ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 46-50

Գ Լ ՈՒ Խ  46

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

Հոդված 877. Փոխառության պայմանագիր

1. Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

2. Օտարերկրյա արժույթը և արժութային արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են փոխառության պայմանագրի առարկա լինել սույն օրենսգրքի 142, 143 և 356 հոդվածների կանոնների պահպանմամբ:

Հոդված 878. Փոխառության պայմանագրի ձևը

1. Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

3. Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 879. Փոխառության պայմանագրի տոկոսները

1. Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

2. Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

3. Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս` դրանում ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե`

1) քաղաքացիների միջև փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով և այն կապված չէ կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.

2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք:

(879-րդ հոդվածը խմբ. 20.03.06 ՀՕ-41-Ն)

Հոդված 880. Փոխառուի` փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը

1. Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ:

Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով:

3. Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

(880-րդ հոդվածը լրաց. 17.06.08 ՀՕ-126-Ն)

Հոդված 881. Փոխառուի կողմից փոխառության պայմանագիրը խախտելու հետևանքները

1. Եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:

Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

2. Եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:

Հոդված 882. Փոխառության պայմանագիրը վիճարկելը

1. Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

2. Վկաների ցուցմունքների միջոցով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով:

3. Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:

Հոդված 883. Փոխառուի պարտավորության ապահովման կորստի հետևանքները

Փոխառուի կողմից փոխառության պայմանագրով նախատեսված փոխառության գումարը վերադարձնելու պարտավորության ապահովման պարտականությունները չկատարելու, ինչպես նաև նման ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման այնպիսի հանգամանքներում, որոնց համար փոխատուն պատասխանատվություն չի կրում, վերջինս իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 884. Նպատակային փոխառություն

1. Եթե փոխառության պայմանագիրը կնքված է փոխառուի կողմից ստացված միջոցները որոշակի նպատակների համար օգտագործելու պայմանով (նպատակային փոխառություն), փոխառուն պարտավոր է ապահովել փոխառության գումարի նպատակային օգտագործման նկատմամբ փոխատուի վերահսկողության հնարավորությունը:

2. Փոխառուի կողմից փոխառության գումարի նպատակային օգտագործման մասին փոխառության պայմանագրի պայմանը չկատարելու, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 885. Պետական փոխառության պայմանագիր

1. Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը:

2. Պետական փոխառությունները կամավոր են:

3. Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը:

4. Շրջանառության մեջ թողարկված փոխառության պայմանների փոփոխություն չի թույլատրվում:

5. Պետական փոխառության պայմանագրի մասին կանոնները համապատասխանաբար կիրառվում են համայնքների թողարկած փոխառությունների նկատմամբ:

Հոդված 886. Փոխառության պարտավորությամբ պարտքի նորացումը

1. Կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ:

2. Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով (հոդված 878):

 

Հոդված 886.1. Ստորադաս փոխառություն

 

Փոխառության պայմանագրով, այդ թվում` պարտատոմսերի թողարկման և վաճառքի պայմաններով, կարող է նախատեսվել, որ փոխառուի լուծարման դեպքում փոխատուի պահանջները ենթակա են բավարարման փոխառուի մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո (ստորադաս փոխառություն):

(886.1-ին հոդվածը լրաց. 28.02.11 ՀՕ-55-Ն)

Գ Լ ՈՒ Խ  47

ՎԱՐԿ

Հոդված 887. Վարկային պայմանագիր

1. Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

2. Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

(887-րդ հոդվածը փոփ. 05.12.00 ՀՕ-116)

Հոդված 888. Վարկային պայմանագրի ձևը

Վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր:

Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 889. Վարկ տրամադրելուց կամ ստանալուց հրաժարվելը

1. Այնպիսի հանգամանքների առկայությամբ, որոնք ակնհայտ վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, վարկատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուին տրամադրելուց:

2. Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկի նպատակային օգտագործման պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 884) վարկատուն իրավունք ունի հրաժարվել վարկառուին վարկավորելուց:

3. Վարկառուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկն ստանալուց` այդ մասին մինչև պայմանագրով սահմանված վարկ տրամադրելու ժամկետը ծանուցելով վարկատուին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարկային պայմանագրով:

Հոդված 890. Ապրանքային վարկ

1. Կողմերը կարող են կնքել պայմանագիր, որը նախատեսում է մի կողմի պարտականությունը` մյուս կողմին տրամադրել տեսակային հատկանիշներով որոշվող գույք (ապրանքային վարկի պայմանագիր): Նման պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով և չի բխում պարտավորությունների էությունից:

2. Տրամադրվող գույքի քանակի, տեսականու, կոմպլեկտայնության, որակի, տարայի և (կամ) փաթեթի վերաբերյալ պայմանները պետք է կատարվեն գույքի առուվաճառքի պայմանագրի մասին կանոններին համապատասխան (481-501 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ ապրանքային վարկի պայմանագրով:

Հոդված 891. Առևտրային վարկ

1. Այն պայմանագրերով, որոնց կատարելը կապված է դրամական գումարը կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքը մյուս կողմի սեփականության հանձնելու հետ, կարող է նախատեսվել վարկի տրամադրում` ներառյալ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կանխավճարի, նախավճարի, դրանք ժամկետանց կամ տարաժամկետ վճարելու ձևերով (առևտրային վարկ), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Առևտրային վարկի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի պայմաններով, որից ծագել է համապատասխան պարտավորությունը, և չի հակասում նման պարտավորության էությանը:

Գ Լ ՈՒ Խ  48

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ (ՖԱԿՏՈՐԻՆԳ)

Հոդված 892. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր

1. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից` երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:

Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդը կարող է ֆինանսական գործակալին զիջել նաև վերջինիս հանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

2. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով ֆինանսական գործակալի պարտավորությունները կարող են ներառել հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը, ինչպես նաև հաճախորդին` զիջման առարկա համարվող դրամական պահանջների հետ կապված այլ ֆինանսական ծառայություններ մատուցելը:

3. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 893. Ֆինանսական գործակալ

Որպես ֆինանսական գործակալ` դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրեր կարող են կնքել բանկերը և այլ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև նման տեսակի գործունեության իրականացման թույլտվություն (լիցենզիա) ունեցող այլ առևտրային կազմակերպությունները:

Հոդված 894. Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը

1. Տրամադրված ֆինանսավորման համար զիջման առարկա կարող է լինել ինչպես այն դրամական պահանջը, որի վճարման ժամկետը վրա է հասել (ներկա պահանջ), այնպես էլ դրամական միջոցներ ստանալու` ապագայում ծագելիք իրավունքը (ապագա պահանջ):

Զիջման առարկա դրամական պահանջը ֆինանսական գործակալի հետ հաճախորդի կնքած պայմանագրում պետք է որոշվի այնպես, որ հնարավորություն ընձեռվի նույնացնել գոյություն ունեցած պահանջը պայմանագիրը կնքելու, իսկ ապագա պահանջը` ոչ ուշ, քան այն ծագելու պահին:

2. Ապագա դրամական պահանջի զիջման դեպքում այն համարվում է ֆինանսական գործակալին փոխանցված` պայմանագրով նախատեսված պահանջի զիջման առարկա դրամական միջոցները պարտապանից ստանալու իրավունքը ծագելուց հետո: Եթե դրամական պահանջի զիջումը պայմանավորված է որոշակի իրադարձությամբ, այն ուժի մեջ է մտնում այդ իրադարձությունը վրա հասնելուց հետո:

Այդ դեպքերում դրամական պահանջի զիջման համար լրացուցիչ ձևակերպում չի պահանջվում:

Հոդված 895. Հաճախորդի պատասխանատվությունը ֆինանսական գործակալի հանդեպ

1. Հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն է կրում զիջման առարկա դրամական պահանջն իրական լինելու համար, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:

2. Զիջման առարկա դրամական պահանջը համարվում է իրական, եթե հաճախորդն օժտված է դրամական պահանջի փոխանցման իրավունքով, և այդ պահանջի զիջման պահին նրան հայտնի չեն այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով պարտապանն իրավունք ունի չկատարել պահանջը:

3. Հաճախորդը պատասխանատվություն չի կրում ֆինանսական գործակալի կողմից զիջման առարկա համարվող պահանջը պարտապանի կատարմանը ներկայացնելու դեպքում, վերջինիս կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի և ֆինանսական գործակալի միջև կնքված պայմանագրով:

Հոդված 896. Դրամական պահանջի զիջման արգելքի անվավերությունը

1. Ֆինանսական գործակալին դրամական պահանջի զիջումը վավեր է, եթե նույնիսկ դրա արգելքի կամ սահմանափակման մասին համաձայնություն գոյություն ունի հաճախորդի և նրա պարտապանի միջև:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթը հաճախորդին չի ազատում պարտապանի հանդեպ պահանջի զիջման հետ կապված և նրանց միջև դրա արգելքի կամ սահմանափակման մասին եղած համաձայնությամբ նախատեսված պարտավորության խախտման համար պատասխանատվությունից:

Հոդված 897. Դրամական պահանջին հաջորդող զիջում

1. Ֆինանսական գործակալի կողմից դրամական պահանջին հաջորդող զիջում չի թույլատրվում, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:

2. Այն դեպքում, երբ պայմանագրով թույլատրվում է դրամական պահանջին հաջորդող զիջում, դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի դրույթները:

Հոդված 898. Պարտապանի կողմից ֆինանսական գործակալի դրամական պահանջը կատարելը

1. Պարտապանը պարտավոր է ֆինանսական գործակալին վճարել` պայմանով, եթե նա հաճախորդից կամ ֆինանսական գործակալից գրավոր ծանուցում է ստացել դրամական պահանջը տվյալ ֆինանսական գործակալին զիջելու մասին, և այդ ծանուցման մեջ սահմանված է կատարման ենթակա դրամական պահանջը, ինչպես նաև նշված է այն ֆինանսական գործակալը, ում պետք է վճարվի:

2. Պարտապանի խնդրանքով ֆինանսական գործակալը պարտավոր է ողջամիտ ժամկետում նրան ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, պարտապանն իրավունք ունի տվյալ պահանջով վճարել հաճախորդին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած իր պարտավորության:

3. Ֆինանսական գործակալի հանդեպ պարտապանի կողմից դրամական պահանջը սույն հոդվածի կանոններին համապատասխան կատարելը պարտապանին ազատում է հաճախորդի առջև համապատասխան պարտավորությունից:

Հոդված 899. Ֆինանսական գործակալի իրավունքները պարտապանից ստացած գումարների նկատմամբ

1. Եթե դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրի պայմաններով հաճախորդի ֆինանսավորումը կատարում է ֆինանսական գործակալը` հաճախորդից այդ պահանջը գնելու միջոցով, ֆինանսական գործակալն իրավունք է ձեռք բերում այն ամբողջ գումարի նկատմամբ, որը նա պահանջը կատարելու համար ստանալու է պարտապանից, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ վերջինիս ստացած գումարը պակաս է եղել այն գնից, որով գործակալը ձեռք է բերել պահանջը:

2. Եթե ֆինանսական գործակալին դրամական պահանջը զիջվել է նրա առջև հաճախորդի պարտավորության կատարման ապահովման նպատակով, և այլ բան նախատեսված չէ պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով, ֆինանսական գործակալը պարտավոր է հաճախորդին հաշվետվություն ներկայացնել ու նրան հանձնել հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարը գերազանցող մասը: Եթե պարտապանից ֆինանսական գործակալի ստացած դրամական միջոցները պակաս են ֆինանսական գործակալի հանդեպ հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարից, հաճախորդն իր պարտքի մնացորդի համար պատասխանատվություն է կրում ֆինանսական գործակալի առջև:

Հոդված 900. Պարտապանի հանդիպական պահանջները

1. Ֆինանսական գործակալի կողմից վճարման պահանջով պարտապանին դիմելու դեպքում պարտապանն իրավունք ունի, սույն օրենսգրքի 426-428 հոդվածներին համապատասխան, հաշվանցի ներկայացնել հաճախորդի հետ կնքված պայմանագրի վրա հիմնված իր դրամական պահանջները, որոնք պարտապանն ուներ այն ժամանակ, երբ ինքը ծանուցում էր ստացել պահանջը ֆինանսական գործակալին զիջելու մասին:

2. Պահանջները, որոնք պարտապանը կարող էր ներկայացնել հաճախորդին` կապված վերջինիս կողմից պահանջի զիջման արգելքի կամ սահմանափակման մասին համաձայնության հետ, ֆինանսական գործակալի հետ ունեցած հարաբերություններում ուժ չունեն:

Հոդված 901. Ֆինանսական գործակալի ստացած գումարները պարտապանին վերադարձնելը

1. Հաճախորդի կողմից պարտապանի հետ կնքված պայմանագրով իր պարտավորությունները խախտելու դեպքում պարտապանն իրավունք չունի ֆինանսական գործակալից պահանջել վերադարձնելու վերջինիս անցած պահանջով արդեն իսկ վճարված գումարները, եթե պարտապանն իրավունք ունի նման գումարներ ստանալ անմիջականորեն հաճախորդից:

2. Պահանջի զիջման արդյունքում ֆինանսական գործակալին վճարված գումարներն անմիջականորեն հաճախորդից պահանջելու իրավունք ունեցող պարտապանը, այդուհանդերձ, իրավունք ունի այդ գումարները պահանջել ֆինանսական գործակալից, եթե ապացուցում է, որ վերջինս հաճախորդին չի վճարել պահանջի զիջման դիմաց կամ վճարել է` իմանալով հաճախորդի կողմից պարտապանի հանդեպ թույլ տրված այն պարտավորության խախտման մասին, որին վերաբերում է պահանջի զիջման հետ կապված վճարը:

Գ Լ ՈՒ Խ  49

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ

Հոդված 902. Բանկային ավանդի պայմանագիր

1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից:

2. Բանկային ավանդի պայմանագիրը, որով ավանդատուն քաղաքացի է, հրապարակային պայմանագիր է (հոդված 442):

3. Ավանդ մուծված հաշվով բանկի և ավանդատուի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի պայմանագրի մասին կանոնները (50 գլուխ), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով կամ չի բխում բանկային ավանդի պայմանագրի էությունից:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.06.15 ՀՕ-87-Ն)

4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաև այն վարկային կազմակերպությունների նկատմամբ, որոնք, օրենքին համապատասխան, ավանդներ (դեպոզիտներ) են ընդունում իրավաբանական անձանցից:

(570-րդ հոդվածը փոփ. 19.06.15 ՀՕ-87-Ն)

Հոդված 903. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը

1. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք ունեն այն բանկերը, որոնց նման իրավունք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան:

2. Նման իրավունք չունեցող անձի կողմից քաղաքացուց ավանդ ընդունելու կամ օրենքով կամ դրան համապատասխան ընդունված բանկային կանոններով սահմանված կարգի խախտմամբ այն ընդունելու դեպքում, ավանդատուն կարող է պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդի գումարը, ինչպես նաև վճարելու սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները և տոկոսների գումարից բացի` հատուցելու ավանդատուին պատճառված վնասները:

Եթե նման անձը բանկային ավանդի պայմաններով դրամական միջոցներ է ընդունել իրավաբանական անձից, ապա նման պայմանագիրն անվավեր է (հոդված 305):

3. Եթե այլ բան սահմանված չէ օրենքով, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ կատարվել է`

1) քաղաքացիների և իրավաբանական անձանց դրամական միջոցների ներգրավում` նրանց ապօրինի թողարկված բաժնետոմսեր և այլ արժեթղթեր վաճառելու միջոցով.

2) քաղաքացիների դրամական միջոցների ներգրավում ավանդներում, մուրհակի կամ այլ արժեթղթերի դիմաց, որոնք բացառում են ավանդների տերերի առաջին իսկ պահանջով այդ միջոցները հետ ստանալը և ավանդատուի կողմից սույն գլխի կանոններով նախատեսված այլ իրավունքներ իրականացնելը:

Հոդված 904. Բանկային ավանդի պայմանագրի ձևը

1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր:

Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե կնքվել է գրավոր պայմանագիր, և բանկային ավանդ մուծելը հավաստված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած վավերապայմաններ պարունակող բանկային գրքույկով կամ բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով:

2. Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

(904-րդ հոդվածը խմբ. 20.03.06 ՀՕ-41-Ն)

Հոդված 905. Ավանդների տեսակներ

1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Ժամկետային ավանդի տարատեսակ են հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը և ուսումնական ավանդը.

1) կուտակային կենսաթոշակային ավանդ է համարվում այն ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում.

2) ուսումնական ավանդ է համարվում այն ավանդը, որն ավանդատուն ներդնում է երրորդ անձի համար միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով երրորդ անձը կարող է օգտագործել միայն ուսումնական նպատակներով: Ուսումնական նպատակ է համարվում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում ուսման վարձի (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարի) վճարում իրականացնելը:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով ուսումնական ավանդը երրորդ անձը կարող է օգտագործել միայն ավանդատուի համաձայնությամբ:

Պայմանագրով կարող են նախատեսվել ավանդները վերադարձնելու` օրենքին չհակասող այլ պայմաններ:

2. Ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների, ուսումնական ավանդների և պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների:

Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների:

3. Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, և տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:

4. Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

(905-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, խմբ. 12.11.12 ՀՕ-216-Ն, 11.11.15 ՀՕ-139-Ն)

Հոդված 905.1. Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները

 

1. Ուսումնական ավանդները չեն կարող գրավադրվել արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել ավանդատուի կամ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կամ նրանց սնանկության դեպքում դառնալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:

2. Ուսումնական ավանդը կարող է գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ երրորդ անձի պարտավորությունները կապված են սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ:

3. Սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ավանդատուն կամ երրորդ անձը դիմում է բանկ՝ ներկայացնելով համապատասխան ուսումնական հաստատության ուսման վարձի վճարմանն առնչվող՝ ուսումնական ավանդի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը: Բանկի՝ ուսումնական հաստատությանն անկանխիկ վճարում կատարելու կարգը սահմանվում է ուսումնական ավանդի պայմանագրով:

4. Ավանդատուի մահվան դեպքում ուսումնական ավանդը հաշվեգրված տոկոսներով ներառվում է ժառանգության զանգվածի մեջ, սակայն չի ժառանգվում սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

5. Ուսումնական ավանդը ժառանգում է այն երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է: Ընդ որում, երրորդ անձը կարող է ուսումնական ավանդն օգտագործել միայն սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուսումնական նպատակներով:

6. Այն դեպքում, երբ երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է, հրաժարվում է ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելուց կամ չի ներկայացնում ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելու իր մտադրության մասին բավարար ապացույցներ, ապա ուսումնական ավանդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

7. Այն դեպքերում, երբ ժառանգված ուսումնական ավանդը մասամբ օգտագործվել է ուսումնական նպատակներով, և առկա է ավանդի, ներառյալ հաշվեգրված տոկոսների մնացորդ, ապա այդ մնացորդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

8. Եթե ուսումնական ավանդի ավանդատուն բացել է մանկական ավանդ և միևնույն բանկի հետ կնքում է ուսումնական ավանդի պայմանագիր՝ հօգուտ միևնույն երրորդ անձի, ապա ավանդատուի ցանկությամբ մանկական ավանդը կարող է փոփոխվել և վերակնքվել որպես ուսումնական ավանդի պայմանագիր՝ առանց պայմանագրի վաղաժամկետ լուծման համար նախատեսված բացասական հետևանքների: Սույն մասի իմաստով մանկական ավանդ է համարվում այն ավանդը, որի պայմանագիրն ավանդատուն կնքում է հօգուտ անչափահաս ֆիզիկական անձի, և որի պայմանները սահմանվում են համապատասխան պայմանագրով:

(905.1-ին հոդվածը լրաց. 11.11.15 ՀՕ-139-Ն)

Հոդված 906. Ավանդի գումարի տոկոսները

1. Բանկն ավանդատուին ավանդի գումարից տոկոսներ է վճարում բանկային ավանդի պայմանագրով որոշված չափով:

Պայմանագրում վճարվելիք տոկոսների չափի մասին պայմանի բացակայության դեպքում բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան չափով:

2. Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:

Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը նվազեցնելու դեպքում տոկոսների նոր չափը կիրառվում է մինչև ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին հաղորդումը ներդրված ավանդների նկատմամբ` համապատասխան հաղորդման օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Իրավաբանական անձի հետ բանկի կնքած պայմանագրով սահմանված այդպիսի բանկային ավանդի տոկոսների չափը չի կարող միակողմանի փոփոխվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 907. Ավանդի գումարին տոկոսներ հավելագրելու ու դրանք վճարելու կարգը

1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսներն հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:

2. Բանկային ավանդի գումարից տոկոսներն ավանդատուին նրա պահանջով վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` ավանդի գումարից առանձին, իսկ այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ավանդի գումարին, որին հավելագրվում են տոկոսներ, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:

Ավանդը վերադարձնելիս վճարվում են այդ պահին հավելագրված բոլոր տոկոսները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի տոկոսները ավելանում են ավանդի գումարին, և դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հավելագրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հավելագրված բոլոր տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում:

(907-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն)

Հոդված 908. Ավանդի վերադարձն ապահովելը

1. Բանկերը պարտավոր են պարտադիր ապահովագրության միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ եղանակներով, ապահովել քաղաքացիների ավանդների վերադարձը:

Քաղաքացիների ավանդների վերադարձն այն բանկի կողմից, որի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հիսուն տոկոսից ավելին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին, սույն օրենսգրքի 415 հոդվածով նախատեսված կարգով երաշխավորվում է նաև վերջիններիս սուբսիդիար պատասխանատվությամբ:

2. Բանկի կողմից իրավաբանական անձանց ավանդների վերադարձն ապահովելու եղանակները սահմանվում են բանկային ավանդի պայմանագրով:

3. Բանկային ավանդի պայմանագիր կնքելիս բանկը պարտավոր է ավանդատուին տեղեկատվություն տրամադրել ավանդի վերադարձի ապահովման մասին:

4. Օրենքով կամ բանկային ավանդի պայմանագրով նախատեսված ավանդը վերադարձնելու պարտականությունները բանկի կողմից չկատարելու, ինչպես նաև ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման դեպքերում ավանդատուն իրավունք ունի բանկից պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդը, սույն օրենսգրքի 906 հոդվածի 1-ին կետով սահմանված չափով վճարելու դրա տոկոսները և հատուցելու պատճառված վնասները:

Հոդված 909. Երրորդ անձանց կողմից ավանդատուի հաշվում դրամական միջոցներ ներդնելը

Ավանդի հաշվում մուտքագրվում են ավանդատուի անունով երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնել է նրանցից ստանալ դրամական միջոցներ:

Հոդված 910. Ավանդներ հօգուտ երրորդ անձանց

1. Ավանդը կարող է ներդրվել բանկ որոշակի երրորդ անձի անունով: Նման անձն ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:

Բանկային ավանդի համապատասխան պայմանագրի էական պայմանը քաղաքացու անվան (հոդված 22) կամ իրավաբանական անձի անվանման (հոդված 58) նշումն է, որի օգտին ներդրվում է ավանդը:

Բանկային ավանդի պայմանագիրը, հօգուտ այն քաղաքացու, որը պայմանագրի կնքման պահին մահացած է, կամ հօգուտ այդ պահին գոյություն չունեցող իրավաբանական անձի, առոչինչ է:

2. Մինչև երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքներից օգտվելու մտադրության մասին արտահայտվելը բանկային ավանդի պայմանագիր կնքած անձը կարող է օգտվել ավանդի հաշվում իր մուծած դրամական միջոցների ավանդատուի իրավունքներից:

3. Հօգուտ երրորդ անձի` պայմանագրի մասին կանոնները (հոդված 446) կիրառվում են հօգուտ երրորդ անձի բանկային ավանդի պայմանագրի նկատմամբ, եթե դա չի հակասում սույն հոդվածի կանոններին և բանկային ավանդի էությանը:

Հոդված 911. Բանկային գրքույկ

1. Քաղաքացու հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելը և նրա ավանդի հաշվին դրամական միջոցներ մուծելը հավաստվում են բանկային գրքույկով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Բանկային ավանդի պայմանագրով կարող է տրամադրվել անվանական կամ ըստ ներկայացնողի բանկային գրքույկ:

Բանկային գրքույկում պետք է նշվեն և բանկի կողմից հավաստվեն բանկի, իսկ եթե ավանդը ներդրված է բանկի մասնաճյուղում, ապա նաև համապատասխան մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը, ավանդի հաշվի համարը, ինչպես նաև հաշվում մուտքագրված և հաշվից դուրս գրված դրամական միջոցների բոլոր գումարները և բանկային գրքույկը` բանկ ներկայացնելու պահին հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը:

Բանկային գրքույկում նշված ավանդի վերաբերյալ տվյալները հիմք են բանկի և ավանդատուի միջև ավանդով հաշվարկներ կատարելու համար, եթե այլ բան ապացուցված չէ:

2. Ավանդը վերադարձնելը, դրանից տոկոսներ վճարելը և ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցելը բանկն իրականացնում է բանկային գրքույկը ներկայացնելիս:

Եթե անվանական բանկային գրքույկը կորել է կամ պիտանի չէ ներկայացման համար, բանկն ավանդատուի դիմումի հիման վրա նրան տալիս է նոր բանկային գրքույկ:

Ըստ ներկայացնողի բանկային գրքույկի կորստի դեպքում իրավունքները վերականգնվում են ըստ ներկայացնողի արժեթղթերի համար նախատեսված կարգով (հոդված 151):

Գ Լ ՈՒ Խ  50

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

Հոդված 912. Բանկային հաշվի պայմանագիր

1. Բանկային հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները:

2. Բանկը կարող է հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործել` երաշխավորելով հաճախորդի այդ միջոցներն անխոչընդոտ տնօրինելու իրավունքը:

3. Բանկն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները կամ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ իր դրամական միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա իրավունքների նկատմամբ:

4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաև այլ վարկային կազմակերպությունների կողմից, նրանց տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան, բանկային հաշվի պայմանագիր կնքելիս և կատարելիս:

Հոդված 913. Բանկային հաշվի պայմանագրի ձևը

1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Բանկային հաշվի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 914. Բանկային հաշվի պայմանագիր կնքելը

1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս հաճախորդի կամ նրա նշած անձի համար, կողմերի միջև համաձայնեցված պայմաններին համապատասխան, բանկում բացվում է հաշիվ:

2. Բանկը պարտավոր է բանկային հաշվի պայմանագիր կնքել հաճախորդի հետ, որն առաջարկել է հաշիվ բացել տվյալ տեսակի հաշիվների համար բանկի հայտարարած պայմաններով, որոնք համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին և դրան համապատասխան սահմանված բանկային կանոններին:

3. Բանկն իրավունք չունի մերժել հաշիվը բացելը, որով համապատասխան գործառնությունների կատարումը նախատեսված է օրենքով, բանկի կանոնադրությամբ և նրան տրված թույլտվությամբ (լիցենզիայով), բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին մերժելը հետևանք է բանկային սպասարկում մատուցելու` բանկի հնարավորությունների բացակայության կամ թույլատրվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

4. Բանկի կողմից բանկային հաշվի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու դեպքում հաճախորդն իրավունք ունի բանկին ներկայացնել սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված պահանջները:

Հոդված 915. Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքի հավաստումը

1. Հաճախորդի անունից դրամական միջոցներ փոխանցելու և վճարելու կարգադրություններ անելու` անձանց իրավունքները հաճախորդը հավաստում է օրենքով, դրան համապատասխան բանկային կանոններով ու բանկային հաշվի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը բանկին ներկայացնելու միջոցով:

2. Հաճախորդն իրավունք ունի կարգադրել բանկին իր հաշվից դրամական միջոցներ դուրս գրել երրորդ անձանց պահանջով` կապված այդ անձանց հանդեպ հաճախորդի պարտավորությունների կատարման հետ: Բանկն ընդունում է այդ կարգադրությունները, պայմանով, որ դրանցում գրավոր նշվեն անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են ընձեռում համապատասխան պահանջը ներկայացնելիս նույնացնել նման պահանջի իրավունք ունեցող անձին:

3. Պայմանագրով կարող է նախատեսվել հաշվում եղած դրամական միջոցներն էլեկտրոնային միջոցներով և այլ փաստաթղթերով տնօրինելու իրավունքների հավաստում` դրանցում օգտագործելով հաճախորդի ստորագրության (296 հոդվածի 3-րդ կետ), ծածկագրերի, նշանաբանների և այլ միջոցների նմանօրինակները, որոնք հավաստում են, որ կարգադրությունն արել է դրա համար լիազորված անձը:

Հոդված 916. Բանկի կողմից հաշվով կատարվող գործառնությունները

Բանկը պարտավոր է հաճախորդի համար կատարել տվյալ տեսակի հաշիվների համար օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված գործառնություններ, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 917. Հաշվով գործառնությունների ժամկետները

1. Բանկը պարտավոր է հաճախորդի հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով:

2. Բանկը պարտավոր է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 918. Հաշիվը վարկավորելը

1. Այն դեպքերում, երբ բանկային հաշվի պայմանագրին համապատասխան, բանկը վճարում է հաշվից, չնայած դրանում դրամական միջոցների բացակայությանը (հաշվի վարկավորում), նա նման վճար կատարելու օրվանից համարվում է հաճախորդին համապատասխան գումարով վարկ տրամադրած:

2. Հաշվի վարկավորման հետ կապված` կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են փոխառության (46 գլուխ) ու վարկի (47 գլուխ) կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 919. Հաշվով գործառնություններ կատարելու համար բանկի ծախսերի համար վճարելը

1. Բանկային հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հաշվով կատարվող գործառնությունների համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված` բանկի ծառայությունների համար վճարը բանկը կարող է յուրաքանչյուր գործարքի ավարտից հետո վերցնել հաճախորդի հաշվում եղած միջոցներից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 920. Բանկի կողմից դրամական միջոցներ օգտագործելու համար տոկոսները

1. Հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (հոդված 906):

3. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո:

Հոդված 921. Բանկի և հաճախորդի հանդիպական պահանջների հաշվանցը

1. Բանկի դրամական պահանջները հաճախորդից` կապված հաշվի վարկավորման (հոդված 918) և բանկի ծառայությունների համար վճարման (հոդված 919) հետ, ինչպես նաև դրամական միջոցների օգտագործման համար տոկոսներ վճարելու մասին հաճախորդի պահանջները բանկին (հոդված 920) դադարում են հաշվանցով (հոդված 426), եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Նշված պահանջների հաշվանցն իրականացնում է բանկը:

2. Բանկը պարտավոր է պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում հաճախորդին տեղեկացնել կատարված հաշվանցի մասին, իսկ եթե կողմերը համապատասխան պայմանները չեն համաձայնեցրել, ապա այնպիսի կարգով ու ժամկետներում, որոնք սովորական են համապատասխան հաշվում դրամական միջոցների վիճակի մասին հաճախորդին տեղեկացնելու բանկային գործունեության համար:

Հոդված 922. Հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հիմքերը

1. Բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա:

2. Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաև օրենքով սահմանված կամ բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:

Հոդված 923. Հաշվից դրամական միջոցները դուրս գրելու հերթականությունը

1. Հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում, որոնց գումարը բավարար է հաշվին ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար, այդ միջոցները դուրս են գրվում հաճախորդի կարգադրությունները և դուրսգրման այլ փաստաթղթերը մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականություն), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Հաճախորդի կարգադրությունները և նրան ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար հաշվում դրամական միջոցների անբավարարության դեպքում դրամական միջոցները դուրս են գրվում հետևյալ հաջորդականությամբ.

առաջին հերթին` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ կապված, ինչպես նաև ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջները բավարարելու համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարները.

երկրորդ հերթին` աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրության վճարումների հաշվարկների համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարումները.

երրորդ հերթին` վճարային փաստաթղթերով պետական բյուջե և համայնքային բյուջեներ կատարվող վճարները.

չորրորդ հերթին` կատարողական փաստաթղթով նախատեսված այլ դրամական պահանջները բավարարելու համար վճարները.

հինգերորդ հերթին` այլ փաստաթղթերով վճարները` ըստ դրանց ներկայացման օրացուցային հաջորդականության:

Տվյալ հերթին պատկանող պահանջներով հաշվից միջոցները դուրս են գրվում փաստաթղթերի մուտք լինելու օրացուցային հաջորդականությամբ:

Հոդված 924. Բանկի պատասխանատվությունը հաշվով գործառնություններն անպատշաճ կատարելու համար

Հաճախորդի անունով մուտք եղած դրամական միջոցները նրա հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք բանկի կողմից հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին հաճախորդի ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պարտավոր է այդ գումարից տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով և չափով:

Հոդված 925. Բանկային գաղտնիք

1. Բանկը երաշխավորում է բանկային հաշվի և բանկային ավանդի, հաշվով գործառնությունների ու հաճախորդի մասին տեղեկությունների գաղտնիությունը:

2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն հաճախորդներին կամ նրանց ներկայացուցիչներին:

Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց նման տեղեկություններ կարող են տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից հրապարակվելու դեպքում հաճախորդը, ում իրավունքները խախտվել են, իրավունք ունի բանկից պահանջել պատճառված վնասների հատուցում:

Հոդված 926. Հաշվի տնօրինումը սահմանափակելու անթույլատրելիությունը

Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու` հաճախորդի իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:

Հոդված 927. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը

1. Բանկային հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ:

2. Եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով, դատարանը բանկի պահանջով կարող է լուծել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում`

1) երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.

2) մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:

4. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:

Հոդված 928. Բանկերի հաշիվները

Սույն գլխի կանոնները տարածվում են թղթակցային հաշիվների, թղթակցային ենթահաշիվների և բանկերի այլ հաշիվների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:

 

Գ Լ ՈՒ Խ  50.1

(գլուխը լրաց. 11.11.15 ՀՕ-139-Ն)

ՀԱՏՈՒԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

Հոդված 928.1. Հատուկ բանկային հաշվի պայմանագրի առանձնահատկությունները

 

1. Հատուկ բանկային հաշիվներ են սույն գլխով նախատեսված էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, կառուցապատողի հատուկ հաշիվը, պետական աջակցության հաշիվը, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները:

2. Հատուկ բանկային հաշիվներն այն հաշիվներն են, որոնցում ներդրված միջոցները՝

1) սույն գլխով սահմանված դրույթների կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ կարող են օգտագործվել միայն սույն գլխի դրույթների հիման վրա պայմանագրերով կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով կամ գործառնություններով, և (կամ)

2) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի:

3. Հատուկ բանկային հաշվում ներդրված միջոցները կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ՝

1) հատուկ բանկային հաշվի պայմանագրով հաճախորդ հանդիսացող անձի պարտավորությունները կապված են սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ

2) այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի, կամ

3) սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ այդ միջոցները տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրված միջոցներ են, կամ

4) էսքրոու հաշվի դեպքում՝ այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190 հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք են, կամ

5) էսքրոու հաշվի դեպքում՝ էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

4. Հատուկ բանկային հաշվի պայմանագրի լուծման դեպքում տվյալ հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը ենթակա է փոխանցման տվյալ հաճախորդի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին կամ վերադարձման՝ համապատասխան դրամական միջոցները մուտք արած անձին, բացառությամբ պայմանագրով, այլ իրավական ակտերով և (կամ) սույն հոդվածով սահմանված դեպքերի: Հատուկ բանկային հաշվի պայմանագրով նման վերադարձ կարող է նախատեսվել նաև պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

5. Անվանատիրոջ հաշվի պայմանագրի լուծման դեպքում անվանատիրոջ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ անվանատիրոջը, փոխանցվել տվյալ անվանատիրոջ համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ անվանատիրոջ մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ անվանատիրոջ հաշվի պայմանագրով:

6. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրի լուծման դեպքում նոտարի դեպոզիտ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ նոտարին, փոխանցվել տվյալ նոտարի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ նոտարի մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրով:

7. Պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հատուկ բանկային հաշվով կատարվող գործառնությունների համար: Ընդ որում, բանկի ծառայությունների համար վճարը բանկը չի կարող վերցնել հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած միջոցներից, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսների: Սույն կետով նախատեսված բացառությունը չի տարածվում նոտարի դեպոզիտ հաշիվների վրա:

8. Հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Սույն կետով նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված տոկոսները բանկը վճարում է հատուկ բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (սույն օրենսգրքի 906-րդ հոդված):

10. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան պայմանագրի դադարմանը հաջորդող օրը:

11. Հատուկ բանկային հաշվի միջոցների հաշվին հատուկ բանկային հաշվի տիրոջ և բանկի՝ հատուկ բանկային հաշվի տիրոջ նկատմամբ ունեցած ցանկացած հանդիպական պահանջների հաշվանց չի կարող իրականացվել, անգամ եթե հատուկ հաշիվը տվյալ բանկում հաշվի տիրոջ միակ հաշիվն է: Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի վերաբերում սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսներից ձևավորված միջոցների չափով հաշվանց կատարելուն, իսկ սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ նաև տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվանց կատարելուն:

12. Պետական աջակցության հաշիվների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են կառավարության որոշմամբ:

13. Սույն օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված պահանջները տարածվում են հատուկ բանկային հաշիվների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն գլխի դրույթներին:

 

Հոդված 928.2.  Էսքրոու հաշվի պայմանագիրը

 

1. Էսքրոու հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը, որպես էսքրոու գործակալ, պարտավորվում է ընդունել և որոշակի գործարքի կատարման նպատակով բացված հատուկ բանկային հաշվի վրա մուտքագրել տվյալ գործարքի իրականացման հետ կապված մուտքագրվող միջոցները և այդ միջոցների հետ կապված հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ կարգադրություններն իրականացնել միայն էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված պայմանագրում կամ էսքրոու հաշվի պայմանագրում նշված դեպքերում, պայմաններով և ժամկետներում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանագրերով սահմանված ժամկետներում Էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ կողմից միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Էսքրոու հաշվի միջոցները վերադարձվում են այդ միջոցները մուտքագրած անձին, իսկ վերադարձման անհնարինության դեպքում էսքրոու հաշիվը ձևակերպվում է որպես սույն օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված բանկային հաշիվ՝ այդ հաշվին միջոցներ մուտքագրած անձի անունով:

3. Էսքրոու հաշվի պայմանագիրը կարող է հաճախորդի պահանջով վաղաժամկետ լուծվել, միայն եթե առկա է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ գրավոր համաձայնությունը, կամ եթե լուծվել է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված համապատասխան պայմանագիրը, և այդ պայմանագրի լուծումից հետո անցել է ոչ պակաս, քան 10 օր, բայց ոչ ավելի, քան էսքրոու հաշվում առկա ամբողջ միջոցների դուրսգրման ժամկետը:

4. Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 928.3. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիրը

 

1. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվին մուտքագրել պետական մարմինների (հիմնարկների), պետական կազմակերպությունների աշխատողների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց համար որպես սոցիալական երաշխիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրվող միջոցները և հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրություններն իրականացնել միայն օրենքով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով և գործառնությունների համար:

2. Սոցիալական փաթեթի հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 928.4. Անվանատիրոջ հաշվի պայմանագիրը

 

1. Անվանատիրոջ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (անվանատիրոջ) բացած հաշվին մուտքագրել միայն ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված անվանատիրոջ ծառայությունից օգտվողի (ֆոնդի) միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ անվանատիրոջ կարգադրությունները: Ընդ որում, անվանատիրոջ հաշիվ է այն հաշիվը, որտեղ ներդրված միջոցները սեփականության իրավունքով չեն պատկանում հաշվետիրոջը, այլ դրանք փոխանցվել են նրան սույն կետում նշված ծառայությունների մատուցման կամ կառավարման արդյունքում:

2. Անվանատիրոջ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ֆոնդի կառավարչի (պահառուի) կողմից ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման (պահառության) հետ կապված գործառնությունների իրականացման համար:

3. Անվանատիրոջ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել անվանատիրոջ պարտավորությունների դիմաց կամ անվանատիրոջ սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց: Ընդ որում, անվանատիրոջ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն անվանատիրոջ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:

 

Հոդված 928.5. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիրը

 

1. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (նոտարի) բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ նոտարի կարգադրությունները:

2. Նոտարի դեպոզիտ հաշիվը կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված՝ նոտարի դեպոզիտ մուտքագրման ենթակա դրամական միջոցներով գործառնություններ իրականացնելու համար:

3. Նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել նոտարի պարտավորությունների դիմաց: Ընդ որում, նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն նոտարի դեպոզիտ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:

 

Հոդված 928.6.  Կառուցապատողի հատուկ հաշիվը

 

1. Կառուցապատողի հատուկ հաշիվն այն բանկային հաշիվն է, որի վրա կատարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի՝ կառուցապատողին կանխավճարային վճարումները:

2. Կառուցապատողի հատուկ հաշիվները կարող են բացվել՝

1) գանձապետարանում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում.

3) նոտարի՝ գանձապետարանում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված դեպոզիտային հաշվում՝ որպես ենթահաշիվ:

3. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագիր կնքվելու դեպքում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարվող կանխավճարային վճարումները կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում են գնորդի օգտին գրավադրված` ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման: Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կատարած կանխավճարային վճարումները հաջորդող գրավի կանոններով կարող են գրավադրվել գնորդի վարկատուի օգտին:

4. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին, և կարող է տնօրինել կառուցապատողը:

5. Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսները դրանց ստացման ժամկետը լրանալիս փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին, և կարող է տնօրինել կառուցապատողը:

6. Կառուցապատողի հատուկ հաշվում առկա գրավադրված դրամական միջոցները չեն կարող արգելադրվել (կալանքի տակ վերցվել) կամ բռնագանձվել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրից չբխող` կառուցապատողի որևէ պարտավորության, այդ թվում՝ պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ կառուցապատողի ունեցած որևէ պարտավորության դիմաց:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավահաջորդության կարգով կառուցապատողի իրավունքները և պարտավորություններն այլ անձանց անցնելու դեպքում (իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի վերակազմակերպում, ֆիզիկական անձ հանդիսացող կառուցապատողի մահ) կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի օգտին գրավադրված դրամական միջոցները կարող են անցնել միայն կառուցապատողի այն իրավահաջորդին, որին անցել են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրով կառուցապատողի պարտավորությունները:

 

Հոդված 928.7. Պետական աջակցության հաշվի պայմանագիրը

 

1. Պետական աջակցության հաշվի պայմանագիր է համարվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող ընտանեկան դրամագլխի դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Պետական աջակցության հաշվում առկա միջոցները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(գլուխը լրաց. 11.11.15 ՀՕ-139-Ն)

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.