ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԳԼՈՒԽ 76-81

Գ Լ ՈՒ Խ  76

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԸ

Հոդված 1239. Ժառանգության պահպանման և կառավարման կարգը

1. Ժառանգների, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրի նոտարը ձեռնարկում է սույն օրենսգրքի 1240 և 1241 հոդվածներում սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ այլ միջոցներ:

2. Ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա:

Անհրաժեշտության դեպքում նոտարն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել ժառանգությունը պահպանելու և (կամ) կառավարելու համար:

3. Ժառանգության զանգվածը պարզելու և այն պահպանելու նպատակներով նոտարն իրավունք ունի հարցում անել բանկերին և այլ վարկային կազմակերպություններին նրանց ավանդներում, հաշիվներում գտնվող կամ նրանց ի պահ հանձնված` ժառանգատուին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ:

4. Պարտատերերին տեղեկացնելու նպատակով նոտարը մամուլում հաղորդագրություն է հրապարակում ժառանգության բացման վերաբերյալ` պարտատերերին առաջարկելով հաղորդագրությունը հրապարակելու օրվանից վեցամսյա ժամկետում ներկայացնել ժառանգատուի նկատմամբ իրենց պահանջները:

5. Ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցներն իրականացվում են նոտարի սահմանած ժամկետի ընթացքում` հաշվի առնելով ժառանգության բնույթը և արժեքը ու ժառանգության տիրապետմանն անցնելու համար ժառանգներին անհրաժեշտ ժամանակը, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 1227 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ու 1229 հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ավելի, քան ժառանգության բացման օրվանից ինն ամսվա ընթացքում:

6. Ժառանգությունը պահպանելու և կառավարելու ծախսերը հատուցվում են:

7. Այն դեպքերում, երբ ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրի նոտարին կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձին արդարադատության մարմինների միջոցով ուղարկում է ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա հանձնարարություն:

Հոդված 1240. Ժառանգությունը պահպանելու միջոցները

1. Ժառանգությունը պահպանելու նպատակով նոտարը կատարում է ժառանգական զանգվածի գույքագրում:

2. Ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը (արժույթը) մուծվում է նոտարի դեպոզիտ, իսկ արժույթը, թանկարժեք քարերից և մետաղներից պատրաստված գույքը պահատվության համար հանձնվում են բանկ` սույն օրենսգրքի 43 գլխով սահմանված կարգով:

3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող այն գույքի պահպանությունը, որը կարող է շրջանառության մեջ գտնվել հատուկ թույլտվությամբ, նոտարն իրականացնում է համապատասխան գույքի մասին օրենքով սահմանված կարգով:

4. Ժառանգության զանգվածի մեջ մտնող սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում չնշված գույքը, եթե այն կառավարման կարիք չունի, նոտարը պահատվության պայմանագրով հանձնում է ժառանգներից մեկին, իսկ ժառանգներին հանձնելու անհնարինության դեպքում` մասնագիտացված կազմակերպությանը:

5. Ժառանգության զանգվածի գույքագրումը և այն պահպանելու միջոցները նոտարը ձեռնարկում է նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:

Հոդված 1241. Ժառանգության կառավարման միջոցները

1. Եթե ժառանգության զանգվածում առկա է ոչ միայն պահպանելու, այլ նաև կառավարելու կարիք ունեցող գույք (տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմաս, արժեթղթեր, բացառիկ իրավունքներ և այլն), նոտարը, որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, կնքում է այդ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր:

2. Ժառանգական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի պարտադիր և այլ պայմանները, այն կնքելու ու հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը որոշելու կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 52 գլխի կանոններին համապատասխան, եթե այլ բան չի բխում ժառանգության հավատարմագրային կառավարման հարաբերությունների էությունից:

Գ Լ ՈՒ Խ  77

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ

Հոդված 1242. Ժառանգության հաշվին հատուցվող ծախսերը

1. Ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.

երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.

երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.

չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.

հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

2. Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքն անբավարար լինելու դեպքում այն համապատասխան հերթի պարտատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:

Հոդված 1243. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը

1. Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

2. Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

Հոդված 1244. Ժառանգների պատասխանատվությունը

1. Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են սույն օրենսգրքի 1242 հոդվածում նշված ծախսերը:

2. Ինչպես անմիջապես ժառանգության բացման, այնպես էլ ժառանգության ընդունման իրավունքի փոխանցման արդյունքում ժառանգություն ստացած ժառանգը պատասխանատվություն է կրում այդ երկու հիմքերով ստացված գույքի արժեքի սահմաններում:

3. Իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:

Գ Լ ՈՒ Խ  78

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԸ

Հոդված 1245. Ժառանգության իրավունքի վկայագիրը

1. Ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը:

2. Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա:

3. Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգներից յուրաքանչյուրին առանձին-առանձին:

4. Եթե ժառանգության իրավունքի վկայագիր տալուց հետո ի հայտ է եկել այնպիսի գույք, որի համար վկայագիր չի տրվել, ապա տրվում է ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր:

5. Անժառանգ գույքի ժառանգության իրավունքի վկայագիրն ուղարկվում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմին:

Հոդված 1246. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամկետը

1. Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան:

3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճի դեպքում ժառանգության իրավունքի վկայագրի հանձնումը կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Գ Լ ՈՒ Խ  79

ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 1247. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի ժառանգությունը

Ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի մահը հիմք է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում նրա բաժինը որոշելու և սույն օրենսգրքի 199 հոդվածով սահմանված կարգով ընդհանուր գույքը բաժանելու կամ մահացած մասնակցի բաժինը դրանից առանձնացնելու համար: Այդ դեպքում ժառանգությունը բացվում է մահացած մասնակցի բաժնին հասանելիք ընդհանուր գույքի, իսկ գույքը բնեղենով բաժանելու անհնարինության դեպքում` նման բաժնի արժեքի նկատմամբ:

Հոդված 1248. Տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքը ժառանգելը

1. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ:

2. Կոոպերատիվի մահացած անդամի ժառանգության զանգվածի մեջ մտնում է կոոպերատիվում նրա փայի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:

3. Այն հարցի լուծումը, թե ժառանգներից որ մեկը կարող է ընդունվել տնտեսական ընկերակցության կամ ընկերության կամ կոոպերատիվի մեջ այն դեպքում, երբ համապատասխան իրավաբանական անձի նկատմամբ ժառանգատուի իրավունքներն անցել են մի քանի ժառանգների, ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձանց մասնակիցներ չդարձած ժառանգներին հասանելիք գումարներ վճարելու կարգը, եղանակները և ժամկետները որոշվում են սույն օրենսգրքով, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով, կոոպերատիվների մասին օրենքներով, ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձի կանոնադրությամբ:

Հոդված 1249. Աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգությունը

1. Վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:

2. Սույն հոդվածի 1-ին կետի հիմքով գումարներ վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

3. Մահացածին չվճարված գումարները սույն հոդվածի 1-ին կետի հիմքով ստանալու իրավունք ունեցող անձանց բացակայության կամ նրանց կողմից այդ գումարները սահմանված ժամկետում վճարելու պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

Հոդված 1250. Սահմանափակ շրջանառունակություն ունեցող գույքը ժառանգելը

1. Ժառանգատուին պատկանող գույքը, որը շրջանառության մեջ է գտնվում հատուկ թույլտվությամբ (զենք և այլն), ժառանգության զանգվածի մեջ է մտնում և ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով: Ժառանգության ընդունման համար, որի զանգվածի մեջ մտնում է նման գույքը, հատուկ թույլտվություն չի պահանջվում:

2. Նման ժառանգություն ընդունած անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմին` թույլտվություն ստանալու համար:

3. Ժառանգի դիմումը մերժելու դեպքում նման թույլտվություն պահանջող գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը դադարեցվում է սույն օրենսգրքի 282 հոդվածին համապատասխան:

Հոդված 1251. Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները ժառանգելու անթույլատրելիությունը

(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-103-Ն)

 

Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(1251-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-103-Ն)

Հոդված 1252. Հուշանշանների և այլ նշանների հավաքածուներ ժառանգելը

Ժառանգատուին պատկանող հուշանշանների և այլ նշանների հավաքածուները մտնում են ժառանգության զանգվածի մեջ ու ժառանգվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմքերով:

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ

Գ Լ ՈՒ Խ  80

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1253. Օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքը որոշելը

1. Օտարերկրյա քաղաքացիների` ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց և օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է սույն օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան անհնար է որոշել կիրառվելիք իրավունքը, ապա կիրառվում է օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների հետ առավել սերտ կապված իրավունքը:

3. Դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշելու մասին սույն բաժնի կանոնները պարտադիր են նաև այդ հարցի լուծման լիազորություններով օժտված այլ մարմինների համար:

Հոդված 1254. Իրավաբանական հասկացությունների բնորոշումը

1. Կիրառվելիք իրավունքը որոշելիս դատարանը հիմնվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան իրավաբանական հասկացությունների մեկնաբանության վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

2. Եթե իրավական բնորոշում պահանջող իրավաբանական հասկացություններն անհայտ են Հայաստանի Հանրապետության իրավունքին կամ հայտնի են այլ անվանմամբ և այլ բովանդակությամբ ու չեն կարող բնորոշվել Հայաստանի Հանրապետության իրավունքի մեկնաբանման միջոցով, ապա դրանց իրավական բնորոշման դեպքում կիրառվում է օտարերկրյա պետության իրավունքը:

Հոդված 1255. Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելը

1. Օտարերկրյա իրավունք կիրառելիս դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

2. Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը սահմանված կարգով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության և արտասահմանի իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնագետների:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող փաստաթղթեր, որոնք նրանք վկայակոչում են իրենց պահանջները կամ առարկությունները հիմնավորելիս կամ այլ կերպ աջակցել դատարանին այդ նորմերի բովանդակությունը պարզելու համար:

4. Եթե օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը, չնայած սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցներին, ողջամիտ ժամկետներում չի պարզվել, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

Հոդված 1256. Բազմաթիվ իրավական համակարգեր ունեցող պետության իրավունքի կիրառումը

Այն դեպքերում, երբ կիրառվելու է այն պետության իրավունքը, որում գործում են մեկից ավելի իրավական համակարգեր, և անհնար է որոշել կիրառվելիք իրավական համակարգը, կիրառվում է այն իրավական համակարգը, որի հետ տվյալ հարաբերությունն առավել սերտ է կապված:

Հոդված 1257. Փոխադարձության սկզբունքը

1. Դատարանն օտարերկրյա իրավունքը կիրառում է` անկախ Հայաստանի Հանրապետության իրավունքը նույնանման հարաբերությունների նկատմամբ համապատասխան օտարերկրյա պետության կողմից կիրառվելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրյա իրավունքի կիրառումը փոխադարձության սկզբունքով սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Եթե օտարերկրյա իրավունքի կիրառումը կախված է փոխադարձության սկզբունքից, ենթադրվում է, որ այն առկա է, եթե այլ բան ապացուցված չէ:

Հոդված 1258. Հանրային կարգի մասին վերապահումը

1. Սույն օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմը:

2. Օտարերկրյա իրավունքի նորմի կիրառումից հրաժարվելը չի կարող հիմնվել միայն համապատասխան օտարերկրյա պետության իրավական, քաղաքական կամ տնտեսական համակարգը Հայաստանի Հանրապետության իրավական, քաղաքական կամ տնտեսական համակարգից տարբերվելու հանգամանքի վրա:

Հոդված 1259. Իմպերատիվ նորմերի կիրառումը

Սույն բաժնի կանոնները չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության իրավունքի այն իմպերատիվ նորմերի գործողությանը, որոնք քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքները և շահերն ապահովելու իրենց առանձնահատուկ նշանակությամբ բացառում են որևէ այլ իրավունք կիրառելու հնարավորությունը:

Հոդված 1260. Օտարերկրյա իրավունքը վկայակոչելը

Սույն բաժնի կանոններին համապատասխան` օտարերկրյա իրավունքին կատարված ցանկացած հղում պետք է դիտվի որպես համապատասխան պետության նյութական, այլ ոչ թե կոլիզիոն իրավունքի վկայակոչում:

Հոդված 1261. Հակազդամիջոցներ

Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել պատասխան սահմանափակումներ (հակազդամիջոցներ) այն պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների նկատմամբ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների սահմանափակումներ:

Գ Լ ՈՒ Խ  81

ԿՈԼԻԶԻՈՆ ՆՈՐՄԵՐ

§ 1. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1262. Քաղաքացու անձնական օրենքը

1. Քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիությունն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված:

2. Քաղաքացիություն չունեցող անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ տվյալ անձը մշտապես բնակվում է:

3. Փախստականի անձնական օրենքը նրան ապաստան տրամադրած պետության իրավունքն է:

Հոդված 1263. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունակությունը

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար քաղաքացիական իրավունակությունից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Հոդված 1264. Օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի անունը որոշող օրենքը

Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի իրավունքներն իր անվան, դրա օգտագործման և պաշտպանության նկատմամբ որոշվում են նրա անձնական օրենքով, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի 22 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության և 4-րդ կետի, 1280 ու 1291 հոդվածներով սահմանված կանոններից:

Հոդված 1265. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործունակությունը որոշող օրենքը

1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը որոշվում է նրա անձնական օրենքով:

2. Իր անձնական օրենքով գործունակությամբ չօժտված կողմն իրավունք չունի վկայակոչել իր գործունակության բացակայությունը, եթե նա գործունակ է գործարքը կնքելու վայրի իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս կողմը գիտեր կամ պետք է իմանար նրա անգործունակ լինելու մասին:

3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը Հայաստանի Հանրապետությունում կնքված գործարքներով և Հայաստանի Հանրապետությունում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններով որոշվում է Հայաստանի Հանրապետության իրավունքով:

Հոդված 1266. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը որոշող իրավունքը

Առանց իրավաբանական անձ ստեղծելու, որպես անհատ ձեռնարկատեր, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ունակությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր:

Հոդված 1267. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչող իրավունքը

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվում Հայաստանի Հանրապետության իրավունքով:

Հոդված 1268. Խնամակալությունը և հոգաբարձությունը որոշող օրենքը և կիրառվող իրավունքը

1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ չափահաս անձանց նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում և վերացվում է այն անձի անձնական օրենքով, որի կիրառմամբ սահմանվել կամ վերացվել է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

2. Խնամակալություն (հոգաբարձություն) ստանձնելու խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունը որոշվում է խնամակալ (հոգաբարձու) նշանակված անձի անձնական օրենքով:

3. Խնամակալի (հոգաբարձուի) և խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձի միջև հարաբերությունները կարգավորվում են այն պետության իրավունքով, որի մարմինը նշանակել է խնամակալ (հոգաբարձու): Սակայն, եթե խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը, եթե այն առավել բարենպաստ է տվյալ անձի համար:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում համարվում է վավեր, եթե դրա դեմ օրենքի վրա հիմնված առարկություններ չունի Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հաստատությունը:

Հոդված 1269. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչող իրավունքը

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության իրավունքով:

Հոդված 1270. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը գրանցում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունները` կիրառելով Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:

Հոդված 1271. Օտարերկրյա պետության մարմինների կողմից տրված քաղաքացիական կացության ակտերն հավաստող փաստաթղթերը ճանաչելը

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից համապատասխան պետությունների օրենքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

§ 2. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1272. Օտարերկրյա իրավաբանական անձանց անձնական օրենքը

1. Օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ իրավաբանական անձը:

2. Իրավաբանական անձի անձնական օրենքի հիման վրա նախ պարզվում է տվյալ կազմակերպությունն իրավաբանական անձ է, թե` ոչ, և ապա որոշվում են իրավաբանական անձի`

1) կազմակերպական-իրավական ձևը.

2) անվանմանն առաջադրվող պահանջները.

3) ստեղծման և դադարման հարցերը.

4) վերակազմակերպման` ներառյալ իրավահաջորդության հարցերը.

5) իրավունակության բովանդակությունը.

6) քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու կարգը.

7) ներսում ծավալվող հարաբերությունները` ներառյալ իրավաբանական անձի հարաբերություններն իր մասնակիցների հետ.

8) պատասխանատվությունը:

3. Օտարերկրյա իրավաբանական անձը չի կարող վկայակոչել իր մարմնի կամ ներկայացուցչի` այն պետության իրավունքին անհայտ գործարքը կնքելու լիազորությունների սահմանափակումը, որտեղ այդ մարմինը կամ ներկայացուցիչը կնքել է գործարքը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցվում է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակման մասին:

Հոդված 1273. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց գործունեության համար ազգային ռեժիմ տրամադրելը

Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական և այլ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց նման գործունեության համար օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, եթե օտարերկրյա իրավաբանական անձանց համար այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 1274. Օտարերկրյա իրավունքով իրավաբանական անձ չհամարվող օտարերկրյա կազմակերպությունների անձնական օրենքը

Օտարերկրյա իրավունքով իրավաբանական անձ չհամարվող օտարերկրյա կազմակերպության անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ կազմակերպությունը:

Այդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները, որոնք կարգավորում են իրավաբանական անձանց գործունեությունը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Հոդված 1275. Պետության մասնակցությունն օտարերկրյա անձանց հետ քաղաքացիական-իրավական հարաբերություններում

Սույն բաժնի կանոնները կիրառվում են օտարերկրյա անձանց հետ քաղաքացիական-իրավական հարաբերություններում պետության մասնակցության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

§ 3. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1276. Ընդհանուր դրույթներ գույքային իրավունքների նկատմամբ կիրառվող իրավունքի մասին

1. Անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ու այլ գույքային իրավունքների բովանդակությունը, դրանց իրականացումը և պաշտպանությունը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:

2. Գույքի անշարժ կամ շարժական լինելը, ինչպես նաև գույքի այլ իրավաբանական որակավորումը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:

Հոդված 1277. Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը

1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տվյալ գույքը գտնվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք տեղի ունենալու պահին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

2. Գործարքի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարելը որոշվում են այն պետության իրավունքով, որը կիրառելի է տվյալ գործարքի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

3. Ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գույքը գտնվել է ձեռքբերման վաղեմության ժամկետի ավարտման պահին:

Հոդված 1278. Տրանսպորտային միջոցների և պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ գույքային իրավունքները որոշող իրավունքը

Տրանսպորտային միջոցների և պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ու այլ գույքային իրավունքները որոշվում են այն պետության իրավունքով, որի պետական գրանցամատյանում գրառված են այդ տրանսպորտային միջոցների կամ գույքի նկատմամբ իրավունքները:

Հոդված 1279. Ճանապարհին գտնվող շարժական գույքի նկատմամբ գործարքով սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները որոշող իրավունքը

Ճանապարհին գտնվող շարժական գույքի նկատմամբ գործարքով սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղից առաքվել է այդ գույքը, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:

§ 4. ԱՆՁՆԱԿԱՆ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1280. Անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանության նկատմամբ կիրառվող իրավունքը

Անձնական ոչ գույքային իրավունքների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել նման իրավունքների պաշտպանության պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք:

§ 5. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1281. Գործարքի ձևը որոշող իրավունքը

1. Գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ այն կնքվել է: Սակայն արտասահմանում կնքված գործարքի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:

2. Արտաքին տնտեսական գործարքը, որի մասնակիցներից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրավաբանական անձ է, անկախ գործարքը կնքելու վայրից, կնքվում է գրավոր:

3. Անշարժ գույքի նկատմամբ գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:

Հոդված 1282. Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշող իրավունքը

Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը: Սակայն լիազորագրի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:

Հոդված 1283. Հայցային վաղեմությունը որոշող իրավունքը

Հայցային վաղեմությունը որոշվում է այն պետության իրավունքով, որը կիրառվում է համապատասխան հարաբերությունը կարգավորելու համար:

§ 6. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1284. Իրավունքի ընտրությունը պայմանագրի կողմերի համաձայնությամբ

1. Պայմանագիրը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ ընտրված պետության իրավունքով:

2. Պայմանագրի կողմերը կիրառվելիք իրավունքը կարող են ընտրել ինչպես ամբողջ պայմանագրի, այնպես էլ դրա առանձին մասերի համար:

3. Պայմանագրի կողմերը, պայմանագիր կնքելիս և հետագայում, կարող են ցանկացած ժամանակ ընտրել կիրառվելիք իրավունքը: Կողմերը կարող են նաև ցանկացած ժամանակ պայմանավորվել պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքի փոփոխման մասին:

4. Պայմանագիրը կնքելուց հետո ընտրված կիրառվելիք իրավունքը հետադարձ ուժ ունի և վավեր է այն կնքելու պահից:

5. Կիրառվելիք իրավունքի ընտրության վերաբերյալ կողմերի համաձայնությունը պետք է հստակ արտահայտվի կամ ուղղակի բխի պայմանագրի պայմաններից:

6. Եթե պայմանագրում օգտագործվել են միջազգային շրջանառությունում ընդունված առևտրային տերմիններ, ապա, պայմանագրում այլ ցուցումների բացակայության դեպքում, համարվում է, որ կողմերը համաձայնվել են իրենց հարաբերությունների նկատմամբ կիրառել համապատասխան առևտրային տերմիններով արտահայտված գործարար շրջանառության սովորույթները:

Հոդված 1285. Իրավունքի ընտրության վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքը

1. Կիրառվելիք իրավունքի վերաբերյալ պայմանագրի կողմերի համաձայնության բացակայության դեպքում այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը`

1) գրավատու է գրավի պայմանագրում.

2) երաշխավոր է երաշխավորության պայմանագրում.

3) վաճառող է առուվաճառքի պայմանագրում.

4) նվիրատու է նվիրատվության պայմանագրում.

5) վարձատու է վարձակալության պայմանագրում.

6) փոխատու է գույքի անհատույց օգտագործման պայմանագրում.

7) կապալառու է կապալի պայմանագրում.

8) հանձնակատար է հանձնարարության պայմանագրում.

9) կոմիսիոներ է կոմիսիայի պայմանագրում.

10) գործակալ է գործակալության պայմանագրում.

11) պահառու է պահատվության պայմանագրում.

12) փոխադրող է փոխադրման պայմանագրում.

13) առաքող է տրանսպորտային առաքման պայմանագրում.

14) պարտատեր է փոխառության կամ այլ վարկային պայմանագրում.

15) ֆինանսական գործակալ է դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրում.

16) բանկ է բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերում.

17) իրավատեր է համալիր թույլտվության պայմանագրում.

18) ապահովագրող է ապահովագրության պայմանագրում.

19) լիցենզատու է բացառիկ իրավունքների օգտագործման լիցենզային պայմանագրում:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից` կիրառվելիք իրավունքի վերաբերյալ պայմանագրի կողմերի համաձայնության բացակայության դեպքում`

1) այն պայմանագրի նկատմամբ, որի առարկան անշարժ գույքն է, ինչպես նաև գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ գտնվում է տվյալ գույքը.

2) շինարարական կապալի պայմանագրի և նախագծային ու հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ստեղծվում են պայմանագրով նախատեսված արդյունքները.

3) համատեղ գործունեության պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ իրականացվում է նման գործունեությունը.

4) աճուրդում կամ մրցույթով կնքված պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ անց է կացվել աճուրդը կամ մրցույթը:

3. Կիրառվելիք իրավունքի վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում չթվարկված պայմանագրերի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության վայր կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը կատարում է նման պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը: Պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը որոշելու անհնարինության դեպքում կիրառվում է այն պետության իրավունքը, որի հետ առավել սերտ է կապված տվյալ պայմանագիրը:

Հոդված 1286. Օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձ ստեղծելու մասին պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքը

Օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձ ստեղծելու մասին պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ, համաձայն այդ պայմանագրի, իրավաբանական անձը հիմնադրվում է:

Հոդված 1287. Կիրառվելիք իրավունքով լուծվող հարցերի շրջանակը

Սույն պարագրաֆի դրույթների ուժով` պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքը ներառում է կողմերի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի`

1) մեկնաբանումը.

2) կատարումը.

3) չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքները.

4) դադարելը.

5) առոչինչ լինելու կամ անվավերության հետևանքները.

6) հետ կապված պահանջի զիջումը և պարտքի փոխանցումը:

§ 7. ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1288. Իրավունքը, որը կիրառվում է միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների նկատմամբ

Միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ կատարվել է գործարքը:

§ 8. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1289. Վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքը

Վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ հանգամանքը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Հոդված 1290. Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքը

Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել անհիմն հարստացումը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

§ 9. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1291. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ կիրառվող իրավունքը

1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հայցվում է այդ իրավունքների պաշտպանությունը:

2. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքներ փոխանցելու կամ օգտագործելու պայմանագրերի նկատմամբ կիրառվում է պայմանագրային պարտավորությունների մասին` սույն բաժնի դրույթներին համապատասխան որոշվող իրավունքը:

§ 10. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 1292. Ըստ կտակի ժառանգության նկատմամբ կիրառվող իրավունքը

1. Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը:

2. Կտակ կազմելու և վերացնելու անձի ունակությունը, ինչպես նաև կտակի և այն վերացնելու մասին ակտի ձևը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ կտակարարը կտակ անելու կամ այն վերացնելու մասին ակտը կազմելու պահին ունեցել է բնակության վայր: Սակայն ձևը չպահպանելը հիմք չէ կտակի կամ դրա վերացման մասին ակտի անվավերության համար, եթե կտակը կամ այն վերացնելու մասին ակտը համապատասխանում են դրանք կազմելու վայրի կամ Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջներին:

Հոդված 1293. Անշարժ գույքի ժառանգությունը որոշող իրավունքը

Անշարժ գույքի ժառանգությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
28 հուլիսի 1998 թ.
ՀՕ-239

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.