ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք *

Հոդված 209. Հարցաքննության արձանագրությունը

 

1. Հարցաքննության փաստը, ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

2. Հարցաքննվող անձի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխանները գրի են առնվում նույն հաջորդականությամբ, որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք չեն ընդունվել քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները նշվում են արձանագրությունում:

Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքները գրելու իր ձեռքով, ինչի մասին քննիչն արձանագրությունում նշում է կատարում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում:

3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ փաստաթղթեր, կամ հրապարակվում են քննչական այլ գործողությունների արձանագրություններ կամ վերարտադրվում են ձայնագրման և (կամ) տեսագրման նյութեր կամ քննչական գործողությունների նկարահանումներ, ապա այդ մասին նշում է կատարվում հարցաքննության արձանագրությունում: Արձանագրությունում պետք է արտացոլվեն դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները:

4. Եթե հարցաքննության ընթացքում իրականացվել են լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում, ապա արձանագրությունը պետք է պարունակի՝

1) նշումներ լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու մասին.

2) նշումներ օգտագործվող տեխնիկական միջոցների, լուսանկարահանման, ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման պայմանների կամ ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման ընդհատման տևողության մասին.

3) հարցաքննվող անձի հայտարարությունները և դիտողությունները լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու վերաբերյալ.

4) քննիչի և հարցաքննվող անձի՝ արձանագրության ճշտությունը հավաստող ստորագրությունները.

5) նշումներ հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձի կողմից սխեմաներ, գծագրեր, նկարներ, դիագրամաներ պատրաստելու և դրանք արձանագրությանը կցելու մասին:

5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի ծանոթացմանը, կամ էլ նրա խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, ինչի մասին նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչի կողմից մերժման ենթակա չեն:

6. Արձանագրությունում նշվում են բոլոր այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են հարցաքննությանը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ստորագրի արձանագրությունը, ինչպես նաև դրանում արված բոլոր լրացումները և ուղղումները:

Հարցաքննությանը մասնակցող անձանց կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը կամ ստորագրման անհնարինությունը հավաստվում է սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված կարգով:

7. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը հավաստում է իր ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձը ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:

(209-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն)

 

Հոդված՝

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.