն այլ անձի չի թույլատրվում:

 

Հոդված 399. Պարտատիրոջ` այլ անձի անցնող իրավունքների ծավալը

 

Սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը:

 

Հոդված 400. Նոր պարտատիրոջ իրավունքների ապացույցները

 

1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը:

2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

 

Հոդված 401. Պարտապանի առարկություններն ընդդեմ նոր պարտատիրոջ պահանջի

 

Պարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ ներկայացնել առարկություններ, որոնք նա ունեցել է սկզբնական պարտատիրոջ դեմ` նոր պարտատիրոջը իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին:

 

Հոդված 402. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելն օրենքի հիման վրա

 

Օրենքի հիման վրա և դրանում նշված հանգամանքների ի հայտ գալով, պարտատիրոջ իրավունքներն այլ անձի են անցնում`

1) պարտատիրոջ իրավունքների համընդհանուր իրավահաջորդության հետևանքով.

2) պարտատիրոջ իրավունքներն այլ անձի փոխանցելու մասին դատարանի վճռով, եթե օրենքով նախատեսված է նման փոխանցման հնարավորություն.

3) պարտապանի երաշխավորի կամ այդ պարտավորությամբ պարտապան չհանդիսացող գրավատուի կողմից պարտապանի պարտավորության կատարման հետևանքով.

4) ապահովագրական դեպքը վրա հասնելիս պատասխանատու պարտապանի նկատմամբ պարտատիրոջ իրավունքներն ապահովագրական հատուցում վճարած ապահովագրողին անցնելիս.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 403. Պահանջը զիջելու պայմանները

 

1. Պարտատիրոջ պահանջի զիջումն այլ անձի թույլատրվում է, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին:

2. Առանց պարտապանի համաձայնության պահանջի զիջումն այն պարտավորությամբ, որում պարտատիրոջ անձն էական նշանակություն ունի պարտապանի համար, չի թույլատրվում, բացառությամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

(403-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 404. Պահանջը զիջելու ձևը

 

1. Հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով:

2. Այն գործարքով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Օրդերային արժեթղթով պահանջի զիջումը կատարվում է այդ արժեթղթի վրա փոխանցագիր կատարելու միջոցով (149 հոդվածի 3-րդ կետ):

 

Հոդված 405. Պահանջը զիջած պարտատիրոջ պատասխանատվությունը

 

Պահանջը զիջած սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նրան փոխանցված պահանջի անվավերության համար, սակայն պատասխանատվություն չի կրում պարտապանի կողմից այդ պահանջը չկատարելու համար, բացի այն դեպքից, երբ սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առջև երաշխավորություն է ստանձնել պարտապանի համար:

 

§ 2. ՊԱՐՏՔԸ ՓՈԽԱՆՑԵԼԸ

 

Հոդված 406. Պարտքը փոխանցելու պայմանը և ձևը

 

1. Պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 404 հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները:

(406-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն, 26.05.08 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 407. Նոր պարտապանի առարկություններն ընդդեմ պարտատիրոջ պահանջի

 

Նոր պարտապանն իրավունք ունի ընդդեմ պարտատիրոջ պահանջի ներկայացնել առարկություններ, որոնք հիմնված են պարտատիրոջ և սկզբնական պարտապանի հարաբերությունների վրա:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.