ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 31-35

ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Գ Լ ՈՒ Խ  31

ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

Հոդված 470. Առուվաճառքի պայմանագիր

1. Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

2. Սույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են արժեթղթերի և արժութային արժեքների առուվաճառքի նկատմամբ, եթե դրանց առուվաճառքի համար հատուկ կանոնները սահմանված չեն օրենքով:

3. Սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում առանձին տեսակների ապրանքներ գնելու ու վաճառելու առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

4. Սույն պարագրաֆում նախատեսված դրույթները կիրառվում են գույքային իրավունքների վաճառքի նկատմամբ, եթե այլ բան չի բխում այդ իրավունքների բովանդակությունից կամ բնույթից:

5. Սույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:

Հոդված 471. Պայմանագրի պայմանն ապրանքի մասին

1. Առուվաճառքի պայմանագրով ապրանք կարող է լինել սույն օրենսգրքի 133 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխանող ցանկացած գույք:

2. Պայմանագիրը կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին` վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում ապրանքի բնույթից:

3. Առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը:

Հոդված 472. Ապրանքը հանձնելու վաճառողի պարտականությունները

1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք:

2. Վաճառողը պարտավոր է ապրանքը հանձնելու հետ միաժամանակ գնորդին հանձնել դրա պատկանելիքները, ինչպես նաև դրան վերաբերող փաստաթղթերը (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր, շահագործման վերաբերյալ հրահանգ և այլն), որոնք նախատեսված են օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Հոդված 473. Ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը

1. Վաճառողի կողմից գնորդին ապրանքը հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը սահմանվում է առուվաճառքի պայմանագրով, իսկ եթե պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել այդ ժամկետը, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածով սահմանված կանոններին համապատասխան:

2. Առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված որոշակի ժամկետում այն կատարելու պայմանով, եթե պայմանագրից հստակ բխում է, որ կատարման ժամկետի խախտման դեպքում գնորդը կորցնում է հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ:

Վաճառողն իրավունք ունի նման պայմանագիրը կատարել դրանում սահմանված ժամկետից շուտ կամ ավարտից հետո` միայն գնորդի համաձայնությամբ:

Հոդված 474. Վաճառողի` ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու պահը

1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, ապրանքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այն պահին, երբ`

1) ապրանքը հանձնվում է գնորդին կամ նրա նշած անձին, եթե պայմանագրով նախատեսված է ապրանքը տեղ հասցնելու վաճառողի պարտականությունը.

2) ապրանքը հանձնվում է գնորդի տնօրինությանը, եթե այն պետք է գնորդին կամ նրա նշած անձին հանձնվի ապրանքի գտնվելու վայրում: Ապրանքը համարվում է գնորդի տնօրինությանը հանձնված, եթե պայմանագրով նախատեսված ժամկետում, պատշաճ վայրում, ապրանքը պատրաստ է հանձնելու, և գնորդը, պայմանագրի պայմանների համաձայն, ծանուցված է հանձնելու համար ապրանքը պատրաստ լինելու մասին: Ապրանքը չի համարվում հանձնելու համար պատրաստ, եթե այն պիտակավորման կամ այլ եղանակով նույնացված չէ պայմանագրի նպատակների համար:

2. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրից չի բխում ապրանքը տեղ հասցնելու կամ գնորդին դրա գտնվելու վայրում հանձնելու վաճառողի պարտականությունը, այն համարվում է կատարված ապրանքը գնորդին հասցնելու համար փոխադրողին կամ կապի կազմակերպությանը հանձնելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 475. Ապրանքի պատահական կորստի և պատահական վնասվածքի ռիսկը գնորդին անցնելը

1. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

2. Ճանապարհին գտնվող ապրանքի վաճառքի դեպքում դրա պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:

3. Պայմանագրի պայմանը, որի համաձայն ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին` ապրանքն առաջին փոխադրողին հանձնելու պահից, դատարանը գնորդի պահանջով կարող է համարել անվավեր, եթե պայմանագիրը կնքելու պահին վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ ապրանքը կորած կամ վնասված է, սակայն այդ մասին գնորդին չի հայտնել:

Հոդված 476. Երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք հանձնելու վաճառողի պարտականությունը

1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք, բացառությամբ այն դեպքի, երբ գնորդը համաձայնվել է ընդունել երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված ապրանքը:

Վաճառողի կողմից այդ պարտականությունը չկատարելը գնորդին իրավունք է տալիս պահանջել ապրանքի գնի նվազեցում կամ առուվաճառքի պայմանագրի լուծում, եթե վաճառողը չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար տվյալ ապրանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ գնորդին հանձնելու պահին ապրանքի նկատմամբ առկա են եղել երրորդ անձանց հավակնությունները, որոնց մասին վաճառողը տեղյակ էր, եթե հետագայում այդ հավակնությունները սահմանված կարգով ճանաչվել են օրինաչափ:

Հոդված 477. Վաճառողի պատասխանատվությունը գնորդից ապրանքն առգրավվելիս

1. Մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար այդ հիմքերի առկայության մասին:

2. Երրորդ անձանց կողմից գնորդի ձեռք բերած ապրանքը պահանջելու դեպքում վաճառողին պատասխանատվությունից ազատելու կամ նրա պատասխանատվությունը սահմանափակելու մասին կողմերի համաձայնությունն առոչինչ է:

Հոդված 478. Վաճառողի և գնորդի պարտականություններն ապրանքն առգրավելու մասին հայց հարուցելիս

1. Եթե երրորդ անձը, մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքով, գնորդի դեմ հայց է հարուցում ապրանքն առգրավելու մասին, գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է այդ գործին մասնակցել գնորդի կողմից:

2. Գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է գնորդի առջև պատասխանատվությունից, եթե վաճառողն ապացուցում է, որ, մասնակցելով գործին, կարող էր կանխել վաճառված ապրանքի առգրավումը գնորդից:

3. Գնորդի կողմից գործին մասնակցելու հրավիրված, սակայն գործին չմասնակցած վաճառողը զրկվում է գնորդի կողմից գործը ոչ ճիշտ վարելն ապացուցելու իրավունքից:

Հոդված 479. Ապրանքը հանձնելու պարտականությունը չկատարելու հետևանքները

1. Եթե վաճառողը հրաժարվում է գնորդին հանձնել վաճառված ապրանքը, ապա գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:

2. Անհատապես որոշվող ապրանքը հանձնելուց վաճառողի հրաժարվելու դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին ներկայացնել սույն օրենսգրքի 414 հոդվածով նախատեսված պահանջները:

Հոդված 480. Ապրանքին վերաբերող պատկանելիքները և փաստաթղթերը հանձնելու պարտականությունը չկատարելու հետևանքները

Եթե վաճառողը գնորդին չի հանձնել կամ հրաժարվում է հանձնել ապրանքի պատկանելիքները կամ փաստաթղթերը, որոնք նա պետք է հանձներ օրենքի, այլ իրավական ակտերի կամ առուվաճառքի պայմանագրի համաձայն, գնորդն իրավունք ունի դրանք հանձնելու համար նշանակել ողջամիտ ժամկետ:

Ապրանքի պատկանելիքները կամ փաստաթղթերը վաճառողի կողմից սահմանված ժամկետում չհանձնվելու դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել ապրանքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 481. Ապրանքի քանակը

1. Գնորդին հանձնելու ենթակա ապրանքի քանակը նախատեսվում է առուվաճառքի պայմանագրով` չափման համապատասխան միավորներով կամ դրամական արտահայտությամբ: Ապրանքի քանակի մասին պայմանը կարող է համաձայնեցվել պայմանագրում դրա որոշման կարգը սահմանելու միջոցով:

2. Եթե առուվաճառքի պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել հանձնման ենթակա ապրանքի քանակը, պայմանագիրը համարվում է չկնքված:

Հոդված 482. Ապրանքի քանակի մասին պայմանը խախտելու հետևանքները

1. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրի խախտմամբ, գնորդին հանձնել է պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, ապա գնորդն իրավունք ունի պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել հանձնված ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա` պահանջել վերադարձնելու վճարված գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրով որոշված ապրանքի քանակից ավելին է հանձնել գնորդին, գնորդը պարտավոր է սույն օրենսգրքի 499 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով այդ մասին ծանուցել վաճառողին: Եթե վաճառողը գնորդի ծանուցումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում չի տնօրինում ապրանքի համապատասխան մասը, գնորդն իրավունք ունի ընդունել ամբողջ ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Գնորդի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում (սույն հոդվածի 2-րդ կետ) լրացուցիչ ընդունված ապրանքի համար վճարվում է նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ:

Հոդված 483. Ապրանքների տեսականին

1. Եթե առուվաճառքի պայմանագրով հանձնվելու են որոշակի հարաբերակցությամբ ապրանքներ` ըստ տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների (տեսականի), վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել կողմերի համաձայնությամբ որոշված տեսականու ապրանքներ:

2. Եթե առուվաճառքի պայմանագրով տեսականին որոշված չէ, և այն որոշելու կարգը պայմանագրով սահմանված չէ, սակայն պարտավորության էությունից բխում է, որ ապրանքները պետք է գնորդին հանձնվեն տեսականուն համապատասխան, վաճառողն իրավունք ունի գնորդին հանձնել նրա պահանջմունքներին համապատասխանող տեսականիով ապրանքներ, որոնք հայտնի էին վաճառողին պայմանագիրը կնքելու պահին, կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:

Հոդված 484. Ապրանքների տեսականու վերաբերյալ պայմանը խախտելու հետևանքները

1. Վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրով նախատեսված տեսականուն չհամապատասխանող ապրանքներ հանձնելու դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և դրանց համար վճարելուց, իսկ եթե վճարել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

2. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրին համապատասխան, տեսականու ապրանքների հետ գնորդին հանձնել է տեսականու մասին պայմանի խախտմամբ ապրանքներ, գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`

1) ընդունել տեսականու վերաբերյալ պայմանին համապատասխանող ապրանքները և հրաժարվել մնացած ապրանքներից.

2) հրաժարվել հանձնված բոլոր ապրանքներից.

3) պահանջել տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքների փոխարինում պայմանագրով նախատեսված տեսականուն համապատասխան ապրանքներով.

4) ընդունել հանձնված բոլոր ապրանքները:

3. Ապրանքներից, որոնց տեսականին չի համապատասխանում առուվաճառքի պայմանագրի պայմանին, հրաժարվելու կամ տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքները փոխարինելու մասին պահանջ ներկայացնելու դեպքում, գնորդն իրավունք ունի նաև հրաժարվել այդ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե վճարվել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

4. Տեսականու մասին առուվաճառքի պայմանագրի պայմանին չհամապատասխանող ապրանքները համարվում են ընդունված, եթե գնորդը դրանք ստանալուց հետո ողջամիտ ժամկետում վաճառողին չի հայտնել ապրանքներից հրաժարվելու մասին:

5. Եթե գնորդը չի հրաժարվել առուվաճառքի պայմանագրով որոշված տեսականուն չհամապատասխանող ապրանքներից, նա պարտավոր է դրանց համար վճարել վաճառողի հետ համաձայնեցված գնով: Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գինը համաձայնեցնելու համար, ապա գնորդն ապրանքների համար վճարում է այն գնով, որը պայմանագիրը կնքելու պահին համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

6. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Հոդված 485. Ապրանքի որակը

1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրին համապատասխանող որակի ապրանք:

2. Առուվաճառքի պայմանագրում ապրանքի որակի մասին պայմանների բացակայության դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:

Եթե պայմանագիրը կնքելիս գնորդը վաճառողին տեղեկացրել է ապրանքը ձեռք բերելու կոնկրետ նպատակների մասին, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ նպատակներին համապատասխան օգտագործելու համար պիտանի ապրանք:

3. Նմուշով և (կամ) նկարագրով ապրանք վաճառելիս վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել նմուշին և (կամ) նկարագրին համապատասխանող ապրանք:

4. Եթե օրենքով սահմանված կարգով նախատեսված են վաճառվող ապրանքի որակին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք:

Վաճառողի և գնորդի համաձայնությամբ կարող է հանձնվել օրենքով նախատեսված կարգով սահմանված պարտադիր պահանջների համեմատությամբ որակի առավել բարձր պահանջների համապատասխանող ապրանք:

Հոդված 486. Ապրանքի որակի երաշխիքը

1. Ապրանքը, որը վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին, պետք է գնորդին հանձնելու պահին համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին, եթե այդ պահանջներին ապրանքի համապատասխանությունը որոշելու այլ պահ նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Ապրանքը պետք է ողջամիտ ժամկետում պիտանի լինի այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:

2. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի պարտականությունը` տրամադրելու ապրանքի որակի երաշխիք, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այնպիսի ապրանք, որը պայմանագրով սահմանված որոշակի ժամանակահատվածում (երաշխիքային ժամկետ) պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին:

3. Ապրանքի որակի երաշխիքը տարածվում է դրա բոլոր բաղադրամասերի (կոմպլեկտավորող տարրերի) վրա, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Հոդված 487. Երաշխիքային ժամկետի հաշվարկը

1. Երաշխիքային ժամկետն սկսվում է ապրանքը գնորդին հանձնելու պահից (հոդված 474), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

2. Եթե գնորդը, վաճառողից կախված հանգամանքներով, զրկված է պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքն օգտագործելու հնարավորությունից, երաշխիքային ժամկետն սկսվում է վաճառողի կողմից համապատասխան հանգամանքները վերացնելուց հետո:

Երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակով, որի ընթացքում ապրանքը չի կարող օգտագործվել դրանում հայտնաբերված թերությունների պատճառով` վաճառողին, սույն օրենսգրքի 499 հոդվածով սահմանված կարգով, ապրանքի թերությունների մասին ծանուցելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Կոմպլեկտավորող տարրերի երաշխիքային ժամկետը համարվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետին հավասար և սկսվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի հետ միաժամանակ, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

4. Ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) փոխարեն, որում երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել են թերություններ (հոդված 492), գնորդին հանձնված այլ ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) նկատմամբ սահմանվում է նույն տևողությամբ երաշխիքային ժամկետ, ինչը սահմանված էր փոխարինվածի համար, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Հոդված 488. Ապրանքի պիտանիության ժամկետը

1. Օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ այլ պարտադիր կանոններով կարող է սահմանվել ժամկետ, որի ավարտմամբ ապրանքը համարվում է իր նշանակությամբ օգտագործելու համար ոչ պիտանի (պիտանիության ժամկետ):

2. Ապրանքը, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին այն հաշվով, որպեսզի հնարավոր լինի մինչև պիտանիության ժամկետի ավարտն այն օգտագործել ըստ նշանակության:

Հոդված 489. Ապրանքի պիտանիության ժամկետի հաշվարկը

Ապրանքի պիտանիության ժամկետը որոշվում է դրա պատրաստման օրվանից հաշվվող ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը պիտանի է օգտագործման, կամ նշելով այն տարին, ամիսը, ամսաթիվը, մինչև երբ ապրանքը պիտանի է օգտագործման համար:

Հոդված 490. Ապրանքի որակի ստուգումը

1. Ապրանքի որակի ստուգում կարող է նախատեսվել օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով:

Եթե ստուգման կարգը սահմանված է օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով, ապա պայմանագրով նախատեսված ապրանքների որակի ստուգման կարգը պետք է համապատասխանի այդ պահանջներին:

2. Եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ապա ապրանքի որակի ստուգումը կատարվում է գործարար շրջանառության սովորույթներին կամ առուվաճառքի պայմանագրով հանձնելու ենթակա ապրանքի ստուգման համար սովորաբար կիրառվող այլ կանոններին համապատասխան:

3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի` գնորդին հանձնվող ապրանքի որակն ստուգելու (փորձարկելու, վերլուծելու, զննելու և այլն) պարտականություն, ապա վաճառողը պարտավոր է ապրանքի որակն ստուգելու մասին ապացույցներ տրամադրել գնորդին:

4. Վաճառողի և գնորդի կողմից իրականացվող ապրանքի որակի ստուգման կարգը և պայմանները պետք է լինեն միանման:

Հոդված 491. Անպատշաճ որակի ապրանք հանձնելու հետևանքները

1. Եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`

1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.

2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.

3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:

2. Ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`

1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը.

2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թերությունները վերացնելու կամ ապրանքը փոխարինելու մասին պահանջները գնորդը կարող է ներկայացնել, եթե այլ բան չի բխում ապրանքի բնույթից կամ պարտավորության էությունից:

4. Կոմպլեկտում ներառված (հոդված 495) ապրանքների մի մասի անպատշաճ որակի դեպքում գնորդն իրավունք ունի ապրանքների այդ մասի նկատմամբ իրականացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները:

5. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով:

Հոդված 492. Ապրանքի թերությունները, որոնց համար պատասխանատվություն է կրում վաճառողը

1. Վաճառողը պատասխանատվություն է կրում ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:

2. Որակի երաշխիքով հանձնված ապրանքի թերությունների համար վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե չի ապացուցում, որ ապրանքի թերությունները ծագել են գնորդին հանձնելուց հետո` գնորդի կողմից ապրանքն օգտագործելու կամ պահպանելու կանոնները խախտելու կամ երրորդ անձանց գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:

Հոդված 493. Հանձնված ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետները

1. Գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, որ դրանք հայտնաբերված լինեն սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով:

2. Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից:

3. Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:

4. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով ապրանքի կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի կարճ տևողությամբ երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող տարրի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում:

5. Եթե պայմանագրով կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի տևական երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե կոմպլեկտավորող տարրի թերությունները հայտնաբերվել են դրա երաշխիքային ժամկետում` անկախ հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ավարտից:

6. Ապրանքի նկատմամբ, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, գնորդն իրավունք ունի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են ապրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

7. Այն դեպքերում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, իսկ գնորդը թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն ապրանքը գնորդին հանձնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև ապրանքն իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:

Հոդված 494. Ապրանքի կոմպլեկտայնությունը

1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրի կոմպլեկտայնության մասին պայմաններին համապատասխանող ապրանք:

2. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով ապրանքի կոմպլեկտայնությունը որոշված չէ, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որի կոմպլեկտայնությունը որոշվում է գործարար շրջանառության սովորույթներով կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներով:

Հոդված 495. Ապրանքների կոմպլեկտ

1. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի պարտականությունը գնորդին կոմպլեկտով հանձնելու ապրանքների որոշակի հավաքածու (ապրանքների կոմպլեկտ), պարտավորությունը կատարված է համարվում կոմպլեկտում ներառված բոլոր ապրանքները հանձնելու պահից:

2. Վաճառողը պարտավոր է գնորդին միաժամանակ հանձնել կոմպլեկտում ներառված բոլոր ապրանքները, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Հոդված 496. Անկոմպլեկտ ապրանք հանձնելու հետևանքները

1. Անկոմպլեկտ ապրանք հանձնելու դեպքում (հոդված 494), գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ, վաճառողից պահանջել`

1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.

2) ողջամիտ ժամկետներում կոմպլեկտավորելու ապրանքը:

2. Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում չի կատարել ապրանքը կոմպլեկտավորելու վերաբերյալ գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ`

1) պահանջել անկոմպլեկտ ապրանքը փոխարինելու կոմպլեկտավորված ապրանքով.

2) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև վաճառողի կողմից գնորդին ապրանքների կոմպլեկտ հանձնելու պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 495), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Հոդված 497. Տարա և փաթեթ

1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից, վաճառողը պարտավոր է ապրանքը գնորդին հանձնել տարայով և (կամ) փաթեթով, բացառությամբ իր բնույթով տարավորում և (կամ) փաթեթավորում չպահանջող ապրանքի:

2. Եթե առուվաճառքի պայմանագրով տարային ու փաթեթին առաջադրվող պահանջներ սահմանված չեն, ապրանքը պետք է տարավորվի և (կամ) փաթեթավորվի այդ ապրանքի համար սովորական եղանակով, իսկ նման եղանակի բացակայության դեպքում` սովորական պայմաններում նման տեսակի ապրանքների պահպանվածությունն ապահովող եղանակով:

3. Եթե օրենքով սահմանված կարգով նախատեսվում են տարային և (կամ) փաթեթին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է ապրանքը գնորդին հանձնել այդ պահանջներին համապատասխանող տարայով և (կամ) փաթեթով:

Հոդված 498. Ապրանքն առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով հանձնելու հետևանքները

1. Այն դեպքերում, երբ տարավորելու և (կամ) փաթեթավորելու ենթակա ապրանքը հանձնվում է գնորդին` առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով, գնորդն իրավունք ունի վաճառողից պահանջել տարավորելու և (կամ) փաթեթավորելու ապրանքը կամ փոխարինելու անպատշաճ տարան և (կամ) փաթեթը, եթե այլ բան չի բխում պայմանագրից, պարտավորության էությունից կամ ապրանքի բնույթից:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գնորդն իրավունք ունի վաճառողին, այդ կետում նշված պահանջները ներկայացնելու փոխարեն, առաջադրել անպատշաճ որակի ապրանք հանձնելուց բխող պահանջներ (հոդված 491):

Հոդված 499. Առուվաճառքի պայմանագիրն անպատշաճ կատարելու մասին վաճառողին ծանուցելը

1. Գնորդը պարտավոր է ապրանքի քանակի, տեսականու, որակի, կոմպլեկտայնության, տարայի և (կամ) փաթեթի մասին առուվաճառքի պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին ծանուցել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե այդպիսի ժամկետ սահմանված չէ, այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնը չկատարելու դեպքում վաճառողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն հրաժարվել ապրանքի քանակի պակասը լրացնելու, առուվաճառքի պայմանագրի պայմաններին չհամապատասխանող որակի կամ տեսականու ապրանքը փոխարինելու, ապրանքի թերությունները վերացնելու, ապրանքը կոմպլեկտավորելու կամ չկոմպլեկտավորված ապրանքը կոմպլեկտավորվածով փոխարինելու, ապրանքը տարավորելու և (կամ) փաթեթավորելու կամ ապրանքի անպատշաճ տարան և (կամ) փաթեթը փոխարինելու վերաբերյալ գնորդի պահանջները բավարարելուց, եթե ապացուցում է, որ գնորդի կողմից այդ կանոնը չկատարելը հանգեցրել է նրա պահանջները բավարարելու անհնարինության կամ իր համար առաջացրել է անհամաչափ ծախսեր, համեմատած այն ծախսերի հետ, որոնք նա կկրեր, եթե ժամանակին ծանուցված լիներ պայմանագրի խախտման մասին:

3. Եթե վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ գնորդին հանձնված ապրանքները չեն համապատասխանում առուվաճառքի պայմանագրի պայմաններին, նա իրավունք չունի վկայակոչել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները:

Հոդված 500. Գնորդի` ապրանքն ընդունելու պարտականությունը

1. Գնորդը պարտավոր է ընդունել իրեն հանձնված ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրավունք ունի պահանջել փոխարինելու ապրանքը կամ հրաժարվելու առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:

2. Գնորդը պարտավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք, սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանք հանձնելը և ընդունելն ապահովելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով:

3. Այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, այլ իրավական ակտերի կամ առուվաճառքի պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել ընդունելու ապրանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:

Հոդված 501. Ապրանքի գինը

1. Գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով կամ չի կարող որոշվել դրա պայմաններից ելնելով, ապա` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշվող գինը, ինչպես նաև իր հաշվին կատարել այնպիսի գործողություններ, որոնք, օրենքին, այլ իրավական ակտերին, պայմանագրին կամ սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են վճարելու համար:

2. Եթե գինը սահմանվել է` ելնելով ապրանքի քաշից, ապա այն որոշվում է ապրանքի զուտ (մաքուր) քաշով (նետտո), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

3. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է, որ ապրանքի գինը ենթակա է փոփոխման` ելնելով այն պայմանավորող ցուցանիշներից (ինքնարժեք, ծախսեր և այլն), սակայն որոշված չէ գնի վերանայման եղանակը, գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը հանձնելու պահին այդ ցուցանիշների հարաբերակցությունից: Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականության կետանցի դեպքում գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը` պայմանագրով նախատեսված պահին հանձնելու այդ ցուցանիշների հարաբերակցությունից, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան:

Սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

Հոդված 502. Ապրանքի համար վճարելը

1. Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:

2. Գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ (մաս առ մաս):

3. Եթե գնորդը ժամանակին չի վճարել առուվաճառքի պայմանագրին համապատասխան հանձնված ապրանքի համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու ապրանքի համար և տոկոսներ` սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան:

4. Եթե գնորդը, առուվաճառքի պայմանագիրը խախտելով, հրաժարվում է ապրանքն ընդունելուց և դրա համար վճարելուց, վաճառողն իրավունք ունի, իր ընտրությամբ, պահանջել վճարելու ապրանքի համար կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:

5. Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրին համապատասխան պարտավոր է գնորդին հանձնել ոչ միայն ապրանքներ, որոնց համար գնորդը չի վճարել, այլև ուրիշ ապրանքներ, վաճառողն իրավունք ունի չհանձնել այդ ապրանքները, մինչև նախկինում հանձնված բոլոր ապրանքների համար լրիվ վճարելը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

Հոդված 503. Ապրանքի համար նախապես վճարելը

1. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է գնորդի պարտականությունը` մինչև վաճառողից ապրանքն ստանալը լրիվ կամ մասնակի վճարել ապրանքի համար (նախնական վճար), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե պայմանագրով նման ժամկետ նախատեսված չէ, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:

2. Ապրանքի համար նախապես վճարելու պարտականությունը գնորդի կողմից չկատարվելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 367 հոդվածով նախատեսված կանոնները:

3. Այն դեպքում, երբ նախապես գումար ստացած վաճառողը սահմանված ժամկետում չի կատարում ապրանքը հանձնելու պարտականությունը (հոդված 473), գնորդն իրավունք ունի պահանջել հանձնելու վճարված ապրանքը կամ վերադարձնելու ապրանքի համար նախապես վճարված գումարը:

4. Այն դեպքում, երբ վաճառողը չի կատարում նախապես վճարված ապրանքը հանձնելու պարտականությունը, և այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, նախապես վճարված գումարին ենթակա են վճարման սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրով ապրանքը պետք է հանձնվեր, մինչև ապրանքը գնորդին հանձնելու կամ նրան նախապես վճարված գումարը վերադարձնելու օրը: Պայմանագրով կարող է նախատեսվել նախապես վճարված գումարը գնորդից ստանալու օրվանից այդ գումարից վաճառողի` տոկոսներ վճարելու պարտականությունը:

Հոդված 504. Ապառիկ վաճառված ապրանքի համար վճարելը

1. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է ապրանքի համար վճարել այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո (ապրանքի ապառիկ վաճառք), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ նախատեսված չէ պայմանագրով` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:

2. Ապրանքների ապառիկ վաճառքը կատարվում է վաճառքի օրվա գներով: Ապառիկ վաճառված ապրանքների գնի հետագա փոփոխությունները վերահաշվարկի չեն հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականությունը չկատարելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 367 հոդվածով նախատեսված կանոնները:

4. Այն դեպքում, երբ ապրանք ստացած գնորդն առուվաճառքի պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում դրա համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու հանձնված ապրանքի համար կամ վերադարձնելու չվճարված ապրանքը:

5. Եթե գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում հանձնված ապրանքի համար, և այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ առուվաճառքի պայմանագրով, կետանցի գումարին, սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան, ենթակա են վճարման տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրի համաձայն, ապրանքի համար պետք է վճարված լիներ մինչև գնորդի կողմից ապրանքի համար վճարելու օրը:

Պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի գնին համապատասխանող գումարին տոկոսներ վճարելու գնորդի պարտականությունը` սկսած վաճառողի կողմից ապրանքը հանձնելու օրվանից:

6. Ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Հոդված 505. Ապրանքի համար տարաժամկետ վճարելը

1. Ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը:

Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափերը:

2. Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 504 հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները:

Հոդված 506. Ապրանքն ապահովագրելը

1. Առուվաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել` ապրանքն ապահովագրելու վաճառողի կամ գնորդի պարտականությունը:

2. Եթե ապրանքն ապահովագրելու համար պարտավոր կողմը պայմանագրի պայմաններին համապատասխան չի իրականացնում դրա ապահովագրությունը, մյուս կողմն իրավունք ունի ապահովագրել ապրանքը և պարտավոր կողմից պահանջել հատուցելու ապահովագրության ծախսերը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:

Հոդված 507. Վաճառողի սեփականության իրավունքի պահպանվելը

1. Գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված է, որ գնորդին հանձնված ապրանքի նկատմամբ վաճառողի սեփականության իրավունքը պահպանվում է մինչև ապրանքի համար վճարելը, գնորդն իրավունք չունի մինչև սեփականության իրավունքն իրեն անցնելն օտարել ապրանքը կամ այլ կերպ տնօրինել այն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում ապրանքի նշանակությունից և հատկություններից:

3. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված ժամկետում հանձնված ապրանքի համար չի վճարվել, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել վերադարձնելու ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

§ 2. ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հոդված 508. Մանրածախ առուվաճառքի պայմանագիր

1. Մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք:

2. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):

3. Սույն օրենսգրքով չկարգավորված` գնորդ-քաղաքացու մասնակցությամբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերը:

Հոդված 509. Մանրածախ առուվաճառքի պայմանագրի ձևը

Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է պատշաճ ձևով կնքված` վաճառողի կողմից գնորդին` դրամարկղային, ապրանքային չեկ կամ ապրանքի վճարված լինելը հավաստող այլ փաստաթուղթ հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մանրածախ առուվաճառքի պայմանագրով` ներառյալ ստանդարտ ձևերի պայմաններով, որոնց միանում է գնորդը (հոդված 444):

Հոդված 510. Ապրանքի հրապարակային օֆերտա

1. Անձանց անորոշ շրջանակի հասցեագրված ապրանքի առաջարկը` գովազդով, քարտացուցակներով (կատալոգներով) և նկարագրությամբ, համարվում է հրապարակային օֆերտա (453 հոդվածի 2-րդ կետ), եթե այն պարունակում է մանրածախ առուվաճառքի պայմանագրի բոլոր էական պայմանները:

2. Ապրանքի ցուցադրումը վաճառքի վայրում (վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում և այլն), դրանց նմուշների ցուցադրումը կամ վաճառվող ապրանքների մասին դրանց վաճառքի վայրում տեղեկություններ (նկարագրություններ, կատալոգներ, ապրանքների լուսանկարներ և այլն) տրամադրելը համարվում է հրապարակային օֆերտա, անկախ այն բանից, դրանցում նշված են ապրանքի գինը և մանրածախ առուվաճառքի պայմանագրի մյուս էական պայմանները, թե ոչ, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը պարզորոշ սահմանել է, որ համապատասխան ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար:

Հոդված 511. Ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրելը

1. Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին:

2. Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը, զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգելու ապրանքի հատկությունները կամ ցուցադրելու դրա օգտագործումը, եթե դա չի բացառվում ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին:

3. Եթե վաճառքի վայրում գնորդին հնարավորություն չի տրվել անհապաղ ստանալու ապրանքի մասին սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, նա իրավունք ունի վաճառողից պահանջել հատուցելու մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու հետ կապված վնասները, իսկ եթե պայմանագիրը կնքված է, ապա ողջամիտ ժամկետում հրաժարվել այն կատարելուց, պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը և հատուցելու վնասները:

4. Գնորդին ապրանքի մասին համապատասխան տեղեկատվություն չտրամադրած վաճառողը պատասխանատվություն է կրում նաև գնորդին հանձնելուց հետո ծագած ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ դրանք առաջացել են այդպիսի տեղեկատվության բացակայության հետևանքով:

Հոդված 512. Ապրանքի վաճառքը գնորդի կողմից այն որոշակի ժամկետում ընդունելու պայմանով

1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել ապրանքը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում գնորդի կողմից ընդունելու պայմանով, որի ընթացքում այդ ապրանքը չի կարող վաճառվել այլ գնորդի:

2. Պայմանագրով սահմանված ժամկետում գնորդի չներկայանալը կամ ապրանքն ընդունելու համար այլ անհրաժեշտ գործողություններ չկատարելը համարվում է գնորդի կողմից պայմանագիրը կատարելուց հրաժարում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքի հանձնումն ապահովող վաճառողի լրացուցիչ ծախսերը ներառվում են ապրանքի գնի մեջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

Հոդված 513. Ապրանքների վաճառքը նմուշներով

1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել վաճառողի առաջարկած ապրանքի նմուշին գնորդին ծանոթացնելու հիման վրա (դրա նկարագրությամբ, ապրանքների կատալոգով և այլն):

2. Նմուշով ապրանքի մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված պայմանագրում նշված վայրն ապրանքը հասցնելու պահից, իսկ եթե ապրանքը հանձնելու վայրը պայմանագրով որոշված չէ, ապա` ապրանքը քաղաքացի-գնորդի բնակության վայրը կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը հասցնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

3. Գնորդն իրավունք ունի մինչև ապրանքը հանձնելը հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց` վաճառողին հատուցելով այն անհրաժեշտ ծախսերը, որոնք վերջինս կրել է` պայմանագրի կատարման հետ կապված գործողությունների հետևանքով:

Հոդված 514. Ապրանքների վաճառքն ավտոմատների օգտագործմամբ

1. Այն դեպքերում, երբ ապրանքների վաճառքն իրականացվում է ավտոմատների օգտագործմամբ, ավտոմատների տերը պարտավոր է գնորդներին տեղեկատվություն հաղորդել ապրանքներ վաճառողի մասին` ավտոմատների վրա տեղեկություններ փակցնելով կամ գնորդներին այլ եղանակներով տեղեկատվություն տրամադրելով վաճառողի անվանման (ֆիրմային անվանման), գտնվելու վայրի, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք գնորդը պետք է կատարի ապրանքը ձեռք բերելու համար:

2. Ավտոմատների օգտագործմամբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված` գնորդի կողմից ապրանքը ձեռք բերելու համար անհրաժեշտ գործողություններ կատարելու պահից:

3. Եթե գնորդին չի տրամադրվել այն ապրանքը, որի համար նա վճարել է, վաճառողը պարտավոր է գնորդի պահանջով այն անհապաղ տրամադրել կամ վերադարձնել գնորդի վճարած գումարը:

4. Այն դեպքերում, երբ ավտոմատն օգտագործվում է դրամը մանրելու, վճարման նշանները ձեռք բերելու կամ տարադրամ փոխանակելու համար, կիրառվում են մանրածախ առուվաճառքի կանոնները, եթե այլ բան չի բխում պարտավորության էությունից:

Հոդված 515. Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով

1. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ապրանքը գնորդին հասցնելու պայմանով, վաճառողը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքը հասցնել գնորդի նշած վայրը, իսկ եթե ապրանքը հասցնելու վայրը գնորդի կողմից նշված չէ, ապա` քաղաքացի-գնորդի բնակության կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը:

2. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված, ապրանքը գնորդին, իսկ նրա բացակայության դեպքում` ապրանքը տեղ հասցնելը հավաստող անդորրագիր կամ այլ փաստաթուղթ ներկայացնող անձին հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:

3. Եթե ապրանքը գնորդին հանձնելու համար տեղ հասցնելու ժամանակը պայմանագրով որոշված չէ, ապա ապրանքը պետք է տեղ հասցվի գնորդի պահանջն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում:

Հոդված 516. Ապրանքի համար վճարելը

1. Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին վաճառողի հայտարարած գինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից:

2. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է ապրանքի համար վճարել նախապես (հոդված 503), ապա պայմանագրով նախատեսված ժամկետում ապրանքի համար նախապես չվճարելը համարվում է գնորդի կողմից հրաժարում պայմանագիրը կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

3. Ապրանքների ապառիկ, ներառյալ` ապրանքների համար գնորդի կողմից տարաժամկետ վճարելու պայմանով, մանրածախ առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 504 հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնները:

4. Գնորդն իրավունք ունի ապրանքի տարաժամկետ վճարման համար պայմանագրով սահմանված ժամանակահատվածի ցանկացած պահի վճարել դրա համար:

Հոդված 517. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու գնորդի իրավունքը 

(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-115-Ն)

 

1. Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:

2. Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, որոշվում է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

(517-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-115-Ն)

Հոդված 518. Գնորդի իրավունքները նրան անպատշաճ որակի ապրանք վաճառելիս

1. Գնորդը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել`

1) անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով.

2) համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը.

3) անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.

4) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը:

Գնորդն իրավունք ունի պահանջել` փոխարինելու տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում (491 հոդվածի 2-րդ կետ):

2. Այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները թույլ չեն տալիս վերացնել դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջել փոխարինելու նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնելու գինը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնելու փոխարեն գնորդն իրավունք ունի հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով և նրա հաշվին:

4. Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով, ինչպես նաև անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելու հետ կապված իր կատարած ծախսերը:

(518-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

Հոդված 519. Ապրանքը փոխարինելիս, դրա գինն իջեցնելիս և անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնի տարբերությունը հատուցելը

1. Մանրածախ առուվաճառքի պայմանագրին չհամապատասխանող անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել` հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:

2. Անպատշաճ որակի ապրանքը համանման, այլ չափերի, ձևի, տեսակի կամ այլ հատկանիշներ ունեցող պատշաճ որակի ապրանքի հետ փոխարինելիս փոխարինվող ապրանքի և անպատշաճ որակի ապրանքի փոխարեն հանձնվող ապրանքի գների միջև եղած տարբերությունը հատուցվում է:

Եթե վաճառողը գնորդի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:

3. Ապրանքի գինը համաչափորեն իջեցնելու մասին պահանջի դեպքում, հաշվի է առնվում ապրանքի գինն իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե գնորդի պահանջը կամովին չի բավարարել, գինը համաչափորեն իջեցնելու մասին` դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:

4. Վաճառողին անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնորդն իրավունք ունի պահանջել մանրածախ առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա համապատասխան ապրանքի գնի, իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճիռը կայացնելու օրվա գնի միջև տարբերությունը:

Հոդված 520. Վաճառողի պատասխանատվությունը և պարտավորությունը բնեղենով կատարելը

Վաճառողի կողմից մանրածախ առուվաճառքի պայմանագրով պարտավորությունը չկատարելու դեպքում վնասներ հատուցելը և տուժանք վճարելը վաճառողին չեն ազատում պարտավորությունը բնեղենով կատարելու պարտականությունից:

§ 3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Հոդված 521. Մատակարարման պայմանագիրը

1. Մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

2. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 522. Մատակարարման պայմանագիր կնքելիս ծագած տարաձայնությունները կարգավորելը

1. Եթե մատակարարման պայմանագիրը կնքելիս պայմանագրի առանձին պայմանների վերաբերյալ կողմերի միջև ծագել են տարաձայնություններ, պայմանագիր կնքելու առաջարկ արած և մյուս կողմից այդ պայմանների համաձայնեցման վերաբերյալ առաջարկություն ստացած կողմը պարտավոր է այն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պայմանագրի համապատասխան պայմանները համաձայնեցնելու համար կամ մյուս կողմին գրավոր տեղեկացնել պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ համաձայնեցված չէ կողմերի միջև:

2. Պայմանագրի համապատասխան պայմանների վերաբերյալ առաջարկություններ ստացած կողմը, որը միջոցներ չի ձեռնարկել պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մյուս կողմին չի ծանուցել պայմանագիրը կնքելուց իր հրաժարվելու մասին, պարտավոր է հատուցել պայմանագրի պայմանների համաձայնելուց խուսափելու հետևանքով առաջացած վնասները:

Հոդված 523. Ապրանքների մատակարարման փուլերը

1. Այն դեպքում, երբ կողմերը նախատեսել են մատակարարման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ապրանքները մատակարարել առանձին խմբաքանակներով և դրանց մատակարարման ժամկետները (մատակարարման փուլերը) պայմանագրում որոշված չեն, ապա ապրանքները պետք է մատակարարվեն ըստ ամիսների` հավասարաչափ խմբաքանակներով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

2. Պայմանագրով մատակարարման փուլերի հետ մեկտեղ կարող է սահմանվել ապրանքների մատակարարման ժամանակացույց (տասնօրյա, ըստ օրերի, ժամերի և այլն):

3. Ապրանքները կարող են վաղաժամկետ մատակարարվել գնորդի համաձայնությամբ:

Վաղաժամկետ մատակարարված և գնորդի ընդունած ապրանքները հաշվարկվում են հաջորդ փուլում մատակարարման ենթակա ապրանքների քանակի հաշվին:

Հոդված 524. Ապրանքների մատակարարման կարգը

1. Ապրանքների մատակարարումն իրականացվում է մատակարարի կողմից ապրանքները մատակարարման պայմանագրի մյուս կողմին` գնորդին կամ պայմանագրում, որպես ստացող նշված անձին առաքելու (հանձնելու) միջոցով:

2. Այն դեպքում, երբ մատակարարման պայմանագրով նախատեսված է գնորդի իրավունքը` մատակարարին ցուցումներ տալ ապրանքներն ստացողներին առաքելու (հանձնելու) մասին (բեռնման կարգադրագիր), մատակարարն ապրանքները հանձնում է բեռնման կարգադրագրում նշված ստացողներին:

3. Բեռնման կարգադրագրի բովանդակությունը և այն գնորդի կողմից մատակարարին ուղարկելու ժամկետը սահմանվում են պայմանագրով: Եթե բեռնման կարգադրագիր ուղարկելու ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, այն պետք է մատակարարին ուղարկվի մատակարարման փուլն սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ:

4. Գնորդի կողմից բեռնման կարգադրագիրը սահմանված ժամկետում մատակարարին չտրամադրելը վերջինիս իրավունք է տալիս հրաժարվել մատակարարման պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար: Մատակարարն իրավունք ունի նաև պահանջել հատուցելու բեռնման կարգադրագիրը չներկայացնելու հետ կապված վնասները:

Հոդված 525. Ապրանքները տեղ հասցնելը

1. Մատակարարն ապրանքները տեղ է հասցնում մատակարարման պայմանագրով նախատեսված տրանսպորտով և պայմանագրով սահմանված պայմաններով:

2. Այն դեպքերում, երբ պայմանագրում որոշված չէ, թե տրանսպորտի ինչ տեսակով կամ ինչ պայմաններով են ապրանքները տեղ հասցվելու, տրանսպորտի տեսակն ընտրելու կամ ապրանքները տեղ հասցնելու պայմանները որոշելու իրավունքը պատկանում է մատակարարին, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

3. Մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ստանալու (ապրանքների ընտրության) գնորդի (ստացողի) իրավունքը:

Եթե ապրանքների ընտրության ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, գնորդը (ստացողը) ապրանքների ընտրությունը պետք է կատարի ապրանքները պատրաստ լինելու մասին մատակարարի ծանուցումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում:

Հոդված 526. Թերի մատակարարված ապրանքները լրացնելը

1. Մատակարարման առանձին փուլում ապրանքների թերի մատակարարում թույլ տված մատակարարը պարտավոր է հաջորդ փուլում (փուլերում)` պայմանագրի գործողության ժամկետի սահմաններում, լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Այն դեպքում, երբ մատակարարն ապրանքները բեռնում է պայմանագրում կամ գնորդի բեռնման կարգադրագրում նշված մի քանի գնորդների, ստացողներից մեկին պայմանագրով կամ բեռնման կարգադրագրով նախատեսվածի գերազանցմամբ մատակարարված ապրանքները չեն ծածկում մյուս ստացողներին թերի մատակարարվածը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Գնորդն իրավունք ունի, ծանուցելով մատակարարին, հրաժարվել ժամկետանց մատակարարված ապրանքներն ընդունելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Գնորդը պարտավոր է ընդունել մինչև մատակարարի կողմից ծանուցումն ստանալը մատակարարված ապրանքները և վճարել դրանց համար:

Հոդված 527. Ապրանքների տեսականին թերի մատակարարվածը լրացնելիս

1. Ապրանքների տեսականին, որոնց թերի մատակարարումը ենթակա է լրացման, որոշվում է կողմերի համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում մատակարարը պարտավոր է լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակն այդպիսի տեսականիով, որը սահմանվել է այն փուլի համար, որում թույլ է տրվել թերի մատակարարումը:

2. Մեկ անվանման ապրանքների մատակարարումը պայմանագրով նախատեսվածից մեծ քանակով չի հաշվվում որպես նույն տեսականու մեջ մտնող այլ անվանման ապրանքների թերի մատակարարման ծածկում, և թերի մատակարարումը ենթակա է լրացման, բացառությամբ այն դեպքի, երբ նման մատակարարումն իրականացվել է գնորդի նախնական գրավոր համաձայնությամբ:

Հոդված 528. Գնորդի կողմից ապրանքներն ընդունելը

1. Գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:

2. Գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում:

Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:

3. Մատակարարված ապրանքները տրանսպորտային կազմակերպությունից ստանալու դեպքում գնորդը (ստացողը) պարտավոր է ստուգել ապրանքների համապատասխանությունը տրանսպորտային և ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկություններին, ինչպես նաև պահպանել տրանսպորտի գործունեությունը կարգավորող օրենքներով ու այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները:

Հոդված 529. Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը

1. Եթե գնորդը (ստացողը) օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան հրաժարվում է մատակարարի հանձնած ապրանքից, ապա նա պարտավոր է ապահովել այդ ապրանքի պահպանությունը (պատասխանատու պահպանություն) և անհապաղ տեղեկացնել մատակարարին:

2. Մատակարարը պարտավոր է հետ տանել գնորդի (ստացողի) կողմից պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն:

Եթե մատակարարն այդ ժամկետում չի տնօրինում ապրանքը, գնորդն իրավունք ունի իրացնել ապրանքը կամ այն վերադարձնել մատակարարին:

3. Մատակարարը հատուցում է ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ վաճառողին վերադարձնելու հետ կապված` գնորդի կատարած անհրաժեշտ ծախսերը:

Ընդ որում, ապրանքն իրացնելուց ստացված հասույթը տրվում է մատակարարին` գնորդի հասանելիքը հանելով:

4. Այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:

Հոդված 530. Ապրանքներ ընտրելը

1. Եթե պայմանագրով նախատեսված է գնորդի (ստացողի) կողմից ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ընտրելու իրավունք (525 հոդվածի 3-րդ կետ), գնորդը պարտավոր է ապրանքները զննել դրանք հանձնելու վայրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից:

2. Գնորդի (ստացողի) կողմից պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ապրանքները պատրաստ լինելու մասին մատակարարի ծանուցումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, ապրանքները չընտրելը մատակարարին իրավունք է տալիս հրաժարվել պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար:

Հոդված 531. Հաշվարկներ մատակարարված ապրանքների համար

1. Մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը և ձևը: Եթե հաշվարկների կարգը և ձևը որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով:

2. Եթե պայմանագրով նախատեսված է, որ ապրանքների համար վճարում է ստացողը (վճարողը), իսկ վերջինս անհիմն հրաժարվում է վճարելուց կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չի վճարում ապրանքների համար, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու մատակարարված ապրանքների համար:

3. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված կոմպլեկտի մեջ մտնող ապրանքների մատակարարումն իրականացվում է առանձին մասերով, գնորդը վճարում է կոմպլեկտի մեջ մտնող վերջին մասը բեռնելուց (ընտրությունից) հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 532. Տարա և փաթեթ

1. Գնորդը (ստացողը) պարտավոր է մատակարարին վերադարձնել բազմաշրջանառու տարան և փաթեթավորման միջոցները, որոնցով ստացվել է ապրանքը, օրենքով, այլ իրավական ակտերով, դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Այլ տարան, ինչպես նաև ապրանքի փաթեթը մատակարարին վերադարձվում են միայն պայմանագրով նախատեսված դեպքերում:

Հոդված 533. Անպատշաճ որակի ապրանքներ մատակարարելու հետևանքները

1. Գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել սույն օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված պահանջները:

2. Իրեն մատակարարված ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող գնորդը (ստացողը) ողջամիտ ժամկետում իրավունք ունի պահանջել փոխարինելու սպառողի վերադարձրած անպատշաճ որակի ապրանքները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 534. Անկոմպլեկտ ապրանքներ մատակարարելու հետևանքները

1. Գնորդը (ստացողը), ում ապրանքներ են մատակարարվել, պայմանագրի պայմանների, օրենքի, այլ իրավական ակտերի կամ ապրանքների կոմպլեկտայնությանը սովորաբար առաջադրվող պահանջների խախտումով, իրավունք ունի մատակարարին ներկայացնել սույն օրենսգրքի 496 հոդվածով նախատեսված պահանջները:

2. Ապրանքի մանրածախ վաճառք իրականացնող գնորդը (ստացողը) իրավունք ունի ողջամիտ ժամկետում պահանջել սպառողի վերադարձրած անկոմպլեկտ ապրանքները փոխարինելու կոմպլեկտային ապրանքներով, եթե այլ բան նախատեսված չէ մատակարարման պայմանագրով:

Հոդված 535. Գնորդի իրավունքներն ապրանքները թերի մատակարարելու, դրանց թերությունները վերացնելու կամ կոմպլեկտավորելու վերաբերյալ պահանջները չկատարելու դեպքում

1. Եթե մատակարարը չի մատակարարել պայմանագրով նախատեսված քանակի ապրանքներ կամ չի կատարել սահմանված ժամկետում անորակ ապրանքները փոխարինելու կամ ապրանքների կոմպլեկտավորման մասին գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի չմատակարարված ապրանքները ձեռք բերել այլ անձանցից` մատակարարի վրա դնելով դրանք ձեռք բերելու համար իր կատարած բոլոր անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը:

2. Մատակարարի կողմից ապրանքները չմատակարարելու կամ ապրանքների թերությունները չվերացնելու կամ անկոմպլեկտ ապրանքների վերաբերյալ գնորդի պահանջները չկատարելու դեպքերում այլ անձանցից ապրանքներ ձեռք բերելիս` գնորդի ծախսերի հաշվարկը կատարվում է սույն օրենսգրքի 539 հոդվածի 1-ին կետով սահմանված կանոններով:

3. Գնորդը (ստացողը) իրավունք ունի հրաժարվել անպատշաճ որակի և անկոմպլեկտ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե նման ապրանքների համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը մինչև ապրանքների թերությունները և անկոմպլեկտայնությունը վերացնելը կամ դրանք փոխարինելը:

Հոդված 536. Ապրանքները թերի կամ ժամկետանց մատակարարելու համար տուժանքը

Ապրանքները թերի կամ ժամկետանց մատակարարելու համար օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը գանձվում է մատակարարից մինչև պարտավորության փաստացի կատարումն ապրանքների չմատակարարված քանակը մատակարարման հետագա փուլերում լրացնելու նրա պարտականության սահմաններում, եթե տուժանքի գանձման այլ կարգ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 537. Մատակարարման մի քանի պայմանագրերով միատեսակ պարտավորությունները մարելը

1. Այն դեպքերում, երբ մատակարարը գնորդին նույնանուն ապրանքներ է մատակարարում միաժամանակ մի քանի պայմանագրերով, և մատակարարված ապրանքների քանակը բավարար չէ բոլոր պայմանագրերով մատակարարի պարտավորությունները մարելու համար, մատակարարված ապրանքները պետք է հաշվարկվեն մատակարարման ընթացքում կամ մատակարարումից անմիջապես հետո` մատակարարի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:

2. Եթե գնորդը մատակարարին վճարել է մի քանի պայմանագրերով ստացած նույնանուն ապրանքների համար, և վճարված գումարը բավարար չէ բոլոր պայմանագրերով գնորդի պարտավորությունները մարելու համար, ապա վճարված գումարը պետք է հաշվարկվի գնորդի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:

3. Եթե մատակարարը կամ գնորդը չի օգտվել սույն հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետերով իրեն վերապահված իրավունքներից, պարտավորության կատարումը հաշվարկվում է որպես այն պայմանագրով նախատեսված պարտավորության մարում, որի կատարման ժամկետը լրացել է ավելի վաղ: Եթե մի քանի պայմանագրերով պարտավորության կատարման ժամկետը լրացել է միաժամանակ, կատարումը հաշվարկվում է համամասնորեն` որպես բոլոր պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարում:

Հոդված 538. Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելը կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելը

1. Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ):

2. Մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվել գնորդի համար ընդունելի ժամկետում.

2) բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:

3. Գնորդի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

1) բազմիցս խախտվել են ապրանքների համար վճարելու ժամկետները.

2) ապրանքները բազմիցս չեն ընտրվել:

4. Կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:

5. Մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված` այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:

Հոդված 539. Վնասների հաշվարկը պայմանագիրը լուծելիս

1. Եթե գնորդը վաճառողի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո ողջամիտ ժամկետում այլ անձից ավելի բարձր, սակայն ողջամիտ գնով գնել է ապրանք` պայմանագրով նախատեսվածի փոխարեն, ապա նա կարող է վաճառողին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով:

2. Եթե վաճառողը գնորդի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո` ողջամիտ ժամկետում, այլ անձի` պայմանագրով նախատեսվածից ավելի ցածր, սակայն ողջամիտ գնով վաճառել է ապրանք, ապա վաճառողը կարող է գնորդին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով:

3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով պայմանագիրը լուծելուց հետո, լուծված պայմանագրի փոխարեն գործարք չի կնքվել, և եթե տվյալ ապրանքն ունի ընթացիկ գին, կողմը կարող է վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և պայմանագիրը լուծելու պահին ընթացիկ գների միջև տարբերության չափով:

4. Ընթացիկ է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանուն ապրանքի համար այն վայրում, որտեղ պետք է իրականացվեր ապրանքի հանձնումը: Եթե այդ վայրում բացակայում է ընթացիկ գինը, ապա կարող է օգտագործվել այլ վայրում կիրառվող ընթացիկ գինը, որը կարող է ողջամիտ փոխարինիչ ծառայել փոխադրման ծախսերի տարբերության հաշվառմամբ:

5. Սույն հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները բավարարելը պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած կողմին չի ազատում մյուս կողմին պատճառված այլ վնասները հատուցելուց:

§ 4. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 540. Պետական կարիքների համար ապրանքներ մատակարարելու հիմքերը

1. Պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի (այսուհետ` պետական պայմանագիր), ինչպես նաև դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրերի հիման վրա: Պետական կարիքներ են ճանաչվում պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող և օրենքով սահմանված կարգով որոշվող Հայաստանի Հանրապետության պահանջմունքները:

2. Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են մատակարարման պայմանագրի մասին կանոնները (521-538 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ սույն պարագրաֆի կանոններով:

Սույն պարագրաֆով չկարգավորված մասով պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքները:

Հոդված 541. Պետական պայմանագիր

Մատակարարը (կատարողը) պետական պայմանագրով պարտավորվում է ապրանքները հանձնել պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի, իսկ պետական պատվիրատուն պարտավորվում է վճարել մատակարարված ապրանքների համար:

Հոդված 542. Պետական պայմանագիր կնքելու հիմքերը

1. Պետական պայմանագիրը կնքվում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պատվիրատուի պատվերի հիման վրա:

2. Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պատվերը բաշխվում է մրցույթով, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով:

3. Մրցույթում հաղթած մատակարարի (կատարողի) հետ պետական պայմանագիր կնքելը պետական պատվիրատուի համար պարտադիր է:

4. Մատակարարի (կատարողի) համար պետական պայմանագիր կնքելը պարտադիր է միայն օրենքով սահմանված դեպքերում, պայմանով, որ պետական պատվիրատուն հատուցի պետական պայմանագրի կատարման հետ կապված` մատակարարին (կատարողին) պատճառված բոլոր վնասները:

Հոդված 543. Պետական պայմանագիր կնքելու կարգը

1. Պետական պայմանագիրը պետք է կնքվի մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում:

2. Եթե կողմը, որի համար պետական պայմանագիր կնքելը պարտադիր է, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` այդ կողմին պետական պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջով:

Հոդված 544. Պետական պայմանագիր կնքելը

1. Եթե պետական պայմանագրով նախատեսվում է, որ մատակարարը (կատարողը) պետական կարիքների համար ապրանքների մատակարարումն իրականացնում է պետական պատվիրատուի կողմից որոշված գնորդին, ապա պետական պատվիրատուն, պետական պայմանագիրն ստորագրելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, մատակարարին (կատարողին) և գնորդին ծանուցում է վերջինիս տվյալ մատակարարին (կատարողին) կցելու մասին:

Պետական պայմանագրին համապատասխան` պետական պատվիրատուի ծանուցումը մատակարարին (կատարողին) գնորդի կցելու մասին, հիմք է պետական պայմանագիր կնքելու համար:

2. Մատակարարը (կատարողը) պարտավոր է պետական պայմանագրի նախագիծը ծանուցման մեջ նշված գնորդին ուղարկել պետական պատվիրատուի ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե պայմանագրի նախագծի նախապատրաստման այլ կարգ նախատեսված չէ պետական պայմանագրով, կամ գնորդը չի ներկայացրել պայմանագրի նախագիծը:

3. Պետական պայմանագրի նախագիծն ստացած կողմը նախագծի ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում ստորագրում է այն և դրա մեկ օրինակը վերադարձնում մյուս կողմին, իսկ պայմանագրի պայմանների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում այդ նույն ժամկետում կազմում է տարաձայնությունների արձանագրություն և ստորագրված պայմանագրի հետ միասին` այն ուղարկում մյուս կողմին:

4. Պետական պայմանագրի ստորագրված նախագիծը տարաձայնությունների արձանագրության հետ միասին ստացած կողմը պարտավոր է երեսնօրյա ժամկետում քննարկել տարաձայնությունները, միջոցներ ձեռնարկել մյուս կողմի հետ պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և մյուս կողմին տեղեկացնել պայմանագիրը նրա խմբագրությամբ ընդունելու կամ տարաձայնությունների արձանագրությունը մերժելու մասին: Չկարգավորված տարաձայնությունները շահագրգիռ կողմը երեսնօրյա ժամկետում կարող է հանձնել դատարանի քննության:

5. Եթե մատակարարը (կատարողը) խուսափում է պետական պայմանագիր կնքելուց, ապա գնորդն իրավունք ունի դիմել դատարան` մատակարարին (կատարողին) իր նախագծի պայմաններով պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջով:

Հոդված 545. Պետական պայմանագիր կնքելուց գնորդի հրաժարվելը

1. Գնորդն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել ծանուցման մեջ նշված ապրանքներից և դրանց մատակարարման պայմանագիրը կնքելուց:

Այդ դեպքում մատակարարը (կատարողը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել պետական պատվիրատուին և իրավունք ունի նրանից ծանուցում պահանջել այլ գնորդի կցելու մասին:

2. Պետական պատվիրատուն մատակարարի (կատարողի) ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում մատակարարին (կատարողին) ծանուցում է այլ գնորդի կցելու մասին կամ ուղարկում է բեռնման կարգադրագիր` նշելով ապրանքներ ստացողին, կամ տեղեկացնում է ապրանքներն ընդունելու և դրանց համար վճարելու իր համաձայնության մասին:

3. Պետական պատվիրատուի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում մատակարարը (կատարողը) իրավունք ունի պետական պատվիրատուից պահանջել ընդունելու ապրանքները և վճարելու դրանց արժեքը կամ իր հայեցողությամբ, պետական պատվիրատուի հաշվին ողջամիտ ծախսեր կատարելով, իրացնել ապրանքները:

Հոդված 546. Պետական պայմանագիրը կատարելը

1. Այն դեպքերում, երբ պետական պայմանագրի պայմաններին համապատասխան, ապրանքները մատակարարվում են անմիջականորեն պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով (բեռնման կարգադրագրով) այլ անձի (ստացողին), պետական պայմանագրի կատարմանն ուղղված կողմերի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 521-538 հոդվածներով նախատեսված կանոններով:

2. Այն դեպքերում, երբ պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են բեռնման կարգադրագրում նշված ստացողներին, ապրանքների համար վճարում է պետական պատվիրատուն, եթե վճարման այլ կարգ սահմանված չէ պետական պայմանագրով:

Հոդված 547. Պետական պայմանագրով ապրանքների համար վճարելը

1. Պետական պայմանագրերով գնորդներին ապրանքներ մատակարարելու դեպքում գնորդներն ապրանքների համար վճարում են պետական պայմանագրով սահմանված գնով, եթե գնի և հաշվարկման այլ կարգ սահմանված չէ պետական պայմանագրով:

2. Պետական պայմանագրով գնորդի կողմից ապրանքների համար վճարելիս պետական պատվիրատուն գնորդի այդ պարտավորությամբ համարվում է երաշխավոր (375-382 հոդվածներ):

Հոդված 548. Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը

1. Մատակարարին (կատարողին) պետական պայմանագրի կատարման կապակցությամբ պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն` պետական պայմանագրին համապատասխան, ապրանքը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով կամ պետական պայմանագրով:

2. Այն դեպքում, երբ պետական պայմանագրի կատարման կապակցությամբ մատակարարի (կատարողի) կրած վնասները չեն հատուցվում պետական պայմանագրին համապատասխան, մատակարարը (կատարողը) իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու պետական պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով պետական պայմանագիրը լուծվելու դեպքում մատակարարն իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց:

Մատակարարի հրաժարվելու հետևանքով գնորդին պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն:

Հոդված 549. Պետական պատվիրատուի հրաժարվելը պետական պայմանագրով մատակարարված ապրանքներից

1. Օրենքով նախատեսված դեպքերում պետական պատվիրատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել պետական պայմանագրով նախատեսված ապրանքներից` դրա հետևանքով մատակարարին պատճառված վնասները հատուցելու պայմանով:

2. Եթե պետական պատվիրատուի հրաժարվելը պետական պայմանագրով նախատեսված ապրանքներից հանգեցրել է պետական պայմանագրի լուծման կամ փոփոխման, ապա դրա հետևանքով գնորդին պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն:

§ 5. ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Հոդված 550. Էներգամատակարարման պայմանագիր

1. Էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նաև պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը և իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:

2. Սույն օրենսգրքով չկարգավորված` էներգամատակարարման պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են էներգետիկայի ու էներգամատակարարման մասին օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոնները:

Հոդված 551. Էներգամատակարարման պայմանագրի ձևը

Էներգամատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 552. Էներգամատակարարման պայմանագիր կնքելը և դրա ժամկետը երկարաձգելը

1. Էներգամատակարարման պայմանագիրն աբոնենտի հետ կնքվում է նրա մոտ էներգամատակարարող կազմակերպության գծերին միացված ու սահմանված տեխնիկական պահանջները բավարարող էներգաընդունիչ և այլ անհրաժեշտ սարքավորումների առկայության, ինչպես նաև սպառված էներգիայի հաշվառման ապահովվածության դեպքում:

2. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից:

3. Էներգամատակարարման պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով և կարող է փոփոխվել կամ լուծվել սույն օրենսգրքի 558 հոդվածով նախատեսված հիմքերով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

4. Որոշակի ժամկետով կնքված էներգամատակարարման պայմանագիրը երկարաձգված է համարվում նույն ժամկետով և պայմաններով, եթե մինչև դրա գործողության ժամկետի ավարտը կողմերից որևէ մեկը չի հայտնում այն դադարելու կամ փոփոխվելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին:

5. Եթե մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերից մեկն առաջարկում է կնքել նոր պայմանագիր, ապա մինչև նոր պայմանագիր կնքելը կողմերի հարաբերությունները կարգավորվում են նախկին պայմանագրով:

Հոդված 553. Էներգիայի քանակը

1. Էներգամատակարարող կազմակերպությունը պարտավոր է միացված ցանցի միջոցով աբոնենտին մատուցել էներգամատակարարման պայմանագրով նախատեսված քանակով էներգիա` իր ու աբոնենտի միջև համաձայնեցված մատուցման ռեժիմի պահպանմամբ: Էներգամատակարարող կազմակերպության մատուցած և աբոնենտի օգտագործած էներգիայի քանակը որոշվում է դրա փաստացի սպառման հաշվարկի տվյալներին համապատասխան:

2. Էներգամատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել աբոնենտի իրավունքը` փոխել իր կողմից ընդունվող էներգիայի պայմանագրով սահմանված քանակը` էներգամատակարարող կազմակերպությանը պատճառած վնասները հատուցելու պայմանով:

3. Եթե էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, ապա նա իրավունք ունի օգտագործել իր համար խելամտորեն անհրաժեշտ քանակի էներգիա:

(553-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159)

Հոդված 554. Էներգիայի որակը

1. Էներգամատակարարող կազմակերպության մատուցած էներգիայի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտներով և այլ պարտադիր կանոններով սահմանված կամ էներգամատակարարման պայմանագրով նախատեսված պահանջներին:

2. Էներգամատակարարող կազմակերպության կողմից էներգիայի որակին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված կանոնները:

Հոդված 555. Ցանցերը, սարքերը և սարքավորումները պահպանելու ու շահագործելու բաժանորդի պարտականությունը

1. Աբոնենտը պարտավոր է ապահովել շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, պահպանել էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը, ինչպես նաև էներգամատակարարող կազմակերպությանն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելու ժամանակ առաջացած այլ խախտումների մասին:

2. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

3. Էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների տեխնիկական վիճակին ու շահագործմանը վերաբերող պահանջները, ինչպես նաև դրանք պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոններով:

Հոդված 556. Էներգիայի համար վճարելը

1. Աբոնենտը վճարում է էներգիայի հաշվման տվյալներին համապատասխան իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

2. Էներգիայի համար վճարի հաշվարկման կարգը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

Հոդված 557. Ենթաաբոնենտ

1. Էներգամատակարարող կազմակերպությունից միացված ցանցի միջոցով ստացած էներգիան աբոնենտը կարող է փոխանցել այլ անձի (ենթաաբոնենտի) միայն էներգամատակարարող կազմակերպության համաձայնությամբ:

2. Աբոնենտի կողմից ենթաաբոնենտին էներգիա փոխանցելու պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն պարագրաֆի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

3. Էներգիան ենթաաբոնենտին փոխանցելիս էներգամատակարարող կազմակերպության առջև պատասխանատվություն է կրում աբոնենտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 558. Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը

1. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, նա իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` այդ մասին էներգամատակարարող կազմակերպությանը տեղեկացնելու և օգտագործված էներգիայի համար ամբողջությամբ վճարելու պայմանով:

2. Էներգամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի սույն օրենսգրքի 538 հոդվածում նախատեսված հիմքերով միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

3. Էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աբոնենտի էներգետիկ սարքերի անբավարար վիճակը, որը հավաստագրված է էներգետիկ հսկողության պետական մարմնի կողմից, սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և անվտանգության համար: Էներգամատակարարող կազմակերպությունն էներգիայի մատուցումն ընդհատելու, սահմանափակելու կամ դադարեցնելու մասին պարտավոր է նախազգուշացնել աբոնենտին:

4. Առանց աբոնենտի հետ համաձայնեցնելու և նրան նախազգուշացնելու էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն էներգամատակարարող կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով:

(558-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-159)

Հոդված 559. Էներգամատակարարման պայմանագրով պատասխանատվությունը

1. Էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ):

2. Եթե օրենքի կամ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող էներգիայի սպառման ռեժիմի կարգավորման արդյունքում աբոնենտին էներգիա մատուցելիս թույլ է տրվել ընդհատում, էներգամատակարարող կազմակերպությունը, մեղքի առկայության դեպքում, պատասխանատվություն է կրում պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

Հոդված 560. Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ

1. Սույն օրենսգրքի 550-559 հոդվածներով նախատեսված կանոնները կիրառվում են միացված ցանցի միջոցով ջերմային էներգամատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

2. Միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից:

§ 6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հոդված 561. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր

Վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):

Հոդված 562. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի ձևը

1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

2. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 563. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը

1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:

2. Մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար:

Հոդված 564. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիս

1. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

2. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի մասի վաճառքի դեպքում ձեռք բերողին է անցնում հողամասի այն մասի սեփականության իրավունքը, որը նախօրոք առանձնացված է, իսկ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

3. Վաճառողին սեփականության իրավունքով չպատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում նման հողամասի օգտագործման համար օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին:

Այդպիսի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն օգտագործման իրավունք է ձեռք բերում հողամասի համապատասխան մասի նկատմամբ նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կամ ստորաբաժանված շենքերի վրա:

(564-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-238-Ն)

Հոդված 565. Հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հողամասը վաճառելիս

(հոդվածն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-188-Ն)

Հոդված 566. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի առարկան որոշելը

Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ:

Պայմանագրում այդ տվյալների բացակայության դեպքում հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:

Հոդված 567. Անշարժ գույքի գինը դրա վաճառքի պայմանագրում

1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի դրա գինը:

2. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում, կողմերի գրավոր համաձայնեցված գնի մասին պայմանի բացակայության դեպքում, դրա վաճառքի պայմանագիրը համարվում է չկնքված: Ընդ որում, չեն կիրառվում սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված` գնի որոշման կանոնները:

3. Հողամասում գտնվող շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի պայմանագրում սահմանված գինը ներառում է այդ անշարժ գույքի հետ հանձնվող հողամասի համապատասխան մասի կամ դրա նկատմամբ իրավունքների գինը, եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով:

4. Եթե անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի գինը սահմանված է դրա մակերեսի միավորով կամ դրա չափի այլ ցուցանիշով, այդպիսի անշարժ գույքի համար վճարման ենթակա ընդհանուր գինը որոշվում է` ելնելով գնորդին փոխանցվող անշարժ գույքի փաստացի չափից:

Հոդված 568. Անշարժ գույքը հանձնելը

1. Անշարժ գույքը հանձնելը վաճառողի և դրա ընդունելը գնորդի կողմից իրականացվում են փոխանցման ակտի կամ գույքը հանձնելու մասին այլ փաստաթղթի հիման վրա:

2. Անշարժ գույքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այդ գույքը գնորդին հանձնելուց և հանձնելու մասին համապատասխան երկկողմ փաստաթուղթ ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

3. Կողմի խուսափելը պայմանագրով նախատեսված պայմաններով անշարժ գույքի փոխանցման մասին փաստաթուղթն ստորագրելուց համարվում է հրաժարվել վաճառողի կողմից գույքը հանձնելու, իսկ գնորդի կողմից` գույքն ընդունելու պարտականությունը կատարելուց:

4. Գնորդի կողմից անշարժ գույքի վաճառքի պայմանագրի պայմաններին չհամապատասխանող անշարժ գույքի ընդունումը` ներառյալ այն դեպքում, երբ այդպիսի անհամապատասխանությունը նշված է անշարժ գույքի փոխանցման փաստաթղթում, հիմք չէ պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքում վաճառողին պատասխանատվությունից ազատելու համար:

Հոդված 569. Անպատշաճ որակի անշարժ գույքը հանձնելու հետևանքները

Վաճառողի կողմից գնորդին անշարժ գույքի վաճառքի պայմանագրով դրա որակի մասին պայմաններին չհամապատասխանող անշարժ գույքը հանձնելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 491 հոդվածի կանոնները, բացառությամբ գնորդի` անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող ապրանքով փոխարինելու պահանջի իրավունքի մասին դրույթների:

Հոդված 570. Բնակելի տարածությունների վաճառքի առանձնահատկությունները

Բնակելի տան, բնակարանի, բնակելի տան մասի կամ բնակարանի մասի վաճառքի պայմանագրի էական պայման է այն անձանց անվանացանկը, որոնց բնակելի տարածության օգտագործման իրավունքը, մինչև վաճառքի պայմանագիր կնքելը, գրանցված է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 570.1. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները

 

1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով պետք է նշվեն ապագայում ձեռք բերվող անշարժ գույքի տարածքը նույնականացնող տվյալները՝ ըստ կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի, և բնութագրվի անշարժ գույքը հանձնելու ժամանակ դրա ներքին հարդարման վիճակի նկարագիրը։

2. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը պետք է նախատեսի ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը։ Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով կարող է նախատեսվել նաև շուկայական գների տատանումների հիմքով պայմանագրի գնի ինդեքսավորման կարգը: Պայմանագրում գնի մասին պայմանի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Ընդ որում, չեն կիրառվում սույն օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գնի որոշման կանոնները:

3. Եթե կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը սահմանված է դրա մակերեսի միավորով կամ դրա չափի այլ ցուցանիշով (միջհարկային բարձրություն և այլն), ապա սեփականության իրավունքի փոխանցման ակտով գինը որոշվում է` ելնելով շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքի չափագրման տվյալներով գրանցված չափից:

4. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կանխավճարային վճարումները պետք է կատարվեն բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին, որը բացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում, գանձապետարանում կամ նոտարի դեպոզիտ հաշվում՝ որպես ենթահաշիվ: Կառուցապատման հատուկ հաշվի մնացորդի դիմաց վճարման ենթակա տոկոսները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշիվներին և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից:

Շենքի կառուցման ավարտից հետո սեփականության իրավունքի փոխանցման ակտում գնի վճարված լինելու հարցը որոշելիս ստացականով, դրամարկղի մուտքի փաստաթղթով, վկայի ցուցմունքով, հակընդդեմ պարտավորության (ներառյալ՝ գնորդի օգտին հաշվարկված տուժանքի) հաշվանցով հավաստված վճարումները, ինչպես նաև վաճառողի պարտատերերին, մասնակիցներին կատարված վճարումներն անտեսվում են:

5. Գնորդի և կառուցապատողի միջև կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:

6. Կառուցման ընթացքում հողամասի սեփականատիրոջ իրավունքները լրիվ կամ մասնակի այլ կառուցապատողի անցնելու դեպքում բանկում բացված սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվից նոր կառուցապատողի բանկում բացված հատուկ հաշվին են փոխանցվում վերջինիս անցած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող գնորդի կուտակած կանխավճարները՝ գնորդի գրավի իրավունքով ծանրաբեռնված, ինչպես նաև նոր կառուցապատողին են անցնում գանձապետարանում, նոտարի դեպոզիտում սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվում տվյալ գնորդի վճարած միջոցների նկատմամբ իրավունքները: Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնի վճարման գնորդի վճարային պարտավորությունը հողամասի նոր սեփականատիրոջ առջև չի կարող ավել լինել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով սահմանված գնի և նոր սեփականատիրոջ կառուցապատման հատուկ հաշվին փոխանցված կանխավճարների տարբերությունից:

7. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում գնորդն իրավունք ունի կառուցապատողի հատուկ հաշվից հետ պահանջելու վճարած կանխավճարները։ Կառուցապատողն իրավունք ունի հատուկ հաշիվը սպասարկողից պահանջելու, որ վերադարձվող գումարից պահվի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով սահմանված տուժանք, եթե փոխանցման ակտը չկնքվելու կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու հանգամանքների համար պատասխանատու է գնորդը:

8. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու դեպքում գնորդը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել փոխանցման ակտի հարկադիր կնքում կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, եթե իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։

9. Անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով անշարժ գույք գնելու իրավունքը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների նկատմամբ գնորդի իրավունքներով հանդերձ կարող է հատուցմամբ կամ անհատույց օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել այլ անձի համընդհանուր իրավահաջորդության հետևանքով՝ իրավունքների և պարտականությունների առկա ծավալով, այդ մասին տեղեկացնելով կառուցապատողին:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համընդհանուր իրավահաջորդության կարգով կառուցապատողի իրավունքներն ու պարտավորություններն այլ անձանց անցնելու դեպքում (իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի վերակազմակերպում, ֆիզիկական անձ հանդիսացող կառուցապատողի մահ) կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի դրամական միջոցների նկատմամբ իրավունքները կարող են անցնել միայն կառուցապատողի այն իրավահաջորդին, որին անցել են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրով կառուցապատողի պարտավորությունները:

11. Շենքի կառուցման ավարտից հետո կառուցապատողի և գնորդի միջև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումից հետո կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի վճարած առկա միջոցները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշվին և տնօրինվում են կառուցապատողի կողմից:

(570.1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն)

Գ Լ ՈՒ Խ  32

ՌԵՆՏԱ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՌԵՆՏԱՅԻ ՄԱՍԻՆ

Հոդված 571. Ռենտայի պայմանագիր

1. Ռենտայի պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար:

2. Ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ (մշտական ռենտա) կամ ռենտա ստացողի կյանքի ընթացքում (ցմահ ռենտա) ռենտա վճարելու պարտականություն:

Հոդված 572. Ռենտայի պայմանագրի ձևը

1. Ռենտայի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

2. Ռենտայի դիմաց անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 573. Անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը

Ռենտայի վճարի դիմաց անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:

Հոդված 574. Ռենտայի վճարի դիմաց գույքն օտարելը

1. Ռենտայի վճարի դիմաց օտարվող գույքը ռենտա ստացողի կողմից կարող է վճարով կամ անվճար, որպես սեփականություն, հանձնվել ռենտա վճարողին:

2. Եթե ռենտայի պայմանագրով նախատեսվում է գույքը հանձնել վճարով, այն հանձնելու և վճարելու վերաբերյալ կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են առուվաճառքի (գլուխ 31), իսկ գույքն անվճար հանձնելու դեպքում` նվիրատվության պայմանագրի կանոնները (գլուխ 34), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով և չի հակասում ռենտայի պայմանագրի էությանը:

Հոդված 575. Անշարժ գույքը ռենտայով ծանրաբեռնելը

1. Ռենտան ծանրաբեռնում է հողամասը, շենքը, շինությունը կամ դրա վճարի դիմաց հանձնված այլ անշարժ գույք: Ռենտա վճարողի կողմից այդպիսի գույքն օտարելու դեպքում ռենտայի պայմանագրով նրա պարտավորությունները փոխանցվում են գույքը ձեռք բերողին:

2. Ռենտայով ծանրաբեռնված անշարժ գույքն այլ անձի սեփականությանը հանձնած ռենտա վճարողն այդ անձի հետ սուբսիդիար պատասխանատվություն է կրում ռենտա ստացողի պահանջներով, որոնք ծագել են ռենտայի պայմանագիրը խախտելու հետևանքով, եթե այդ պարտավորության համար համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ պայմանագրով:

Հոդված 576. Ռենտայի վճարման ապահովումը

1. Հողամասը կամ այլ անշարժ գույքը ռենտայի դիմաց հանձնելու դեպքում ռենտա ստացողն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում գրավի իրավունք` ի ապահովումն իր հանդեպ ռենտա վճարողի պարտավորության կատարման:

2. Ռենտայի դիմաց դրամական գումարի կամ այլ շարժական գույքի փոխանցում նախատեսող պայմանագրի համար էական է իր պարտավորությունների կատարումն ապահովելու ռենտա վճարողի պարտականությունը (հոդված 368) կամ այդ պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու պատասխանատվության ռիսկը ռենտա ստացողի օգտին ապահովագրելու պարտականությունը սահմանող պայմանը:

3. Ռենտա վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, ինչպես նաև նրա տրամադրած ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման դեպքում, այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն չի կրում ռենտա ստացողը, վերջինս իրավունք ունի լուծել ռենտայի պայմանագիրը և պահանջել հատուցելու պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:

Հոդված 577. Ռենտայի ձևը և չափը

1. Ռենտան վճարվում է դրամով` պայմանագրով սահմանված չափով:

Ռենտան կարող է վճարվել նաև դրա դրամական արժեքին համապատասխանող գույք տրամադրելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու միջոցով:

2. Ռենտայի վճարի չափն աճում է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմանը համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ ռենտայի պայմանագրով:

Հոդված 578. Պատասխանատվությունը ռենտայի վճարի կետանցի համար

Ռենտայի վճարի կետանցի համար ռենտա վճարողը ռենտա ստացողին վճարում է սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները, եթե տոկոսների այլ չափ նախատեսված չէ ռենտայի պայմանագրով:

§ 2. ՄՇՏԱԿԱՆ ՌԵՆՏԱ

Հոդված 579. Մշտական ռենտա ստացողը

1. Մշտական ռենտա ստացողներ կարող են լինել միայն քաղաքացիները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները, եթե դա չի հակասում օրենքին և համապատասխանում է նրանց գործունեության նպատակներին:

2. Մշտական ռենտայի պայմանագրով ռենտա ստացողի իրավունքները սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կարող են փոխանցվել պահանջի զիջման միջոցով կամ անցնել ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով` իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 580. Մշտական ռենտա վճարելու ժամկետները

Մշտական ռենտան վճարվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի վերջում, եթե այլ բան նախատեսված չէ մշտական ռենտայի պայմանագրով:

Հոդված 581. Մշտական ռենտայի հետգնման իրավունքը

1. Մշտական ռենտայի վճարողն իրավունք ունի այն հետ գնել:

2. Ռենտա վճարելու պարտավորությունը չի դադարում մինչև ռենտա ստացողին հետգնման ամբողջ գումարը վճարելը, եթե հետգնման այլ կարգ նախատեսված չէ պայմանագրով:

3. Մշտական ռենտայի պայմանագրի` հետգնման իրավունքից վճարողի հրաժարվելու մասին պայմանն առոչինչ է:

4. Պայմանագրով կարող է նախատեսվել, որ մշտական ռենտայի հետգնման իրավունքը չի կարող իրականացվել ռենտա ստացողի կենդանության օրոք կամ այլ ժամկետի ընթացքում:

Հոդված 582. Մշտական ռենտայի հետգնումը ռենտա ստացողի պահանջով

Մշտական ռենտա ստացողն իրավունք ունի վճարողից պահանջել հետ գնելու ռենտան, եթե`

1) ռենտա վճարողն ավելի քան մեկ տարի կետանցել է ռենտայի վճարը, եթե այլ բան նախատեսված չէ մշտական ռենտայի պայմանագրով.

2) ռենտա վճարողը խախտել է ռենտայի վճարումն ապահովելու իր պարտավորությունները (հոդված 576).

3) առաջացել են հանգամանքներ, որոնք ակնհայտ վկայում են, որ ռենտան չի կարող վճարվել պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում.

4) ռենտայի վճարի դիմաց հանձնված անշարժ գույքն անցել է ընդհանուր սեփականության կամ բաժանվել է մի քանի անձանց միջև.

5) պայմանագրով նախատեսված են այլ դեպքեր:

Հոդված 583. Մշտական ռենտայի հետգնման գինը

1. Սույն օրենսգրքի 581 և 582 հոդվածներով նախատեսված դեպքերում մշտական ռենտան հետ է գնվում մշտական ռենտայի պայմանագրով որոշված գնով:

2. Մշտական ռենտայի պայմանագրում, որով գույքը վճարով հանձնվել է մշտական ռենտայի դիմաց, հետգնման գնի մասին պայմանի բացակայության դեպքում գույքը հետ է գնվում ռենտայի տարեկան գումարին համապատասխան գին վճարելու միջոցով:

3. Մշտական ռենտայի պայմանագրում, որով գույքն անվճար հանձնվել է մշտական ռենտայի վճարի դիմաց, գնի մասին պայմանի բացակայության դեպքում, հետգնման գնի մեջ ռենտայի դիմաց վճարի տարեկան գումարի հետ ներառվում է հանձնված գույքի` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված կանոններով որոշվող գինը:

Հոդված 584. Մշտական ռենտայի վճարի դիմաց հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը

1. Մշտական ռենտայի դիմաց անվճար հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է ռենտա վճարողը:

2. Մշտական ռենտայի դիմաց վճարով հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի դեպքում վճարողն իրավունք ունի պահանջել դադարեցնելու ռենտա վճարելու պարտավորությունը կամ փոփոխելու այն վճարելու պայմանները:

§ 3. ՑՄԱՀ ՌԵՆՏԱ

Հոդված 585. Ցմահ ռենտա ստացողը

1. Ցմահ ռենտան կարող է սահմանվել ռենտայի վճարման դիմաց գույքը հանձնած քաղաքացու կամ նրա մատնանշած այլ քաղաքացու կյանքի ամբողջ ժամանակահատվածի համար:

2. Թույլատրվում է ցմահ ռենտա սահմանել հօգուտ մի քանի քաղաքացիների, որոնց բաժինները ռենտա ստանալու իրավունքում ճանաչվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով:

3. Ռենտա ստացողներից մեկի մահվան դեպքում ռենտա ստանալու իրավունքում նրա բաժինն անցնում է կենդանի մնացած ռենտա ստացողներին, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով: Ռենտա վճարելու պարտավորությունը դադարում է վերջին ռենտա ստացողի մահվամբ:

4. Պայմանագիրը կնքելու պահին մահացած քաղաքացու օգտին ցմահ ռենտա սահմանող պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 586. Ցմահ ռենտա վճարելու ժամկետները

Ցմահ ռենտան վճարվում է յուրաքանչյուր օրացուցային ամսվա ավարտից հետո, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով:

Հոդված 587. Ցմահ ռենտայի պայմանագրի լուծումը ռենտա ստացողի պահանջով

1. Ռենտա վճարողի կողմից ցմահ ռենտայի պայմանագրի էական խախտման դեպքում ռենտա ստացողն իրավունք ունի ռենտա վճարողից պահանջել հետ գնելու ռենտան` սույն օրենսգրքի 583 հոդվածով նախատեսված պայմաններով կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

2. Եթե ցմահ ռենտայի վճարի դիմաց բնակարանը, բնակելի տունը կամ այլ գույքն օտարվել է անվճար, ռենտա վճարողի կողմից պայմանագրի էական խախտման դեպքում ռենտա ստացողն իրավունք ունի պահանջել վերադարձնելու այդ գույքը` դրա արժեքը հաշվանցելով ռենտայի հետգնման գնի հաշվին:

Հոդված 588. Ցմահ ռենտայի դիմաց հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը

Ցմահ ռենտայի դիմաց հանձնված գույքի պատահական կորուստը կամ պատահական վնասվածքը ռենտա վճարողին չի ազատում ցմահ ռենտայի պայմանագրով նախատեսված պայմաններով այն վճարելու պարտավորությունից:

Գ Լ ՈՒ Խ  33

ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոդված 589. Փոխանակության պայմանագիր

1. Փոխանակության պայմանագրով կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին, որպես սեփականություն, հանձնել ապրանք այլ ապրանքի փոխարեն:

2. Փոխանակության պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են առուվաճառքի մասին կանոնները (գլուխ 31), եթե դա չի հակասում սույն գլխի դրույթներին և փոխանակության էությանը: Ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը համարվում է այն ապրանքի վաճառողը, որը նա պարտավորվում է հանձնել, և այն ապրանքի գնորդը, որը նա պարտավորվում է փոխանակությամբ ընդունել:

Հոդված 590. Փոխանակության պայմանագրով գները և ծախսերը

1. Փոխանակման ենթակա ապրանքները ենթադրվում են համարժեք, իսկ դրանք հանձնելու և ընդունելու ծախսերը յուրաքանչյուր դեպքում իրականացնում է այն կողմը, որը կրում է համապատասխան պարտականությունները, եթե այլ բան չի բխում փոխանակության պայմանագրից:

2. Այն դեպքում, երբ փոխանակության պայմանագրին համապատասխան փոխանակվող ապրանքները ճանաչվում են անհամարժեք, կողմը, որը պարտավոր է հանձնել այն ապրանքը, որի գինը ցածր է մյուս կողմի` փոխանակության ներկայացրած ապրանքի գնից, պարտավոր է իր պարտականությունը կատարելուց առաջ կամ հետո վճարել գների տարբերությունը, եթե վճարման այլ կարգ սահմանված չէ պայմանագրով:

Հոդված 591. Փոխանակության պայմանագրով ապրանք հանձնելու պարտավորության հանդիպական կատարումը

Եթե փոխանակության պայմանագրին համապատասխան փոխանակվող ապրանքները հանձնելու ժամկետները չեն համընկնում, ապա կողմի, որը պետք է ապրանքը հանձնի մյուս կողմից ապրանք ստանալուց հետո, պարտավորության կատարման նկատմամբ կիրառվում են պարտավորության հանդիպական կատարման կանոնները (հոդված 367):

Հոդված 592. Փոխանակվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելը

Փոխանակվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է փոխանակության պայմանագրով որպես գնորդներ հանդես եկող կողմերին` նրանց կողմից համապատասխան ապրանքը հանձնելու պարտավորությունը կատարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխանակության պայմանագրով:

Հոդված 593. Պատասխանատվությունը փոխանակության պայմանագրով ձեռք բերված ապրանքն առգրավելիս

Կողմը, որից երրորդ անձն առգրավել է փոխանակության պայմանագրով ձեռք բերված ապրանքը, սույն օրենսգրքի 477 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի մյուս կողմից պահանջել վերադարձնելու փոխանակման հետևանքով ստացած ապրանքը և (կամ) հատուցելու վնասները:

Գ Լ ՈՒ Խ  34

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 594. Նվիրատվության պայմանագիր

1. Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա’մ իրեն, կա’մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: Այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 306 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:

2. Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:

3. Իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրելու` առանց գույքի, իրավունքի կամ պարտականությունից ազատելու տեսքով նվիրատվության կոնկրետ առարկան նշելու խոստումը, առոչինչ է:

4. Նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիրն առոչինչ է:

Նման տեսակի նվիրատվության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` ժառանգման մասին կանոնները:

Հոդված 595. Նվիրատվության պայմանագրի ձևը

1. Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 596. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը

Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:

Հոդված 597. Նվերն ընդունելուց նվիրառուի հրաժարվելը

1. Նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված:

2. Նվերն ընդունելուց հրաժարվելը պետք է կատարվի նվիրատվության պայմանագրի համար սահմանված ձևով: Այն դեպքում, երբ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, նվերն ընդունելուց հրաժարվելը նույնպես ենթակա է պետական գրանցման:

3. Նվիրատուն իրավունք ունի նվիրառուից պահանջել հատուցելու նվերն ընդունելուց հրաժարվելու հետևանքով իրեն պատճառված իրական վնասը:

Հոդված 598. Նվիրատվությունն արգելելը

Արգելվում է`

1) մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.

2) պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.

3) առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.

4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:

(598-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-12-Ն)

Հոդված 599. Նվիրատվության սահմանափակումները

1. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` սույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

2. Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի փոխարեն նրա պարտականությունների կատարմամբ նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնների պահպանմամբ:

3. Երրորդ անձանց հանդեպ նվիրատուին պատկանող պահանջի իրավունքի նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 397-401, 403 և 404 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:

4. Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի պարտքը նվիրատուին փոխանցելու միջոցով նվիրատվությունը կատարվում է սույն օրենսգրքի 406 և 407 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:

5. Ներկայացուցչին տրված նվիրատվության կատարման լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է:

Հոդված 600. Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելը

1. Նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:

2. Նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց` այն հիմունքներով, որոնք իրեն իրավունք են տալիս վերացնել նվիրատվությունը (601 հոդվածի 1-ին կետ):

3. Նվիրատուի հրաժարվելը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով նվիրատվության պայմանագիրը կատարելուց, նվիրառուին իրավունք չի տալիս պահանջել վնասների հատուցում:

Հոդված 601. Նվիրատվությունը վերացնելը

1. Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:

2. Եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն նվիրատուի ժառանգները:

3. Նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվությունը, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար իրենից ոչ գույքային մեծ արժեք է ներկայացնում, դրա անդառնալի կորստի սպառնալիք է ստեղծում:

4. Դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով, կարող է վերացնել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կատարած նվիրատվությունը:

5. Նվիրատվության պայմանագրում կարող է սահմանվել նվիրատվությունը վերացնելու` նվիրատուի իրավունքը, եթե նա նվիրառուից ավելի երկար ապրի:

6. Նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրատուի նվիրած գույքը, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին:

Հոդված 602. Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելու և նվիրատվությունը վերացնելու սահմանափակումները

Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելու (հոդված 600) և նվիրատվությունը վերացնելու (հոդված 601) կանոնները չեն կիրառվում փոքրարժեք նվերների նկատմամբ:

Հոդված 603. Նվիրված գույքի թերություններով պատճառված վնասի հետևանքները

Նվիրված գույքի թերությունների հետևանքով նվիրառուի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը հատուցում է նվիրատուն` սույն օրենսգրքի 60 գլխի կանոններին համապատասխան, եթե ապացուցվում է, որ այդ թերություններն առաջացել են մինչև գույքը նվիրառուին հանձնելը, չեն դասվում բացահայտների թվին, և նվիրատուն, դրանց մասին իմանալով, չի նախազգուշացրել նվիրառուին:

Հոդված 604. Իրավահաջորդությունը նվիրատվություն խոստանալիս

1. Նվիրառուի, ում նվիրատվության պայմանագրով խոստացվել է նվեր, իրավունքները չեն փոխանցվում նրա ժառանգներին (իրավահաջորդներին), եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով:

2. Նվիրատվություն խոստացած նվիրատուի պարտականությունները փոխանցվում են նրա ժառանգներին (իրավահաջորդներին), եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով:

Հոդված 605. Նվիրաբերություն

1. Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:

Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին:

2. Նվիրաբերությունն ընդունելու համար որևէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում:

3. Նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան:

4. Նվիրաբերությունը որոշակի նպատակով օգտագործելու համար ընդունած իրավաբանական անձը, պետք է վարի նվիրաբերված գույքի օգտագործման բոլոր գործառնությունների առանձնացված հաշվարկ:

5. Եթե իրադրության փոփոխման հետևանքով նվիրաբերված գույքի օգտագործումը նվիրաբերողի սահմանած նպատակին համապատասխան դառնում է անհնար, այն կարող է օգտագործվել այլ նպատակով միայն նվիրաբերողի համաձայնությամբ, իսկ նվիրաբերող քաղաքացու մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում` դատարանի վճռով:

6. Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում:

7. Նվիրաբերության նկատմամբ չի կիրառվում սույն օրենսգրքի 604 հոդվածը:

ԵՐՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Գ Լ ՈՒ Խ  35

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 606. Վարձակալության պայմանագիր

Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

Հոդված 607. Վարձակալած գույքի պտուղները, արտադրանքը և եկամուտները

Վարձակալած գույքի օգտագործման արդյունքում վարձակալի ստացած պտուղները, արտադրանքը և եկամուտները նրա սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 608. Վարձակալության օբյեկտները

1. Վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք):

Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է:

2. Օրենքով կարող են սահմանվել հողամասերը և մեկուսի բնական այլ օբյեկտները վարձակալության հանձնելու առանձնահատկությունները:

3. Վարձակալության պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք թույլ են տալիս որոշակիորեն սահմանել այն գույքը, որը որպես վարձակալության օբյեկտ հանձնվում է վարձակալին: Պայմանագրում այդպիսի տվյալների բացակայության դեպքում վարձակալության օբյեկտի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:

Հոդված 609. Վարձատու

1. Գույքը վարձակալության հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը:

2. Վարձատուներ կարող են լինել նաև գույքը վարձակալության հանձնելու համար օրենքով կամ սեփականատիրոջ կողմից լիազորված անձինք:

3. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատու կարող է լինել բանկը կամ օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած մասնագիտացված կազմակերպությունը:

(609-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-362-Ն) 

Հոդված 610. Վարձակալության պայմանագրի ձևը

1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

3. Գույքի վարձակալության պայմանագիրը, որը նախատեսում է հետագայում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին (հոդված 627), կնքվում է այդպիսի գույքի առուվաճառքի պայմանագրի համար նախատեսված ձևով:

Հոդված 611. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Հոդված 612. Վարձակալության պայմանագրի ժամկետը

1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:

2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:

3. Oրենքով կարող են սահմանվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության պայմանագրի առավելագույն ժամկետներ: Եթե պայմանագրում վարձակալության ժամկետը որոշված չէ, և կողմերից որևէ մեկը մինչև օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալը չի հրաժարվել պայմանագրից, ապա առավելագույն ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը դադարում է:

Oրենքով սահմանված առավելագույն ժամկետը գերազանցող ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը համարվում է առավելագույն ժամկետին հավասար ժամկետով կնքված:

(612-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05 ՀՕ-238-Ն)

Հոդված 613. Գույքը վարձակալին տրամադրելը

1. Վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին տրամադրել վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում:

2. Գույքը վարձակալության է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Եթե այդպիսի պատկանելիքները և փաստաթղթերը չեն հանձնվել, իսկ վարձակալը առանց դրանց չի կարող գույքն օգտագործել իր նշանակությանը համապատասխան կամ զգալի չափով զրկվում է այն բանից, ինչը կարող էր ակնկալել պայմանագիրը կնքելիս, նա կարող է վարձատուից պահանջել իրեն տրամադրելու պատկանելիքներն ու փաստաթղթերը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած վնասները:

3. Եթե վարձատուն վարձակալության պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում այդպիսի ժամկետ սահմանված չէ` ողջամիտ ժամկետում, վարձակալին չի տրամադրել վարձակալության հանձնված գույքը, վարձակալը, սույն օրենսգրքի 414 հոդվածին համապատասխան, իրավունք ունի նրանից պահանջել տրամադրելու այդ գույքը և հատուցելու կատարման ձգձգման հետևանքով իրեն պատճառված վնասները, կամ պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու պայմանագիրը չկատարելու հետևանքով իրեն պատճառված վնասները:

Հոդված 614. Վարձատուի պատասխանատվությունը վարձակալության հանձնված գույքի թերությունների համար

1. Վարձատուն պատասխանատվություն է կրում վարձակալության հանձնված գույքի օգտագործմանը լրիվ կամ մասնակիորեն խոչընդոտող թերությունների համար, եթե նույնիսկ վարձակալության պայմանագիրը կնքելիս նա չի իմացել այդ թերությունների մասին:

Այդպիսի թերություններ հայտնաբերելիս վարձակալը, իր ընտրությամբ, իրավունք ունի`

1) վարձատուից պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ համաչափորեն իջեցնելու վարձավճարը, կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերը.

2) վարձատուին նախապես տեղեկացնելով` վարձավճարից պահել տվյալ թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերի գումարը.

3) պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը:

2. Վարձակալի պահանջների կամ վարձատուի հաշվին գույքի թերությունները վերացնելու նրա մտադրության մասին ծանուցված վարձատուն կարող է վարձակալին հանձնված գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման գույքով կամ անհատույց վերացնել գույքի թերությունները:

3. Եթե վարձակալի պահանջները բավարարելը կամ վարձավճարի հաշվին թերությունները վերացնելու համար նրա կատարած ծախսերը պահելը չի ծածկում վարձակալին պատճառված վնասները, նա իրավունք ունի պահանջել հատուցելու վնասների չծածկված մասը:

4. Վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի այն թերությունների համար, որոնք նա նշել է պայմանագիրը կնքելիս, կա’մ նախապես հայտնի են եղել վարձակալին, կա’մ պետք է վարձակալի կողմից հայտնաբերվեին գույքը զննելիս կա’մ պայմանագիր կնքելիս, կա’մ գույքը վարձակալության հանձնելիս դրա սարքինությունն ստուգելիս:

Հոդված 615. Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները

1. Գույքը վարձակալության հանձնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

2. Վարձակալության պայմանագիրը կնքելիս վարձատուն պարտավոր է վարձակալին նախազգուշացնել վարձակալության հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին: Վարձատուի կողմից այդ պարտականությունը չկատարելը, վարձակալին իրավունք է տալիս պահանջել նվազեցնելու վարձավճարը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

Հոդված 616. Վարձավճար

1. Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը):

Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:

2. Վարձավճարը սահմանվում է վարձակալության հանձնված ամբողջ գույքի կամ դրա յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի վերաբերյալ`

1) պարբերաբար կամ միաժամանակ վճարվող որոշակի կայուն գումարով.

2) վարձակալված գույքն օգտագործելու արդյունքում ստացված արտադրանքի, պտուղների կամ եկամուտների համար սահմանված բաժնով.

3) վարձակալի կողմից որոշակի ծառայություններ մատուցելով.

4) վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված գույքը վարձատուի սեփականությանը կամ վարձակալությանը հանձնելով.

5) վարձակալված գույքը բարելավելու համար պայմանագրով նախատեսված ծախսերը վարձակալի վրա դնելով:

Կողմերը վարձակալության պայմանագրով կարող են նախատեսել վարձավճարի մատնանշված ձևերի համակցություն կամ դրա այլ ձևեր:

3. Վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կարող են նախատեսվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության համար վարձավճարի չափի վերանայման նվազագույն ժամկետներ:

4. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, վարձակալն իրավունք ունի պահանջել նվազեցնելու վարձավճարի չափը, եթե, հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում, վարձակալության պայմանագրով նախատեսված օգտագործման պայմանները կամ գույքի վիճակը վատթարացել են:

5. Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում վարձատուն իրավունք ունի նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

Հոդված 617. Վարձակալած գույքն օգտագործելը

1. Վարձակալը պարտավոր է վարձակալված գույքն օգտագործել վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ եթե այդ պայմանները որոշված չեն, ապա` գույքի նշանակությանը համապատասխան:

2. Եթե վարձակալը գույքից օգտվում է վարձակալության պայմանագրի պայմաններին կամ գույքի նշանակությանն անհամապատասխան, վարձատուն իրավունք ունի պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

Հոդված 618. Կողմերի պարտականությունները վարձակալած գույքի պահպանության համար

1. Վարձատուն պարտավոր է իր հաշվին կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարձակալության պայմանագրով:

Հիմնական վերանորոգումը կատարվում է պայմանագրով որոշված ժամկետում, իսկ եթե պայմանագրով այն որոշված չէ կամ առաջացել է անհետաձգելի անհրաժեշտությամբ, ապա` ողջամիտ ժամկետում:

Վարձատուի կողմից հիմնական վերանորոգում կատարելու պարտականության խախտումը վարձակալին իրավունք է տալիս իր ընտրությամբ`

1) կատարել պայմանագրով նախատեսված կամ անհետաձգելի անհրաժեշտությամբ ծագած հիմնական վերանորոգում և վարձակալից պահանջել վերանորոգման արժեքը կամ դա հաշվարկել վարձավճարի հաշվին.

2) պահանջել համապատասխան չափով նվազեցնելու վարձավճարը.

3) պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

2. Վարձակալը պարտավոր է գույքը պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրա ընթացիկ վերանորոգումը և կրել գույքը պահպանելու ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ վարձակալության պայմանագրով:

Հոդված 619. Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում

1. Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:

(619-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Հոդված 620. Ենթավարձակալության պայմանագիրը

1. Վարձակալն իրավունք ունի վարձակալած գույքը հանձնել ենթավարձակալության, վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել այլ անձի, վարձակալած գույքը հանձնել անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքը գրավ դնել կամ որպես ավանդ ներդնել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով: Նշված դեպքերում, բացառությամբ ենթավարձակալության, վարձատուի առջև պայմանագրով պատասխանատվություն է կրում վարձակալը:

2. Ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի մասին կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Հոդված 621. Ենթավարձակալության պայմանագրի դադարելը վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելիս

1. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու հետ միասին դադարում է նաև դրան համապատասխան կնքված ենթավարձակալության պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով: Այդ դեպքում վարձատուն իրավունք ունի, ենթավարձակալության պայմանագրին համապատասխան, ենթավարձակալի օգտագործման տակ գտնվող գույքի վարձակալության պայմանագիր կնքել նրա հետ, ենթավարձակալության մնացած ժամկետի սահմաններում` դադարած վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան պայմաններով:

2. Եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով վարձակալության պայմանագիրը համարվում է առոչինչ, ապա առոչինչ է համարվում նաև դրան համապատասխան կնքված ենթավարձակալության պայմանագիրը:

Հոդված 622. Պայմանագրի վաղաժամկետ լուծումը վարձատուի պահանջով

Վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը`

1) գույքն օգտագործել է պայմանագրի պայմանների կամ գույքի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.

2) էականորեն վատթարացրել է գույքի վիճակը.

3) պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո պարբերաբար կամ անընդմեջ երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը.

4) վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետներում, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, չի կատարել գույքի հիմնական վերանորոգում այն դեպքերում, երբ, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, հիմնական վերանորոգում կատարելը վարձակալի պարտականությունն է:

Սույն օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վարձակալության պայմանագրով կարող են սահմանվել վարձատուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

(622-րդ հոդվածը խմբ. 09.02.17 ՀՕ-39-Ն)

Հոդված 623. Պայմանագրի վաղաժամկետ լուծումը վարձակալի պահանջով

Վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով, դատարանով կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

1) վարձատուն վարձակալի օգտագործմանը չի տրամադրել գույքը կամ խոչընդոտներ է ստեղծել գույքը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.

2) վարձակալին հանձնված գույքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին վարձատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել վարձակալին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս, գույքը զննելիս կամ դրա սարքինությունն ստուգելիս.

3) վարձատուն վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետներում, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, չի կատարել գույքի հիմնական վերանորոգման իր պարտականությունը.

4) հանգամանքների բերումով, որոնց համար վարձակալը պատասխանատու չէ, գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

Սույն օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վարձակալության պայմանագրով կարող են սահմանվել պայմանագիրը վարձակալի պահանջով վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

Հոդված 624. Նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելը

1. Նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելիս դրա պայմանները կողմերի համաձայնությամբ կարող են փոփոխվել:

2. Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):

Հոդված 625. Վարձակալած գույքը վարձատուին վերադարձնելը

1. Վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:

2. Եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Եթե նման վճարը լիովին չի մարում վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը:

3. Եթե վարձակալած գույքը ժամանակին չվերադարձնելու համար պայմանագրով նախատեսված է տուժանք, վնասները կարող են գանձվել տուժանքից զատ ամբողջ արժեքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 626. Վարձակալած գույքի բարելավումները

1. Վարձակալած գույքից վարձակալի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

2. Եթե վարձակալն իր միջոցների հաշվին և վարձատուի համաձայնությամբ կատարել է վարձակալած գույքից անբաժանելի բարելավումներ` առանց դրան վնաս պատճառելու, պայմանագիրը դադարելուց հետո վարձակալն իրավունք ունի հատուցում ստանալ այդ բարելավումների արժեքի չափով, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

3. Վարձակալի կողմից առանց վարձատուի համաձայնության վարձակալած գույքից կատարած անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

4. Վարձակալած գույքի ամորտիզացիոն միջոցների հաշվին կատարված ինչպես բաժանելի, այնպես էլ անբաժանելի բարելավումները համարվում են վարձատուի սեփականությունը:

Հոդված 627. Վարձակալած գույքը գնելը

1. Օրենքով կամ վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալած գույքը, վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով:

2. Եթե վարձակալության պայմանագրում նախատեսված չէ վարձակալած գույքը գնելու պայման, այն կարող է սահմանվել կողմերի լրացուցիչ համաձայնությամբ, որոնք իրավունք ունեն պայմանավորվել` նախապես մուծված վարձավճարը գնի մեջ հաշվարկելու մասին:

3. Օրենքով կարող են սահմանվել վարձակալած գույքը գնելու արգելքներ:

Հոդված 628. Վարձակալության առանձին տեսակների և գույքի առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները

Վարձակալության պայմանագրի առանձին տեսակների և գույքի առանձին տեսակների վարձակալության պայմանագրերի (վարձույթ, տրանսպորտային միջոցների վարձակալություն, շենքերի և շինությունների վարձակալություն, բնակելի տարածության վարձակալություն, ֆինանսական վարձակալություն) նկատմամբ կիրառվում են սույն պարագրաֆի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ այդ պայմանագրերի մասին սույն օրենսգրքի կանոններով:

§ 2. ՎԱՐՁՈՒՅԹ

Հոդված 629. Վարձույթի պայմանագիրը

1. Վարձույթի պայմանագրով, որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք:

Վարձույթի պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:

2. Վարձույթի պայմանագիրը կնքվում է գրավոր:

3. Վարձույթի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):

Հոդված 630. Վարձույթի պայմանագրի ժամկետը

1. Վարձույթի պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով:

2. Վարձույթի պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում վարձակալության պայմանագիրն անորոշ ժամկետով վերսկսելու կանոնները:

3. Վարձակալն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել վարձույթի պայմանագրից:

Հոդված 631. Գույքը վարձակալին տրամադրելը

Վարձույթի պայմանագիր կնքող վարձատուն պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձով տրվող գույքի սարքինությունը, ինչպես նաև վարձակալին ծանոթացնել գույքի շահագործման կանոններին կամ նրան հանձնել այդ գույքի օգտագործման մասին գրավոր հրահանգներ:

Հոդված 632. Վարձակալության հանձնված գույքի թերությունները վերացնելը

1. Վարձակալի կողմից վարձակալության հանձնված գույքից օգտվելուն ամբողջությամբ կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս, վարձատուն պարտավոր է թերությունների մասին վարձակալի դիմելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ վարձույթի պայմանագրով, տեղում անհատույց վերացնել գույքի թերությունները կամ այդ գույքը փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման այլ գույքով:

2. Եթե վարձակալած գույքի թերությունները վարձակալի կողմից գույքը շահագործելու և պահպանելու կանոնները խախտելու հետևանք են, ապա վարձակալը վարձատուին վճարում է գույքը վերանորոգելու և տեղափոխելու արժեքը:

Հոդված 633. Վարձույթի պայմանագրով վարձավճարը

1. Վարձույթի պայմանագրով վարձավճարը սահմանվում է պարբերաբար կամ միանվագ մուծվող որոշակի կայուն գումարի տեսքով:

2. Վարձակալի կողմից գույքը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում վարձատուն նրան է վերադարձնում ստացած վարձավճարի համապատասխան մասը` այն հաշվարկելով գույքը փաստացի վերադարձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հոդված 634. Վարձակալած գույքն օգտագործելը

1. Վարձույթի պայմանագրով վարձատուն պարտավոր է կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգում:

2. Վարձույթի պայմանագրով արգելվում են վարձակալին հանձնված գույքը ենթավարձակալության հանձնելը, իր իրավունքները և պարտականություններն այլ անձի փոխանցելը, այդ գույքն անհատույց օգտագործման տրամադրելը, վարձակալության իրավունքների գրավը, և դրանք, որպես գույքային ավանդ, տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների կանոնադրական կապիտալում մուծելը:

§ 3. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ` ԴՐԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Հոդված 635. Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր

1. Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով (ժամկետով ֆրախտ) վարձատուն վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը ու իր ուժերով ծառայություններ է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար:

2. Անձնակազմով տրանսպորտի միջոցի վարձակալության պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում վարձակալության պայմանագիրն անորոշ ժամկետով վերսկսելու մասին կանոնները:

Հոդված 636. Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ձևը

Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 637. Տրանսպորտային միջոցը պահպանելու վարձատուի պարտականությունը

Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում վարձատուն պարտավոր է ապահովել վարձակալության հանձնված տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակը: Այդ պարտականությունը ներառում է տրանսպորտային միջոցի ընթացիկ և հիմնական վերանորոգումն ու անհրաժեշտ պատկանելիքներ տրամադրելը:

Հոդված 638. Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում

1. Վարձակալին մատուցվող` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման վարձատուի ծառայությունները պետք է ապահովեն դրա բնականոն և անվտանգ շահագործումը պայմանագրում նշված վարձակալության նպատակներին համապատասխան: Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել վարձակալին մատուցվող ծառայությունների ավելի լայն շրջանակ:

2. Տրանսպորտային միջոցի անձնակազմը և նրա որակավորումը պետք է համապատասխանեն կողմերի համար պարտադիր կանոնների պահանջներին ու պայմանագրի պայմաններին, իսկ եթե կողմերի համար պարտադիր կանոններով այդպիսի պահանջներ չեն սահմանվել, ապա` տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի շահագործման սովորական պահանջներին ու պայմանագրի պայմաններին:

3. Անձնակազմի անդամները համարվում են վարձատուի աշխատողներ: Նրանք ենթարկվում են կառավարմանը և տեխնիկական շահագործմանը վերաբերող` վարձատուի կարգադրություններին ու տրանսպորտային միջոցի առևտրային շահագործմանը վերաբերող` վարձակալի կարգադրություններին:

4. Անձնակազմի անդամների ծառայությունները վճարում է վարձատուն, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:

Հոդված 639. Տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման հետ կապված ծախսերը վճարելու վարձակալի պարտականությունը

Վարձակալը վճարում է տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման կապակցությամբ առաջացած ծախսերը` ներառյալ վառելիքի ու շահագործման ընթացքում օգտագործվող մյուս նյութերի ծախսերը, ինչպես նաև տուրքերը, եթե այլ բան նախատեսված չէ անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:

Հոդված 640. Տրանսպորտային միջոցն ապահովագրելը

Տրանսպորտային միջոցն ապահովագրելու և (կամ) այն շահագործելու հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատվությունն ապահովագրելու պարտականությունը վարձատուի վրա է դրվում այն դեպքերում, եթե այդպիսի ապահովագրությունը պարտադիր է օրենքի կամ պայմանագրի ուժով, եթե այլ բան նախատեսված չէ անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:

Հոդված 641. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը

1. Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի տրանսպորտային միջոցը հանձնել ենթավարձակալության, եթե անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Վարձակալը, վարձակալված տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման շրջանակներում, իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության պայմանագրում նշված` տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներին, իսկ եթե այդպիսի նպատակներ չեն սահմանվել, ապա` տրանսպորտային միջոցի նշանակությանը:

Հոդված 642. Պատասխանատվությունը տրանսպորտային միջոցին պատճառված վնասի համար

Վարձակալված տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասվածքի դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին հատուցել պատճառված վնասը, եթե վերջինս ապացուցում է, որ տրանսպորտային միջոցի վնասվածքը կամ կորուստը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնց համար օրենքին կամ վարձակալության պայմանագրին համապատասխան, պատասխանատվություն է կրում վարձակալը:

Հոդված 643. Պատասխանատվությունը տրանսպորտային միջոցով պատճառված վնասի համար

Վարձակալված տրանսպորտային միջոցով, դրա մեխանիզմներով և սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար, սույն օրենսգրքի 60 գլխով նախատեսված կանոններին համապատասխան, պատասխանատվություն է կրում վարձատուն: Նա իրավունք ունի երրորդ անձանց վճարած գումարը հատուցելու մասին վարձակալին հետադարձ պահանջ ներկայացնել, եթե ապացուցում է, որ վնասը ծագել է վարձակալի մեղքով:

Հոդված 644. Տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները

Կառավարման և տեխնիկական շահագործման ծառայությունների մատուցմամբ տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները, բացի սույն պարագրաֆում նախատեսվածներից, կարող են սահմանվել օրենքով:

2. ԱՌԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 645. Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր

1. Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով վարձատուն վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը` առանց նրան կառավարման ու տեխնիկական շահագործման համար ծառայություններ մատուցելու:

2. Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը վերսկսելու մասին կանոնները:

Հոդված 646. Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ձևը

Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 647. Վարձակալի` տրանսպորտային միջոցը պահպանելու պարտականությունը

Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում վարձակալը պարտավոր է ապահովել վարձակալած տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակը: Այդ պարտականությունը ներառում է դրա ընթացիկ և հիմնական վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 648. Վարձակալի` տրանսպորտային միջոցի կառավարման, առևտրային և տեխնիկական շահագործման պարտականությունները

Վարձակալն իր ուժերով իրականացնում է վարձակալած տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչպես նաև դրա առևտրային և տեխնիկական շահագործումը:

Հոդված 649. Վարձակալի` տրանսպորտային միջոցը պահպանելու հետ կապված ծախսերը վճարելու պարտականությունը

Վարձակալը կրում է վարձակալած տրանսպորտային միջոցը պահպանելու, այն ապահովագրելու` ներառյալ իր պատասխանատվությունն ապահովագրելու, ինչպես նաև այն շահագործելու հետ կապված ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:

Հոդված 650. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը

1. Վարձակալն իրավունք չունի վարձակալված տրանսպորտային միջոցն առանց վարձատուի համաձայնության հանձնել ենթավարձակալության, եթե այլ բան նախատեսված չէ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:

2. Վարձակալն իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության պայմանագրում նշված` տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներին, իսկ եթե այդպիսի նպատակներ չեն սահմանվել` տրանսպորտային միջոցի նշանակությանը:

Հոդված 651. Պատասխանատվությունը տրանսպորտային միջոցով պատճառված վնասի համար

Վարձակալված տրանսպորտային միջոցով, նրա մեխանիզմներով և սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար, սույն օրենսգրքի 60 գլխի կանոններին համապատասխան, պատասխանատվությունը կրում է վարձակալը:

Հոդված 652. Տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները

Առանց կառավարման և տեխնիկական շահագործման ծառայության մատուցման տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները, բացի սույն պարագրաֆում նախատեսվածներից, կարող են սահմանվել օրենքով:

§ 4. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 653. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիր

Վարձակալության պայմանագրով շենքի կամ շինության վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել շենք կամ շինություն:

Հոդված 654. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրի ձևը

1. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 655. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը

Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Հոդված 656. Հողամասի նկատմամբ իրավունքը դրա վրա գտնվող շենքի կամ շինության վարձակալության դեպքում

1. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով դրա տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման հետ միաժամանակ վարձակալին են փոխանցվում հողամասի այն մասի նկատմամբ իրավունքները, որն զբաղեցված է այդ շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:

2. Այն դեպքում, երբ վարձատուն այն հողամասի սեփականատերն է, որի վրա գտնվում է վարձակալության հանձնվող շենքը կամ շինությունը, հողամասի համապատասխան մասի նկատմամբ վարձակալին տրամադրվում է վարձակալության իրավունք կամ շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով նախատեսված այլ իրավունք:

Եթե հողամասի նկատմամբ վարձակալին փոխանցվող իրավունքը սահմանված չէ պայմանագրով, շենքի կամ շինության վարձակալության ժամկետով նրան է անցնում հողամասի այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:

3. Վարձատուին սեփականության իրավունքով չպատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության վարձակալությունը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում այդպիսի հողամասի օգտագործման` օրենքով կամ հողամասի սեփականատիրոջ հետ պայմանագրով սահմանված պայմաններին:

Հոդված 657. Շենքի կամ շինության վարձակալի` հողամասի օգտագործման իրավունքը պահպանվելը հողամասը վաճառելիս

Այն դեպքում, երբ հողամասը, որի վրա գտնվում է վարձակալված շենքը կամ շինությունը, վաճառվում է այլ անձի, այդ շենքի կամ շինության վարձակալը պահպանում է հողամասի այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է այն օգտագործելու համար մինչև գործող պայմաններով հողամասի վաճառքը:

Հոդված 658. Վարձավճարի չափը

1. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը պետք է նախատեսի վարձավճարի չափ: Վարձավճարի չափի մասին պայմանի բացակայության դեպքում շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը համարվում է չկնքված: Այս դեպքում չեն կիրառվում սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված` գնի որոշման կանոնները:

2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրում սահմանված` շենքի կամ շինության օգտագործման վարձավճարը ներառում է հողամասի, որի վրա այն ամրակայված է, կամ դրա հետ մեկտեղ հանձնվող հողամասի համապատասխան մասի օգտագործման վճարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

3. Այն դեպքում, երբ շենքի կամ շինության վարձավճարը պայմանագրում սահմանված է շենքի (շինության) տարածքի միավորի կամ դրա չափերի այլ ցուցանիշով, վարձավճարը որոշվում է` ելնելով վարձակալին հանձնված շենքի կամ շինության փաստացի չափերից:

Հոդված 659. Շենքը կամ շինությունը վարձակալության հանձնելը

1. Շենքը կամ շինությունը վարձատուի կողմից հանձնելը և վարձակալի կողմից դրա ընդունելն իրականացվում է փոխանցման ակտով կամ փոխանցման մասին` կողմերի ստորագրած այլ փաստաթղթով:

Շենքը կամ շինությունը հանձնելու վարձատուի պարտավորությունը համարվում է կատարված այն վարձատուի տիրապետմանը կամ օգտագործմանը տրամադրելուց և հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթը կողմերի ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով:

Պայմանագրով նախատեսված պայմաններով շենքը կամ շինությունը հանձնելու մասին փաստաթուղթն ստորագրելուց կողմերից մեկի խուսափելը համարվում է հրաժարում համապատասխանաբար վարձատուի կողմից գույքը հանձնելու կամ վարձակալի կողմից այն ընդունելու պարտականության կատարումից:

2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալված շենքը կամ շինությունը պետք է վերադարձվի վարձատուին` սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված կանոնների պահպանմամբ:

§ 5. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 660. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիր

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով մի կողմը` բնակելի տարածության սեփականատերը կամ նրա լիազորած անձը (վարձատուն), պարտավորվում է վճարի դիմաց մյուս կողմի (վարձակալի) տիրապետմանը և օգտագործմանը հանձնել բնակելի տարածություն:

Հոդված 661. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի օբյեկտը

1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի օբյեկտ կարող է լինել մշտական բնակության համար պիտանի բնակելի տարածությունը (բնակարանը, բնակելի տունը, բնակարանի կամ բնակելի տան մասը):

2. Բազմաբնակարան տներում բնակելի տարածության վարձակալը բնակելի տարածության օգտագործման հետ մեկտեղ, իրավունք ունի օգտվել սույն օրենսգրքի 224 հոդվածում նշված գույքից:

Հոդված 662. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ձևը

1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 663. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Հոդված 664. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պահպանվելը բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելիս

Զբաղեցված բնակելի տարածության նկատմամբ վարձակալության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այդ դեպքում նոր սեփականատերը վարձատու է դառնում նախկինում կնքված վարձակալության պայմանագրի պայմաններով:

(664-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Հոդված 665. Բնակելի տարածության վարձատուի պարտականությունները

1. Վարձատուն պարտավոր է վարձակալին տրամադրել ազատ բնակելի տարածություն` բնակության համար պիտանի վիճակում:

2. Վարձատուն պարտավոր է պատշաճ շահագործել այն բնակելի տարածությունը, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վճարի դիմաց մատուցել անհրաժեշտ կոմունալ ծառայություններ կամ ապահովել դրանց մատուցումը, վերանորոգել բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքը և կոմունալ ծառայություններն ապահովող սարքավորումները:

Հոդված 666. Բնակելի տարածության վարձակալը

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով` վարձակալ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:

Հոդված 667. Բնակելի տարածության վարձակալի պարտականությունները

1. Վարձակալը պարտավոր է ապահովել բնակելի տարածության պահպանությունը և այն պահպանել պատշաճ վիճակում:

2. Վարձակալն իրավունք չունի առանց վարձատուի համաձայնության կատարել բնակելի տարածության վերակառուցում և վերափոխում:

3. Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել բնակելի տարածության վարձակալության վճարը: Վարձակալը պարտավոր է վճարել կոմունալ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 668. Այլ քաղաքացիներին մշտապես բնակեցնելը

1. Բնակելի տարածությունում, վարձակալի համաձայնությամբ, կարող են մշտապես բնակեցվել այլ քաղաքացիներ:

2. Վարձակալը վարձատուի առջև պատասխանատվություն է կրում իր հետ մշտապես բնակվող քաղաքացիների բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմանները խախտող գործողությունների համար:

Հոդված 669. Ժամանակավոր բնակիչները

1. Վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն թույլատրել բնակելի տարածությունում անհատույց բնակվելու ժամանակավոր բնակիչների:

Վարձակալը վարձատուի առջև պատասխանատվություն է կրում ժամանակավոր բնակիչների գործողությունների համար:

2. Ժամանակավոր բնակիչները պարտավոր են բնակելի տարածությունն ազատել նրանց հետ համաձայնեցված բնակության ժամկետի ավարտից հետո, իսկ եթե նման ժամկետ համաձայնեցված չէ, ապա` վարձակալի կամ նրա հետ մշտապես բնակվող ցանկացած քաղաքացու նման պահանջի ներկայացման օրվանից յոթ օրվա ընթացքում:

Հոդված 670. Վարձակալության հանձնված բնակելի տարածության վերանորոգումը

1. Վարձակալության հանձնված բնակելի տարածության ընթացիկ վերանորոգումը վարձակալի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:

2. Վարձակալության հանձնված բնակելի տարածության հիմնական վերանորոգումը վարձատուի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:

3. Բնակելի տան, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վերասարքավորումն առանց վարձակալի համաձայնության չի թույլատրվում, եթե նման վերասարքավորումն էականորեն փոփոխում է բնակելի տարածության օգտագործման պայմանները:

Հոդված 671. Բնակելի տարածության վարձակալության վճարը

1. Բնակելի տարածության վարձակալության վճարի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:

2. Բնակելի տարածության վարձակալության վճարի չափի միակողմանի փոփոխում չի թույլատրվում, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերի:

3. Բնակելի տարածության վարձակալության վճարը վարձակալը պետք է մուծի ամեն ամիս, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:

Հոդված 672. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը

1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:

2. Եթե բնակելի տարածության վարձակալության ժամկետը պայմանագրով որոշված չէ, պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված:

Հոդված 673. Բնակելի տարածության ենթավարձակալությունը

1. Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրով վարձակալը, վարձատուի համաձայնությամբ, իր վարձակալած ամբողջ տարածությունը կամ դրա մասը ժամկետով հանձնում է ենթավարձակալի օգտագործմանը: Ենթավարձակալը ձեռք չի բերում բնակելի տարածության օգտագործման ինքնուրույն իրավունք: Ենթավարձակալի գործողությունների համար վարձատուի առջև պատասխանատվություն է կրում վարձակալը:

2. Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը հատուցելի է:

3. Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրի ժամկետը չի կարող գերազանցել բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը:

4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում միաժամանակ դադարում է բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը:

Հոդված 674. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրում վարձակալին փոխարինելը

1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրում վարձակալը, վարձատուի համաձայնությամբ, կարող է փոխարինվել վարձակալի հետ մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներից որևէ մեկով:

2. Վարձակալի մահվան դեպքում պայմանագիրը շարունակում է գործել նույն պայմաններով, իսկ վարձակալ դառնում է նախկին վարձակալի հետ մշտապես բնակվող քաղաքացիներից մեկը` մյուսների ընդհանուր գրավոր համաձայնությամբ: Եթե նման համաձայնություն չի կայացվել, բնակելի տարածությունում մշտապես բնակվող բոլոր քաղաքացիները դառնում են համավարձակալներ:

Հոդված 675. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը

1. Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:

2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`

1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.

2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:

3. Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:

4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել դատական կարգով`

1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում.

2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

(675-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն)

Հոդված 676. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման հետևանքները

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման դեպքում վարձակալը և պայմանագրի լուծման պահին բնակելի տարածությունում բնակվող մյուս քաղաքացիները դատարանի վճռի հիման վրա ենթակա են վտարման բնակելի տարածությունից:

§ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (ԼԻԶԻՆԳ)

Հոդված 677. Ֆինանսական վարձակալության պայմանագիր

1. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով` վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար:

2. Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն:

3. Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալված գույքը, վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

4. Ֆինանսական վարձակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները սահմանվում են ֆինանսական վարձակալության (լիզինգի) մասին օրենքով:

(677-րդ հոդվածը փոփ. 29.05.02 ՀՕ-362-Ն)

Հոդված 678. Ֆինանսական վարձակալության պայմանագրի ձևը

1. Ֆինանսական վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

2. Անշարժ գույքի ֆինանսական վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 679. Անշարժ գույքի ֆինանսական վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը

Անշարժ գույքի ֆինանսական վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Հոդված 680. Ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան

Ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք:

(680-րդ հոդվածը փոփ. 29.05.02 ՀՕ-362-Ն)

Հոդված 681. Գույքը վարձակալության հանձնելու մասին վաճառողին ծանուցելը

Վարձատուն, վարձակալի համար գույք ձեռք բերելիս, պետք է վաճառողին ծանուցի, որ գույքը նախատեսված է որոշակի անձի վարձակալության հանձնելու համար:

Հոդված 682. Ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան վարձակալին հանձնելը

1. Ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան վաճառողի կողմից հանձնվում է անմիջականորեն վարձակալին` վերջինիս գտնվելու վայրում, եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով:

2. Այն դեպքում, երբ ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան վարձակալին չի հանձնվել պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում ժամկետ նշված չէ` ողջամիտ ժամկետում, վարձակալն իրավունք ունի, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում վարձատուն, պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

Հոդված 683. Գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը վարձակալին անցնելը

Վարձակալված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը վարձակալին է անցնում վարձակալված գույքը նրան հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով:

Հոդված 684. Վաճառողի և վարձատուի պատասխանատվությունը(վերնագիրը լրաց. 20.05.02 ՀՕ-351-Ն)

1. Վարձակալն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու և վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնել նրա և վարձատուի միջև կնքված առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, վարձակալը ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները և կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրն առանց վարձատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:

Վարձակալը և վարձատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365):

2. Եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, վարձատուն վարձակալի առջև պատասխանատվություն չի կրում առուվաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է վարձատուի վրա: Վերջին դեպքում վարձակալն իրավունք ունի իր ընտրությամբ առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնել ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ վարձատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում վարձակալի առջև:

3. Եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, ապա վարձատուն վարձակալի առջև պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի թերությունների համար՝ գույքը վարձակալին փոխանցելուց հետո:

(684-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-351-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.