ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 6-10

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

Հոդված 128. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտներ

 

1. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

 

Հոդված 129. Հայաստանի Հանրապետության ու համայնքների մասնակցության կարգը քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում

 

1. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

2. Համայնքների անունից իրենց գործողություններով կարող են սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասության շրջանակներում:

3. Օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և համայնքների իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով, նրանց հատուկ հանձնարարությամբ ու նրանց անունից կարող են հանդես գալ իրավաբանական անձինք և քաղաքացիները:

 

Հոդված 130. Պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության կամ համայնքի պարտավորությունների համար

 

1. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:

2. Պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող հողի և այլ բնական պաշարների վրա բռնագանձում տարածել թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 131. Հայաստանի Հանրապետության պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող` օտարերկրյա իրավաբանական անձանց, քաղաքացիների ու պետությունների մասնակցությամբ հարաբերություններում

 

Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող` օտարերկրյա իրավաբանական անձանց, քաղաքացիների ու պետությունների մասնակցությամբ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության պատասխանատվության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Գ Լ ՈՒ Խ  7

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 132. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները

 

Քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են`

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).

5) ոչ նյութական բարիքները:

 

Հոդված 133. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների շրջանառունակությունը

 

1. Քաղաքացիական իրավունքների օբյեկտները կարող են ազատորեն օտարվել կամ անցնել մեկ անձից մյուսին համապարփակ իրավահաջորդության կարգով (ժառանգում, իրավաբանական անձի վերակազմակերպում), կամ այլ եղանակով, եթե դրանք հանված չեն շրջանառությունից, կամ դրանց շրջանառությունը սահմանափակված չէ:

2. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնց շրջանառության մեջ գտնվելը չի թույլատրվում (շրջանառությունից հանված օբյեկտներ), պետք է ուղղակի նշված լինեն օրենքում:

3. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնք կարող են պատկանել շրջանառության սոսկ որոշակի մասնակիցների կամ կարող են շրջանառության մեջ դրվել հատուկ թույլտվությամբ կամ կարող են տիրապետվել, օգտագործվել կամ տնօրինվել սոսկ որոշակի նպատակներով (սահմանափակ շրջանառու օբյեկտներ), որոշվում են օրենքով սահմանված կարգով:

(133-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 134. Անշարժ և շարժական գույքը

 

1. Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնա պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

2. Շարժական գույք է համարվում անշարժ չհամարվող գույքը:

(134-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

 

Հոդված 135. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

 

1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

2. Շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

3. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը և դրանց գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:

(135-րդ հոդվածը փոփ. 08.04.10 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 135.1. Գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը

 

1. Պետական գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու պահանջն ապահովելու համար գործարքը վավերացնող նոտարի ծանուցման հիման վրա գրանցող մարմնի կողմից կատարվում է գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:

2. Նախնական նշումը դադարում է դրանով նախատեսված գույքային իրավունքի հետագա գրանցումով:

3. Անձը, որի գույքի նկատմամբ կատարվել է նախնական նշումը, կարող է պահանջել վերացնել այն, եթե դադարել է նախնական նշումով ապահովող իրավունքը, կամ բաց է թողնվել գործարքից ծագող իրավունքների գրանցման ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը:

(135.1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 136. Բաժանելի և անբաժանելի գույք

 

1. Գույքը կարող է լինել բաժանելի և անբաժանելի:

Անբաժանելի է համարվում այն գույքը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման կամ ենթակա չէ բաժանման օրենքի ուժով:

2. Անբաժանելի գույքի սեփականության իրավունքում բաժնի առանձնացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:

 

Հոդված 137. Բաղադրատարր գույք

 

1. Եթե տարասեռ գույքի տարրերը կազմում են ընդհանուր նշանակությամբ իրենց օգտագործումը ենթադրող միասնական ամբողջություն, ապա դրանք դիտվում են որպես մեկ գույք (բաղադրատարր գույք):

2. Բաղադրատարր գույքի առնչությամբ կնքված գործարքի գործողությունը տարածվում է դրա բոլոր բաղադրիչ տարրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 138. Գլխավոր գույք և պատկանելիք

 

Այլ (գլխավոր) գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը (պատկանելիք) հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 139. Անհատապես որոշվող գույք և տեսակային հատկանիշներով որոշվող գույք

 

1. Անհատապես որոշվող գույք է համարվում այլ գույքից իրեն ներհատուկ հատկանիշներով առանձնացված գույքը: Անհատապես որոշվող գույքն անփոխարինելի է:

2. Տեսակային հատկանիշներով որոշվող գույք է համարվում նույն տեսակի այլ գույքին ներհատուկ հատկանիշներով օժտված և թվով, քաշով ու չափով որոշվող գույքը: Տեսակային հատկանիշներով որոշվող գույքը փոխարինելի է:

 

Հոդված 140. Մտավոր սեփականություն

 

Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է քաղաքացու կամ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների և դրանց հավասարեցված իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցների (ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան և այլն) նկատմամբ (մտավոր սեփականություն):

 

Հոդված 141. Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն

 

1. Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

2. Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով:

3. Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը պաշտպանվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված եղանակներով:

4. Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով ստացած անձինք պարտավոր են հատուցել պատճառված վնասները: Նման պարտականություն է դրվում նաև քաղաքացիական-իրավական կամ աշխատանքային պայմանագրի խախտմամբ ծառայողական, առևտրային կամ բանկային տեղեկատվություն հրապարակած և (կամ) օգտագործած պայմանադիր կողմերի վրա:

(141-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29)

 

Հոդված 142. Դրամ (արժույթ)

 

1. Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է:

2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 143. Արժութային արժեքներ

 

Արժութային արժեքներ համարվող գույքի տեսակները և դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են արժութային կարգավորման ու արժութային վերահսկողության մասին օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով: Թանկարժեք մետաղներ համարվող գույքի տեսակները և դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են թանկարժեք մետաղների մասին օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:

Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը պաշտպանվում է ընդհանուր հիմունքներով:

(143-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 144. Պտուղներ, արտադրանք և եկամուտներ

 

Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ գույքի օգտագործման մասին պայմանագրով:

 

Հոդված 145. Կենդանիներ

 

Կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ԱՐԺԵԹՂԹԵՐ

§ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 146. Արժեթուղթ

 

1. Արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս:

Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները:

2. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները:

 

Հոդված 147. Արժեթղթին առաջադրվող պահանջները

 

1. Արժեթղթերով հավաստվող իրավունքների տեսակները, արժեթղթերի պարտադիր վավերապայմանները, արժեթղթի ձևին առաջադրվող և այլ անհրաժեշտ պահանջները որոշվում են արժեթղթերի մասին օրենքներով կամ դրանցով սահմանված կարգով:

2. Արժեթղթի պարտադիր վավերապայմանների բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունն արժեթղթի համար սահմանված ձևին այն դարձնում է առոչինչ:

 

Հոդված 148. Արժեթղթով հավաստված իրավունքների սուբյեկտները

 

1. Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել`

1) արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).

2) արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).

3) արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ):

2. Օրենքով կարող է բացառվել որոշակի տեսակի (ըստ ներկայացնողի, անվանական կամ օրդերային) արժեթղթերի թողարկման հնարավորությունը:

 

Հոդված 149. Իրավունքներն արժեթղթով փոխանցելը

 

1. Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին:

2. Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով, բացառությամբ սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերի և պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման: Պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, այդպիսի արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն համապարփակ իրավահաջորդության, բռնագրավման և բռնագանձման դեպքերում: Սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն ժառանգման կարգով, ինչպես նաև համապատասխան տեսակի արժեթղթի թողարկումը նախատեսող օրենքով նախատեսված այլ դեպքերում: Արժեթղթով իրավունք փոխանցող անձը, սույն օրենսգրքի 405 հոդվածին համապատասխան, պատասխանատվություն է կրում համապատասխան պահանջի անվավերության համար, սակայն պատասխանատու չէ այն չկատարելու համար:

3. Օրդերային արժեթղթով իրավունքները փոխանցվում են այդ արժեթղթի վրա փոխանցագիր (ինդոսամենտ) կատարելու միջոցով: Օրդերային արժեթղթով իրավունքներ փոխանցող անձը` փոխանցագրողը (ինդոսանտը), պատասխանատվություն է կրում ոչ միայն իրավունքի գոյության, այլև դրա իրականացման համար:

4. Արժեթղթի վրա կատարված փոխանցագիրն արժեթղթով հավաստված բոլոր իրավունքները փոխանցում է արժեթղթի նոր տիրոջը (ինդոսատին), ում կամ որի հրամանով փոխանցվում են արժեթղթով իրավունքները: Փոխանցագիրը կարող է լինել ձևաթղթային (առանց նշելու այն անձին, ում պետք է տրամադրվի կատարումը) կամ օրդերային (այն անձի նշմամբ, ում կամ որի հրամանով պետք է իրականացվի կատարումը):

5. Փոխանցագիրը կարող է սահմանափակվել միայն արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման հանձնարարությամբ` առանց այդ իրավունքները ինդոսատին փոխանցելու (հանձնարարական փոխանցագիր): Այդ դեպքում ինդոսանտը հանդես է գալիս որպես ներկայացուցիչ:

(149-րդ հոդվածը խմբ., լրաց. 11.11.05 ՀՕ-224-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն) 

 

Հոդված 150. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումը

 

1. Արժեթուղթ տված անձը և այն փոխանցագրած բոլոր անձինք համապարտ պատասխանատվություն են կրում դրա օրինական տիրապետողի առջև: Արժեթղթով պարտավորված մեկ կամ մի քանի անձանց կողմից արժեթղթի օրինական տիրապետողի պահանջը բավարարելու դեպքում նա (նրանք) հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում արժեթղթով պարտավորված մնացած անձանց նկատմամբ:

2. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումից պարտավորության հիմքի բացակայության կամ դրա անվավերության վկայակոչմամբ հրաժարվել չի թույլատրվում:

3. Արժեթուղթը տիրապետողը, հայտնաբերելով արժեթղթի խարդախում կամ կեղծում, իրավունք ունի արժեթուղթն իրեն հանձնած անձին պահանջ ներկայացնել` արժեթղթով հավաստված պարտավորության պատշաճ կատարման և վնասների հատուցման մասին:

 

Հոդված 151. Արժեթղթի վերականգնումը

 

Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

(151-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205)

 

Հոդված 152. Ոչ փաստաթղթային արժեթղթեր

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով սահմանված կարգով հատուկ թույլտվություն (լիցենզիա) ստացած անձը կարող է անվանական կամ օրդերային արժեթղթով հավաստված իրավունքներն ամրագրել` ներառյալ ոչ փաստաթղթային (էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի օգնությամբ և այլն) ձևով: Իրավունքներն ամրագրելու այդ ձևի նկատմամբ կիրառվում են արժեթղթերի համար սահմանված կանոնները, եթե այլ բան չի բխում նման ամրագրման առանձնահատկություններից:

Ոչ փաստաթղթային ձևով իրավունք ամրագրած անձը պարտավոր է իրավունքի տիրոջ պահանջով նրան տալ ամրագրված իրավունքի մասին վկայող փաստաթուղթ:

Ամրագրելու միջոցով հավաստված իրավունքների և իրավատերերի պաշտոնական ամրագրման, գրառումների փաստաթղթային հաստատման ու ոչ փաստաթղթային արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը որոշվում է օրենքով կամ օրենքով սահմանված կարգով:

2. Ոչ փաստաթղթային արժեթղթերով գործառնությունները կարող են կատարվել միայն իրավունքների գրառում կատարող անձին դիմելու միջոցով: Իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումը պետք է պաշտոնապես ամրագրի այն անձը, ով պատասխանատվություն է կրում պաշտոնական գրառումները պահպանելու, դրանց գաղտնիությունն ապահովելու, այդ գրառումների մասին ճշգրիտ տվյալներ ներկայացնելու, կատարված գործառնությունների վերաբերյալ պաշտոնական գրառումներ կատարելու համար:

 

§ 2. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 153. Ընդհանուր դրույթներ

 

1. Արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը, ներդրումային ֆոնդի փայը և այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին:

2. Պարտատոմսը, բաժնետոմսը և ներդրումային ֆոնդի փայը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:

3. Չեկը, հասարակ մուրհակը և փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարային արժեթղթեր են:

4. Կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ պահեստային վկայագիրը տիտղոսային արժեթղթեր են:

5. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերի տեսակները սահմանվում են օրենքով:

(153-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.06.14 ՀՕ-69-Ն) 

 

Հոդված 154. Պարտատոմս

 

1. Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ:

2. Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական:

 

Հոդված 155. Չեկ

 

Չեկ է համարվում այն արժեթուղթը, որը պարունակում է չեկ տվողի` որևէ բանով չպայմանավորված գրավոր կարգադրությունը բանկին` չեկը տիրապետողին վճարել դրանում նշված գումարը:

 

Հոդված 156. Մուրհակ

 

Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը):

 

Հոդված 157. Բաժնետոմս

 

1. Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:

2. Բաժնետոմսերը կարող են լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական, ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ:

 

Հոդված 158. Կոնոսամենտ

 

1. Կոնոսամենտ է համարվում ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` տնօրինելու կոնոսամենտում նշված բեռը և փոխադրելուց հետո ստանալու այն:

2. Կոնոսամենտը կարող է լինել` ըստ ներկայացնողի, օրդերային կամ անվանական:

 

Հոդված 159. Բանկային վկայագիր

 

1. Բանկային վկայագիր (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ) է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է ավանդի գումարը և ավանդատուի իրավունքը` սահմանված ժամկետի ավարտից հետո վկայագիր տված բանկում կամ այդ բանկի ցանկացած մասնաճյուղում ստանալ ավանդի գումարը և դրանից տոկոսներ:

2. Բանկային վկայագիրը կարող է լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական:

 

Հոդված 160. Երկակի պահեստային վկայագիր

 

1. Երկակի պահեստային վկայագիր է համարվում օրդերային այն արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը:

2. Երկակի պահեստային վկայագիրը կազմված է երկու մասից` պահեստային վկայագրից և գրավային վկայագրից (վարանտից), որոնք առանձին-առանձին արժեթղթեր են:

 

Հոդված 161. Հասարակ պահեստային վկայագիր

 

Հասարակ պահեստային վկայագիր է համարվում ըստ ներկայացնողի այն արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը:

 

Հոդված 161.1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը

 

1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթ է համարվում անվանական այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու) իրավունքը օրենքով սահմանված կարգով և պայմաններով կենսաթոշակ կամ կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ գումարներ ստանալու իրավունքը (կենսաթոշակային ֆոնդերի կողմից թողարկված արժեթուղթ):

2. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթը կարող է տիրապետվել, օգտագործվել և տնօրինվել բացառապես օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ կամ այլ սոցիալական ապահովության գումար ստանալու նպատակով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

(161.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ

 

Հոդված 162. Ոչ նյութական բարիքների հասկացությունը

 

1. Անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու և գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի: Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, որոնք պատկանել են մահացածին, կարող են իրականացվել ու պաշտպանվել այլ անձանց` ներառյալ իրավատիրոջ ժառանգների կողմից:

2. Ոչ նյութական բարիքները, սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը (հոդված 14) բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից:

 

Հոդված 162.1. Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը

 

1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(162.1-ին հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-21-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.12.15 ՀՕ-184-Ն)

 

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  10

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 163. Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը

 

1. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

3. Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման: Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի:

 

Հոդված 164. Գույքի պահպանման հոգսը

 

Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

 

Հոդված 165. Գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը

 

Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

 

Հոդված 166. Սեփականության իրավունքի սուբյեկտները

 

1. Գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո:

2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, իրավունքը դադարելու, գույքը տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու առանձնահատկությունները, կապված գույքը քաղաքացու կամ իրավաբանական անձի, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականությանը պատկանելու հանգամանքի հետ, սահմանվում են միայն օրենքներով:

3. Օրենքներով սահմանվում են գույքի այն տեսակները, որոնք կարող են գտնվել միայն պետության կամ համայնքների սեփականության ներքո:

4. Բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես:

 

Հոդված 167. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը

 

1. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:

2. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նման սահմանափակումները, սույն օրենսգրքի 3 հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներին համապատասխան, սահմանված են օրենքով:

3. Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններն իրենց հիմնադիրներից (մասնակիցներից, անդամներից), իրենց որպես ավանդներ կամ վճարներ հանձնված, ինչպես նաև այդ իրավաբանական անձանց կողմից այլ հիմքերով ձեռք բերված գույքի սեփականատերերն են:

 

Հոդված 168. Պետական սեփականության իրավունք

 

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը պետական սեփականություն է:

2. Քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:

3. Պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

4. Հայաստանի Հանրապետության անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են սույն օրենսգրքի 129 հոդվածում նշված մարմինները և անձինք:

 

Հոդված 169. Համայնքների սեփականության իրավունք

 

1. Համայնքներին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքների սեփականությունն է:

2. Համայնքի բյուջեի միջոցները համայնքի սեփականությունն են:

3. Համայնքի անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են սույն օրենսգրքի 129 հոդվածում նշված մարմինները և անձինք:

(169-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-14-Ն, 19.10.16 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 170. Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները

 

1. Սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`

1) հողամասի կառուցապատման.

2) գույքի օգտագործման.

3) սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի.

4) գրավի.

5) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները սույն օրենսգրքի 278 հոդվածով սահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ՝ սեփականատիրոջ խախտումներից:

(170-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)

 

 

Հոդված 171. Պետական գույքի մասնավորեցումը (ապապետականացումը)

 

Պետությունը կարող է իր սեփականության ներքո գտնվող գույքը հանձնել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը` պետական գույքի մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.