ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 61-65

Գ Լ ՈՒ Խ  61

ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1092. Անհիմն հարստացումը վերադարձնելու պարտականությունը

1. Անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:

Հոդված 1093. Անհիմն հարստացումը վերադարձնելու պահանջների հարաբերակցությունը քաղաքացիական իրավունքների պաշտպանության այլ պահանջների հետ

Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, սույն գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև`

1) անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ.

2) սեփականատիրոջ կողմից իր գույքն ապօրինի տիրապետողից հետ ստանալու պահանջների նկատմամբ.

3) պարտավորության մեկ կողմի` մյուսից այդ պարտավորության կապակցությամբ կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ:

Հոդված 1094. Անհիմն հարստացումը բնեղենով վերադարձնելը

1. Անհիմն հարստացման առարկա գույքը ձեռք բերողը պետք է տուժողին վերադարձնի բնեղենով:

2. Ձեռք բերողը տուժողի առջև պատասխանատվություն է կրում անհիմն հարստացման կամ խնայման առարկա գույքի ամեն մի, այդ թվում` նաև պատահական կորստի և պակասորդի կամ վատթարացման համար, այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր հարստացման անհիմն լինելու մասին: Մինչև այդ պահը նա պատասխանատվություն է կրում միայն դիտավորության և կոպիտ անզգուշության դրսևորման դեպքերում:

Հոդված 1095. Անհիմն հարստացման արժեքը հատուցելը

1. Անհիմն հարստացման կամ խնայման միջոցով ձեռք բերված գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում ձեռք բերողը պետք է տուժողին հատուցի ձեռքբերման պահին այդ գույքի իրական արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի հետագա փոփոխությունների պատճառով ծագած վնասները, եթե ձեռք բերողն անհիմն հարստացման մասին իմանալուց հետո անմիջապես չի հատուցել գույքի արժեքը:

2. Անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի գույքից` առանց այն ձեռք բերելու մտադրության, կամ ուրիշի ծառայություններից, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:

Հոդված 1096. Իրավունքն այլ անձի անհիմն փոխանցելու հետևանքները

Պահանջի զիջման միջոցով կամ այլ կերպ գոյություն չունեցող կամ անվավեր պարտավորության հիման վրա իրեն պատկանող իրավունքն այլ անձի փոխանցած անձն իրավունք ունի պահանջել վերականգնելու նախկին դրությունը` ներառյալ իրեն վերադարձնելու փոխանցված իրավունքը հավաստող փաստաթղթերը:

Հոդված 1097. Անհիմն հարստացողի կողմից ստացված եկամուտները տուժողին հատուցելը

1. Անձը, ով անհիմն ստացել կամ խնայել է գույք, պարտավոր է տուժողին հատուցել կամ վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ այդ գույքից` սկսած այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմանար հարստացման անհիմն լինելու մասին:

2. Անհիմն դրամական հարստացման գումարի վրա ենթակա են հավելագրման ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսներ (հոդված 411) սկսած այն օրվանից, երբ ձեռք բերողն իմացել է կամ պետք է իմանար դրամական միջոցների ստացման կամ խնայման անհիմն լինելու մասին:

Հոդված 1098. Վերադարձման ենթակա գույքի վրա կատարված ծախսերը հատուցելը

Անհիմն ստացված կամ խնայված գույքը վերադարձնելիս (հոդված 1094) կամ դրա արժեքը հատուցելիս (հոդված 1095) ձեռք բերողն իրավունք ունի տուժողից պահանջել հատուցելու գույքը պահելու և պահպանելու վրա իր կատարած անհրաժեշտ ծախսերը, սկսած այն օրվանից, երբ նա պարտավոր էր վերադարձնել եկամուտները (հոդված 1097)` ստացված օգուտի հաշվանցով: Ծախսերի հատուցման իրավունքը վերանում է այն դեպքում, երբ ձեռք բերողը վերադարձման ենթակա գույքը պահում է դիտավորությամբ:

Հոդված 1099. Չվերադարձվող անհիմն հարստացումը

Որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման`

1) այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ.

2) վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը.

3) քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարներ.

4) ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

ՏԱՍՆԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գ Լ ՈՒ Խ  62

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1100. Մտավոր սեփականության օբյեկտները

1. Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները:

2. Մտավոր գործունեության արդյունքներ են`

1) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները.

2) կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները.

3) գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները.

4) սելեկցիոն նվաճումները.

5) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները.

6) չբացահայտված տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու):

3. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են`

1) ֆիրմային անվանումները.

2) ապրանքային նշանները (սպասարկման նշանները).

3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները։

4. Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության օբյեկտներ կարող են լինել մտավոր գործունեության այլ արդյունքներ և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների ու ծառայությունների անհատականացման այլ միջոցներ:

(1100-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն)

Հոդված 1101. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ծագման հիմքերը

1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները ծագում են դրանց ստեղծման փաստի ուժով կամ լիազորված պետական մարմնի կողմից սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` այդ օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելու հետևանքով:

2. Չբացահայտված տեղեկատվությանն իրավական պահպանություն տրամադրելու պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 1102. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները

1. Մտավոր գործունեության արդյունքների հեղինակին են պատկանում այդ արդյունքների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները:

2. Անձնական ոչ գույքային իրավունքները հեղինակին են պատկանում անկախ նրա գույքային իրավունքներից և պահպանվում են մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ նրա գույքային իրավունքներն այլ անձի անցնելիս:

Հոդված 1103. Հեղինակության իրավունք

1. Մտավոր գործունեության արդյունքի հեղինակի իրավունքը (հեղինակության իրավունքը) անձնական ոչ գույքային իրավունք է և կարող է պատկանել միայն այն անձին, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության արդյունքը:

2. Հեղինակության իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և գործում է անժամկետ:

3. Եթե արդյունքն ստեղծվել է երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, նրանք համարվում են համահեղինակներ:

Հոդված 1104. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքները

1. Մտավոր գործունեության արդյունքների կամ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների (այսուհետ` անհատականացման միջոցներ) նկատմամբ գույքային իրավունքների տիրապետողը մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու բացառիկ իրավունք ունի:

2. Ուրիշ անձանց կողմից մտավոր սեփականության այն օբյեկտների օգտագործումը, որոնց նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է դրանց իրավատիրոջը, թույլատրվում է միայն վերջինիս համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի տիրապետողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն այլ անձի փոխանցել այդ իրավունքը, նրան թույլատրել օգտագործելու և տնօրինելու այդ օբյեկտը, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի և այլ օրենքների կանոններին:

4. Բացառիկ իրավունքների սահմանափակումները` ներառյալ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու միջոցով, այդ իրավունքներն անվավեր ճանաչելն ու դրանց դադարեցնելը (չեղյալ հայտարարելը) թույլատրվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում, սահմաններում ու կարգով, պայմանով, որ դրանք վնաս չպատճառեն մտավոր սեփականության օբյեկտների բնականոն օգտագործմանը և անհիմն չոտնահարեն հեղինակների իրավունքները` հաշվի առնելով երրորդ անձանց օրինական շահերը:

(1104-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29)

Հոդված 1105. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

1. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքների տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի: Գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով անցնել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով:

2. Գույքային իրավունքների փոխանցումը պայմանագրով և դրանց անցումը համապարփակ իրավահաջորդության կարգով չեն հանգեցնում հեղինակության իրավունքի և այլ անօտարելի ու անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունքների փոխանցման կամ սահմանափակման: Նման իրավունքները փոխանցելու կամ սահմանափակելու մասին պայմանագրի պայմաններն առոչինչ են, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքի:

3. Պայմանագրով փոխանցվող բացառիկ իրավունքները պետք է որոշվեն դրանով: Պայմանագրում որպես օտարելի չնշված իրավունքները ենթադրվում են չփոխանցված, եթե այլ բան ապացուցված չէ:

(վերնագիրը խմբ. 04.12.01 ՀՕ-270)

(1105-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.01 ՀՕ-270)

Հոդված 1106. Լիցենզային պայմանագիր

1. Լիցենզային պայմանագրով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (լիցենզատուն) մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը:

2. Լիցենզային պայմանագիրը ենթադրվում է հատուցելի: Լիցենզային պայմանագրում պետք է սահմանվեն վարձատրության չափը և (կամ) այն որոշելու կարգն ու դրա վճարման ժամկետները:

3. Լիցենզային պայմանագիրը պետք է սահմանի տրամադրվող իրավունքները, դրանք օգտագործելու սահմանները և ժամկետները:

4. Լիցենզային պայմանագրով լիցենզառուին կարող են տրամադրվել`

1) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու լիցենզատուի իրավունքը (հասարակ, ոչ բացառիկ լիցենզիա).

2) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու լիցենզատուի իրավունքը, սակայն, առանց այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (եզակի լիցենզիա).

3) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).

4) օրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեսակներ:

Եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով, լիցենզիան ենթադրվում է հասարակ (ոչ բացառիկ):

5. Լիցենզառուի կողմից մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու մասին պայմանագիրը ենթալիցենզային պայմանագիր է: Լիցենզառուն իրավունք ունի ենթալիցենզային պայմանագիր կնքել միայն լիցենզային պայմանագրով նախատեսված դեպքերում:

Լիցենզառուն պատասխանատվություն է կրում լիցենզատուի առջև ենթալիցենզառուի գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով:

(1106-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 29.04.10 ՀՕ-61-Ն)

Հոդված 1107. Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագիր

1. Հեղինակը կարող է ստանձնել ապագայում ստեղծագործություն, գյուտ կամ մտավոր գործունեության այլ արդյունք ստեղծելու և իր գործատու չհամարվող պատվիրատուին այդ արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունք տրամադրելու պարտավորություն:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը պետք է սահմանի ստեղծվելիք մտավոր գործունեության արդյունքի բնույթը, ինչպես նաև այն օգտագործելու նպատակները կամ եղանակները:

3. Հեղինակի կողմից ապագայում ստեղծվելիք մտավոր գործունեության ցանկացած արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունքը որևէ անձի տրամադրելու մասին հեղինակին պարտադրող պայմանագիրն առոչինչ է:

4. Որոշակի տեսակի կամ որոշակի բնագավառում ապագայում մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու` հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են:

Հոդված 1108. Բացառիկ իրավունքը և սեփականության իրավունքը

Մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունքը գոյություն ունի անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է նման արդյունքը կամ անհատականացման միջոցը:

Հոդված 1109. Բացառիկ իրավունքի գործողության ժամկետը

Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված ժամկետում:

Հոդված 1110. Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները

1. Բացառիկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով: Բացառիկ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել նաև`

1) բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ.

2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` դրանում ներառելով տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանում խախտված իրավունքը, ինչպես նաև թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախտողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում.

3) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

2. Մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործման պայմանագրերը խախտվելու դեպքում կիրառվում են պարտավորությունների խախտման համար պատասխանատվության մասին ընդհանուր կանոնները (գլուխ 26):

(1110-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Գ Լ ՈՒ Խ  63

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1111. Հեղինակային իրավունքի օբյեկտները

1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից:

2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:

3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված` ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող` անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց:

4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն):

5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:

6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

(1111-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1112. Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները

Հեղինակային իրավունքի օբյեկտներ են`

1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.

2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.

3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.

4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.

5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.

6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.

7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.

9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.

10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.

11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.

12) համակարգչային ծրագրերը.

13) տառատեսակները.

14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները:

(1112-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1113. Ստեղծագործության մասերը և ածանցյալ ստեղծագործությունները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ են` սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջները բավարարող ստեղծագործությունների մասերը, դրանց անվանումները և ածանցյալ ստեղծագործությունները:

2. Ածանցյալ ստեղծագործություններ են`

1) այլ ստեղծագործությունների վերամշակումները (մշակումները, անոտացիաները, ռեֆերատները, ամփոփումները, տեսությունները, բեմականացումները, դաշնակումները և գիտության, գրականության ու արվեստի այլ նմանատիպ ստեղծագործությունները).

2) թարգմանությունները.

3) ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և իրենցից ըստ նյութերի ընտրության կամ տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք ներկայացնող այլ հավաքածո ստեղծագործությունները:

3. Ածանցյալ ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով` անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա դրանք հիմնված են կամ որը ներառում են:

(1113-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1114. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն`

1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.

2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).

3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.

4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.

5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները.

6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։

(1114-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1115. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծերի նկատմամբ իրավունքները

1. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների կամ նշանների նախագծի նկատմամբ հեղինակության իրավունքը պատկանում է նախագիծ ստեղծած անձին (մշակողին):

2. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծեր մշակողներն իրավունք ունեն հրապարակել նախագիծը, եթե նախագիծը մշակելու հանձնարարությունը տվող մարմինն այն չի արգելում: Նախագիծը հրապարակելիս մշակողներն իրավունք ունեն նշել իրենց անունը:

3. Իրավասու մարմինը պաշտոնական փաստաթուղթ նախապատրաստելու նպատակով կարող է նախագիծն օգտագործել առանց մշակողի համաձայնության, եթե նախագիծը հրապարակել կամ համապատասխան մարմին է ուղարկել մշակողը:

4. Նախագծի հիման վրա պաշտոնական փաստաթղթեր, խորհրդանիշներ և նշաններ նախապատրաստելիս պաշտոնական փաստաթուղթը, խորհրդանիշը կամ նշանը նախապատրաստող մարմնի հայեցողությամբ նախագծում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:

5. Իրավասու մարմնի կողմից հավանության արժանանալու դեպքում նախագիծը կարող է օգտագործվել առանց մշակողի անունը նշելու:

Հոդված 1116. Հեղինակային իրավունքի ծագումը: Հեղինակության կանխավարկածը

1. Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն:

2. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:

3. Ստեղծագործությունն անանուն կամ կեղծանվամբ լույս ընծայելիս (բացառությամբ այն դեպքի, երբ հեղինակի կեղծանունը որևէ կասկած չի հարուցում նրա անձի ով լինելու մասին) լույս ընծայողը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում, համարվում է հեղինակի ներկայացուցիչը և իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքներն ու ապահովել դրանց իրականացումը: Այս դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին:

(1116-րդ հոդվածը խմբ., փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1117. Համահեղինակություն

1. Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ` անկախ նրանից, այդ ստեղծագործությունը մեկ միասնական ամբողջությու՞ն է, թե՞ կազմված է մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն:

2. Ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե այն կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:

3. Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել ստեղծագործության իր կողմից ստեղծված ինքնուրույն նշանակություն ունեցող մասը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

4. Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում համահեղինակները ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:

5. Եթե համահեղինակների ստեղծագործությունը կազմում է մեկ անբաժանելի ամբողջություն, ապա համահեղինակներից որևէ մեկն իրավունք չունի առանց բավարար հիմքերի արգելել մյուս համահեղինակներին՝ օգտագործելու ստեղծագործությունը:

(1117-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1118. Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակները

1. Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներ են համարվում այլ անձանց ստեղծագործությունները վերամշակած անձինք` թարգմանիչները, ժողովածուներ և այլ հավաքածո ստեղծագործություններ կազմողները:

2. Ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից` վերամշակված, թարգմանված կամ հավաքածո ստեղծագործության մեջ ներառված ստեղծագործության հեղինակի իրավունքը պահպանելու պայմանով:

3. Ածանցյալ ստեղծագործություններ ստեղծողների հեղինակային իրավունքը չի խոչընդոտում այլ անձանց արդեն իսկ օգտագործված ստեղծագործությունների հիման վրա ստեղծելու իրենց ածանցյալ ստեղծագործությունները, եթե պահպանված է սույն հոդվածի 2-րդ կետի պայմանը:

(1118-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1119. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները

1. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձինք (հանրագիտարանների հրատարակիչները, ֆիլմեր պատրաստողները, պրոդյուսերները և այլք) չեն համարվում համապատասխան ստեղծագործությունների հեղինակներ: Սակայն, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում, նման անձինք բացառիկ իրավունքներ են ձեռք բերում այդ ստեղծագործությունների օգտագործման նկատմամբ:

2. Հանրագիտարանների, հանրագիտական բառարանների, գիտական աշխատանքների պարբերական կամ շարունակվող ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների հրատարակիչները նման հրատարակություններն օգտագործելու բացառիկ իրավունք ունեն: Հրատարակիչն իրավունք ունի նման հրատարակության ցանկացած օգտագործման դեպքում նշել կամ պահանջել, որ նշվի իր անվանումը:

Նման հրատարակություններում ներառված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն օգտագործելու բացառիկ իրավունքներ` անկախ այն ամբողջությամբ հրատարակելու հանգամանքից, եթե այլ բան նախատեսված չէ ստեղծագործության ստեղծման պայմանագրով:

Հոդված 1120. Հեղինակային իրավունքի պահպանության նշանը

1. Բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`

1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից.

2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից).

3) ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:

2. Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ:

(վերնագիրը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

(1120-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը:

2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).

2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).

3) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք).

4) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).

5) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք` դրա հետևանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, ապա հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։

(1121-րդ հոդվածը խմբ. 04.12.01 ՀՕ-270, 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1122. Ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը

(հոդվածն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1123. Ստեղծագործությունը հրապարակելու իրավունքը

(հոդվածն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1124. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը

1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`

1) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

2) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

6) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).

7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

8) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).

9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).

12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը:

2. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)

3. Վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի:

4. Տարածում են համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը:

5. Եթե ստեղծագործության օրինակներն օտարված են օրենքով սահմանված կարգով, ապա դրանց հետագա տարածելը թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ստեղծագործությունն օգտագործված է համարվում անկախ այն բանից այն օգտագործվել է շահույթ ստանալու նպատակով, թե առանց այդ նպատակի:

7. Ստեղծագործության (գյուտերի, այլ տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական և այլ որոշումների) բովանդակությունը կազմող դրույթների գործնական կիրառումը հեղինակային իրավունքի տեսանկյունից ստեղծագործության օգտագործում չէ:

(1124-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ., փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1125. Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը տնօրինելը

1. Հեղինակը կամ այլ իրավատերը կարող է պայմանագրով` ներառյալ հրապարակային սակարկություններում կնքված, ստեղծագործությունն օգտագործելու իր բոլոր իրավունքները փոխանցել այլ անձի (օգտագործման իրավունքի օտարում):

2. Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը փոխանցվում է համապարփակ իրավահաջորդության կարգով (1105 հոդվածի 1-ին կետ):

3. Իրավատերը կարող է այլ անձի հանձնել որոշակի սահմաններում ստեղծագործությունն օգտագործելու թույլտվություն (լիցենզիա): Թույլտվությունը պահանջվում է ստեղծագործությունն ինչպես նախնական, այնպես էլ վերամշակված ձևով` ներառյալ թարգմանության, դաշնակման և այլն, օգտագործելու համար:

4. Ստեղծագործությունն օգտագործելու յուրաքանչյուր եղանակի համար պահանջվում է իրավատիրոջ հատուկ թույլտվություն (1105 հոդվածի 2-րդ կետ):

Հոդված 1126. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:

Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար:

2. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի և այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։

(1126-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1127. Գույքային իրավունքների սահմանափակումները
(վերնագիրը խմբ.15.06.06 ՀՕ-143-Ն)

1. Գույքային իրավունքների սահմանափակումները կիրառվում են պայմանով, եթե դրանք անհարկի վնաս չեն պատճառում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և չեն ոտնահարում հեղինակի օրինական շահերը:

2. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի և այլ անձանց գույքային իրավունքների սահմանափակում թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում:

(1127-րդ հոդվածը փոփ.15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)

2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:

4. (կետն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-270)

(1128-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-270, փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1129. Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների և կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։

2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։

Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։

4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաև տվյալների բազաների նկատմամբ։

(1129-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1130. Հեղինակային իրավունքի գործողության սկիզբը

1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն սկսում է գործել ստեղծագործությանը երրորդ անձանց կողմից ընկալվելու համար մատչելի օբյեկտիվ ձև տալու պահից` անկախ դրա լույս ընծայումից: Բանավոր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է այն երրորդ անձանց հաղորդելու պահից:

2. Եթե ստեղծագործության վրա չի տարածվում սույն օրենսգրքի 1129 հոդվածի գործողությունը, ապա նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պահպանվում է ստեղծագործության առաջին հրապարակման պահից, եթե դա իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 1131. Գույքային իրավունքների գործողության ժամկետը

1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո` 70 տարի:

2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո` 70 տարի:

3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները:

4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

(1131-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1132. Ստեղծագործությունը հանրային սեփականության վերածելը

1. Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո այն վերածվում է հանրային սեփականության:

Այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե պահպանության չեն տրամադրվել, համարվում են հանրային սեփականություն:

2. Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ` առանց հեղինակային վարձատրություն վճարելու: Ընդ որում, պետք է պահպանվեն հեղինակության իրավունքը, անվան իրավունքը և հեղինակի համբավի և արժանապատվության իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(1132-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, լրաց. 04.12.01 ՀՕ-270, փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1133. Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար և փոխանցումը

1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի և արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:

3. Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի և արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:

Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս և հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:

5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

(1133-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1134. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը: Հեղինակային պայմանագիրը

1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է և կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:

3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:

4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:

5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առ ոչինչ են:

7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:

(1134-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1135. Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը

1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով:

Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ (որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը) պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:

4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ:

5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:

6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:

8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:

(1135-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1136. Հեղինակային պայմանագրով պատասխանատվությունը

1. Հեղինակային պայմանագրով պարտավորությունները չկատարած կամ անպատշաճ կատարած կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմին պատճառված վնասները` ներառյալ բաց թողնված օգուտը:

2. Եթե հեղինակը պատվիրված ստեղծագործությունը չի ներկայացրել պատվերի պայմանագրի պայմաններին համապատասխան, ապա նա պարտավոր է հատուցել պատվիրատուին պատճառված իրական վնասը:

Հոդված 1137. Պատասխանատվությունը ստեղծագործությունն առանց թույլտվության օգտագործելու համար

1. Առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։

2. Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝

ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`

բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։

(1137-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1138. Հեղինակային հարաբերությունների իրավական կարգավորումը

Հեղինակային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Գ Լ ՈՒ Խ  64

ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 1139. Հարակից իրավունքների օբյեկտները

Հարակից իրավունքները տարածվում են կատարումների, հնչյունագրերի, ֆիլմերի ամրագրումների, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, տվյալների բազաների պարունակության, հրատարակչական ձևավորումների վրա։

Հարակից իրավունքների ծագման և իրականացման համար որևէ ձևականություն չի պահանջվում:

(1139-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1140. Հարակից իրավունքների սուբյեկտները

1. Հարակից իրավունքների սուբյեկտներ են կատարողները, հնչյունագիր արտադրողները, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հեռարձակող կազմակերպությունները, տվյալների բազաներ պատրաստողները և հրատարակիչները։

2. Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողին:

3. Հնչյունագրի նկատմամբ իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին:

4. Ֆիլմի ամրագրման նկատմամբ իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին:

5. Հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ հեռարձակող կազմակերպությանը:

6. Տվյալների բազայի պարունակության նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալների բազան պատրաստողին:

7. Հրատարակչական ձևավորման նկատմամբ իրավունքը պատկանում է հրատարակչին:

8. Սույն հոդվածի 2-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման իրավունքով կամ պայմանագրով անցնել այլ անձի:

(1140-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1141. Հնչյունագիր արտադրողի իրավունքների պահպանության նշանը

Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝

1) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.

2) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.

3) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից:

(1141-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1142. Հարակից իրավունքների գործողության ժամկետը

1. Կատարողի գույքային իրավունքները ծագում են կատարման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։

2. Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։

3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի:

4. Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում են առաջին հեռարձակման պահից և գործում են 50 տարի։

5. Հրատարակչի իրավունքը ծագում է ստեղծագործության հրատարակման պահից և գործում է 50 տարի:

6. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից և գործում են 15 տարի։

Եթե մինչև նշված ժամկետի ավարտը տվյալների բազան որևէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների պահպանության ժամկետը հաշվարկվում է տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից:

7. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

(1142-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Հոդված 1143. Հարակից իրավունքներով հարաբերությունների իրավական կարգավորումը

Հարակից իրավունքներով հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

(1143-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)

Գ Լ ՈՒ Խ  65

ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1144. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության պայմանները

1. Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:

2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի`

1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին.

2) արտադրության միջոցների և սպառման առարկաների կառուցվածքային կատարում համարված օգտակար մոդելին.

3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող և նոր, ինքնատիպ ու գեղարվեստակառուցվածքային լուծում համարված արդյունաբերական նմուշին:

3. Գյուտին, օգտակար մոդելին, արդյունաբերական նմուշին ներկայացվող պահանջները, որոնց դեպքում ծագում է արտոնագիր ստանալու իրավունքը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից արտոնագիր տալու կարգը սահմանվում են «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

(1144-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն)

Հոդված 1145. Գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն օգտագործելու իրավունքը

1. Արտոնագրով պաշտպանված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն իր հայեցողությամբ օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է արտոնագրի տիրոջը:

2. Առանց արտոնագրի տիրոջ թույլտվության այլ անձինք իրավունք չունեն օգտագործել գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման օգտագործումը` «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` արտոնագրի տիրոջ իրավունքների խախտում չէ:

(1145-րդ հոդվածը փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն)

Հոդված 1146. Արտոնագրի նկատմամբ իրավունքը տնօրինելը

Արտոնագիր ստանալու իրավունքը, հայտի գրանցումից բխող իրավունքները, արտոնագրի տիրապետման իրավունքը և արտոնագրից բխող իրավունքները կարող են լրիվ կամ մասնակի փոխանցվել այլ անձի:

Հոդված 1147. Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակին են պատկանում գյուտի, օգտակար մոդելի ու արդյունաբերական նմուշի նկատմամբ հեղինակության իրավունքը, ինչպես նաև գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն անվանակոչելու իրավունքը:

2. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ հեղինակության իրավունքը և այլ անձնական իրավունքները ծագում են արտոնագրի վրա հիմնված իրավունքները ծագելու պահից:

3. Որպես գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի հեղինակ հայտում նշված անձը հեղինակ է համարվում, եթե այլ բան ապացուցված չէ:

Հոդված 1148. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի համահեղինակները

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ:

2. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական կամ կազմակերպչական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակել և այլն) չի հանգեցնում համահեղինակության:

Հոդված 1149. Ծառայողական գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները

Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ժամանակ աշխատողի ստեղծած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի (ծառայողական գյուտի) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե դա նախատեսված է նրանց միջև կնքված պայմանագրով:

Հոդված 1150. Ծառայողական գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակի վարձատրության իրավունքը

Ծառայողական գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակի վարձատրության չափը, պայմանները և վճարելու կարգը որոշվում են հեղինակի ու գործատուի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Հոդված 1151. Արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրված` գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի արտոնագրերը:

2. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության տված արտոնագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

3. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք կամ նրանց իրավահաջորդները Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրեր, եթե սահմանված կարգով հայտարկված լուծումը համապատասխանում է «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` գյուտերին, օգտակար մոդելներին կամ արդյունաբերական նմուշներին ներկայացվող պահանջներին:

(1151-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, 10.06.08 ՀՕ-112-Ն)

Հոդված 1152. Արտոնագրի գործողության ժամկետը

Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(1152-րդ հոդվածը փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն)

Հոդված 1153. Արտոնագրի նկատմամբ իրավունքը փոխանցելու պայմանագրի ձևը և դրանից ծագող իրավունքների գրանցումը

1. Արտոնագրի զիջման մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:

2. Գրավոր ձևը կամ գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:

(1153-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)

Հոդված 1154. Լիցենզային և ենթալիցենզային պայմանագրերի ձևը և դրանցից ծագող իրավունքների գրանցումը

1. Լիցենզային և ենթալիցենզային պայմանագրերը կնքվում են գրավոր, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:

2. Գրավոր ձևը կամ գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:

(1154-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)

Հոդված 1155. Պատասխանատվությունն արտոնագիրը խախտելու համար

Արտոնագրի տիրոջ պահանջով արտոնագրի խախտումը պետք է դադարեցվի, իսկ իրավախախտողը պարտավոր է արտոնագրի տիրոջը հատուցել կրած վնասները:

Հոդված 1156. Արտոնագրի տիրոջ իրավունքների սահմանափակումը

Արտոնագրի տիրոջ իրավունքները սահմանափակելու հիմքերը, արտոնագիրը դադարեցնելու (չեղյալ հայտարարելու), այն անվավեր ճանաչելու, հարկադրական լիցենզիաներ տալու պայմանները սահմանվում են «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Արտոնագիրը հասարակության և պետության կարիքների համար կարող է օտարվել միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

(1156-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն)

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.