ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 26-30

Գ Լ ՈՒ Խ  26

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 408. Պարտավորության խախտման հասկացությունը

 

Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

 

Հոդված 409. Պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելը

 

1. Պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:

2. Վնասները որոշվում են սույն օրենսգրքի 17 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:

3. Վնասները որոշելիս նկատի են առնվում պարտապանի կողմից պարտատիրոջ պահանջը կամովին բավարարելու օրն այն վայրում գոյություն ունեցող գները, որտեղ պարտավորությունը պետք է կատարվեր, իսկ, եթե պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճռի կայացման օրը գոյություն ունեցող գները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

4. Բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:

 

Հոդված 410. Վնասներ և տուժանք

 

1. Եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով:

Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ`

1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ` վնասները.

2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը.

3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա’մ տուժանքը, կա’մ վնասները:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է սահմանափակ պատասխանատվություն (հոդված 416), տուժանքով չծածկված մասով կամ դրանից ավելի կամ դրա փոխարեն հատուցման ենթակա վնասները կարող են բռնագանձվել մինչև նման սահմանափակմամբ որոշված շրջանակներում:

 

Հոդված 411. Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար

 

1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

(պարբերությունը հանվել է 31.03.03 ՀՕ-521-Ն)

Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

Սույն կետով նախատեսված տոկոսները չեն հաշվարկվում սույն օրենսգրքի 369-րդ հոդվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հոդվածով հաշվարկված վնասների և տուժանքի և սույն հոդվածի 3-րդ կետով հաշվարկված տոկոսների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության դրամի և օտարերկրյա այն արժույթների համար, որոնցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում կատարում է գործառնություններ:

3. Եթե պարտատիրոջ դրամական միջոցների անօրինաչափ օգտագործմամբ նրան պատճառված վնասները գերազանցում են սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա նրան հասանելիք տոկոսների գումարը, նա իրավունք ունի պարտապանից պահանջել հատուցելու վնասները:

4. Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով:

(411-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 31.03.03 ՀՕ-521-Ն)

 

Հոդված 412. Պատասխանատվությունը և պարտավորությունը բնեղենով կատարելը

 

1. Պարտավորությունը անպատշաճ կատարելու դեպքում տուժանք վճարելը և վնասներ հատուցելը պարտապանին չեն ազատում պարտավորությունը բնեղենով կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Պարտավորությունը չկատարելու դեպքում վնասները հատուցելը և այն չկատարելու համար տուժանք վճարելը պարտապանին ազատում են պարտավորությունը բնեղենով կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

3. Պարտատիրոջ հրաժարվելը կատարման ընդունումից, որը կետանցի հետևանքով նրա համար կորցրել է հետաքրքրությունը (421 հոդվածի 2-րդ կետ), ինչպես նաև որպես հրաժարագին սահմանված տուժանքի վճարումը (հոդված 425) պարտապանին ազատում են պարտավորությունը բնեղենով կատարելուց:

 

Հոդված 413. Պարտավորությունը պարտապանի հաշվին կատարելը

 

Պարտապանի կողմից գույք պատրաստելու և պարտատիրոջ սեփականությանը կամ օգտագործմանը հանձնելու կամ նրա համար որոշակի աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի, ողջամիտ ժամկետում և ողջամիտ գնով, պարտավորության կատարումը հանձնարարել երրորդ անձանց կամ այն կատարել իր ուժերով ու պարտապանից պահանջել հատուցելու իր կրած անհրաժեշտ ծախսերը և այլ վնասները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ պարտավորության էությունից:

 

Հոդված 414. Անհատապես որոշվող գույքը հանձնելու պարտավորությունը չկատարելու հետևանքները

 

1. Անհատապես որոշվող գույքը պարտատիրոջ սեփականությանը կամ հատուցելի օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում վերջինս իրավունք ունի պահանջել, որ այդ գույքը վերցվի պարտապանից և իրեն հանձնվի` պարտավորությամբ նախատեսված պայմաններով: Այդ իրավունքը վերանում է, եթե գույքը սեփականության իրավունքով մինչ այդ հանձնվել է երրորդ անձի: Եթե գույքը դեռ չի հանձնվել, ապա պարտատերերից նախապատվության իրավունք ունի նա, ում օգտին ավելի շուտ է ծագել պարտավորությունը, իսկ եթե դա անհնար է որոշել, ապա նա, ով ավելի շուտ է հայց հարուցել:

2. Պարտավորության առարկա գույքն իրեն հանձնելու պահանջի փոխարեն պարտատերը կարող է պահանջել հատուցելու վնասները:

 

Հոդված 415. Սուբսիդիար պատասխանատվություն

 

1. Մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին:

2. Եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:

3. Պարտատերն իրավունք չունի հիմնական պարտապանին ուղղված իր պահանջի բավարարումը պահանջել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձից, եթե այն կարող է բավարարվել հիմնական պարտապանի դեմ ուղղված հակընդդեմ պահանջի հաշվանցով:

4. Սուբսիդիար պատասխանատվություն կրող անձը, մինչև պարտատիրոջ կողմից իրեն ներկայացված պահանջը բավարարելը, պետք է այդ մասին զգուշացնի հիմնական պարտապանին, իսկ եթե իր դեմ հայց է հարուցվել` վերջինիս մասնակից դարձնի գործին: Հակառակ դեպքում հիմնական պարտապանն իրավունք ունի սուբսիդիար պատասխանատվություն կրող անձի հետադարձ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա ունեցել է պարտատիրոջ պահանջների հանդեպ:

 

Հոդված 416. Պարտավորությունների համար պատասխանատվության չափը սահմանափակելը

 

1. Պարտավորությունների առանձին տեսակների և գործունեության որոշ տեսակների հետ կապված պարտավորությունների համար օրենքով կարող է սահմանվել վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք (սահմանափակ պատասխանատվություն):

2. Միանալու կամ այլ պայմանագրով, որով պարտատերը սպառող քաղաքացի է, պարտապանի պատասխանատվության չափը սահմանափակելու մասին համաձայնությունն առոչինչ է, եթե պարտավորության տվյալ տեսակի կամ տվյալ խախտման համար պատասխանատվության չափը սահմանված է օրենքով, կամ համաձայնությունը կայացվել է մինչև պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվության հանգեցնող հանգամանքների ի հայտ գալը:

 

Հոդված 416.1.

Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվությունը

 

1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իր տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաև այն փոխանցելու միջոցով երրորդ անձանց միջև ծագած պարտավորությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրով:

2. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն է կրում, եթե առանց լիազորության կամ լիազորությունների սահմանազանցմամբ`

1) այլ անձի անունից փոխանցել է էլեկտրոնային փաստաթուղթը.

2) այլ անձի անունից ընտրել է փոխանցված էլեկտրոնային փաստաթուղթն ստացողին.

3) ընտրել և փոփոխել է այլ անձի էլեկտրոնային փաստաթուղթը:

(416.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

 

Հոդված 416.2.

Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի պատասխանատվության հիմքերը

 

1. Երրորդ անձանց համար պայմանագրեր կնքելու կամ կատարելու հարթակ ծառայող ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի շահագործողը (էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողը) երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի ու երրորդ անձի միջև կնքված պայմանագրով:

2. Սույն հոդվածի 1-ին մասը չի գործում, եթե էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողն էլեկտրոնային առևտրային հարթակը շահագործել է օրենքի պահանջների խախտմամբ:

(416.2-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

 

Հոդված 417. Պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության հիմքերը

 

1. Պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:

2. Մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:

3. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

4. Պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին նախապես կնքված համաձայնությունն առոչինչ է:

 

Հոդված 418. Պարտապանի պատասխանատվությունն իր աշխատողների գործողությունների համար

 

Պարտավորության կատարմանն ուղղված պարտապանի աշխատողների գործողությունները համարվում են պարտապանի գործողություններ: Պարտապանը պատասխանատու է այդ գործողությունների համար, եթե դրանք հանգեցրել են պարտավորությունը չկատարելուն կամ դրա անպատշաճ կատարելուն:

 

Հոդված 419. Պարտապանի պատասխանատվությունը երրորդ անձանց գործողությունների համար

 

Պարտապանը պատասխանատու է երրորդ անձանց կողմից, որոնց վրա դրված է եղել կատարումը, պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե օրենքով սահմանված չէ, որ պատասխանատվությունը կրում է պարտավորությունն անմիջական կատարող երրորդ անձը:

 

Հոդված 420. Երկու կողմերի մեղքով պարտավորությունը խախտելու հետևանքները

 

1. Եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքերում, երբ պարտապանը, անկախ իր մեղքից, օրենքի կամ պայմանագրի ուժով պատասխանատվություն է կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

 

Հոդված 421. Պարտապանի կետանցը

 

1. Կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:

2. Եթե պարտապանի կետանցի հետևանքով կատարումը պարտատիրոջ համար կորցրել է իր հետաքրքրությունը, ապա նա կարող է հրաժարվել կատարումն ընդունելուց և պահանջել հատուցելու վնասները:

3. Պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ պարտավորությունը չի կարող կատարվել պարտատիրոջ կետանցի հետևանքով:

 

Հոդված 422. Պարտատիրոջ կետանցը

 

1. Պարտատերը կետանցող է համարվում, եթե նա հրաժարվել է պարտապանի առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց կամ չի կատարել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված կամ գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից բխող գործողություններ, որոնք չկատարելու դեպքում պարտապանը չէր կարող կատարել իր պարտավորությունը:

Պարտատերը կետանցող է համարվում նաև սույն օրենսգրքի 424 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում:

2. Պարտատիրոջ կետանցը պարտապանին իրավունք է տալիս պահանջել հատուցելու դրանով պատճառված վնասները, եթե պարտատերը չի ապացուցում, որ կետանցն առաջացել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար ոչ ինքը, ոչ էլ այն անձինք, որոնց վրա օրենքի, այլ իրավական ակտերի ուժով կամ պարտատիրոջ հանձնարարությամբ դրված է կատարման ընդունումը, պատասխանատու չեն:

3. Դրամական պարտավորությամբ պարտապանը պարտավոր չէ տոկոսներ վճարել պարտատիրոջ կետանցի համար:

 

Գ Լ ՈՒ Խ  27

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼԸ

 

Հոդված 423. Պարտավորությունները դադարելու հիմքերը

 

1. Պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

2. Կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 424. Պարտավորության դադարելը կատարմամբ

 

1. Պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

2. Պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:

Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ:

Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

3. Պարտատիրոջ կողմից ստացական տալուց, պարտքային փաստաթուղթը վերադարձնելուց կամ այն վերադարձնելու անհնարինության մասին ստացականում նշելուց հրաժարվելու դեպքերում, պարտապանն իրավունք ունի կասեցնել կատարումը: Այդ դեպքերում պարտատերը համարվում է կետանցող:

 

Հոդված 425. Հրաժարագին

 

Կողմերի համաձայնությամբ պարտավորությունը կարող է դադարել կատարման փոխարեն հրաժարագին տրամադրելով (դրամ վճարելով, գույք հանձնելով և այլն): Հրաժարագնի չափը, ինչպես նաև այն տրամադրելու ժամկետները և կարգը սահմանում են կողմերը:

 

Հոդված 426. Պարտավորության դադարելը հաշվանցով

 

Պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով, որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով: Հաշվանցի համար բավական է մեկ կողմի հայտարարությունը:

 

Հոդված 427. Հաշվանցի անթույլատրելիության դեպքերը

 

Պահանջների հաշվանց չի թույլատրվում, եթե`

1) մյուս կողմի դիմումով պահանջի նկատմամբ ենթակա է կիրառման հայցային վաղեմության ժամկետ և այդ ժամկետը լրացել է.

2) դրանք վերաբերում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը.

3) դրանք վերաբերում են ալիմենտի բռնագանձմանը:

Պահանջների հաշվանց չի թույլատրվում նաև օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 428. Հաշվանցը պահանջը զիջելիս

 

1. Պահանջի զիջման դեպքում պարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ հաշվանցել սկզբնական պարտատիրոջ նկատմամբ իր հանդիպական պահանջը:

2. Հաշվանցը կատարվում է, եթե պահանջը ծագել է պարտապանի կողմից պահանջի զիջման մասին ծանուցում ստանալու պահին գոյություն ունեցող հիմքով, և պահանջի ժամկետը լրացել է մինչև պահանջի զիջման մասին նրա կողմից ծանուցում ստանալը, կամ եթե այդ ժամկետը նշված չէ կամ որոշված է պահանջի պահով:

 

Հոդված 429. Պարտավորության դադարելը պարտապանի և պարտատիրոջ համընկնման դեպքում

 

Պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է:

 

Հոդված 430. Պարտավորության դադարելը նորացմամբ

 

1. Պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):

2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և ալիմենտի վճարման պարտավորությունների նկատմամբ նորացում չի թույլատրվում:

3. Նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 431. Պարտքը ներելը

 

Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ կողմից պարտապանին իր պարտականություններից ազատելով (պարտքը ներելով), եթե դա չի խախտում պարտատիրոջ գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքները:

 

Հոդված 432. Պարտավորության դադարելը կատարման անհնարինությամբ

 

1. Պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:

2. Պարտապանի կողմից պարտավորության կատարման անհնարինության դեպքում, որն առաջացել է պարտատիրոջ մեղքով, պարտատերն իրավունք չունի հետ պահանջել պարտավորությամբ իր կատարածը:

 

Հոդված 433. Պարտավորության դադարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա

 

1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հրապարակման հետևանքով պարտավորությունը կատարելը լրիվ կամ մասնակի դառնում է անհնարին, պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով դադարում է: Դրա հետևանքով վնաս կրած կողմերը, սույն օրենսգրքի 15 և 18 հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն պահանջել հատուցելու վնասները:

2. Սահմանված կարգով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի այն ակտն անվավեր ճանաչելու դեպքում, որի հիման վրա պարտավորությունը դադարել է, պարտավորությունը վերականգնվում է, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ պարտավորության էությունից, և դրա կատարումը պարտատիրոջ համար չի կորցրել իր հետաքրքրությունը:

 

Հոդված 434. Պարտավորության դադարելը քաղաքացու մահով

 

1. Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ:

2. Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտատիրոջ անձի հետ:

 

Հոդված 435. Պարտավորության դադարելն իրավաբանական անձի լուծարմամբ

 

Պարտավորությունը դադարում է իրավաբանական անձի (պարտապանի կամ պարտատիրոջ) լուծարմամբ:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  28

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 436. Պայմանագրի հասկացությունը

 

1. Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

2. Պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:

3. Պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:

4. Երկուսից ավելի կողմերի միջև կնքված պայմանագրերի նկատմամբ պայմանագրի մասին ընդհանուր դրույթները կիրառվում են, եթե դա չի հակասում նման պայմանագրերի բազմակողմանի բնույթին:

 

Հոդված 437. Պայմանագրի ազատություն

 

1. Քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:

Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:

2. Կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:

3. Կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

4. Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

5. Այն դեպքերում, երբ պայմանագրի պայմանը նախատեսված է նորմով, որը կիրառվում է, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ (դիսպոզիտիվ նորմ), կողմերը կարող են իրենց համաձայնությամբ բացառել այդ նորմի կիրառումը կամ սահմանել դրանում նախատեսվածից այլ պայման: Նման համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի պայմանը որոշվում է դիսպոզիտիվ նորմով:

6. Եթե պայմանագրի պայմանը սահմանված չէ կողմերի համաձայնությամբ կամ դիսպոզիտիվ նորմով, համապատասխան պայմանը որոշվում է կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

 

Հոդված 438. Պայմանագիր և օրենք

 

1. Պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

2. Եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

 

Հոդված 439. Հատուցելի և անհատույց պայմանագրեր

 

1. Պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ այլ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է:

2. Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է որևէ բան տրամադրել մյուս կողմին` առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու:

3. Պայմանագիրը ենթադրվում է հատուցելի, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրի բովանդակությունից կամ էությունից:

 

Հոդված 440. Պայմանագրի գինը

 

1. Պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված գնով:

Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կամ կարգավորված գները (տարիֆները, վարձաչափերը, դրույքները և այլն):

2. Պայմանագրի կնքումից հետո դրա գինը թույլատրվում է փոփոխել պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով:

3. Այն դեպքերում, երբ հատուցելի պայմանագրում գին նախատեսված չէ և չի կարող որոշվել պայմանագրի պայմանների հիման վրա, պայմանագրի կատարումը պետք է վճարվի այն գնով, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար:

 

Հոդված 441. Պայմանագրի գործողությունը

 

1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:

2. Կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:

3. Օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները:

Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչև դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը:

4. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագիրը խախտելու համար պատասխանատվությունից:

 

Հոդված 442. Հրապարակային պայմանագիր

 

1. Հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):

2. Հրապարակային պայմանագիրը կնքելու դեպքում առևտրային կազմակերպությունն իրավունք չունի որևէ անձի նախապատվություն տալ այլ անձի հանդեպ:

3. Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գինը, ինչպես նաև հրապարակային պայմանագրի այլ պայմանները բոլոր սպառողների համար սահմանվում են միանման:

4. Սպառողին ապրանքներ տրամադրելու, նրա համար աշխատանքներ կատարելու և նրան ծառայություններ մատուցելու հնարավորության դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող հրաժարվել հրապարակային պայմանագիր կնքելուց:

Առևտրային կազմակերպության կողմից հրապարակային պայմանագիրը կնքելուց անհիմն կերպով խուսափելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:

5. Օրենքով նախատեսված դեպքերում կառավարությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող են հրատարակել հրապարակային պայմանագիր կնքելու և կատարելու վերաբերյալ կողմերի համար պարտադիր կանոններ (օրինակելի պայմանագրեր և այլն):

6. Հրապարակային պայմանագրի` սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանող պայմաններն առոչինչ են:

(442-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 443. Պայմանագրի օրինակելի պայմանները

 

1. Պայմանագրում կարող է նախատեսվել, որ դրա առանձին պայմանները որոշվում են համապատասխան տեսակի պայմանագրերի համար մշակված և մամուլում հրապարակված օրինակելի պայմաններով:

2. Այն դեպքերում, երբ պայմանագրում հղում չկա օրինակելի պայմաններին, նման օրինակելի պայմանները կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են որպես գործարար շրջանառության սովորույթներ, եթե դրանք համապատասխանում են սույն օրենսգրքի 7 հոդվածի և 437 հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջներին:

3. Օրինակելի պայմանները կարող են շարադրվել օրինակելի պայմանագրի կամ այդ պայմանները պարունակող այլ փաստաթղթի ձևով:

 

Հոդված 444. Միանալու պայմանագիր

 

1. Միանալու է համարվում այն պայմանագիրը, որի պայմանները կողմերից մեկը սահմանել է բանաձևային կամ այլ ստանդարտ ձևերով, իսկ մյուս կողմը դրանք կարող է ընդունել առաջարկվող պայմանագրին ամբողջությամբ միանալով:

2. Պայմանագրին միացած կողմն իրավունք ունի պահանջել լուծելու կամ փոփոխելու պայմանագիրը, եթե միանալու պայմանագիրը թեկուզև չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, սակայն այդ կողմին զրկում է նման տեսակի պայմանագրերով սովորաբար տրամադրվող իրավունքներից, բացառում կամ սահմանափակում է մյուս կողմի պատասխանատվությունը պարտավորությունները խախտելու համար կամ պարունակում է միացած կողմի համար այլ ակնհայտ ծանր պայմաններ, որոնք նա, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի, եթե հնարավորություն ունենար մասնակցել պայմանագրի պայմանների որոշմանը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու մասին պայմանագրին միացած կողմի ներկայացրած պահանջը, կապված նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ենթակա չէ բավարարման, եթե միացած կողմը գիտեր կամ պետք է իմանար, թե ինչ պայմաններով է կնքում պայմանագիրը:

 

Հոդված 445. Նախնական պայմանագիր

 

1. Նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

2. Նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:

3. Նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև մյուս էական պայմանները:

4. Նախնական պայմանագրում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիր: Եթե նախնական պայմանագրում նման ժամկետ որոշված չէ, ապա հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում:

5. Այն դեպքերում, երբ նախնական պայմանագիր կնքած կողմը խուսափում է հիմնական պայմանագիր կնքելուց, կիրառվում են սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:

6. Նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են, եթե մինչև այն ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվում, կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այդ պայմանագիրը կնքելու մասին:

7. Մտադրությունների մասին համաձայնությունը (մտադրությունների մասին արձանագրությունը և այլն), եթե դրանում ուղղակիորեն չի արտահայտված դրան նախնական պայմանագրի ուժ տալու մասին կողմերի կամքը, չի հանգեցնում քաղաքացիական իրավական հետևանքների:

 

Հոդված 446. Պայմանագիր` հօգուտ երրորդ անձի

 

1. Հօգուտ երրորդ անձի է համարվում այն պայմանագիրը, որում կողմերը սահմանել են, որ պարտապանը պարտավոր է պարտավորությունը կատարել ոչ թե հօգուտ պարտատիրոջ, այլ` պայմանագրում նշված կամ չնշված երրորդ անձի, որն իրավունք ունի պարտապանից պահանջել իր օգտին կատարելու պարտավորությունը:

2. Երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկությունը պարտապանին հայտնելու պահից կողմերն առանց երրորդ անձի համաձայնության չեն կարող լուծել կամ փոփոխել իրենց կնքած պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում լռությունը կարող է համարվել որպես երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում:

3. Պարտապանն իրավունք ունի երրորդ անձի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա կարող էր ներկայացնել պարտատիրոջ դեմ:

4. Այն դեպքում, երբ երրորդ անձը հրաժարվում է պայմանագրով իրեն տրամադրված իրավունքից, պարտատերը կարող է օգտվել այդ իրավունքից, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:

(446-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն) 

 

Հոդված 447. Պայմանագրի մեկնաբանումը

 

1. Պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

 

Գ Լ ՈՒ Խ  29

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

 

Հոդված 448. Հիմնական դրույթներ պայմանագիր կնքելու մասին

 

1. Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

2. Պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու և մյուս կողմի դրա ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով:

 

Հոդված 449. Պայմանագիրը կնքելու պահը

 

1. Պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից:

2. Եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):

3. Այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

 

Հոդված 450. Պայմանագրի ձևը

 

1. Պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:

2. Եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում:

3. Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից: Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:

4. Պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է սույն օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

(450-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-115-Ն)

 

Հոդված 451. Օֆերտա

 

1. Օֆերտան մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ:

Օֆերտան պետք է պարունակի պայմանագրի էական պայմանները:

2. Օֆերտան կաշկանդում է ուղարկող անձին` այն հասցեատիրոջ կողմից ստանալու պահից:

Եթե օֆերտայի հետկանչի մասին ծանուցումն ստացվել է օֆերտան ստանալուց առաջ կամ դրա հետ միաժամանակ, ապա օֆերտան համարվում է չուղարկված:

Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերտան համարվում է ստացված այն պահից, երբ այն մուտք է գործում հասցեատիրոջ կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ հայտնաբերել է հասցեատերը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:

(451-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

 

Հոդված 452. Օֆերտայի անհետկանչելիությունը

 

1. Հասցեատիրոջ ստացած օֆերտան չի կարող հետ կանչվել դրա ակցեպտի համար օֆերտայում սահմանված ժամկետում, եթե այլ վերապահում չկա օֆերտայում, կամ չի բխում առաջարկի էությունից կամ այն իրավիճակից, որում այն արվել է:

2. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս օֆերենտն ու ակցեպտանտն ունեն օֆերտայում կամ ակցեպտում իրենց վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ճշտման իրավունք, պայմանով, որ այն իրականացվի վրիպակի, գրասխալի կամ թվաբանական սխալի հայտնաբերման պահից անհապաղ, և մյուս կողմը չի ձեռնարկել պայմանագրի կատարմանն ուղղված գործողություն (ապրանքներ բեռնել, աշխատանքներ կատարել, ծառայություններ մատուցել, վճարում կատարել և այլն), որը հանգեցրել է ծախսերի:

(452-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

 

Հոդված 453. Օֆերտա անելու հրավեր: Հրապարակային օֆերտա

 

1. Գովազդը և անձանց անորոշ շրջանակին հասցեագրված այլ առաջարկները համարվում են օֆերտա անելու հրավեր, եթե ուղղակիորեն այլ բան նշված չէ առաջարկում:

2. Պայմանագրի բոլոր էական պայմանները պարունակող առաջարկը, որից հետևում է առաջարկում նշված պայմաններով յուրաքանչյուր արձագանքողի հետ պայմանագիր կնքելու առաջարկ անողի կամքը, համարվում է հրապարակային օֆերտա:

 

Հոդված 454. Ակցեպտ

 

1. Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան:

Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ:

2. Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:

3. Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:

4. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելու վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումը մուտք է գործում օֆերտա ուղարկած անձի կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:

(454-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

 

Հոդված 455. Ակցեպտի հետկանչը

 

Եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ստացել է ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ, ապա ակցեպտը համարվում է չստացված:

 

Հոդված 456. Ակցեպտի համար ժամկետ սահմանող օֆերտայի հիման վրա պայմանագիր կնքելը

 

Եթե օֆերտայում սահմանված է ակցեպտի համար ժամկետ, ապա պայմանագիրը կնքված է համարվում, եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտն ստացել է օֆերտայում նշված ժամկետի սահմաններում:

 

Հոդված 457. Ակցեպտի համար ժամկետ չսահմանող օֆերտայի հիման վրա պայմանագիր կնքելը

 

1. Երբ գրավոր օֆերտայում ակցեպտի համար ժամկետ սահմանված չէ, պայմանագիրը կնքված է համարվում, եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտն ստացել է մինչև օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետի ավարտը, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ, ապա` դրա համար անհրաժեշտ ժամկետում:

2. Երբ օֆերտան արված է բանավոր` առանց ակցեպտի համար ժամկետ նշելու, պայմանագիրը համարվում է կնքված, եթե մյուս կողմն անհապաղ հայտարարել է դրա ակցեպտի մասին:

 

Հոդված 458. Ուշացումով ստացված ակցեպտ

 

Այն դեպքերում, երբ ակցեպտի մասին ժամանակին ուղարկված ծանուցումն ստացվել է ուշացումով, ակցեպտն ուշացած չի համարվում, եթե օֆերտա ուղարկած կողմը մյուս կողմին անհապաղ չի տեղեկացնում ակցեպտն ուշացումով ստանալու մասին: Եթե օֆերտա ուղարկած կողմը մյուս կողմին անհապաղ տեղեկացնում է նրա` ուշացումով ստացած ակցեպտի ընդունման մասին, ապա պայմանագիրը համարվում է կնքված:

 

Հոդված 459. Այլ պայմաններով ակցեպտ

 

Պայմանագիրն օֆերտայում առաջարկվածից այլ պայմաններով կնքելու համաձայնության մասին պատասխանն ակցեպտ չէ: Նման պատասխանը համարվում է հրաժարվել ակցեպտից և միաժամանակ` նոր օֆերտա:

 

Հոդված 460. Պայմանագիր կնքելու վայրը

 

Եթե պայմանագրում նշված չէ դրա կնքելու վայրը, պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած քաղաքացու բնակության կամ իրավաբանական անձի գտնվելու վայրում:

 

Հոդված 461. Կողմի խուսափելը պայմանագիր կնքելուց

 

1. Եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով:

2. Պայմանագիր կնքելուց անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի դրանով պատճառված վնասները:

 

Հոդված 462. Նախապայմանագրային վեճեր

 

Պայմանագիրը կնքելիս ծագած տարաձայնությունները, սույն օրենսգրքի 461 հոդվածի հիման վրա կամ կողմերի համաձայնությամբ, դատական քննության հանձնելու դեպքերում պայմանագրի պայմանները, որոնցով կողմերի միջև տարաձայնություններ կան, որոշվում են դատարանի վճռին համապատասխան:

 

Հոդված 463. Պայմանագրի կնքելը սակարկություններով

 

1. Պայմանագիրը, եթե այլ բան չի բխում դրա էությունից, կարող է կնքվել սակարկությունների միջոցով: Պայմանագիրը կնքվում է սակարկություններում հաղթած անձի հետ:

2. Որպես սակարկությունների կազմակերպիչ` կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաև այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա և հանդես է գալիս նրանց կամ իր անունից:

3. Սույն օրենսգրքում կամ այլ օրենքում նշված դեպքերում գույքը կամ գույքային իրավունքը վաճառելու մասին պայմանագրերը կարող են կնքվել միայն սակարկությունների միջոցով:

4. Սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձևով:

Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում` այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ:

Սակարկությունների ձևը որոշում է վաճառվող գույքի սեփականատերը կամ իրացվող գույքային իրավունք տիրապետողը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

(463-րդ հոդվածը խմբ. 08.10.03 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 464. Սակարկություններ կազմակերպելու և անցկացնելու կարգը

 

1. Աճուրդները և մրցույթները կարող են լինել բաց և փակ:

Բաց աճուրդին և բաց մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ: Փակ աճուրդին և փակ մրցույթին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք:

2. Սակարկություններն անցկացնելու մասին ծանուցումը պետք է արվի կազմակերպչի կողմից` սակարկություններ անցկացնելուց առնվազն երեսուն օր առաջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի սակարկությունների ժամանակի, տեղի և ձևի, դրանց առարկայի ու անցկացման կարգի, այդ թվում` սակարկություններում մասնակցության ձևակերպման, սակարկություններում հաղթած անձանց որոշման, ինչպես նաև մեկնարկային գնի մասին:

Այն դեպքում, երբ սակարկությունների առարկան պայմանագիր կնքելու իրավունք է, կայացվելիք սակարկությունների մասին ծանուցման մեջ պետք է նշվի դրա համար տրամադրվող ժամկետը:

3. Բաց սակարկությունների կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել աճուրդ անցկացնելուց, սակայն ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, իսկ մրցույթն անցկացնելուց` ոչ ուշ, քան այն անցկացնելուց երեսուն օր առաջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ սակարկություններ անցկացնելու մասին ծանուցմամբ:

Այն դեպքերում, երբ բաց սակարկությունների կազմակերպիչը դրանք անցկացնելուց հրաժարվել է նշված ժամկետների խախտմամբ, նա պարտավոր է մասնակիցներին հատուցել նրանց կրած իրական վնասը:

Փակ աճուրդի կամ փակ մրցույթի կազմակերպիչը պարտավոր է հատուցել իր հրավիրած մասնակիցների կրած իրական վնասը, անկախ այն բանից, թե ծանուցումն ուղարկելուց հետո ինչ ժամկետում է հրաժարվել սակարկություններից:

4. Սակարկությունների մասնակիցները դրանց անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար: Եթե սակարկությունները չեն կայացել, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև սակարկություններում չհաղթած մասնակիցներին:

Սակարկություններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

5. Սակարկություններում հաղթած անձը և սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ: Սակարկություններում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև սակարկություններում հաղթած անձին հատուցել սակարկություններին մասնակցելու հետևանքով կրած վնասները:

6. Եթե սակարկությունների առարկան միայն պայմանագիր կնքելու իրավունք է, ապա կողմերը նման պայմանագիրը պետք է ստորագրեն սակարկությունների ավարտից և արձանագրության ձևակերպումից հետո քսան օրվանից կամ ծանուցման մեջ նշված այլ ժամկետից ոչ ուշ:

7. Պայմանագիր կնքելուց կողմերից մեկի խուսափելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` պայմանագիր կնքելուն հարկադրելու, ինչպես նաև դրա կնքումից խուսափելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջով:

(464-րդ հոդվածը փոփ. 08.10.03 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 465. Սակարկություններ անցկացնելու կանոնները խախտելու հետևանքները

 

1. Օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

2. Սակարկություններն անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկություններում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

 

Գ Լ ՈՒ Խ  30

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՓՈՓՈԽԵԼԸ ԵՎ ԼՈՒԾԵԼԸ

 

Հոդված 466. Պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը

 

1. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

3. Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:

 

Հոդված 467. Պայմանագիրը փոփոխելը և լուծելը հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ

 

1. Հանգամանքների, որոնցից ելել էին կողմերը պայմանագիրը կնքելիս, էական փոփոխությունը հիմք է պայմանագրի փոփոխման կամ լուծման համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում դրա էությունից:

Հանգամանքների փոփոխությունն էական է համարվում, եթե դրանք այնքան են փոփոխվել, որ եթե կողմերը կարողանային դա ողջամտորեն կանխատեսել, նրանց միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով պայմանագիր կամ ընդհանրապես պայմանագիր չէր կնքվի:

2. Եթե կողմերը համաձայնության չեն հասել պայմանագիրն էականորեն փոփոխված հանգամանքներին համապատասխանեցնելու կամ դրա լուծման հարցում, պայմանագիրը կարող է լուծվել, իսկ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով` շահագրգիռ կողմի պահանջով փոփոխվել դատարանով` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությամբ`

1) պայմանագիր կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա.

2) հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պատճառներով, որոնք շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո` պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանից պահանջվող հոգատարությամբ և շրջահայացությամբ.

3) պայմանագրի կատարումն առանց դրա պայմանների փոփոխման այնքան կխախտեր կողմերի` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և շահագրգիռ կողմին այնպիսի վնաս կպատճառեր, որը նրան զգալի չափով կզրկեր այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս.

4) գործարար շրջանառության սովորույթներից կամ պայմանագրի էությունից չի բխում, որ հանգամանքների փոփոխության ռիսկը կրում է շահագրգիռ կողմը:

3. Հանգամանքների էական փոփոխության հետևանքով պայմանագիրը լուծելիս դատարանը ցանկացած կողմի պահանջով որոշում է լուծման հետևանքները` ելնելով այդ պայմանագիրը կատարելու կապակցությամբ կողմերի կրած ծախսերը նրանց միջև արդարացի բաշխելու անհրաժեշտությունից:

4. Հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ դատարանի վճռով պայմանագրի փոփոխում թույլատրվում է բացառիկ դեպքերում, եթե պայմանագրի լուծումը հակասում է հանրային շահերին կամ կողմերին պատճառում է այնպիսի վնաս, որն զգալիորեն գերազանցում է դատարանի կողմից փոփոխած պայմաններով պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ծախսերը:

 

Հոդված 468. Պայմանագիրը փոփոխելու և լուծելու կարգը

 

1. Պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

2. Կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:

 

Հոդված 469. Պայմանագիրը փոփոխելու և լուծելու հետևանքները

 

1. Պայմանագիրը փոփոխելիս կողմերի պարտավորությունները պահպանվում են ըստ փոփոխված պայմանագրի:

2. Պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

3. Պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

4. Կողմերն իրավունք չունեն պահանջելու վերադարձնել այն, ինչը կատարել են պարտավորությամբ մինչև պայմանագրի փոփոխման կամ լուծման պահը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:

5. Եթե պայմանագրի փոփոխման կամ լուծման համար հիմք է ծառայել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի էական խախտումը, մյուս կողմն իրավունք ունի պահանջել հատուցելու պայմանագրի փոփոխմամբ կամ լուծմամբ պատճառված վնասները:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.